«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - За
-
1 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների կիրառության առումով բացառություններ սահմանելը, ինչպես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Օրենսգրքի՝
1. 62-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքի,
2. 109-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:
2) 2-րդ կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով:
Խնդիրն այն է, որ գոյություն ունեն որոշ առանձնահատուկ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկման բազայի և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնի կիրառությունը խնդրո առարկա գործարքների մասով խնդիրներ է ստեղծում հարկ վճարողների համար:
Մասնավորապես, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի աճով պայմանավորված՝ գրավի առարկան որպես սեփականություն վերցնելու և օտարելու դեպքում բանկերի և վարկային կազմակերպությունների մոտ կարող են ավելանալ շահութահարկի գծով հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում վերջիններս իրենց ռիսկերը ծածկելու նպատակով, գրավով ապահովված վարկ տրամադրելիս, պետք է հաշվի առնեն նաև շահութահարկի գծով հարկային պարտավորությունների աճը և, համապատասխանաբար, նույն չափով վարկի ապահովման համար հաճախորդից ավելի շատ գրավ պահանջեն:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքի առքուվաճառքը բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը չէ և անհրաժեշտ է հնարավորինս խուսափել խնդրո առարկա կարգավորումների առկայությամբ պայմանավորված՝ բնակչության և կազմակերպությունների վարկունակության անկումից՝ նախագծով առաջարկում է սահմանել, որ Օրենսգրքի՝
1. 62-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կանոնը չի կիրառվում նաև բանկի կամ վարկային կազմակերպության կողմից նույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում,
2. 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը չի կիրառվում նաև՝
1) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից նույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում,
2) եթե բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ նույն մասով սահմանված՝ գրավ դրված գույքային միավորները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, օտարվում են այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին,
3) լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին նույն մասով սահմանված գույքային միավորների օտարման գործարքների նկատմամբ,
4) Կառավարության որոշումների հիման վրա նույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության հանձնման գործարքների նկատմամբ:
3. Միևնույն ժամանակ, ընկերությունների կողմից կատարվող ներդրումների խթանման համար հավելյալ խթաններ ստեղծելու համար առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում ներդրումային ընկերության՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող եկամուտները, ինչպես նաև շահութահարկ վճարողի (բացառությամբ ներդրումային ընկերության)՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող եկամուտները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիները լրանալուց հետո:
4. Առաջարկվում է սահմանել նաև, որ եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտ է համարվում նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտարումից բանկերից և վարկային կազմակերպություններից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացվող եկամուտները, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով):
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման կանոններն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնները չկիրառել, ինչպես նաև հավելյալ խթաններ ստեղծել նոր ներդրումների ներգրավման համար:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:
-
Обсуждалось
26.07.2022 - 10.08.2022
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 5068
Принт