Добавить в избранное

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նշված հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը սահմանվում է օրենքով: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված չէ, թե որ պահից է անձը համարվում Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած: Մասնավորապես, Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքա-ցիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաս-տանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հա-մար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաս-տանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջների պահպանման:
Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում Օրենքն առավել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ: Մասնավորապես, Օրենքում հիշատակված չէ բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը, առանց որևէ նախապայմանի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվել ազգությամբ հայերին:
Ենթադրվում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել դրանով խթանել հայրե-նադարձությունը, խրախուսել Սփյուռքում հայապահպանությունը և սփյուռքահայերի շրջանում մեծացնել Հայաստանի Հանրապետությունում հասարակական, քաղաքական, տնտեսական գործունեության նկատմամբ հետաքրքրվածությունը, ինչպես նաև վերջիննե-րիս մասնակցությունը հայանպաստ գործունեությանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին տարիներին կատարված մեծաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, սակայն, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգվածը (հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները) երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետությունում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիու-թյուն հայցելու նպատակով), տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատմության, ՀՀ-ում ընթացող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրա-կանացնում հայանպաստ գործունեություն: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պազվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստանի Հանրապետություն չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:
Ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն հայցող օտարերկրացիների ներկայացրած` ազգային պատկանելիությունը հավաստող փաստաթղթերի իրավաչափու-թյան գնահատման հարցում նույնպես գործնականում հաճախ բարդություններ են առաջանում: Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում բացակայում են ազգային պատկանելիության մասին նշումները, միաժամանակ, օտարերկրացիները, որպես կանոն, հնարավորություն չունեն ծագման երկրի իրավասու մարմիններից ստանալու ազգությամբ հայ լինելու կամ համայնքային պատկանելիության մասին ապոստիլով հաստատված` փաստաթուղթ, քանի որ ազգային պատկանելիությունը փաստացի պաշտոնապես չի հաշվառվում: ՀՀ իրավասու մարմինների կողմից որպես հիմք ընդունվում են Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված ազգությամբ հայ լինելու փաստը հավաստող փաստաթղթերը (տատի, պապի, ծնողների, կամ նրանցից մեկի Հայ Առաքելական, Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիների կողմից տրամադրած՝ դիմողի կամ նրա նախնիների մկրտության և հայ լինելու մասին փաստաթղթեր): Այս կապակցությամբ ևս ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:
Անհրաժեշտ է նշել նաև, որ համաձայն Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի պահանջների, ՀՀ քաղաքացիություն հայցող անձի փաստաթղթերը ստանալուց հետո, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 15-օրյա ժամկետում պարտավոր է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացնել իր եզրակացությունը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության եզրակացություն ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով:
Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լարվածության և ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակ ռեսուրս-ներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կեն-սագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժանահավա-տության անհրաժեշտ խորը և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ անի-րատեսական է դառնում:
Այսպիսով, ազգությամբ հայերի համար Օրենքով սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում Օրենքում ներդրված նպատակների ամբողջական իրականացումը: Բացի այդ, Օրենքով ամրագրված արտոնությունն ամբողջությամբ չի արտացոլում Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիությունը պարզեցված կարգով ստանալու ընթացակարգը՝ ՀՀ-ում մշտական բնակություն հաստատելու պահից նշված իրավունքի իրացման առումով։
Նշված խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է Օրենքով սահմանել ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու (գտնվելու) պարտադիր պահանջ։ Այսպիսի պահանջի սահմանումը թույլ կտա ՀՀ իրավասու մարմիններին առավել երկար ժամանակ ունենալ տվյալ անձի ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքի իսկությունը պարզելու համար: Բացի այդ, տվյալ անձի կողմից որոշակի կենսական կապեր կստեղծվեն Հայաստանի Հանրապետության հետ: Առնվազն ՀՀ այցելելու ընթացքում, որպես օտարերկրացի (կացության կարգավիճակ կամ մուտքի վիզա ստանալու կամ ՀՀ պետական սահմանի անցման կետերով ՀՀ մուտք գործելու դեպքերում), տվյալ անձը կհայտնվի ՀՀ իրավապահ մարմինների տեսադաշտում նախապես, ինչը թույլ կտա առավել ամբողջական պատկերացում կազմել տվյալ անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրական շարժառիթների վերաբերյալ:
Հարկ է նշել, որ միջազգային փորձի վերլուծությունը ևս ցույց է տալիս, որ ազգային պատկանելիության հիմքով քաղաքացիություն ստանալու գործընթացը տարբեր երկրներում առավել բարդ և տարատեսակ ընթացակարգեր է ենթադրում: Իսրայելում, օրինակ, ծննդյան, էթնիկ պատկանելիության ուժով հրեաների կողմից քաղաքացիություն հնարավոր է ձեռք բերել Իսրայելում հաստատվելու դեպքում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասում փոփոխություններ չեն առաջանա:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում օրենքով ամրագրված կարգավորումը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայրենադարձությանը, կնվազեցնի ազգությամբ հայ ներկայացող, սակայն իրականում հայկականության հետ որևէ առնչություն չունեցող օտարերկրացիների կողմից Հայաս-տանի Հանրապետության քաղաքացիություն հայցելու դիմումների քանակը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Обсуждалось

    13.07.2022 - 28.07.2022

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8493

Принт

Предложения

Գևորգ Մանուչարյան

23.07.2022

Հարգելի ԱԱԾ՝ Լիովին կիսելով ՀՀ անվտանգության մասին Ձեր պատկերացումները, ինչպես նաև Ձեր կողմից վեր հանված խնդիրները, Քաղաքացիության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու Ձեր առաջարկի հանդեպ ունեմ մի քանի մտահոգություններ։ Մասնավորապես՝ հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում Օրենքն առավել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ: Մասնավորապես, Օրենքում հիշատակված չէ բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը, առանց որևէ նախապայմանի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվել ազգությամբ հայերին: Սակայն, ինչպես հիշում ենք, մինչ այս տարվա սկիզբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հնարավոր էր դիմում ներկայացնել միայն ՀՀ-ում, բացառությամբ Իրաք, Սիրիա, Լիբանան որոնց դեռ անդրադարձ կկատարվի։ Այսինքն մինչ այս տարվա սկիզբ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, ազգությամբ հայերը բնակության պահից կարողանում էին դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Նկատենք, որ բնակության պահ ասելով Սահմանադրությունը քանակական որևէ ակնարկ չի արվում։ Այնուամենայնիվ Ձեր կողմից առաջարկվող ցենզը, այն է՝սահմանելով 60 օր վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվելու պայման ՀՀ քաղաքացիություն դիմելու համար, Պետությունը փաստացի խոչընդոտ է ստեղծում Սփյուռքում գտնվող մեր հազարավոր հայրենակիցների համար՝ օգտվել ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով իրենց տրամադրվող իրավունքից, այն է՝ ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ինչպես երևում է՝ ՀՀ Սահմանադրությունը չի սահմանում որևէ ցենզ ՀՀ-ում անցկացնելիք պարտադիր, առնվազն օրերի քանակի մասով, իսկ Ձեր կողմից առաջ քաշված ակնկալվող արդյունքը, ինչի համաձայն նախագծի ընդունման դեպքում օրենքով ամրագրված կարգավորումը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կունենա ճիշտ հակառակ բնորոշումը, այն է հակասահմանադրական, քանի որ Սահմանադրությունը չի ասում, որ ազգությամբ հայերը ՀՀ-ում բնակություն հաստատելու պահից առնվազն 60 օր հետո ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։ Ուստի ընդունելով Օրենքի մեջ նման փոփոխություն և ավելացնելով նման պայման ՀՀ քաղաքացիության համար դիմելու համար, վտանգ է առաջանում, որ Օրենքը ինքնին կդառնա հակասահմանադրական, այսինքն այն այլևս չի բխի Սահմանադրությունից և կպարունակի տարրեր, որոնք սահմանված չեն Սահմանադրությամբ, բացառությամբ, եթե Սահմանադրությունը ևս չենթարկվի փոփոխության։ Վեր հանված խնդիրներին կարելի է տալ այլ լուծում, օր․՝ ՀՀ-ից դուրս քաղաքացիության դիմելու հնարավորության բացառումը, քանի որ նախ Սահմանադրությամբ նման գործընթաց նախատեսված չէ, և վերջապես գործընթացի վերահսկման և դիմումատուներին՝ Ձեր կողմից ուսումնասիրման և ստուգման առումով ՀՀ-ից դուրս իրականացնելը ավելի բարդ է և ռեսուրսներ պահանջող։ Բացի դրանից, հավանականությունը շատ ավելի մեծ է, որ դիմողը ՀՀ-ից դուրս ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո այդպես էլ ՀՀ չի այցելի։ Հիշում ենք, որ առաջին բացառությունները, արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ՀՀ քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու, կիրառվել են ճգնաժամում հայտնված երկրներում՝ Իրաք, Սիրիա, Լիբանան, և ունեցել են մեկ նպատակ՝ օգնել այդ երկրներում գտնվող մեր հայրենակիցներին հնարավորինս շուտ դուրս գալ վտանգավոր գոտիներից։ Այսինքն, ըստ տրամաբանության, այս բացառությունները պետք է կրեին ժամանակավոր բնույթ։ Սակայն ճգնաժամային իրավիճակի մեղմացումից հետո նույնիսկ այս բացառությունները ոչ միայն չվերացվեցին, այլև սկսեցին կիրառվել նաև մյուս բոլոր երկրներում, որտեղ կան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հատկանշանական է, որ հիմնավորման մեջ սրան անդրադարձ չի եղել, քանի որ ՀՀ-ից դուրս ՀՀ քաղաքացիության համար դիմելու հնարավոր լինելը էլ ավելի դժվար իրադրության մեջ է դնում Ձեր կառույցին՝ իրականացնել իրեն օրենքով նախատեսված գործառույթները։ Իսկ մտահոգությունը, որ ՀՀ քաղաքացիության համար որոշ դիմողներ, նույնիսկ այն ստանալուց հետո երբեք չեն այցելում ՀՀ, էլ ավելի մտածելու տեղիք է տալիս, երբ այդ հնարավորությունը ինքը պետությունն է տալիս դիմողներին։ Երբ հնարավոր է ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ առանց երբևէ ՀՀ-ում լինելու։ Ուստի գտնում եմ, որ նախևառաջ պետք է բացառվի ՀՀ-ից դուրս քաղաքացիության համար դիմելու հնարավորությունը: Սակայն եթե 60 օրյա ՀՀ-ում գտնվելու պահանջը ամեն դեպքում կապված է ԱԱԾ գործառույթների իրականացման համար սեղմ ժամկետների հետ, ուրեմն ավելի ճիշտ կլինի Ոստիկանությանը եզրակացություն ներկայացնելու համար սահմանված 15 օրյա ժամկետը կամ երկարացնել կամ ընդհանրապես ֆիքսված ժամկետ չդնել։ Վերջիվերջո, ՀՀ քաղաքացիության համար ստացված ցանկացած դիմում, նույնիսկ փոքր կասկած լինելու դեպքում, կարող է հեշտությամբ մերժվել։ Բացի դրանից, եթե անձը՝ անցկացնելով 60 օր ՀՀ-ում, վերադառնա իր բնակության երկիր և այնտեղից դիմի ՀՀ քաղաքացիության համար, դժվար է պատկերացնել, որ էական փոփոխություն կբերի ԱԱԾ կողմից գործընթացի վերահսկման առումով, քանի որ, նախ, քիչ հավանական է, որ ՀՀ-ում 60 օր և ավելի անցկացրած ցանկացած անձի ԱԱԾ-ն առնի ուշադրության տակ, մանրամասն ուսումնասիրի՝ ենթադրելով, որ նա մոտակա երկու տարվա ընթացքում մտադրություն է ունենալու դիմելու ՀՀ քաղաքացիության համար։ Եվ ուրեմն, քանի դեռ կա հնարավորություն սկսել քաղաքացիության ստացման գործընթացը արտերկրից, իսկ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում չկան բավարար քանակությամբ աշխատակիցներ, ԱԱԾ հնարավորությունները, ստուգելու դիմումատուին նրա իսկ գտնվելու վայրի երկրում, մնում են խիստ սահմանափակ ու միջնորդավորված։ Այսպիսով, ժամանակի սղությունը՝ յուրաքանչյուր դիմումատուին մանրամասն ուսումնասիրելու, դիմումատուների կողմից երբեմն կեղծ մկրտության վկայականներ ներկայացնելը և ՀՀ-ում երբեք չգտնվելով ՀՀ քաղաքացի դառնալը առաջ քաշված խնդիրներն էին։ Առաջարկվող լուծումին ծանոթանալուց հետո առաջանում է հարց․ ինչքանով է տրամաբանական արհեստական խոչընդոտ ստեղծել բոլորի համար, փոխել գործող օրենքը հակասահմանադրական աստիճանի միայն այն պատճառով, որ ԱԱԾ-ն իր գործառույթների իրականացման ժամանակ ունենում է դժվարություններ։ Ժամանակի սղության խնդիրը կարելի է լուծել գործընթացին լրացուցիչ անձնակազմ ներգրավելու միջոցով, արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում Ձեր կառույցից գոնե մի աշխատակցով ավելացնելու միջոցով, այնպես որ դիմումների ամբողջ ծավալը ստիպված չի լինի ուսումնասիրվել սեղմ քանակի աշխատակիցների կողմից սեղմ ժամկետներում։ Կեղծ մկրտության վկայականների մասով՝ պետք է հետաքննություն սկսել այն եկեղեցական կառույցների դեմ, որոնք թողարկել են նման վկայականներ, իսկ բավարար հիմքերի առկայության դեպքում այլևս չճանաչել վերջիններիս կողմից տրված մկրտության վկայականները, ընդհուպ զրկել նրանց նման իրավունքից։ Օրենքի սահմաններում ՀՀ քաղաքացիության դիմելու համար բոլոր նախապայմանները բավարարող դիմողների համար չպետք է բարդանա պրոցեսը։ Այսպիսով առաջանում է ինչպես խտրականության վտանգ այնպես էլ Սահմանադրությամբ բոլորին տրվող իրավունքների կոպիտ խախտում։ Հարգանքով՝ Գևորգ Մանուչարյան

Ներսես Իսաջանյան

22.07.2022

Նախագծով առաջարկվող ՀՀ-ում 60 օր գտնվելու պահանջը հեղինակները հիմնավարում են նրանով, որ՝ 1. Օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածին, 2. Իրավասու մարմինները ավելի երկար ժամանակ կունենան ազգությամբ հայ լինելու հանգամանքի իսկությունը պարզելու համար, 3. Դիմողը որոշակի կապեր կստեղծի Հայաստանի հետ Կարծում ենք, որ նշված բոլոր նպատակները ավելի արդյունավետ կիրագործվեն, եթե օրենքով նախատեսվի ոչ թե երկրում 60 օր գտնվելու պահանջ, այլ Հայաստանում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունենալու պահանջ։ 1. Սահմանադրության 47-րդ հոդվածը խոսում է ոչ թե Հայաստանում պարզապես գտնվելու, այլ բնակություն հաստատելու մասին։ Օտարերկրացիների մասին օրենքը տարբերակում է «բնակվել» և «գտնվել» եզրույթները։ Օտարերկրացին համարվում է Հայաստանում բնակվող, եթե ունի որոշակի կացության կարգավիճակ։ Նույն մոտեցումն առկա է մաքսային կարգավորման մասին օրենքում, որը «ՀՀ մշտական բնակության տեղափոխվող անձ» է ճանաչում հատուկ կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողներին։ 2. Ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը քննվում է ԱԱԾ մասնակցությամբ, որը ուսումնասիրություններ է կատարում և եզրակացություն է տալիս օրենքով (ՀՀ կառավարության 134-Ն որոշմամբ և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով) սահմանված ընթացակարգով։ Մինչդեռ օրենքը ԱԱԾ-ին իրավունք չի տալիս անձի ազգությամբ հայ լինելու փաստը պարզելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկել միայն տվյալ անձի Հայաստանում գտնվելու պատճառով, այդ թվում՝ սահմանը հատելիս։ 3. Հայաստանում 60 օր գտնվելն ինքնին որևէ երաշխիք չի կարող լինել, որ դիմողը Հայաստանի հետ կստեղծի կենսական կապեր։ Մինչդեռ մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունենալն արդեն իսկ հանդիսանում է իրավաբանական որոշակի բովանդակություն ունեցող կապի ճանաչում օտարերկրացու և պետության միջև։

Լուսինե Հախվերդյան

19.07.2022

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի հիմնավորմամբ սահմանվում է, որ Նախագծի ընդունման դեպքում ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայրենադարձությանը և կնվազեցնի ազգությամբ հայ ներկայացող, սակայն իրականում հայկականության հետ որևէ առնչություն չունեցող օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացիություն հայցելու դիմումների քանակը, առաջարկում ենք սահմանել ընտրական մոտեցում՝ կախված դիմողի վերաբերյալ ունեցած հավաստի տեղեկությունների բնույթից: Մասնավորապես, այն դեպքում, երբ համապատասխան մարմինը կտիրապետի այնպիսի հավաստի տեղեկությունների, որոնց համաձայն դիմող անձը հետաքրքրված է եղել ՀՀ-ում հասարակական, քաղաքական, տնտեսական գործունեության նկատմամբ, ակտիվորեն մասնակցել է բնակության վայրի հայկական համայնքի հասարակական, քաղաքական կամ սոցիալական կյանքին, իրականացնել է հայանպաստ գործունեություն, ապա 60-օրյա բնակության պահանջը վերջիններիս նկատմամբ չի գործի: Հակառակ դեպքում, երբ իրավասու մարմինը չի տիրապետի նման տեղեկությունների, կիրառվի վերոնշյալ պահանջը՝ վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու վերաբերյալ:

Узнать больше