««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը՝
Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մշակումը պայմանավորված է 2018թ-ից սկսած հեռանկարում պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող հարկաբյուջետային կանոնների ներդրմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Ներկայումս գործող հարկաբյուջետային կանոնների համակարգի հիմնական դրույթներն արտացոլվում են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6 և 7-րդ կետերում և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 23-րդ հոդվածներում, մասնավորապես.
- Կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը:
- Եթե կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:
- Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը:
- Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):
- Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների կառավարության սահմանած համամասնություններով:
Կանոնների այս համակարգը, չնայած պարզությանը, սահմանափակ է և չի ապահովում հարկաբյուջետային քաղաքականության բավարար ճկունությունը արտաքին տնտեսական ցնցումներին արձագանքելու տեսանկյունից: Բացի այդ՝ վերջինս չի ապահովում բավարար ուղենիշներ արդյունավետ հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականության համար, մասնավորապես, ծախսերի կամ այլ կանոնի միջոցով հնարավոր չէ արձագանքել տնտեսական ցիկլերին և գերակայություն տալ ընթացիկ կամ կապիտալ ծախսերին, ինչը ձևավորում է հարկաբյուջետային կանոնի արդիականացման հրամայականը: Այսպես. չնայած ֆինանսական ճգնաժամից առաջ համեմատաբար երկարատև բարձր աճին՝ ՀՀ-ում բացասական առաջնային հաշվեկշիռը պահպանվեց: Ավելի հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական բարձր աճի ժամանակաշրջանում ավելի բարձր առաջնային հաշվեկշիռների հնարավորություն կտար, այսինքն՝ ամուր կապ կլիներ հարկաբյուջետային հաշվեկշռի (կամ հարկաբյուջետային ազդակի) և իրական ՀՆԱ-ի աճի միջև: Այսինքն` հարկաբյուջետային կանոնի սահմանափակության պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ կայունացման գործիք չի եղել. լավ տնտեսական ժամանակներում գերեկամուտները չեն խնայվել բավարար «բարձիկների» վերականգնման կամ ստեղծման համար: Արդյունքում ՀՀ տնտեսությունը խոցելի է եղել արտաքին ցնցումների նկատմամբ, հարկաբյուջետային քաղաքականությունը պատմականորեն պրոցիկլիկ է եղել, իսկ կապիտալ ծախսերի կշիռը փոքր է եղել համադրելի երկրների համեմատ:
Խիստ սահմանափակ է նաև Կառավարության գործողությունների թույլատրելի շրջանակը արտակարգ (օրինակ, պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման անհրաժեշտության առաջացման դեպքում) իրավիճակներում պետական բյուջեով նախատեսված ուղղություններից բյուջետային հատկացումները առավել հրատապ ուղղությունների վերահասցեագրելու (վերաբաշխելու), ինչպես նաև այդ իրավիճակներում առաջացող խնդիրների օպերատիվ լուծման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի չափը գերազանցելու հարցում, որը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ նման իրավիճակներում օպերատիվ պետական կառավարման համար:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ Նախագիծը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, այլ առաջարկում է վերջինիս իրականացմանն աջակցող լրացուցիչ իրավական կանոնակարգումներ:
4. Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծերի նպատակը` ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման և պետական բյուջեի կատարման գործընթացներն առավել կանոնակարգված և ճկուն դանձնելու համար:
Այդ նպատակին հասնելու համար, Նախագծերով առաջարկվում է օրենքով ամրագրել որոշակի կանոններ, որոնք կսահմանափակեն առաջիկա տարվա պետական բյուջեի պակասուրդի մեծությունը կապիտալ ծախսերի մեծությամբ, ինչպես նաև ընթացիկ ծախսերի աճը կախվածության մեջ կդնեն նախորդ տարվա արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերության փաստացի արձանագրված ցուցանիշի մեծությունից:
Նախագծերով նախատեսվում է, որ վերը սահմանված սահմանափակումները չեն գործի բացառիկ դեպքերի առկայության պարագայում:
5. Ակնկալվող արդյունքը` Կներդրվի առավել ճկուն և երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգի և Նախագծերի ընդումամբ կամրապնդվեն և կընդլայնվեն բյուջետային գործընթացի կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը:
-
Обсуждалось
09.10.2017 - 25.10.2017
-
Тип
Закон
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 9658
Принт