ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման նպատակը

 

  1. Սույն օրենքի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման խթանումը, նորարարության զարգացումը և  ներդրումների ապահովումն է։
  2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով կազմակերպվող գովազդային վիճակախաղի վրա, որի շահումային ֆոնդը չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ կամ ընթացիկ տարվա իրացման շրջանառությունների 8 տոկոսից առավելագույնի չափը: Եթե շահումային ֆոնդը գերազանցում է սույն մասում նշված առավելագույն չափը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես սույն օրենքով կարգավորվող վիճակախաղի կազմակերպման գործունեություն։

 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է խաղային գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը:

 

Հոդված 3. Խաղային գործունեության կարգավորման օրենսդրությունը

 

  1. Խաղային գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով։

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
  • Խաղ մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ, վիճակախաղ․
  • Խաղային գործունեություն՝ մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի, բուքմեյքերային գործունեության, վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն․
  • Մոլեխաղ` ռիսկի վրա հիմնված շահումով խաղ․
  • Ինտերնետ մոլեխաղ` ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով և խաղային արտադրանքների կիրառմամբ կազմակերպվող մոլեխաղ։ Ինտերնետ մոլեխաղը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով․
  • Բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ` տոտալիզատորի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով իրականացվող սպորտային, սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ նշանակալի իրադարձությունների ելքերի հնարավոր տարբերակների կանխագուշակման վրա գրազների ընդունման, հաշվառման և շահումների հանձնման կազմակերպում կամ մասնակցին գրազադրում կատարելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ իրավունքի տրամադրումը)։ Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով․
  • վիճակախաղ` հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է շահումային ֆոնդի խաղարկում, ընդ որում, շահումները կախված չեն կազմակերպչի գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության։ Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով․
  • Շահումով այլ խաղ (այդ թվում՝ ինտերնետ շահումով այլ խաղ)՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խաղ չհանդիսացող շահումով խաղ, որի կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքի 6-րդ գլխով։
  • Խաղային արտադրանք՝ սարքավորում, , կամ ծրագրային ապահովման միջոց, որով խաղացողին հնարավորություն է ընձեռնվում խաղադրույք կատարելու միջոցով կամ մասնակցության վճարի դիմաց մասնակցել մոլեխաղի, ինտերնետ մոլեխաղի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերխվող խաղի, վիճակախաղի կամ շահումով այլ խաղի։
  • Խաղային գործունեության կազմակերպիչ կամ կազմակերպիչ՝ օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կազմակերպման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձ․
  • Խաղային գործունեության կազմակերպում՝ խաղային գործունեության կազմակերպիչների կողմից խաղային արտադրանքների շահագործում` ստեղծելով ցանկացած ձեվով շահման կամ խաղին մասնակցելու հնարավարություն․
  • Խաղային գործունեության կազմակերպչի պաշտոնական կայք` կազմակերպչի կանոնակարգով սահմանված տեղեկատվական ռեսուրս կամ ինտերնետ մոլեխաղերին, ինտերնետ վիճակախաղերին հեռահար եղանակով մասնակցություն ապահովող կամ հեռահար եղանակով սպորտային, սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ  նշանակալի իրադարձությունների ելքերի հնարավոր տարբերակների կանխագուշակման վրա գրազների ընդունման միջոց,  այդ թվում՝ խաղացողների գրանցման կամ մուտքի կամ նույնականացման հնարավորություն ընձեռող ենթադոմենային անվանումներով կայքերը (սուբդոմենները): Սույն օրենքի իմաստով կազմակերպչի պաշտոնական կայքեր չեն կարող համարվել սոցիալական ցանցերի հարթակներում տեղակայվող կազմակերպչի ինտերնետային էջերը, ինչպես նաև տեսաձայնանախագծային կայքերում կազմակերպչի կողմից տեղակայվող ալիքները.
  • Խաղասրահ` շինության ներսում տարածք, որտեղ կազմակերպվում է խաղային գործունեություն․
  • Նախասրահ` խաղասրահի մուտքին կից առանձնացված սրահ, որտեղ իրականացվում է խաղացողների նույնականացում և տվյալների մուտքագրում շտեմարան նախքան խաղսրահ մուտք գործել թույլատրելը.
  • Խաղարկող` Խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ․
  • Խաղացող` խաղային արտադրանքներից օգտվող ֆիզիկական անձ.
  • Վիճակախաղի մասնակից` վիճակախաղի տոմսի տիրապետող ֆիզիկական անձ․
  • Խաղադրույք (մասնակցության վճար)` խաղին մասնակցելու կամ խաղային համակցության համար վճարված (այդ թվում՝ էլեկտրոնային վճարման համակարգերի միջոցով) դրամային միջոց․
  • Խաղային ինտերակտիվ հարթակ՝ էլեկտրոնային ծրագիր, որի միջոցով առաջարկվում է մեկ կամ մի քանի խաղային արտադրանք հանդիսացող ծրագրային ապահովման միջոց․
  • Շահում` խաղի կանոններով և պայմաններով սահմանված խաղային համակցությունների համընկնման կամ սպորտային, սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ նշանակալից իրադարձության ելքի կանխագուշակման արդյունքում խաղի կազմակերպչի կողմից խաղացողի կամ վիճակախաղի մասնակցի անվամբ հաշվեգրվող դրամային կամ բնամթերային տեսքով նյութական արժեք: Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգով նախատեսված լինելու դեպքում շահում են համարվում նաև կազմակերպիչների կողմից տրամադրվող բոնուսները․
  • Վիճակախաղի շահումային ֆոնդ`վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարներից ձևավորվող ֆոնդ, որը բաշխվում է վիճակախաղի մասնակիցների միջև` վիճակահանության արդյունքներին և վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան.
  • Խաղային օպերացիա՝ խաղային արտադրանքի շահագործմանն ուղղված գործողությունների կատարում.
  • Օպերացիոն վկայագիր` ֆիզիկական անձին խաղային օպերացիաներ իրականացնելու թույլտվություն վերապահող փաստաթուղթ.
  • Խաղային ոլորտի կարգավորման օպերատոր կամ օպերատոր՝ սյուն օրենքի 7-րդ գլխով նախատեսված իրավաբանական անձ.
  • Մոնիտորինգային կենտրոն` օպերատորի՝ ինտերնետային կամ այլ տելեկոմունիկացիոն ցանցին միացված ապարատածրագրային համակարգ, որի միջոցով օպերատորն իրականացնում է մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղի խաղացողների և վիճակախաղերի մասնակիցների կողմից գնված խաղանիշերի, շահումների, խաղային արտադրանքների, ինչպես նաև խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում և հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում․
  • Կազմակերպչի պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու այլ աշխատակից.
  • Նշանակալից մասնակցություն՝ իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն․
  • Իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու.
  • Ընտանիքի անդամ` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները.
  • Խաղային գործունեությունը վերահսկող մարմին կամ վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.
  • Լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն․
  • Անձի նույնականացում՝ նախքան խաղային արտադրանքներից (բացառությամբ այլ շահումով խաղերի արտադրանքների) օգտվելու կամ խաղին (բացառությամբ այլ շահումով խաղերին) մասնակցելու հնարավորություն ընձեռելը կազմակերպչի կողմից անձի՝ սույն օրենքով նախատեսված նույնականացում՝ օրենքով նախատեսված սահմանափակումների կիրառման և սույն օրենքով նախատեսված դեպքում շտեմարանում խաղացողների տվյալների մուտքագրման նպատակով․
  • Պատշաճ ձևով ծանուցում կամ փաստաթղթերի ուղարկում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպիչներին էլեկտրոնային եղանակով իրականացվող ծանուցում կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում փաստաթղթերի էլեկտրոնային ուղարկում, որն իրականացվում է ծանուցումը կամ փաստաթղերը օպերատորի էլեկտրոնային կառավարման համակարգի՝ կազմակերպչի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Կազմակերպիչը համարվում է պատշաճ ծանուցված օպերատորի՝ էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:

 

ԳԼՈՒԽ 2

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 

Հոդված 5. Խաղային գործունեության կազմակերպումը

 

  1. Խաղերի կազմակերպիչների և խաղացողների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա, որը կնքվում է կազմակերպչի կանոնակարգին համաձայն:
  2. Խաղերի կազմակերպչի և խաղացողի միջև պայմանագիրը ձևակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային, տալու միջոցով:
  3. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը կնքելու մասին առաջարկը պետք է պայմաններ ներառի խաղերի անցկացման ժամկետի, շահումը որոշելու կարգի և դրա չափի մասին:
  4. Խաղերի կազմակերպչի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանագրի պահանջները խախտելու, այդ թվում՝ խաղերի կազմակերպչի կողմից սահմանված ժամկետում դրանք անցկացնելուց հրաժարվելու դեպքում խաղերի մասնակիցներն իրավունք ունեն կազմակերպչից պահանջել խաղերի վերացմամբ կամ դրանց ժամկետի հետաձգմամբ պատճառված իրական վնասի հատուցում:
  5. Կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:
  6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված պարտականությունները խաղերի կազմակերպչի կողմից չկատարվելու դեպքում շահած անձն իրավունք ունի խաղերի կազմակերպչից պահանջել վճարելու շահումը` ինչպես նաև հատուցելու կազմակերպչի կողմից պայմանագրի խախտմամբ պատճառված վնասները:
  7. Խաղային գործունեության կազմակերպչի լիցենզիա կարող է ստանալ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն առևտրային կազմակերպությունը, որի հիմնադիրները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և/կամ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող առևտրային կազմակերպություն:
  8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված առևտրային կազմակերպության հիմնադիրները պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող առևտրային կազմակերպություն։
  9. Խաղային գործունեության յուրաքանչյուր տեսակի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա։
  10. Հանձնարարության, կոմիսիայի, գործակալության, երաշխավորության պայմանագրերի կամ լիազորագրի կամ որևէ այլ ձևով խաղային գործունեության կազմակերպչի՝ սույն օրենքով նախատեսված գործառույթները երրորդ անձանց փոխանցվելու դեպքում տվյալ անձանց գործունեությունը ենթակա է լիցենզավորման սույն օրենքով նախատեսված ընդհանուր կարգով։

11․ Խաղային գործունեության կազմակերպիչն ապահովում է՝

1) խաղային գործունեության իրականացումը բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացված և սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ ունեցող խաղային արտադրանքներով,

2) խաղային օպերացիաների իրականացումը բացառապես վավեր օպերացիոն վկայագրեր ունեցող ֆիզիկական անձանց կողմից,3) խաղասրահի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում՝

ա․ խաղային գործունեության կազմակերպումը միայն լիցենզիայում նշված վայրում,

բ․ խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը,

գ․ լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահներ,

դ․ նախասրահում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքների իրականացումը,

ե․ խաղասրահի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով,

զ․ Խաղասրահներում տեսանելի տեղում խաղերի կանոնների (բացառությամբ այն խաղային արտադրանքների, որոնք իրենց վրա պարունակում են խաղերի կանոններ) առկայությունը,

է․ պատասխանատու անձի մշտական ներկայությունը խաղասրահում,

ը․ խաղացող հանդիսացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից խաղադրույքի կամ խաղի մասնակցության վճարի ընդունումը, ինչպես նաև կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոց­ների համալրումը բացառապես խաղացողի անվանմբ գործող բանկային հաշիվներից,   էլեկտրոնային դրամապանակներից կամ կանխիկ եղանակով հայկական դրամով,

4) խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած, օպերատորի կողմից հաստատվախ կանոնակարգին համապատասխան,

5) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը,6) խաղացող հանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից խաղադրույքի կամ խաղի մասնակցության վճարի ընդունումը, ինչպես նաև կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոց­ների համալրումը բացառապես խաղացողի անվանմբ գործող բանկային հաշիվներից.

7) Ինտերակտիվ խաղային հարթակի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում՝

ա․ խաղի կազմակերպման գործունեությունն իրականացնում է միայն կանոնակարգում նշված համապատասխանության  սերտիֆիկատ ունեցող կազմակերպչի պաշտոնական կայքի և / կամ /  խաղային հավելվածների  միջոցով

բ․ խաղի կազմակերպման համար օգտագործվող սերվերում (ինտերակտիվ խաղային հարթակում) ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ` անձի նույնականացման և նրա՝ օրենքով սահմանված տարիքը հասած լինելու հանգամանքը ստուգելու պարտադիր պայմանով,

գ․ խաղացող հանդիսացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական կողմից խաղադրույքի կամ խաղի մասնակցության վճարի ընդունումը, ինչպես նաև կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոց­ների համալրումը բացառապես խաղացողի անվանմբ գործող բանկային հաշիվներից կամ  էլեկտրոնային դրամապանակներից.8) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարի վճարումը,

9) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը,

10) «Գովազդի մասին» օրենքի պահանջների կատարումը,

11) նախքան գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը վերահսկող մարմնի հետ համաձայնեցումը ․

12) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների կատարումը,

13) շահման փաստի և արժեքի հրապարակումը միայն շահողի համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված դեպքերի։ Կազմակերպիչը կարող է շահման փաստը և արժեքը հրապարակել նաև առանց շահողի համաձայնության ապանձնավորված եղանակով,

14) շահումների տրամադրումը բացառապես անկանխիկ եղանակով՝ խաղացողի անվամբ գործող այն բանկային հաշիվներին կամ էլեկտրոնային դրամապանակներին, որոնցից կատարվել են խաղադրույքները կամ խաղի մասնակցության վճարները կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոց­ների համալրման միջոցով, բացառությամբ բնեղենով տրամադրվող շահումների,

15) սույն օրենքով նախատեսված այլ պահանջների կատարումը։

           

Հոդված 6. Խաղային գործունեության կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, իրական շահառուների, պատասխանատու անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ներկայացվող սահմանափակումները

 

  1. Խաղային գործունեության կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) նախկինում պատճառ է հանդիսացել խաղային գործունեության կազմակերպչի սնանկացմանը.

5) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).

 6) հանդիսացել է խաղային գործունեության այն կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ, որի` խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց:

  1. Խաղային գործունեության կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը`

1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմինը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

2) որը գտնվում է սնանկացման վարույթում.

3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղային գործունեության կազմակերպչի սնանկացմանը.

4) որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.

5) որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):

  1. Կազմակերպչի պատասխանատու անձ չի կարող լինել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ կամ չունի օպերացիոն վկայագիր:

 

Հոդված 7. Փոխկապակցված անձինք

 

  1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քսան և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.

2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակից(ներ)ը (բաժնետեր(եր)ը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության, հանձնարարության պայմանագրերի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

4) նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

  1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
  2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է`

1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի քսան տոկոսից ավելին տնօրինող մասնակից.

2) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ:

 

Հոդված 8. Խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը և պատասխանատու անձ համարվելը

 

  1. Անձը կամ փոխկապակցված անձինք կարող են խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն լիազոր մարմնում սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների բացակայության ստուգում անցնելուց հետո` լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:
  2. Խաղային գործունեության կազմակերպչի միջնորդությամբ պատասխանատու անձ նշանակված անձը պարտավոր է եռամսյա ժամկետում լիազոր մարմնում անցնել սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված սահամանփակումների բացակայության ստուգում և ստանալ լիազոր մարմնի դրական եզրակացությունը:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը, տեղեկությունների և փաստաթղերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը։
  4. Լիազոր մարմինը տեղեկություններն ու փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրելու կամ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված համապատասխանության ստուգման ժամկետը չերկարաձգելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է կազմակերպիչը:
  6. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքում լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքեր, կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

 

Հոդված 9. Խաղային գործունեության կազմակերպման ընդհանուր սահմանափակումները

 

  1. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել oտարերկրյա պետություններում կազմակերպված խաղերին մասնակցության հասանելիության արգելափակման կարգ:
  3. Ինտերակտիվ խաղային հարթակում կազմակերպվող խաղը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե խաղային գործունեության կազմակերպչի սերվերները, ծրագրային և ապարատային միջոցները, խաղային հարթակները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդագրի (IP) հասցե և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում։
  4. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերին և վճարահաշվարկային համակարգերին օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղերին մասնակցելու նպատակով մատուցել վճարահաշվարկային ծառայություններ (այդ թվում՝ բացել, վարել, սպասարկել բանկային հաշիվներ), ինչպես նաև նրանց հետ կնքել համապատասխան պայմանագրեր: Կառավարությունը կարող է սահմանել սույն մասով նախատեսված սահմանափակման կիրառման կարգը։
  5. Արգելվում է օպերատորի մոնիտորինգային կենտրոնին չմիացված կամ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ չունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումը:
  6. Արգելվում է «խաղատուն», «խաղասրահ», «ինտերնետ մոլեխաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն», «բուքմեյքերային գրասենյակ», «վիճակախաղ» բառերի օգտագործումը այն անձանց կողմից, որոնք չունեն սույն օրենքով սահմանված լիցենզիա։

 

 

Հոդված 10. Խաղային գործունեության կազմակերպման տարածքային սահմանափակումները

 

  1. Խաղասրահի միջոցով խաղային գործունեությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին (այդ թվում՝ կրթական, պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորության մասով), բավարարող տարածքներում՝ հետևյալ վայրերում՝

1) Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում,

2) Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում,

3) Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում,

4) Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում;

  1. Մոլեխաղի և խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի գործունեություն, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերպվել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։
  2. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեություն կամ վիճակախաղի կազմակերպում, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերվել նաև մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոններում և Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարվելու դեպքում՝ մոլեխաղ կամ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղ կարող է կազմակերպվել նաև սույն հոդվածի 1-ին մասում չնշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ վայրերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան: Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկխաղատան կամ մեկ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղ։ Սույն մասով նախատեսված մոլեխաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպումը կարող է իրականացվել ներդրումը ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից իրականացվելու դեպքում՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության առկայությամբ:

 

Հոդված 11. Խաղային արտադրանքներին ներկայացվող պահանջները

 

  1. Խաղային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել օպերատորի կամ ISO/IEC 17025, ISO/IEC17020 կամ ISO/IEC 17065 միջազգային ստանդարտների հավաստագիր ունեցող լաբորատորիայի կողմից սերտիֆիկացված խաղային արտադրանքներով։
  2. Խաղային արտադրանքների ստանդարտները, խաղային արտադրանքների սերտիֆիկացման պայմաններն ու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Սույն հոդվածով նախատեսված սերտիֆիկացված խաղային արտադրանքները կարող են շահագործվել բացառապես օպերատորի մոնիթորինգային կենտրոնին միանալուց հետո, որով ապահովվում է՝
  • խաղային գործունեության կազմակերպման ընթացքում գնված խաղանիշերի, շահումների, խաղային արտադրանքների, ինչպես նաև խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրական ժամանակում օպերատորի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիություն,
  • կազմակերպիչների կողմից իրականացվող գործարքների և հաշվառման տվյալների նկատմամբ օպերատորի կողմից մոնիթորինգի իրականացում, տեղեկատվության գրանցում, պահպանում և հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում։
  1. Խաղային արտադրանքները օպերատորի մոնիթորինգային կենտրոնին միացնելու տեխնիկական չափանիշները սահմանում է օպերատորը։

 

Հոդված 12. Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգը

 

  1. Խաղային գործունեությունը կազմակերպվում և անցկացվում է կանոնակարգի (այսուհետ՝ սույն գլխում Կանոնակարգ) հիման վրա։
  2. Կանոնակարգը կազմակերպչի կողմից սահմանված և օպերատորի կողմից հաստատված խաղային գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթուղթն է։
  3. 3. Կանոնակարգում պարտադիր նշվում են`
  • կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
  • խաղասրահի միջոցով խաղային գործունեության իրականացման վայրը և/կամ պաշտոնական կայքի հասցեն,խաղային հավելվածները
  • խաղերի տեսակները և քանակը,
  • Խաղային արտադրանքների տեսակները, քանակը,
  • մեկ խաղանիշի (ժետոնի) և (կամ) խաղադրույքի միավորի գինը,
  • խաղադրույքի (մասնակցության վճարի) ընդունման կարգը,
  • խաղերի անցկացման կարգը (կանոնները) և նկարագրերը,
  • շահումի տարբերակները և հաշվարկման ընթացակարգը
  • պատասխանատու խաղի կանոնները,
  • շահումները վճարելու վայրը, կարգը և ժամկետը,
  • կազմակերպչի ապրանքային նշանը (լոգոն),իսկ վիճակախաղի դեպքում նաև վիճակախաղի անվանումը
  • խաղադրույքների (մասնակցության վճարի) չեղարկման անհրաժեշտ և բավարար պայմանների հստակ նկարագրությունը,
  • մասնակիցների նույնականացման ընթացակարգը,
  • խաղացողների իրավունքներն ու պարտականությունները,
  • կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները,
  • վիճակախաղի դեպքում նաև՝

ա․ վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը,

բ․ վիճակախաղի տոմսի գինը,

գ․ շահումների բաշխումը` ըստ շահումների տեսակների և չափի, իսկ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում` նաև ըստ քանակի,

դ․ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում` իրացման համար նախատեսված տոմսերի քանակը.

ե․ վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը,

զ․ վիճակախաղի խաղարկությունների հեռուստաալիքը (առկայության դեպքում),

է․ թղթային կրիչի կիրառման դեպքում` վիճակախաղի տոմսի նկարագիրը։

  1. Կանոնակարգում կազմակերպչի կողմից կարող են ներառվել նաև խաղերին վերաբերող այլ պայմաններ։
  2. Կազմակերպչի կողմից Կանոնակարգը էլեկտրոնային եղանակով հաստատման է ներկայացվում օպերատորին։ Օպերատորը 15 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է Կանոնակարգը լ կամ մերժում է, եթե Կանոնակարգում լրացված խաղային արտադրանքները, պաշտոնական կայքը, խաղային հավելվածները չունեն սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատներ կամ կանոնակարգը չի պարունակում սույն հոդվածի 3-րդ մասում նշված պարտադիր նշման ենթակա տեղեկություններից առնվազն մեկը։ Օպերատորը կարող է մերժել Կանոնակարգի  հաստատումը, եթե խաղացողների և կազմակերպչի իրավունքների և պարտականությունների, խաղի նկարագրի, կանոնների, կամ պատասխանատու խաղի կանոնների շարադրանքից ակնհայտ է, որ խաղը կվտանգի խաղացողների շահերը կամ խաղացողների համար սահմանվում են անհամարժեք պարտավորություններ։ Մերժման դեպքում նշվում է մերժման հիմքը։
  3. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված մերժման դեպքում կազմակերպիչը կարող է կրկին կանոնակարգը ներկայացնել օպերատորի հաստատմանը մերժման հիմքերը վերացնելուց հետո։ Կրկին ներկայացված կանոնակարգը օպերատորը ուսումնասիրում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։

7․ Կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է օպերատորի հետ նախքան դրանց կիրառումը: Կանոնակարգում կատարվող փոփոխությունների և լրացումների համաձայնեցնումը իրականացվում է Կանոնակարգի հաստատման նույն ընթացակարգով։

8․ Կանոնակարգը օպերատորի կողմից հաստատելուց հետո կազմակերպչի կողմից  տեղադրվում է պաշտոնական կայքում։

  1. Կազմակերպչի պաշտոնական կայքում տեղադրված՝ խաղի կազմակերպման վավերապայմանները համարվում են օպերատորի կողմից հաստատված` խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը։

 

Հոդված 13. Խաղային գործունեության վերաբերյալ վերահսկող մարմնին հաշվետվությունների ներկայացման կարգը

 

  1. Խաղային գործունեության կազմակերպիչները էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմին են ներկայացնում ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն, որի ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը սահմանում է վերահսկող մարմնի ղեկավարը: Վերահսկող մարմնի ղեկավարը կարող է սահմանել նաև խաղային գործունեության հետ կապված այլ տեղեկությունների ներկայացման պահանջ և դրանց ներկայացման կարգ։

 

 

ԳԼՈՒԽ 3

ՄՈԼԵԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՄՈԼԵԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 14. Մոլեխաղերի գործունեության կազմակերպումը

 

  1. Մոլեխաղը կազմակերպվում է խաղասրահում (խաղասրահներում) լիազոր մարմնի կողմից տրամադրված մոլեխաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա։
  2. Յուրաքանչյուր վայրում մոլեխաղի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա։
  3. Սույն օրենքի իմաստով մոլեխաղը համարվում է լիցենզիայում նշված վայրում կազմակերպված, եթե մոլեխաղը կազմակերվում է լիցենզիայի հայտին կից ներկայացրած անշարժ գույքի  հատակագծում որպես խաղասրահ նշված խաղասրահում (խաղասրահներում)։ Ընդ որում, խաղասրահի փաստացի չափերը չեն կարող գերազանցել հատակագծում նշված խաղասրահի չափերը։
  4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հատակագծում չնշված խաղասրահում կամ հատակագծում նշված խաղասրահի չափերը փաստացի գերազանող խաղասրահում մոլեխաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով։ Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում  մոլեխաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզիավորման ենթակա գործունեության իրականացնում՝ անկախ տվյալ խաղասրահի փաստացի տեղակայման վայրից։

 

Հոդված 15. Ինտերնետ մոլեխաղերի գործունեության կազմակերպումը

 

  1. Ինտերնետ մոլեխաղը կարող է կազմակերպվել ինտերակտիվ խաղային հարթակում կամ խաղասրահի միջոցով լիազոր մարմնի կողմից տրամադրված ինտերնետ մոլեխաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա։
  2. Խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր վայրի համար պահանջվում է առանձին լիցենզիա։ Ինտերնետ մոլեխաղի կազմակերպման լիցենզիայում նշվում է նաև խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպման վայրի հասցեն։
  3. Խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-4-րդ մասերին համապատասխան։
  4. Ինտերնետ մոլեխաղը կարող է կազմակերպվել միայն ինտերնետ մոլեխաղի լիցենզիա ստանալու հայտում նշված կազմակերպչի պաշտոնական կայքի և /կամ/ ինտերնետ մոլեխաղի կազմակերպման համար նախտեսված խաղային հավելվածների միջոցով, ։
  5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված հայտում չնշված կայքերի և հավելավածների միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով։ Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում  ինտերնետ մոլեխաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզիավորման ենթակա գործունեության իրականացնում։

Հոդված 16. Մոլեխաղերի և ինտերնետ մոլեխաղերի գործունեության առանձնահատկությունները

 

  1. Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս:
  2. Մոլեխաղի կամ ինտերնետ մոլեխաղի խաղացող հանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից խաղադրույքը կամ խաղի մասնակցության վճարը, ինչպես նաև կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոց­ների համալրումը կարող է կատարվել բացառապես խաղացողի անվանմբ գործող բանկային հաշիվներից։
  3. Ինտերնետ մոլեխաղի խաղացող հանդիսացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը խաղադրույք կամ խաղի մասնակցության վճարը կարող է կատարել իր անվանմբ գործող բանկային հաշիվներից կամ էլեկտրոնային դրամապանակներից։
  4. Մոլեխաղի կամ ինտերնետ մոլեխաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման են ենթակա հետևյալ տեղեկությունները․

1) լիցենզիայի համարը․

2) քսանմեկ տարին չլրացած անձանց մոլեխաղերին և ինտերնետ մոլեխաղերին մասնակցելն արգելելու մասին տեղեկատվությունը.

3) մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

4) խաղադրույքների (մասնակցության վճարների) ընդունման կարգը։

  1. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են օպերատորի կողմից հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:

 

 

ԳԼՈՒԽ 4

ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղի կազմակերպումը

 

  1. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղը կարող է կազմակերպվել ինտերակտիվ խաղային հարթակում կամ խաղասրահում՝ լիազոր մարմնի կողմից տրամադրած լիցենզիայի հիման վրա։
  2. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղի կազմակերպման համար լիազոր մարմինը տրամադրում է բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիա։
  3. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության վայրը որոշվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-4-րդ մասերին համապատասխան։
  4. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների, յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:
  5. Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել միայն բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու հայտում նշված կազմակերպչի պաշտոնական կայքի և /կամ/ բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախտեսված խաղային հավելվածների միջոցով,
  6. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված հայտում չնշված կայքերի և հավելավածների միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման  միջոցով։ Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում  բուքմեյքերային գործունեության  կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզիավորման ենթակա գործունեության իրականացնում։

 

Հոդված 18. Բուքմեյքերային գործունեության առանձնահատկությունները

 

  1. Բուքմեյքերային գործունեությունը կազմակերպվում է տոտալիզատորի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով։
  2. Տոտալիզատորի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում շահումի մեծությունը որոշվում է տվյալ իրադարձության վրա այլ մասնակիցների կողմից գրազադրված խաղադրույքների ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկվող գործակցով։
  3. Բուքմեյքերային գրասենյակի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում շահումի մեծությունը որոշվում է տվյալ իրադարձության համար կազմակերպչի կողմից նախապես սահմանած գործակցով:
  4. Բուքմեյքերային գործունեության կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման են ենթակա հետևյալ տեղեկությունները․

1) լիցենզիայի համարը․

2) քսանմեկ տարին չլրացած անձանց բուքմեյքերային գործունեությանը մասնակցելն արգելելու մասին տեղեկատվությունը.

3) բուքմեյքերային գործունեության տեսակը, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

4) մասնակցության կարգը։

  1. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են լօպերատորի կողմից հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:

 

 

ԳԼՈՒԽ 5

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 19. Վիճակախաղերի գործունեության կազմակերպումը

 

  1. Վիճակախաղը կարող է կազմակերպվել ինտերակտիվ խաղային հարթակում կամ խաղասրահում՝ լիազոր մարմնի կողմից տրամադրած լիցենզիայի հիման վրա։
  2. Վիճակախաղի կազմակերպման համար լիազոր մարմինը տրամադրում է վիճակախաղի կազմակերպման լիցենզիա։
  3. ։Խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայում նշվում է նաև խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման վայրի հասցեն
  4. Խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-4-րդ մասերին համապատասխան։
  5. Խաղասրահի միջոցով վիճակախաղերի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների, յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:
  6. Ինտերնետ վիճակախաղի կազմակերպման դեպքում վիճակախաղը կարող է կազմակերպվել միայն վիճակախաղի գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու հայտում նշված կազմակերպչի պաշտոնական կայքի և /կամ/ վիճակախաղը գործունեության կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով
  7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված հայտում չնշված կայքերի և հավելավածների միջոցով վիճակախաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով։ Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում  վիճակախաղի գործունեության  կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզիավորման ենթակա գործունեության իրականացնում։

 

 

 

 

Հոդված 20. Վիճակախաղերի գործունեության առանձնահատկությունները

 

  1. Վիճակախաղերի կազմակերպումըվիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում` նաև շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց է, որը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով:
  2. Վիճակախաղի կազմակերպման տեսակներն են` խաղարկությունով, առանց խաղարկության կամ համակցված:
  3. Խաղարկությունով վիճակաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց հետո կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղարկության անցկացումից հետո և դրա արդյունքներով։
  4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում վիճակաղի տոմսի շահող լինելու հանագամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո։
  5. Համակցվածվիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել և'անմիջապես այն ձեռք բերելուց հետո, և' այն ձեռք բերելուց ու կազմակերպչի կողմից խաղարկության անցկացումից հետո՝ դրա արդյունքներով։
  6. Վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով։

6.Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաև ինտերնետով՝ ինտերնետ վիճակախաղ, կամ էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային վիճակախաղ։

  1. Ինտերնետ վիճակախաղը ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների օգտագործմամբ իրականացվող վիճակախաղ է, որտեղ շահող համակցությունները ներառված են նախապես գեներացված տվյալների շտեմարանում։
  2. Էլեկտրոնային վիճակախաղը էլեկտրոնային վիճակախաղերի տերմինալների օգտագործմամբ վիճակախաղ է, որտեղ շահող համակցությունները ներառված են նախապես գեներացված տվյալների շտեմարանում։
  3. 9. էլեկտրոնային վիճակախաղի տերմինալը էլեկտրամեխանիկական, էլեկտրական, էլեկտրոնային կամ այլ տեխնիկական սարքավորումներ հանդիսացող խաղային արտադրանքներն են, որոնք նախատեսված են վիճակախաղային համակցության ընտրություն կամ մուտքագրում կատարելու համար։
  4. Վիճակախաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակվում են ենթակա հետևյալ տեղեկությունները․

1) լիցենզիայի համարը․

2) տասնութ տարին չլրացած անձանց վիճակախաղին մասնակցելն արգելելու մասին տեղեկատվությունը.

3) վիճակախաղերի տեսակները, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

4) մասնակցության կարգը։

11․ Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են  օպերատորի կողմից հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:

 

Հոդված 21. Վիճակախաղերի շահումային ֆոնդի խաղարկումը և արդյունքների հրապարակումը

 

  1. Շահումային ֆոնդի խաղարկություն է համարվում հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը:
  2. Վիճակախաղի շահումային ֆոնդը չի կարող պակաս լինել վիճակախաղին մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսից։
  3. Վիճակախաղի կազմակերպիչն ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը:
  4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում` կազմակերպիչը առնվազն երեքամսյա ժամանակահատվածում, պետք է ապահովի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը` անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից.
  5. Խաղարկությունով վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը:
  6. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացը սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում և http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ համարների (սերիաների) և շահումի չափի:
  7. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո` հնգօրյա ժամկետում իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում և http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) և շահումի չափի:
  8. Վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը։

 

Հոդված 22. Վիճակախաղի տոմսերը, դրանց մարումը, հաշվառումը և պահպանումը

 

  1. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացնում է միայն ՀՀ դրամով։
  2. Թղթային կրիչի կիրառմամբ վաճառքի ենթակա վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն ՀՀ Կառավարության կողմից սահմանված հսկիչ նշաններ։
  3. վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացվումը շահումների ցուցադրման վայրից ոչ մոտ, քան 500 մետր հեռավորության վրա:
  4. Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի`
  • վիճակախաղի կազմակերպչի անվանումը,
  • վիճակախաղի կազմակերպչի ապրանքային նշանը (լոգոն), վիճակախաղի անվանումը,
  • վիճակախաղի տոմսի համարը (սերիան),
  • վիճակախաղի տոմսի գինը,
  • շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի պահանջներին,
  • շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները,
  • թողարկման կամ խաղարկության հերթական համարը,
  • խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում` վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը (առկայության դեպքում) կամ պաշտոնական կայքի հասցեն, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:
  1. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները հանդիսանում են օպերատորի կողմից հաստատված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի անբաժանելի մասը:
  2. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են մարման, հաշվառման և պահպանման վիճակախաղի կազմակերպչի կողմից ստեղծված` վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման և պահպանման հանձնաժողովի մասնակցությամբ`

1) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում` հերթական խաղարկությունից առաջ, բայց այնպես, որ ապահովվի իրացված և մարված տոմսերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը.

2) առանց խաղարկության վիճակախաղի դեպքում` վիճակախաղի ավարտելու մասին կազմակերպչի և օպերատորի պաշտոնական կայքերում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարության հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում:

  1. Վերահսկող մարմնի և օպերատորի ներկայացուցիչ(ներ)ը իրավունք ունեն ցանկացած ժամանակ մասնակցել վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառմանը և մարմանը:
  2. Հանձնաժողովի անդամները հաշվառում են չիրացված տոմսերը, ստուգում դրանց իսկությունը և մարում` դակելով կամ կտրելով դրանց անկյունը այնպես, որ չի վնասվում տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը ՀՀ Կառավարության կողմից սահմանված հսկիչ նշանը:
  3. Հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով կազմում է համապատասխան տեղեկանք, որտեղ նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը` ըստ սերիաների, համարների, և դրանց ընդհանուր քանակը:
  4. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ կազմված տեղեկանքը հաստատվում է հանձնաժողովի առնվազն չորս անդամների էլեկտրոնային ստորագրություններով:
  5. Վիճակախաղի մարված տոմսերի պահպանման ձևն ու վայրը, որտեղ առկա են պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապահովում է կազմակերպիչը:
  6. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում չիրացված տոմսերի հաշվառման, մարման, մարված տոմսերի պահպանման և հանձնաժողովի աշխատանքի համար:
  7. Վիճակախաղի մարված տոմսերը ենթակա են պահպանման տեղեկանքի կազմման պահից առնվազն երկու տարի:
  8. Էլեկտրոնային կրիչների կիրառմամբ չիրացված տոմսերի հաշվառումն ու մարումն իրականացվում է նախապես գեներացված վիճակախաղային համակցություններ պարունակող գրառումների ամբողջական ցանկից (թողարկված տոմսեր) ընդունված (գրանցված) համակցությունների (իրացված տոմսեր) նվազեցման միջոցով։
  9. Էլեկտրոնային կամ ինտերնետային վիճակախաղերի պարագայում մարված տոմս է համարվում նախապես գեներացված և իրացված վիճակախաղային համակցությունների տարբերությունը:

 

Հոդված 23. Վիճակախաղերի գործունեության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը և տեղեկություններին ներկայացվող պահանջները

 

  1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպման դեպքում կազմակերպիչը`

1) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և թողարկված` վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները` ըստ համարների, սերիաների, քանակի, և մարված տոմսերի վերաբերյալ` տեղեկանքը.

2) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմին է ներկայացնում է տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և շահած տոմսերի տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, և շահումային ֆոնդի չափի մասին:

  1. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպիչը`

1) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը և շահող տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների.

2) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը և իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, և շահած տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:
  2. Վիճակախաղի կազմակերպիչը խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետների ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմնին է ներկայացնում տեղեկատվություն չպահանջված (չստացված) շահումների մասին:

5․ Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը սահմանում է վերահսկող մարմնի ղեկավարը: Վերահսկող մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել վիճակախաղի գործունեության հետ կապված այլ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման պահանջներ։

 

 

ԳԼՈԻԽ 6

ՇԱՀՈՒՄՈՎ ԱՅԼ ԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 24. Շահումով այլ խաղերի կազմակերպումը

 

  1. Շահումով այլ խաղերի գործունեություն կարող են իրականացնել առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը։
  2. Շահումով այլ խաղի գործունեության կազմակերպման համար լիցենզիա չի պահանջվում։
  3. Ինտերնետ շահումով այլ խաղերը համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով այլ խաղի կազմակերպչի սերվերները, ծրագրային և ապարատային միջոցները, խաղային հարթակները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում:
  4. Շահումով այլ խաղերի գործունեությունը կարող է կազմակերպվել բացառապես ISO/IEC 17025, ISO/IEC 17020 կամ ISO/IEC 17065 միջազգային ստանդարտների հավաստագիր ունեցող լաբորատորիայի կամ օպերատորի կողմից տրամադրված համապատասխանության հավաստման սերտիֆիկատներ ունեցող խաղային արտադրանքներով։
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով նշված սերտիֆիկատները պետք է փակցված լինեն խաղային արտադրանքների վրա տեսանելի տեղում։
  6. Խաղային արտադրանքների համապատասխանության հավաստումը օպերատորի կողմից իրականացվելու դեպքում իրականացվում է օպերատորի կողմից սահմանված կարգով։
  7. Օպերատորի կողմից խաղային արտադրանքների համապատասխանության հավաստման սերտիֆիկատների տրամադրման դեպքում դրանց ձևը սահմանում է օպերատորը։

 

 

ԳԼՈՒԽ 7

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

 

Հոդված 25. Խաղային գործունեության կարգավորման օպերատորը

 

  1. Խաղային գործունեության կարգավորման օպերատոր է համարվում սույն օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեությունը կարող է ֆինանսավորվել և (կամ) իրականացվել ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով:
  2. Արգելվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի խաղային գործունեության կարգավորման գործունեությամբ զբաղվելը:
  3. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի կողմից: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
  4. Օպերատորը սույն օրենքով սահմանված կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ խաղային գործունեության ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար: Երաշխիքային հիմնադրամի չափը, կազմը և ձևավորման ու օգտագործման պայմանները սահմանում է կառավարությունը:
  5. 5. Օպերատրոը պարտավոր է լիցեննզիա ստանալուց հետո վեցամսյա ժամկետում անդամագրվել Խաղերի կարգավորողների միջազգային ասոցիացիային կամ Խաղերի կարգավորողների եվրոպական ֆորումին։

 

 

Հոդված 26. Օպերատորի լիցենզավորումը

 

  1. Օպերատորի լիցենզավորման համար նրա հիմնադիրները լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով և բովանդակությամբ լիազոր մարմին են ներկայացնում՝

1) լիցենզավորման հայտ

2) օպերատորի գործարար ծրագիրը.

3) օպերատորի հիմնադիրների ժողովի կողմից հաստատված օպերատորի կանոնադրությունը․

4) տեղեկություններ օպերատորի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ.

5) օպերատորի հիմնադիրների ժողովի որոշումը՝ օպերատորի ղեկավարներ նշանակելու մասին.

6) տեղեկություններ օպերատորի ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների` նոտարական կարգով վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.

7) օպերատորում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա լիազոր մարմնի սահմանված փաստաթղթերը.

8) օպերատորի կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.

9) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

10) լիազոր մարմնի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

  1. Լիազոր մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Լիազոր մարմինը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ:
  2. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմողը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև լիցենզիա տրամադրելու և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը լիազոր մարմնի կողմից ստանալու պահից:

 

Հոդված 27. Լիցենզավորման մասին որոշումը

 

  1. Լիազոր մարմինը որոշում է լիցենզիա տրամադրել, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն օպերատորին լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
  2. Լիազոր մարմինը պարտավոր է լիցենզիայի տրամադրման մասին իրավական ակտ կայացնելու պահից հնգօրյա ժամկետում լիցենզիան հանձնել օպերատորին:
  3. Լիազոր մարմինը լիցենզավորում է օպերատորին կամ մերժում է լիցենզավորումը դիմումը ստանալու պահից` երկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 28. Լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը

 

Լիազոր մարմինը կարող է մերժել օպերատորի լիցենզավորումը, եթե՝

1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.

2) օպերատորի կանոնադրությունը հակասում է օրենքին.

3) Լիազոր մարմինը մերժում է օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզ մեկը.

4) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի 32-րդ հոդվածի հիման վրա լիազոր մարմնի կողմից ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին.

5) լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` օպերատորը չի կարող ապահովել շուկայի բնականոն գործունեությունը.

6) լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով օպերատորի հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կարող են վտանգել ոլորտի կարգավորումը կամ խոչընդոտել օպերատորի կողմից շուկայի բնականոն կազմակերպմանը կամ վերահսկող մարմնի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.

7) չի վճարվել լիազոր մարմնի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը․

8) օպերատորի հիմնադիրները, բաժնետերերը (մասնակիցները), նշանակալից մասնակիցները կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձինք հանդիսանում են խաղային գործունեության կազմակերպիչ։

 

Հոդված 29. Պետական տուրքը

 

Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հոդված 30. Օպերատորի գործարար ծրագիրը

 

  1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և պետք է պարունակի օպերատորի կողմից ներդրվող առևտրային, տեղեկատվական և այլ համակարգերի, դիմողի կազմակերպական կառուցվածքի, նրա կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև դրանց տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը և լիազոր մարմնի կողմից սահմանված այլ տեղեկություններ:
  2. Գործունեության ընթացքում օպերատորը լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, ձևով և ժամկետներում լիազոր մարմին է ներկայացնում լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
  3. Օպերատորը պարտավոր է լիազոր մարմնի կողմցի սահմանված կարգով, ձևով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները:

 

Հոդված 31. Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելն օպերատորի լուծարման, վերակազմակերպման, սնանկացման և օրենքով սահմանված այլ դեպքերում

 

Լիազոր մարմինը օպերատորի լիցենզիան ոչ որպես պատժամիջոց ուժը կորցրած է ճանաչում լուծարման, վերակազմակերպման, սնանկացման և օրենքով սահմանված այլ հիմքերով:

 

Հոդված 32. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը և դրա իրավական հետևանքները

 

  1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝

1) օպերատորը լիցենզիա ստանալուց հետո 3 ամիս անընդմեջ չի իրականացնում խաղային գործունեության կարգավորման գործունեություն.

2) ի հայտ են եկել սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հիմքերը.

3) օպերատորը լիցենզիա ստանալու համար դիմելիս լիազոր մարմին է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

4) օպերատորը հրապարակել կամ լիազոր մարմին է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

5) օպերատորը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պարբերական (երկու և ավելի) կամ էական խախտումներ.

6) օպերատորը չի իրականացրել լիազոր մարմնի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները սահմանված ժամկետում կամ չափով.

7) խախտվել են սույն օրենքով և լիազոր մարմնի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի սահմանաչափերը՝ լիազոր մարմնի սահմանված չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազոր մարմինը կարող է օպերատորին հանձնարարել որոշակի ժամկետում վերացնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը:
  2. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել օպերատորի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
  3. Լիազոր մարմինը կարող է մերժել օպերատորի լիցենզիայի գործողության կամավոր դադարեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած չճանաչել, եթե՝

1) լիցենզիայի գործողության դադարեցումը կզրկի խաղային գործունեության կարգավորման կենսական նշանակության միակ ծառայությունից.

2) լիցենզիայի գործողության դադարեցմամբ կարող են առաջանալ խաղային գործունեության կարգավորման ճգնաժամ, խաղային գործունեության կազմակերպման նշանակալից խափանումներ կամ դրա իրական սպառնալիք:

  1. Լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, որոշում է կայացնում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
  2. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այն պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի լիազոր մարմին:
  3. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից օպերատորը զրկվում է խաղային գործունեության կարգավորման իրավունքից և ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով:
  4. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի իրավական ակտը անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
  5. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի իրավական ակտը, այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, էլեկտրոնային եղանակով տրամադրվում է օպերատորին: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի իրավական ակտի բողոքարկումը դատարանում չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:

 

Հոդված 33. Օպերատորի կանոնադրական կապիտալը և ընդհանուր կապիտալը

  

  1. Օպերատորի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, հաշվարկման կարգը սահմանվում է լիազոր մարմինը:
  2. Օպերատորի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
  3. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը և լիազոր մարմնի սահմանած այլ տարրեր:
  4. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են լիազոր մարմնի կողմից: Նորմատիվների հաշվարկման նպատակով լիազոր մարմինը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում:

 

Հոդված 34. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը

 

  1. Անձը (նրա հետ փոխկապակցված անձը), որն ունի մտադրություն ձեռք բերել օպերատորում նշանակալից մասնակցություն կամ ավելացնել իր մասնակցությունն այնպես, որ օպերատորի կանոնադրական կապիտալում նրա` ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմի առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պետք է ստանա լիազոր մարմնի նախնական համաձայնությունը:
  2. Եթե անձը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն օպերատորում կամ ավելացնում է իր` ձայնի իրավունք տվող մասնակցությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերից ավել՝ ցանկացած այլ իրադարձության կամ գործարքի (այդ թվում` ժառանգության հիմքով մասնակցության փոխանցման) արդյունքում, որի մասին անձը տեղյակ չէր և չէր կարող տեղյակ լինել, ապա նա պարտավոր է լիազոր մարմնի սահմանված կարգով տեղեկացնել լիազոր մարմնին օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ մասնակցությունն ավելացնելու մասին տեղեկանալու պահից` 10 օրվա ընթացքում:
  3. Օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը լիազոր մարմին է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում: Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության դիմումում ներառվող և կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձևը, կարգը և պայմանները սահմանվում են լիազոր մարմնի կողմից
  4. Օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար օպերատորի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում նաև հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ օպերատորում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է լիազոր մարմնի նախնական համաձայնությունը:
  5. Օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը ստանալու համար օպերատորի միջնորդությամբ անձը լիազոր մարմին պետք է ներկայացնի նաև նշանակալից մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների ծագման օրինականությունը բացահայտող բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):
  6. Լիազոր մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված տեղեկատվության և փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով:
  7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համաձայնությունը ստացած անձը պարտավոր է լիազոր մարմնի սահմանված կարգով տեղեկացնել լիազոր մարմնին իր կողմից ձեռք բերված բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման մասին, եթե՝

1) բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում օպերատորում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10, 20, 50 կամ 75 տոկոսից.

2) բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում օպերատորում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10 և ավելի տոկոսով:

Սույն մասով սահմանված տեղեկացման պահանջը գործում է նաև այն դեպքում, երբ անձը կնքում է այնպիսի գործարք, որի արդյունքում նա դադարում է հսկել օպերատորը:

  1. Եթե խաղային գործունեության կարգավորման լիցենզիայի դիմումի հետ մեկտեղ լիազոր մարմին է ներկայացվել նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնություն ստանալու դիմում, ապա լիազոր մարմինը լիցենզիա տրամադրելու և նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնություն տալու մասին ընդունում է մեկ միասնական որոշում:
  2. Լիազոր մարմինը սույն օրենքով և լիազոր մարմնի կողմից սահմանված իրավական ակտով պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին:
  3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված նախնական համաձայնություն տալու մասին իրավական ակտով սահմանում է նաև ժամկետ, որի ընթացքում գործում է այդ համաձայնությունը: Այդ ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին նշված ժամկետում օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման, մասնակցության ավելացման կամ օպերատորի նկատմամբ հսկողության ձեռքբերման գործարքի կնքման մասին:
  4. Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն մասով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով օպերատորի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն գլխով սահմանված կարգով՝ լիազոր մարմնի նախնական համաձայնությամբ: Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող տարածքների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

Սույն մասով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք օպերատորի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ լիազոր մարմնի նախնական համաձայնությամբ:

 

Հոդված 35. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

 

  1. Լիազոր մարմինը մերժում է օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնության տրամադրումը, եթե՝

1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը.

2) լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունը չեն համապատասխանում օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանք կեղծ են, ապակողմնորոշիչ կամ ոչ լիարժեք.

3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և ունի չմարված դատվածություն.

4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի կարող հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների օրինականությունը.

5) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

6) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.

7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

9) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղային գործունեության կազմակերպչի սնանկացմանը։

  1. Նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնության տրամադրման մերժման մասին լիազոր մարմնի իրավական ակտը պետք է լինի հիմնավորված:
  2. Լիազոր մարմինը պարտավոր է մերժման մասին իրավական ակտն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում, դրա մասին ծանուցել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:
  3. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումը ստանալու դեպքում, ինչպես նաև նույն մասով նախատեսված այն դեպքերում, երբ լիազոր մարմինն է հայտնաբերում անձի կողմից օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման փաստը, լիազոր մարմինը կարող է առաջարկել (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում դատական կարգով պահանջել), որ անձը, որի միջոցով և անունից իրականացվում է նշանակալից մասնակցությունը, ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը օպերատորում:

 

Հոդված 36. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը

  

  1. Լիազոր մարմինը կարող է դադարեցնել օպերատորում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողությունը, եթե անձի կողմից սույն օրենքով սահմանված կարգով օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում լիազոր մարմինը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը օպերատորում։

 

Հոդված 37. Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

 

  1. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:
  2. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահաբաժիններ ստանալու և խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, իսկ ձեռք բերված բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում լիազոր մարմինը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը օպերատորում։

 

Հոդված 38. Oպերատորի գործառույթները

 

  1. Օպերատորը՝
  • ապահովում է օպերացիոն վկայագրերի տրամադրման, երկարաձգման և դադարեցման գործընթացը,
  • ապահովում է խաղային արտադրանքների սերտիֆիկացումը, և համապատասխանության սերտիֆիկաների տրամադրման և ընդունման գործընթացը,
  • ապահովում է խաղային արտադրանքների միացումը մոնիտորինգային կենտրոնին,
  • սահմանում է խաղային արտադրանքների՝ մոնիտորինգային կենտրոնին միացման տեխնիկական չափանիշները,
  • սահմանում և հրապարակում է օպերացիոն վկայագիր ստանալու և երկարաձգելու ժամկետները, վճարի չափերը,
  • մշակում է խաղային գործունեության և շահումով այլ խաղերի խաղային արտադրանքների ստանդարտները,
  • սահմանում է «պատասխանատու խաղի» և «արդար խաղի» կանոնները,
  • իրականացնում է այցելություններ կազմակերպիչների մոտ` օպերացիոն վկայագրերի տրամադրման վերաբերյալ հարցերում օժանդակելու նպատակով, ինչպես նաև խաղային գործունեության ոլորտը կարգավորող օրենքներին և կարգավորումներին վերջիններիս գործունեության անհամապատասխանության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում․
  • կազմակերպչների գործունեության ընթացքում Օրենքով նախատեսված պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում տրամադրում է լիազոր և վերահսկող մարմիններին․
  • համագործակցում է պետական կառավարման համապատասխան մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն,
  • իրականացնում է խաղային գործունեության շուկայի մոնիտորինգ,
  • տեղեկացնում և խորհրդատվություն է տրամադրում լիազոր մարմնին և վերահսկող մարմնին խաղային շուկայի վիճակի, շուկան կարգավորող մեխանիզմների բարելավումների և ոլորտում հնարավոր ռիսկեր առաջացնող զարգացումների վերաբերյալ,
  • հրապարակում և հաշվառում է շահումով այլ խաղերի խաղային արտադրանքների ցանկը,
  • ապահովում է իր մոտ աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանք կամ ծառայություն մատուցող անձանց՝ սույն օրենքով սահմանված փոխկապակցված համարվելու պահանջները․
  • հաստատելու նպատակով սույն օրենքով նախատեսված կանոնակարգերի և դրանցում կատարվող փոփոխությունների և լրացումների փորձաքննություն,
  • ՀՀ կառավարության սահմանած կարգով վերահսկող մարմնին տրամադրում է մոնիտորինգային կենտրոնում պահպանվող տվյալներին հեռահար մատչման /դոստուպ Itտերմին/ հնարավորություն` տվյալների սահմանված խմբերի դիտանցումը սահմանված պարբերականությամբ ապահովելու նպատակով,
  • իրականացնում է մոնիտորինգային կենտրոնին միացված խաղային արտադրանքների և սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների սպասարկումը,
  • իր կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների կատարման համար կազմակերպչի հետ կնքում է ծառայությունների մատուցման  պայմանագիր,
  • ապահովում է իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում ստացված տեղեկատվության գաղտնիությունը և տրամադրում է նշված տեղեկատվությունը սույն օրենքով սահմանված մարմիններին և կարգով․
  • սահմանում է իր կողմից մատուցվող ծառայությունների գները և հրապարակում է իր պաշտոնական կայքում.
  • Քննում և լուծում է խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքները, իսկ կազմակերպչի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի խախտումներ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին և վերահսկող մարմնին․
  • իրականացնում է օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 39. Խաղային արտադրանքներ շահագործողներին օպերացիոն վկայագրերի տրամադրումը

 

  1. Oպերացիոն վկայագիրը տրամադրվում է 21 տարեկանից բարձր և օրինական խնամակալության ներքո չգտնվող ֆիզիկական անձանց, ովքեր՝

1) չունեն դատվածություն խարդախության, փողերի լվացման, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության կամ խաղերի հետ կապված իրավախախտումների համար,

2) նախկինում չեն ունեցել օպերատորի կողմից դադարեցված օպերացիոն վկայագիր,

3) օպերացիոն վկայագիր ստանալու նպատակով օպերատորին գիտակցաբար չեն ներկայացրել  կեղծ տեղեկություններ,

4) Վկայագիր ստանալու համար կատարել են համապատասխան վճարումները,

5) օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չեն պաշտոնավարել վերահսկող մարմնում կամ անմիջական հսկողություն չեն իրականացրել տվյալ ոլորտի նկատմամբ,

6) օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում  չեն պաշտոնավարել  լիազոր մարմնում և իրականացրել լիցենզիայի տրամադրման գործընթաց,

7) հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չի հանդիսացել օպերատորի վարձու աշխատող և իրականացրել  խաղային գործունեությանն առնչվող աշխատանք:

  1. Oպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար ֆիզիկական անձը առցանց պորտալի միջոցով հայտ է ներկայացնում օպերատորին: Հայտը լրացվում է ոլորտի լիազորված օպերատորի կողմից սահմանված համապատասխան էլեկտրոնային ձևաթղթի վրա` դրան կցելով.

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) դատվածության բացակայության վերաբերյալ համապատասխան գերատեսչության կողմից վերջին 1 ամսվա ընթացքում տրամադրված տեղեկանք,

3) օպերացիոն վկայագիր ստանալու համար օպերատորի կողմից սահմանած վճարի փաստը հաստատող անդորրագիրը, որը  որոշվելու է տվյալ օրվա դրությամբ մարմնի կայքում հրապարակված վճարման չափերով,

4) սույն հոդվածի 1-ին կետի 5-6-րդ ենթակետերում նշված մարմինների կողմից վերջին 1 ամսվա ընթացքում տրամադրված տեղեկանքները՝ նույն կետերով նախատեսված պահանջներին բավարարելու վերաբերյալ:

  1. Հայտը բավարարվելու դեպքում օպերատորը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է թվագրված վկայագրի մասին ծանուցում և օպերացիոն վկայագրի եզակի նույնականացման համար։ Oպերացիոն վկայագիրը վավեր է ծանուցման ամսաթվից սկսած` երկու տարի ժամկետով։
  2. Օպերացիոն վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար օպերացիոն վկայագրի իրավատերը պետք է իր գործող վկայագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ ներկայացնի վկայագրի ժամկետը երկարաձգելու հայտ, որի ձևը սահմանում է օպերատորը՝ դրան կցելով սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը: Գործողության ժամկետը երկարաձգված շահումով խաղերի կամ վիճակախաղերի անցկացման օպերացիոն վկայագիրը վավեր է նախկին վկայագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից հետո` երկու տարի ժամկետով։
  3. Վկայագիր տրամադրելու կամ երկարաձգելու հայտը մերժվում է, եթե՝

1) հայտին կից ներկայացվող փաստաթղթերը ոչ ամբողջական են,

2) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և իրավական ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ,

3) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

  1. Հայտի մերժման հիմքերի վերաբերյալ ոլորտի լիազորված օպերատորը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին:

 

Հոդված 40. Oպերացիոն վկայագրի գործողության դադարեցումը

 

  1. Օպերացիոն վկայագրի գործողությունը օպերատորի կողմից կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում`

1) օպերացիոն վկայագրի իրավատիրոջ դիմումի համաձայն,

2) եթե հայտնի է դարձել վկայագիր տրամադրելու համար պարտադիր պայմաններից որևէ մեկի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցներ վկայագրի չտրամադրմանը,

3) չի կատարվում սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված օպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտավորություններից որևէ մեկը,

4) եթե օպերատորն ունի հիմնավոր կասկած առ այն, որ օպերացիոն վկայագիր ստանալու համար դիմելիս ներկայացվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ,

5) եթե վկայագրի իրավատերը հանդիսանում է այն կազմակերպչի պատասխանատու անձ, կառավարման մարմնի անդամ, բաժնետեր (մասնակից) կամ նշանակալի մասնակից, որի լիցենզիայի գործողությունը, որպես պատասխանատվության  միջոց  դադարեցվել է լիազոր մարմնի կողմից:

 

Հոդված 41. Oպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտականությունները

 

  1. Oպերացիոն վկայագրի իրավատերը պարտավոր է՝
  • օպերատորին տեղեկացնել ցանկացած քրեական վարույթի մասին, որը հարուցվել է իր դեմ աշխարհի ցանկացած վայրում՝ խարդախության, փողերի լվացման, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության կամ խաղային ոլորտի հետ կապված գործունեության համար,
  • օպերացիոն վկայագրի ստանալու հայտով ներկայացված փաստաթղթերին կամ տեղեկությունների ցանկացած փոփոխության մասին տեղեկացնել օպերատորին՝ այդ փոփոխությունների իրականացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 42. Խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների տրամադրումը

 

  1. Շահումով այլ խաղերի և խաղային գործունեության կազմակերպիչների խաղային արտադրանքի համապատասխանությունը խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերին պետք է հաստատվի օպերատորի կամ ISO/IEC 17025, ISO/IEC 17020 կամ ISO/IEC 17065 միջազգային ստանդարտի հավաստագիր ունեցող լաբորատորիայի կողմից՝ նախքան այն շուկայում շահագործելը։
  2. Օպերատորի կողմից համապատասխանության սերտիֆիկատը կարող է տրամադրվել խաղային արտադրանքի ստուգման եզրակացության հիման վրա՝ էլեկտրոնային եղանակով։
  3. Համապատասխանության սերտիֆիկատը ISO/IEC 17025, ISO/IEC 17020 կամ ISO/IEC 17065 միջազգային ստանդարտի հավաստագիր ունեցող լաբորատորիայի կողմից տրված լինելու դեպքում խաղային գործունեության կարգավորման օպերատորին պետք է ներկայացվի շահումով այլ խաղերի կամ խաղային գործունեության կազմակերպչի կողմից` առցանց եղանակով։
  4. Համապատասխանության յուրաքանչյուր սերտիֆիկատ պետք է ներառի՝
    • փորձարկման այն լաբորատորիայի անվանումը, որը տրամադրել է համապատասխանության սերտիֆիկատը,
    • փորձարկման լաբորատորիայի այն մարմնի կամ մարմինների անունը, որի (որոնց) կողմից իրականացվել է համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելուն հանգեցրած փորձարկումը,
    • հերթական համար, որը եզակի է փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված ցանկացած համապատասխանության սերտիֆիկատի համար,
    • հղում խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերի յուրաքանչյուր կիրառելի պահանջին, որի մասով խաղային արտադրանքը փորձարկվել է,
    • հղում յուրաքանչյուր այլ համապատասխանության սերտիֆիկատի, որի հիման վրա այն տրամադրվել է,
    • փորձարկվող խաղային արտադրանքի անվանումը,
    • փորձարկվող խաղային արտադրանքի արտադրողը,
    • խաղային արտադրանքի փորձարկումն իրականացնող պատասխանատու կամ դրա նկատմամբ վերահսկողություն ունեցող ֆիզիկական անձի ստորագրությունը,
    • սերտիֆիկատի տրամադրման ամսաթիվը, ընդ որում սերտիֆիկատը պետք է տրամադրվի հայտը խաղային ոլորտի լիազորված օպերատորին ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
  1. Յուրաքանչյուր համապատասխանության սերտիֆիկատ վավեր է ոլորտի լիազորված օպերատորի հաստատման ամսաթվից սկսած` տասներկու ամսով։
  2. Համապատասխանության սերտիֆիկատը անվավեր է ճանաչվում ոլորտի լիազորված օպերատորի կողմից, եթե`
  • համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվել է մեկ այլ համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա, որը ճանաչվել է անվավեր,
  • Խաղային արտադրանքում որևէ էական փոփոխություն կամ լրացում է կատարվել,
  • խաղային ոլորտի լիազորված օպերատորը  հիմնավոր ապացույցների է տիրապետում, որ համապատասխանության սերտիֆիկատը չի տրամադրվել խաղային ոլորտը կարգավորող օրենքներով և կարգավորումներով սահմանված չափորոշիչներին համապատասխան։
  • այն տրամադրած անկախ փորձարկման լաբորատորիան օպերատորի կողմից չի ճանաչվել սերտիֆիկացման օրվա դրությամբ։

 

Հոդված 43. Խաղային արտադրանքի ստուգումը

 

  1. Խաղային արտադրանքները ստուգվում են օպերատորի կողմից՝ խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխանությունը հաստատելու նպատակով:
  2. Իրականացվող ստուգման հետ կապված ծախսերը կրում է կազմակերպիչը։
  3. Ստուգումը պետք է իրականացվի օպերատորի փորձարկման լաբորատորիայի կամ անկախ փորձարկման լաբորատորիայի կողմից, իսկ ստուգման արդյունքները պետք է գրառվեն եզրակացության մեջ։
  4. Խաղային արտադրանքի ստուգումը անկախ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացվելու դեպքում ստուգման եզրակացությունը խաղային ոլորտի կարգավորման օպերատորին պետք է ներկայացվի խաղային գործունեության կազմակերպչի և այլ շահումով խաղերի գործունեություն իրականացնողների կողմից` առցանց եղանակով։
  5. Խաղային արտադրանքի ստուգման եզրակացությունը պետք է ներառի՝
    • այն կազմող անկախ փորձարկման լաբորատորիայի անունը,
    • եզակի հերթական համար,
    • հղում խաղային ոլորտը կարգավորող օրենքների և կարգավորումների յուրաքանչյուր այն պահանջին, որի մասով խաղային արտադրանքը ենթարկվել է ստուգման,
    • ստուգումն իրականացնելու համար պատասխանատու կամ դրա նկատմամբ վերահսկողություն ունեցող ֆիզիկական անձի ստորագրությունը՝
    • այն 12-ամսյա ժամկետը, որն ընդգրկված է Խաղային արտադրանքի ստուգման եզրակացության մեջ,
    • ստուգումն ավարտելու ամսաթիվը։
  1. Ստուգման եզրակացությունը խաղային ոլորտի կարգավորման օպերատորի կողմից ընդունվելու դեպքում՝ հաստատվում և ներկայացվում է կազմակերպչին։ Եզրակացությունը չի ընդունվում, եթե խաղային ոլորտի կարգավորման օպերատորն ապացուցում է, որ այն ունի ողջամիտ հիմքեր կարծելու, որ խաղային գործունեության կազմակերպչի կամ շահումով այլ խաղերի գործունեություն իրականացնողների՝ խաղային արտադրանքների համապատասխանությունը խաղային ոլորտը կարգավորող օրենքներին և կարգավորումներին հաստատելու համար իրականացվող ստուգումը չի իրականացվել խաղային ոլորտը կարգավորող օրենքներով և կարգավորումներով սահմանված չափորոշիչներին համապատասխան։ Եզրակացությունը,  չընդունելու մասին հիմնավորմամբ, ներկայացվում է կազմակերպչին։

 

Հոդված 44. Խաղային արտադրանքները մոնիտորինգային կենտրոնին միացումը

 

  1. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումն իրականացվում է կազմակերպչի կողմից օպերատորին ներկայացված հայտի հիման վրա։
  2. Հայտին կցվում են`
  • մոնիտորինգային կենտրոնին միացվող խաղային արտադրանքների ցանկը,
  • դրանց համապատասխանության սերտիֆիկատները,
  • տեղեկություններ կազմակերպչի վերաբերյալ,
  • տեղեկություններ խաղային հարթակի, ապարատածրագրային միջոցների ֆիզիկական տեղակայման վայրի մասին,
  • խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա:
  1. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքերի միացման հայտը համապատասխան հիմնավորմամբ մերժվում է, եթե՝

1) հայտատուն չունի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա,

2) ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ լիարժեք, թերի կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ մոնիտորինգային կենտրոնին միացվող խաղային արտադրանքների վերաբերյալ:

  1. Խաղային արտադրանքների անջատումը մոնիտորինգային կենտրոնից տեղի է ունենում

1) կազմակերպչի գրավոր դիմումի համաձայն,

2) ներկայացված փաստաթղթերի և սարքավորման իրական պարամետրերի միջև անհամապատասխանության հայտնաբերման դեպքում,

3) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի դադարեցման դեպքում:

 

Հոդված 45. Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննումը

  1. Օպերատորը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են խաղացողի կողմից կազմակերպչի դեմ, կապված են կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղերի, շահումների հետ և պարունակում են մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գույքային պահանջ կամ ոչ գույքային բնույթի պահանջ:

 

 Հոդված 46. Բողոքի քննության անվճար լինելը

  1. Օպերատորիկողմից պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ հաճախորդից որևէ վճար չի գանձվում:

 

Հոդված 47. Բողոքը կազմակերպչին ներկայացնելը

  1. Մինչև պահանջը Օպերատորին ներկայացնելը խաղացողը պետք է բողոքը ներկայացնի կազմակերպչին։
  2. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված բողոքը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան:
  3. Կազմակերպչի վերջնական պատասխանը պետք է արտահայտի կազմակերպչի հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ:
  4. Կազմակերպչի վերջնական պատասխանը ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Օպերատորին:
  5. Օպերատորը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոքը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտմանմասին:

 

Հոդված 48. Բողոքը Օպերատորին ներկայացնելը

  1. Օպերատորը քննում է բողոքը, եթե հաճախորդը պահանջ է ներկայացրել վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ ստացել է Կազմակերպչի վերջնական պատասխանը կամ սույն օրենքով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել:
  2. Օպերատորը կարող է քննել նաև այն պահանջները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով բերվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ:
  3. Օպերատորի կողմից բողոքի քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները սահմանում է Օպերատորը։

 

 Հոդված 49. Օպերատորի որոշումը բողոքի վերաբերյալ

 

  1. Բողոքի քննության արդյունքներով Օպերատորը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելումասինև ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ Կազմակերպչին և բողոք բերող անձին։
  2. Այն դեպքում, երբ որոշում է կայացվում բողոքը բավարարելու կամ մասնակի բավարարելումասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպչի կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:
  3. Օպերատորիորոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:

 

Հոդված 50. Բողոքի վերաբերյալ Օպերատորի որոշման վիճարկումը

 

  1. Բողոքի վերաբերյալ Օպերատորի որոշումը կողմերը կարող ենվիճարկել լիազոր մարմին Օպերատորի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
  2. Լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։
  3. Լիազոր մարմնի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

 

Հոդված 50. Օպերատորի և Կազմակերպիչների միջև ծագած տարաձայնությունները

 

  1. Օպերատորի և Կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել լիազոր մարմին` վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:
  2. Լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։
  3. Սույն հոդվածը չի սահմանափակում վեճերը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:

 

ԳԼՈՒԽ  8

ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 51. Քաղաքացիների՝ խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները

 

  1. Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը սույն օրենքով նախատեսված խաղերին, ովքեր՝

1) հանդիսանում են օրենքով սահմանված որևէ տեսակի սոցիալական աջակցության շահառու․

2) հանդիսանում են կառավարության որոշմամբ սահմանված որևէ աջակցության ծրագրի շահառու․

3) օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից․

4) հանդիսանում են «Պետական նպաստերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված որևէ տեսակի նպաստի նպաստառու․

5) ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ.

6) գտնվում են սնանկության վարույթում.

7) սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերանզանում է տարեկան եկամուտների 40%ը․

8) հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի արգելքներից բացի արգելվում է նաև՝

1) քսանմեկ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը մոլեխաղերին և ինտերնետ մոլեխաղերին.

2) տասնութ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը վիճակախաղերին․

3) օրենքով նախատեսված կենսաթոշակային տարիքը լրացած քաղաքացիների մասնակցությունը մոլեխաղերին, ինտերնետ մոլեխաղերին, վիճակախաղերին և բուքմեյքերային գործունեության խաղերին, եթե տվյալ անձանց եկամտի միակ աղբյուրը նշանակված կենսաթոշակն է.

4) սույն օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածներում նշված անձանց մասնակցությունը խաղերին։

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձնաց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն։
  2. Օպերատորն ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված խաղերին մասնակցությունը արգելված քաղաքացիների ցանկերի առկայությունը իր բազաներում և կազմակերպիչների ապարատածրագրային ապահովման համակարգերի միջոցով անձանց նույնականացման արդյունքում քաղաքացու մասնակցությունը խաղին արգելված լինելու հանգամանքի պարզման հնարավորության ստեղծումը։
  3. Կազմակերպիչն ապահովում է իր մոտ ապարատածրագրային համակարգի առկայությունը քաղաքացիների՝ սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված մասնակցության արգելման պահանջները ստուգելու և խաղին մասնակցությունը արգելելու համար։

 

Հոդված 52. Խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ մասնակցության արգելման կարգը

 

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով` խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին:
  2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենցխաղասրահներ, ինչպես նաև գրանցումը ինտերնետ մոլեխաղի, ինտերնետ վիճակախաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետով ինտերնետ մոլեխաղի, ինտերնետ վիճակախաղի կամ բուքմեյքերային գործունեությանը մասնակցելու հնարավորությունը::
  3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում դատարանի վճիռն ուղարկվում է լիազոր մարմին` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:
  4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերովխաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց կողմիցխաղասրահում կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:
  5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերովխաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 53. Քաղաքացու կողմից իր մասնակցության արգելման կարգը

 

  1. Օպերատորին ներկայացվող դիմումով քաղաքացին կարող է պահանջել արգելելու իր մասնակցությունը խաղերին անկախ սույն օրենքի 51-րդ և 52-րդ հոդվածով նախատեսված անձ լինելու հանգամանքից։
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա, դիմումի ներկայացման հաջորդ օրվանից անորոշ ժամկետով:
  3. Քաղաքացու դիմումի հիման վրա սույն հոդվածով նախատեսված արգելքը կարող է վերացվել դիմումում նշված օրվանից, իսկ օր նշված չլինելու դեպքում դիմումի ներկայացմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից։

 

Հոդված 54. Քաղաքացիների՝ խաղերին մասնակցության սահմանափակման ընդհանուր կանոնները

 

  1. Քաղաքացիների կողմից խաղերին մասնակցության թույլատրելի չափը է համարվում յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված տարեկան եկամտի քսան տոկոսը։
  2. Օպերատորն ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների ապահովման համար անհրաժեշտ բազաների առկայությունը իր մոնիթորինգային կենտրոնում և նշված սահմանափակումը կիրառելու համար քաղաքացիների նույնականացումը։
  3. Օպերատորը ապահովում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությանը կազմակերպչների հասանելիությունը։
  4. Կազմակերպիչն ապահովում է իր մոտ օպերատորի հետ համաձայնեցված ապարատածրագրային համակարգի առկայությունը քաղաքացիների՝ սույն հոդվածով նախատեսված մասնակցության սահմանափակում կիրառելու համար անձանց նույնականացման նպատակով։

 

 

ԳԼՈՒԽ  9

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 55. Խաղային գործունեության լիցենզավորումը

  1. Խաղային գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով:
  2. Խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի հայտ կարող է ներկայացնել այն առևտրային կազմակերպությունը՝

1) որի նշանակալից մասնակցություն ունեցող և պատասխանատու անձինք, իրական շահառուները համապատասխանում են սույն օրենքի սահմանված պահանջներին,

2) որի պատասխանատու անձն ունի  օպերացիոն վկայագիր,

3) հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկային եկամուտների և այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ,

4) ՀՀ պետական բյուջե է վճարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուրքի գումարը:

  1. Լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է հայտատուն:
  3. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
  • հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.
  • հայտատուն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պահանջներին.
  • կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը, կամ հակասում են 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին. կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք հակասում են 8-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին.
  • մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 4.1-ին հոդվածով սահմանված անձ, կամ 4.3-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.
  • օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 56 Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

  1. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության ,ինչպես նաև օպերատորի կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրությունների միջոցով և դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:
  2. Վերահսկող մարմինն իրականացնում է խաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
  3. Սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
  4. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ վերահսկող մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով:

 

ԳԼՈՒԽ 10

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 57. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

 

 

  1. Սույն օրենքի խախտման դեպքում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.

1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

2) տուգանք:

  1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետի «ը» ենթակետի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
  2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 9-րդ և 13-րդ կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
  3. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմին՝ այդ գործընթացն իրականացնելու համար` ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
  4. Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.

1) լիցենզիայի գործողության կասեցում.

2) լիցենզիայի գործողության դադարեցում:

 

Հոդված 58. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու հանձնարարականը

  1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով վերահսկող մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:
  2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը վերահսկող մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:
  3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`

ա) թույլ է տվել սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգի խախտում.

բ) չի ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետի «բ», «ե», «զ» կետերում նշված պահանջներից որևէ մեկը:

 

 Հոդված 59. Տուգանքը

 

1․  Տուգանքը կիրառվում և գանձվում է վերահսկող մարմնի կողմից՝ սույն օրենքով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքներով սահմանված կարգով։

  1. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`

1) խախտել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը` յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար (ինտերնետ մոլեխաղի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)` հինգ հարյուր հազար դրամի չափով.

2) խախտել է սույն օրենքի 51-53-րդ հոդվածներով նախատեսված պահանջները՝ առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ.

3) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 10-11-րդ կետերի և 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ.

4) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահանջը` երեք հարյուր հազար դրամի չափով.

5) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.

6) սույն օրենքի 58-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` երեք հարյուր հազար դրամի չափով.

7) առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը, ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ.

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:
  2. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար վերահսկող մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հինգ հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:

 

Հոդված 60. Լիցենզիայի գործողության կասեցումը

 

  1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետի «ա» կամ «գ» կամ 8-րդ կետի պահանջները.

2) եթե կազմակերպիչն ունի հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

3) օրենքով սահմանված այլ դեպքերում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3․ Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների:

 

Հոդված 61. Լիցենզիայի գործողության դադարեցումը

 

  1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է`

1) եթե կազմակերպիչը սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

2) եթե կազմակերպիչը սույն օրենքի 59-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

3) եթե կազմակերպիչը սույն օրենքի 60-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

4) եթե կազմակերպիչն առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պահանջը.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

6) կազմակերպչի դիմումի համաձայն:

7) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջը։

  1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

 

 

 

ԳԼՈՒԽ 11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 62. Անցումային և եզրափակիչ դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը։ Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաների գործողությունը համարվում է դադարած։
  • Обсуждалось

    06.07.2022 - 21.07.2022

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5981

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Կարեն Աբրահամյան

18.07.2022

Ընդ որում արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, ովքեր հանդիսանում են սահմանված որևէ տեսակի սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից, հանդիսանում են «Պետական նպաստերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված որևէ տեսակի նպաստի նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերանզանում է տարեկան եկամուտների 40%ը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Վերոնշյալ հատվածը նույնպե՞ս ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից: Եթե այո,ապա առաջարկում եմ մինչ այդ վերահսկող մեխանիզմներ կիրրառել նշված անձանց նկատմամբ։

Հայկ Ասատրյան

17.07.2022

Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությունը շահումային խաղերին, հատկապես ՊՆ ծառայողների, քանի որ շատ են լրտեսության դեպքերը, որոնք կարող են նաև հետևանք լինել խաղամոլության։

Узнать больше