Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության որոշման ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի «Կառավարության 2022-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրով Արդարադատության նախարարությանը վերապահված 1-ին միջոցառման պահանջից:

Նախկինում ընդունված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություններում, ի թիվս այլնի, ընդգծվել են արդյունավետ դատական իշխանության կայացումը, անկախ և հանրության վստահությունը վայելող դատական համակարգի ձևավորումը, ինչպես նաև դրանց շրջանակներում իրականացվել են մի շարք բարեփոխումներ:

Իրականացված ծրագրերով, այնուամենայնիվ, լիարժեքորեն չեն ապահովվել դրանցով սահմանված նպատակների իրականացումը: Բացի այդ, հաշվի առնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթությունները, ի հայտ է եկել ռազմավարության վերանայման անհրաժեշտություն:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նշվածի համատեքստում վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների գործող ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները:

Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատրաման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հիմք է ընդունվել դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները:

Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները.

- ««Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում եվ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում

- Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ

- Ժողովրդավարական ինստիտուտների զարգացում

- Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում

- Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ

- Քաղաքացիական եվ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ

- Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումներ

- Սնանկության ոլորտի բարեփոխումներ

- Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում       

- Իրավաբանական օգնության ոլորտի բարեփոխումներ

- Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ

- Ռազմավարական այլ ուղղություններ

 

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

  Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատական և իրավական բարեփոխումների շրջանակը ներկայումս առկա հասարակական և իրավական զարգացումներին և պահանջմունքներին, կանխորոշել բարեփոխումների ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթություններին:

 5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026  թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, բացի ռազմավարությունից բխող գործողություններով նախատեսված իրավական ակտերի ընդունումից, առկա չէ: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ, իսկ ռազմավարությունից բխող գործողությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները և աղբյուրները նախատեսված են ռազմավարությամբ և դրա գործողությունների ծրագրով:

 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի «Կառավարության 2022-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրով Արդարադատության նախարարությանը վերապահված 1-ին միջոցառման պահանջից:

 

 

 

 

  • Обсуждалось

    02.06.2022 - 17.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4561

Принт

Предложения

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

17.06.2022

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության վերաբերյալ ԿԱՐԾԻՔ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության վերանայված նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Չնայած նախագծի առաջին տարբերակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներին և առաջարկություններին ՝ դրանք ամբողջությամբ հաշվի չեն առնվել և չեն ներառվել վերանայված Նախագծում, այդ թվում՝ ռազմավարության ընդունումը կառավարության որոշմամբ՝ բացառելով Ազգային ժողովի կողմից դրա հաստատման մեխանիզմի կիրառումը, ռազմավարության գործողությունների կատարումն ու դրանց արդյունավետությունը գնահատելու հստակ ցուցիչների բացակայությունը, փաստահավաք հանձնաժողովի ստեղծման ժամկետի ուշացումը, դրա մանդատի, անկախության, հաշվետվողականության և ներկայացուցչականության երաշխիքների բացերը, նախորդ ռազմավարության մեջ ներառված կարևորագույն ռազմավարական նպատակների և ուղղությունների դուրս մնալը առանց որևէ հիմնավորման, ինչպիսիք են՝ դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը, վարչական մարմինների գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնման, վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, դատական տեղեկատվական համակարգի բարելավմանն ուղղված և այլ առաջարկությունները: Հետևաբար, նախագծի նախորդ տարբերակի վերաբերյալ արված դիտարկումերը և առաջարկությունները շարունակում են մնալ արդիական: Ավելին, հանրային քննարկման ներկայացված վերանայված նախագծում չնայած ավելացվել են որոշ ռազմավարական ուղղություններ և գործողություններ, սակայն դրանք բավարար չեն և հանդիսանում են հետընթաց Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թվականների ռազմավարությունից և դրա գործողությունների ծրագրից: Մասնավորապես, 1. Դատախազական համակարգում բարեփոխումներ. Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծի առաջին տարբերակում դատախազության համակարգում որևէ բարեփոխումներ նախատեսված չէին: Վերանայված տարբերակում նախատեսվել է միայն դատախազական համակարգում բարեվարքության պարբերական գնահատում իրականացնելը: Կարևորելով դատախազական համակագում դատախազների բարեվարքության գնահատման, այդ թվում՝ ոչ միայն պաշտոնի նշանակվելիս, այլևս պաշտոնավարման ընթացքում, այդուամենայնիվ դատախազական համակարգում անհրաժեշտ է իրականացնել առավել խորքային համակարգային բարեփոխումներ՝ չսահմանափակվելով բարեվարքության գնահատման կառուցակարգերի ներդրմամբ միայն: Մասնավորապես, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում էին դատախազական համակարգում իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ որակավորման հանձնաժողովի ձևավորման կանոնների փոփոխություն, էթիկայի հանձնաժողովի կազմման կանոնների փոփոխություն, էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում գլխավոր դատախազի ազդեցության նվազեցում, դատախազության ինքնավար, ներկայացուցչական մարմիններում դատախազների ներգրավվածության աստիճանակարգվածության փոփոխություն և այլն: Մինչդեռ, այս ուղղությամբ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չեն ունեցել, և ռազմավարության նախագծով որևէ հիմնավորում չի նշվել դատախազական համակարգում նախանշված բարեփոխումների ձախողման և չիրականացման համար: Ավելին, անհրաժեշտ է փոփոխել դատախազների թեկնածուների ընտրության չափանիշները և ընտրության կարգը , դատախազների կարգապահական պատասխանատվության հիմքերը, ընթացակարգը, պատասխանատվության միջոցները, էթիկայի հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և այլն: Առաջարկ: Լրացնել դատախազական համակարգի բարեփոխումներին ուղղված գործողությունները, այդ թվում՝ դատախազության ինքնավար մարմիններում անդամության կարգի փոփոխություն, որակավորման հանձնաժողովի և էթիկայի հանձնաժողովի կազմման կանոնների փոփոխություն, դատախազների ընտրության չափանիշների և ընտրության կարգի փոփոխություն՝ նախատեսելով գրավոր ստուգման հնարավորություն, դատախազների կարգապահական պատասխանատվության հիմքերի և պատասխանատվության միջոցների փոփոխություն և համապատասխանեցնում միջազգային չափանիշներին և այլն: 2. Քննչական մարմինների համակարգի բարեփոխումներ. Ռազմավարության նախագծում քննչական մարմինների համակարգի բարեփոխումների համատեքստում ևս ներկայացված է քննիչների թեկնածուների և առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց բարեվարության ստուգման կառուցակարգեր, քննիչների բարեվարքության շարունակական ստուգման կառուցակարգեր ներդնելու, ինչպես նաև զարգացնել քննիչների կարողությունները կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական և այլ հանցագործությունների քննության, էլեկտրոնային ապացույցների հետ աշխատելու և այլ բնագավառներում: Անհրաժեշտ է փաստել, որ նշված գործողությունները և ռազմավարական ուղղությունները բավարար չեն քննչական մարմինների համակարգում բարեփոխումներն արդյունավետ և բավարար համարելու համար: Անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ քննչական մարմինների անկախության երաշխիքների ապահովում, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ընտրության հստակ և բարձր չափանիշներ նախատեսել, ապահովել ընտրության մրցութային և թափանցիկ կարգ, ապահովել Ազգային ժողովի նկատմամբ հաշվետվողականության հստակ մեխանիզմներ, վերանայել քննիչների ընտրության չափանիշներն ու կարգը, ապահովել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի ընտրության չափանիշներ և ընտրության թափանցիկ կարգ, ամրագրել հանձնաժողովի գործունեության անկախության և անաչառության երաշխիքներ, վերանայել քննիչների կարգապահական պատասխանատվության հիմքերը, ընթացակարգը և իրականացնել այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ ուղղված քննիչների ծանրաբեռվածության նվազեցմանը : Առաջարկ: Լրացնել քննչական մարմինների համակարգում բարեփոխումների ուղղութունները և համապատասխան գործողությունները: 3. Դատական համակարգում դատավորների վարձատրության շարունակական բարձրացումը՝ սկսած բարձր ատյաններից. Նախագծով որպես ռազմավարական ուղղություն նախատեսվել է ապահովել դատական համակարգում դատավորների վարձատրության շարունակական բարձրացումը՝ սկսած բարձր ատյաններից: Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում դատավորների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքի բնույթին և պատասխանատվությանը, ինչպես նաև ծանրաբեռնվածությանը, նախագծով որևէ հիմնավորում չի նշվում, թե ինչու է առաջնահերթությունը տրվում բարձր ատյանների դատավորներին, հատկապես այն պայմաններում, երբ նույն նախագծով նախատեսվում է վերանայել քաղաքացիական և վարչական գործերով բերվող վճռաբեկ բողոքները վերադարձնելու կարգավորումները՝ բողոքին ներկայացվող պահանջների ակնհայտ տեխնիկական բնույթի խախտումների դեպքում նման բողոքները վերադարձնելու գործառույթը վերապահելով վճռաբեկ դատարանի գրասենյակին՝ համապատասխան դատական կազմի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու միտումով: Այսինքն՝ նախատեսվում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքի բեռնաթափում, միևնույն ժամանակ սոցիալական երաշխիքների բարձրացում։ Մինչդեռ հաշվի առնելով հատկապես առաջին ատյանի դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը, երբ դատական բոլոր գործերը ամբողջ ծավալներով քննության են առնվում առաջին ատյանի դատավորների կողմից, դատական համակարգի նկատմամբ հանրային ընկալումների, հանրային վստահության բարձրացման նպատակով դատական բարեփոխումների համատեքստում անհրաժեշտ է սոցիալական երաշխիքների աապահովում, այդ թվում վարձատրության բարձրացման առաջնահերթությունը տալ հենց առաջին ատյանի դատարանների դատավորներին: Առաջարկ: Դատավորների վարձատրության շարունակական բարձրացումը նախատեսել՝ առաջնահերթությունը տալով առաջին ատյանի դատարանի դատավորներին: Սույն դիտարկումներն ու առաջարկությունները մշակվել և ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն հետևյալ կազմակերպությունների կողմից՝ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի – Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Узнать больше