Добавить в избранное

В стадии разработки

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ գլխի վերանագիրը «ՆՊԱՍՏԸ»  բառից հետո լրացնել «(ՏՐՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂԻՆ)» բառերով։

Հոդված 2. Օրենքի 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին հոդվածով․

«Հոդված 26.1. Սույն գլխի դրույթների կիրառումը

  1. Սույն գլխի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին դեպքում՝ երբ գյուղական բնակավայրում բնակվող ծնողը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:»։

Հոդված 3. Օրենքը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 7.1-ին գլխով

 «Գ Լ ՈՒ Խ  7.1

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

(ՏՐՎՈՒՄ Է 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂԻՆ)

 Հոդված 28.2. Սույն գլխի դրույթների կիրառումը

  1. Սույն գլխի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։

Հոդված 28.3. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

  1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)՝ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը՝ ներառյալ:
  2. Օտարերկրյա քաղաքացի ծնողը ունի խնամքի նպաստի իրավունք, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու և բնակվելու (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու) ժամանակահատվածում:
  3. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե՝

1 ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

2խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,

3 խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:

  1. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
  2. Խնամքի նպաստի իրավունք ունեն՝

1 Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը (այսուհետ` խնամքի արձակուրդում գտնվող ծնող),

2 խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը այսուհետ՝ խնամքի արձակուրդում չգտնվող ծնող՝

ա. վարձու աշխատող հանդիսացող ծնողը, որը չի գտնվում խնամքի արձակուրդում,

բ. անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ծնողը,

գ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը անկախ խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից,

դ. քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող ծնողը,

ե. սույն հոդվածի 1-ին մասում և սույն կետի ա-դ պարբերություններում չնշված ծնողը:

  1. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ:
  2. Խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը չի կարող գերազանցել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը:
  3. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու վճարելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանվածտեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  

Հոդված 28.

4. Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը

 

  1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը տվյալները, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:
  2. Խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում`

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, բայց խնամքի նպաստի իրավունք ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը տվյալները ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, բայց խնամքի նպաստի իրավունք ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տվյալները ներկայացվել են սույն մասի 1-ին  կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

  1. Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետների հաշվառմամբ, սակայն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:
  2. Եթե խնամքի նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, ապա խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով և այդ չափով վճարվում է մինչև խնամքի արձակուրդն ավարտվելու (սույն մասում նշված դեպքում խնամքի արձակուրդում գտնվելը ավարտվելու օր է համարվում աշխատանքը փաստացի վերսկսելու օրվան նախորդող օրը) ամիսը՝ ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:
  3. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով նշանակվում է, եթե այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում և վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
  4. Եթե խնամքի նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում, ապա խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծանողի համար սահմանված չափով և այդ չափով վճարվում է մինչև խնամքի արձակուրդը սկսվելու ամիսը՝ ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:
  5. Խնամքի նպաստի նշանակման համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվել է խնամքի արձակուրդում և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվել խնամքի արձակուրդում:
  6. Երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու ամիսների համար խնամքի նպաստ չի վճարվում:
  7. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան մինչև սույն հոդվածով սահմանված՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:
  8. Եթե խնամքի նպաստը նշանակվել է վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով և խնամքի նպաստ նշանակելուց հետո խնամքի արձակուրդը ընդհատվել է, ապա խնամքի արձակուրդն ավարտվելու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով՝ անկախ ծնողի կողմից դիմում ներկայացվելու հանգամանքից:
  9. Եթե խնամքի նպաստը նշանակվել է վճարվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով և խնամքի նպաստ նշանակելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի կարգավիճակ, ապա խնամքի արձակուրդում գտնվելու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով՝ անկախ ծնողի կողմից դիմում ներկայացվելու հանգամանքից:
  10. Տարածքային կենտրոնը սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տվյալները ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է ծնողին` նշելով մերժման պատճառը:
  11. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (առկա չէ սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված պայմաններից որևէ մեկը), կամ

2) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

  1. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով: Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա:
  2. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:
  3. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է նաև ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:
  4. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:
  5. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:
  6. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով խնամքի նպաստի գումարը ծնողի հաշվարկային հաշվին փոխանցելն է:
  7. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ստացող ծնողը նպաստի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորիններկայանալու (խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ (եթե խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե ծնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով) և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:
  8. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ստացող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կամ տարածքային կենտրոն կողմից՝ անձամբ ծնողի ներկայացրած՝ խնամքի նպաստին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա:
  9. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը, խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 28.5.

Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը

 

  1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
  • երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.
  • երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.
  • անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.
  • Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում,
  • օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելուկամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.
  • երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում․
  • երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ տասներկու ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում:
  1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
  2. Խնամքի նպաստ վճարելը դադարեցվում է՝

1) ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին տասներկու ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ տասներկուերորդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4 սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ կամ Ազգային օպերատորին չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից չհաստատվելու) դեպքում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը նույն երեխայի համար վերականգնվում է ՝
  • սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ ծնողի կամ երեխայի՝ կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
  • սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառվելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  1. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում սույն օրենքի 28.3-րդ մասի 2-րդ կետով երեխայի 70 օրականը լրանալու ամսվա նկատմամբ սահմանված ժամկետները կիրառվում են ծնողի մահվան օրվանից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 8-րդ կետերով սահմանված հիմքերով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Այս դեպքում նույն երեխայի համար խնամքի նպաստի իրավունք կրկին ձեռք բերելու դեպքում խնամքի նպաստ նշանակվում է դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  3. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է՝

1) խնամքի նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում խնամքի  նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) խնամքի նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ խնամքի նպաստ վճարելը վերսկսելու  դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից,

3 խնամքի նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքով դադարեցվելու դեպքում՝ սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված հայտարարությունն ստորագրելու (բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից հաստատվելու) մասին բանկից կամ Ազգային օպերատորից տեղեկատվություն ստանալու կամ տարածքային կենտրոն խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

  1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:
  2. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա խնամքի նպաստի գումարը) վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Չվճարված նպաստի գումարը նախորդող ժամանակահատվածի ամիսների համար վճարվում է սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված չափով:
  3. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա, դիմումը մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը ներկայացնելու դեպքում՝ անկանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
  4. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին:
  5. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի տվյալների ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

  • Обсуждалось

    24.05.2022 - 08.06.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8324

Принт