«Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-
3 - За
-
1 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը.
Պաշտոնական վիճակագրությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ այն ապահովոում է օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության տրամադրումը պետական քաղաքականության մշակողներին, օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին, ՀՀ քաղաքացիներին և վիճակագրական տեղեկատվության օգտագործողներին՝ հիմնավոր որոշումների ընդունման և համապատասխան վարքագծի դրսևորման համար: «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային՝ հատկապես ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագիծը մշակվել է «Արևելյան Եվրոպայի, Կովկասի և կենտրոնական Ասիայի երկրների համար՝ ՄԱԿ-ի զարգացման հաշվի նախագծի» շրջանակում մշակված «Պաշտոնական վիճակագրության մասին» մոդելային օրենքի հիման վրա (մոդելային օրենքը մշակվել է ՄԱԿ-ի վիճակագրական բաժնի՝ Նյու-Յորք, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժնի՝ Ժնև, Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրաստատ)՝ Լյուքսեմբուրգ, Եվրոպայի ազատ առևտրի ասոցիացիայի՝ Լյուքսեմբուրգ, փորձագետներից կազմավորված խմբագրական խորհրդի կողմից, որի կազմում ներառվել էին մեկական ներկայացուցիչներ Ուկրաինայից և Հայաստանից: Մոդելային օրենքը հավանության է արժանացել Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի կողմից (27-29 ապրիլի 2016թ. Փարիզ), (Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի զեկույց, ՄԱԿ, Տնտեսական և Սոցիալական Խորհուրդ, Եվրոպական տնտեսական հանձնաժողով, Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս, փաստաթուղթ՝ ECE/CEC/91, բաժին VIII, էջ 18-19, Ժնև, 30.06.2016թ.)): Նախագծի նպատակն այնպիսի իրավական հիմքի ապահովումն է, որը հնարավորություն կտա պաշտոնական վիճակագրության արտադողներին տարածել բարձր որակի վիճակագրական տվյալներ:
Բացի այդ, տվյալների հավաքագրման հետ կապված հարաբերությունները մեկ միասնական օրենքում կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ Նախագծում ներառվել են համատարած հաշվառման հետ կապված հարաբերությունները և նախատեսվել է ուժը կորցրած ճանաչել «Մարդահամարի մասին» և «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
Հարկ է նշել նաև, որ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2000 թվականի ապրիլի 4-ին և դրան հաջորդած ժամանակաշրջանում նշանակալի զարգացումներ են արձանագրվել վիճակագրության միջազգային սկզբունքներում և ստանդարտներում: Օրինակ՝ ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների հիման վրա մշակված Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված սկզբունքները նախատեսված են պարտադիր կիրառության համար ոչ միայն երկրների ազգային վիճակագրական ծառայությունների, այլև ազգային վիճակագրական ողջ համակարգի համար՝ ներառյալ երկրներում պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին: Նշված և կիրառական բնույթի այլ հարցեր լուծում են ստացել Նախագծում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով սահմանվել են հետևյալ հիմնական կարգավորումները.
1) Նախագծի 1-ին գլխով հստակեցվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և համապատասխանեցվել են միջազգային պահանջներին: Սահմանվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության արտադրողներից բաղկացած ազգային վիճակագրական համակարգի կառուցվածքը, որը բաղկացած է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից (այսուհետ՝ Ծառայություն) և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներից:
2) Նախագծի 2-րդ գլուխը վերաբերում է պաշտոնական վիճակագրության հիմնական սկզբունքներին: Դրանք Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված (ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 8/68/261 Բանաձև) պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներն են, որոնց հիման վրա ՀՀ պաշտոնական վիճակագրության արտադրողները պարտավոր են մշակել, արտադրել և տարածել ՀՀ պաշտոնական վիճակագրությունը:
3) Նախագծի 3-րդ գլուխը վերաբերում է ազգային վիճակագրական համակարգին, մասնավորապես՝
ա) 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ հստակեցվել է Ազգային վիճակագրության ծառայության տեղը պետական իշխանության մարմինների համակարգում: Նախագծով սահմանվել է, որ Ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով: Ծառայությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողը և համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածմանն ուղղված ողջ գործունեությունը:
բ) Սահմանադրական փոփոխությունների համատեքստում վերանայվել է Ծառայության նախագահի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդի (այսուհետ՝ Պետական խորհուրդ) անդամների նշանակման կարգը: Հաշվի առնելով Ծառայության տեղը պետական մարմինների համակարգում՝ Ծառայության նախագահին և Պետական խորհուրդի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով: Վերանայվել են նրանց լիազորությունները, պաշտոնից վաղաժամկետ ազատման հիմքերը, սահմանափակվել է պաշտոնում անընդմեջ նշանակվելու քանակը, մասնավորապես՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ծառայության նախագահի կամ Պետական խորհուրդի անդամի պաշտոնում: Մանրամասն կարգավորվել են Պետական խորհրդի կողմից նիստերի հրավիրման և որոշումների կայացման ընթացակարգերը:
4) Նախագծով նախատեսված կարևոր նորամուծություններից է հանդիսանում պաշտոնական վիճակագորության օգտագործողների խորհրդատվական մարմինների ձևավորումը: Պաշտոնական վիճակագորության օգտագործողների հանրային խորհուրդը (այսուհետ՝ Հանրային խորհուրդ) հանդիսանում է Պետական խորհրդի, Ծառայության նախագահի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հասարակական հիմունքներով գործող հիմնական խորհրդատվական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասով: Հանրային խորհուրդը կազմավորվելու է 11 անդամներից, որոնք ներկայացնելու են տարբեր ոլորտների օգտագործողների: Հանրային խորհուրդի գործունեության անկախությունն ապահովելու նպատակով՝ պետական հատվածի ներկայացուցիչները չպետք է մեծամասնություն կազմեն Հանրային խորհուրդում: Նախագծով նախատեսվում է նաև Ծառայության նախագահի կողմից այլ խորհրդատվական մարմիններ ստեղծելու հնարավորություն:
5) Տվյալների հավաքագրման հետ կապված հարաբերությունները մեկ օրենքում կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ Նախագծի 21-րդ հոդվածով կարգավորվել են համատարած հաշվառման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդահամարի մասին» և «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
6) Նախագծով լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:
7) Նախագծով բարձրացվել է պաշտոնական վիճակագրության որակին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության արտադրողները պարտավոր են մշտապես գնահատել և բարելավել պաշտոնական վիճակագրության որակը՝ արդիականության, ճշգրտության, հուսալիության, օպերատիվության, ճշտապահության, թափանցիկության, պարզության, ներդաշնակության և համադրելիության տեսանկյունից: Նախատեսվել են որակի ապահովման նաև այլ երաշխիքներ:
8) Նախագծով նախատեսված կարևոր նորամուծություններից է պաշտոնական վիճակագրության արտադրողների կողմից վիճակագրական բնույթի ծառայությունների մատուցման հնարավորությունը: Պաշտոնական վիճակագրության արտադրողները օգտագործողների դիմումի հիման վրա կարող են մատուցել վիճակագրական մշակման ծառայություններ՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող տվյալները: Միաժամանակ, նախատեսված է, որ վիճակագրական մշակման ծառայությունների մատուցումը չպետք է սպառնալիքի տակ դնի պաշտոնական վիճակագրության հիմնական սկզբունքների պահպանումը և վիճակագրական ծրագրերի իրագործումը:
Նախագծով կարգավորվել են պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրման և տարածման հետ կապված այլ հարաբերություններ:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում, ի տարբերություն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակման աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Պաշտոնական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պաշտոնական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
-
Обсуждалось
26.09.2017 - 26.10.2017
-
Тип
Закон
-
Область
Экономическая
-
Министерство
Статистический комитет РА
Просмотры 12749
Принт