«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը, սահմանել գույքն ի պահ ընդունելու իրավունք ունեցող անձանց շրջանակին, գույքն ի պահ ընդունելու գործընթացի ձևակերպմանը, գույքի պահպանության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից ի պահ ընդունված և սեփականատիրոջ կողմից չպահանջված կամ չընդունված գույքի հետագա տնօրինմանն առնչվող կարգավորումներ։
- Առկա իրավիճակը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու պարտադիր տարր է գույքի վրա արգելանք դնելը, իսկ նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը: Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ արգելադրված գույքն ի պահ հանձնելը, հանդիսանալով պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթացի բաղադրատարր, էական նշանակություն ունի մինչև գույքի բռնագանձման ավարտը դրա պահպանվածությունն ապահովելու, բռնագանձման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու, և, ի վերջո, հարկադիր կատարման ենթակա ակտի պահանջի կատարումը երաշխավորելու համար։
Չնայած այն հանգամանքին, որ Օրենքը մանրամասն կարգավորում է պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու, այդ թվում՝ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացը, գույքն ի պահ հանձնելու հետ կապված հարաբերություններն Օրենքով միայն մասամբ են կարգավորված։ Մասնավորապես, Օրենքի 52-րդ հոդվածի համաձայն․
«Հարկադիր կատարողն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց` համապատասխան ստացականի հիման վրա»:
Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն․
«Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը` վերջինիս վրա դնելով կատարված ծախսերի հատուցումը»:
Այսպիսով, Օրենքը սահմանում է միայն կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ հանձնելու առնչությամբ միայն ընդհանուր դրույթներ՝ ամրագրելով արգելանքի տակ դրված գույքը ի պահ հանձնելու հնարավորությունը, որպես գույքն ի պահ ընդունող սուբյեկտներ սահմանելով պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց, ինչպես նաև գույքն ի պահ հանձնելու համար պպարտադիր համարելով համապատասխան ստացականի առկայությունը։ Ընդ որում, նշված նորմը վերաբերում է միայն արգելանքի տակ դրված գույքի պահատվությանը, և չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի պահպանության անհրաժեշտություն է առաջանում ոչ գույքային բնույթի, պարտապանի գույքի արգելադրում և իրացում չենթադրող (օրինակ՝ վտարման, քանդման, որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն վերաբերող) կատարողական վարույթով։
Չնայած վերոգրյալին՝ կատարողական վարույթի շրջանակում մի շարք կատարողական գործողություններ իրականացնելիս, այդ թվում՝ գույքագրում իրականացնելիս, վտարման, քանդման, որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն վերաբերող կատարողական գործողություններ իրականացնելիս, առաջանում է գույքն ի պահ ընդունելու անհրաժեշտություն։ Գույքն ի պահ ընդունելու անհրաժեշտություն է առաջանում նաև վարույթի շրջանակում անշարժ գույքի գնահատման գործընթացում, երբ պարտապան ֆիզիկական անձը բացակայում է կամ արհեստականորեն խոչընդոտում է կամ հրաժարվում է մասնակցել կատարողական գործողություններին, ինչպիսի պայմաններում պարտապանի բնակության (գտնվելու) վայր անշարժ գույքի դուռը բացելով մուտք գործելու և առանց պարտապանի կատարողական գործողություններ կատարելու դեպքում անհրաժեշտաբար առաջանում է անշարժ գույքի բանալին և դրա ներսում գտնվող շարժական գույքն ի պահ հանձնելու հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական մակարդակում լուծված չեն ու էականորեն դժվարացնում, երբեմն՝ անհնարին են դարձնում կատարողական գործողությունների իրականացումը։
Պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձանց կողմից պահպանության չընդունված գույքը հաճախ պահպանության է ընդունում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ինչն իր հերթին գործնականում մի շարք խնդիրներ է առաջացնում։ Մասնավորապես, այն դեպքերում, երբ գույքն ի պահ ընդունելու նպատակը ոչ թե այն հարկադիր իրացնելն է, այլ գույքի պահպանությունը և/կամ կատարողական այլ գործողությունների անխոչընդոտ իրականացումն ապահովելը, շատ հաճախ ի պահ ընդունված գույքը տևական ժամանակ սեփականատիրոջ կողմից չի պահանջվում և մնում է Ծառայությունում։ Արդյունքում Ծառայությունը ստիպված է անորոշ ժամկետով պահպանել ի պահ ընդունված գույքը՝ լիազորված չլինելով դրա առնչությամբ որևէ գործողություն կատարել։ Այս գործընթացը պահանջում է գույքը պահպանելու համար նյութական ու մարդկային ռեսուրսներ, տարածք, մեծ ծավալով ծախսեր՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, որոնք կատարողական վարույթի շրջանակում բռնագանձման ենթակա կատարման ծախսերի կազմում կատարողական վարույթի կողմերից բռնագանձելն իր հերթին խնդրահարույց է՝ օրենսդրական թերի կարգավորման պատճառով։
Այսպիսով, գործող իրավակարգավորումների պայմաններում պարտապանի կամ պարտապանի մոտ գտնվող, պահանջատիրոջը պատկանող գույքի պահատվություն ենթադրող կատարողական գործողություններ իրականացնելը Ծառայության համար խիստ ռիսկային ու խնդրահարույց է, ինչն իր հերթին բացասաբար է ազդում կատարողական վարույթների արդյունավետության, կատարողական վարույթի կողմերի իրավունքի պաշտպանության երաշխավորման գործընթացի վրա։
- Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը կատարողական վարույթի շրջանակում գույքի պահատվության իրավահարաբերությունները կարգավորելն է՝ գույքն ի պահ ընդունելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի սահմանման, ի պահ ընդունելու գործընթացի ձևակերպման, գույքի պահպանության առնչությամբ ծագող ծախսերի փոխհատուցման, ի պահ ընդունված և չպահանջված գույքի իրացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ամրագրումը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել կատարողական վարույթի շրջանակում ի պահ ընդունման ենթակա գույքն ի պահ ընդունելու, ի պահ ընդունված գույքի պատշաճ պահպանության, անհրաժեշտության դեպքում՝ Ծառայության կողմից ի պահ ընդունված և սեփականատիրոջ կողմից չպահանջված գույքի տնօրինումը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունողին արգելադրված գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու և գույքի պատշաճ պահպանությունն ապահովելուն ուղղված այլ գործիքակազմի միջոցով կանխել, նախականխել կամ բացառել արգելադրված և ի պահ ընդունված գույքի նկատմամբ ոչ իրավաչափ արարքները, բարձրացնել հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետությունը, ապահովել կատարողական վարույթի կողմերի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման, մասնավորապես՝ կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակից:
-
Обсуждалось
04.04.2022 - 19.04.2022
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Принудительное исполнение судебных актов, Конституционное и административное законодательство
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 3506
Принт