В стадии разработки
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
- ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու իրավազորությունը ոստիկանությանը վերապահելու օրենքի նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս, ջրային համակարգում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախատումները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով: Ներկայումս այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն Օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ մասի:
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում վերջին հինգ տարիների ընթացքում Օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 ՀՀ դրամ: Մասնավորապես, Երևան քաղաքում իրականացվել է 3990 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 ՀՀ դրամ, ընդ որում մարզերից չորսում որևէ վարույթ չի հարուցվել:
Վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հասարակական կարգի և անվտանգության ապահովումը ոստիկանության՝ օրենքով սահմանված խնդիրներից է: Ոստիկանությունն իր ստորաբաժանումներն ունի ՀՀ վարչատարածքային բոլոր միավորումներում, իրականացնում է շուրջօրյա ծառայություն, ուստի առավել արդյունավետ կարող է իրականացնել 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ինչպես նաև դրանց համար կրկնակիություն նախատեսող 10-11-րդ մասերով) նախատեսված վարչական իրավախատումների դեմ պայքարը: Մյուս կողմից` ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
- Օրենսգրքի 43.1 հոդվածի 2-րդ մասում 22.05.18 ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում տեղ է գտել վրիպակ, որի արդյունքում հոդվածի 2-րդ մասի խմբագրությունից ստացվում է, որ պատասխանատվություն է նախատեսվում հիշյալ հոդվածի բոլոր մասերով նախատեսված իրավախախտումների կրկնակի կատարման համար, այնինչ կրկնակիությունը պետք է նախատեսվեր միայն 1-ին մասով կատարված իրավախախտման համար: 2.4-րդ մասում և 3-րդ մասի 3-րդ կետում նախատեսվում է ուղղել համապատասխան մասերին հղումները:
- Միաժամանակ, նախագիծը մշակվել է այնպես, որ 43.1 հոդվածի 3-4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու հնարավերություն ունենան և՛ տեղական ինքնակառավարման մարմինները և՛ ՀՀ ոստիկանությունը, սակայն կրկնակի վարչարարությունից խուսափելու նպատակով գործը քննելու է այն մարմինը, որը տվյալ պահին հայտնաբերել է իրավախախտումը:
- Հայաստանի Հանրապետությունում շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի տարրերի՝ մթնոլորտային օդի, ջրերի, հողի վրա, սակայն դրանց ազդեցության գնահատում հնարավոր չէ իրականացնել, քանի որ աղբավայրի տարածքից արտանետվող և արտահոսող վնասակար նյութերի չափումներ չեն իրականացվում։ «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է թափոնների հեռացման վայրերի, այդ թվում՝ աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N666-Ն որոշման Հավելված 1-ի 105.5 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման Հավելված 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 8-րդ կետի 2-րդ ենթակետով ամրագրված միջոցառումների կատարման պահանջներից ելնելով Կառավարության կողմից սահմանվում է աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը։
Աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորություն, ուստի ոլորտի կարգավորիչ իրավական ակտերի անհրաժեշտ ներդաշնակեցումը ենթադրում է նաև անհրաժեշտ պատասխանատվության մեխանիզմների նախատեսում, որն էլ իրականացվում է նախագծով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախատումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը:
Նախագծով աղբավայրը շահագործողների համար սահմանվում է նաև պատասխանատվության միջոց, որը կիրառվելու է աղբավայրի տարածքում Կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար: Արդյունքում դա կապահովի՝ աղբավայրի տարածքում մոնիթորինգի պատշաճ իրականացումը, բնապահպանական որոշ խնդիրների լուծումը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:
Նախատեսվում է օրենսգիրքը լրացնել 43.2. հոդվածով և նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին:
Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը Կառավարության կողմից կընդունվի 2022 թվականին, իսկ աղբավայրը շահագործողները (հիմնականում դրանք հանդիսանում են համայնքային ենթակայության հիմնարկներ) հնարավորություն կունենան 2023 թվականի ընթացքում նախապատրաստելու աղբավայրի մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցները, ուստի նախատեսվում է օրենսգրքի 43.2. հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը։
Միաժամանակ, Պետաիրավական նախարարական կոմիտեի 26․01․2022թ, թիվ ԿԱ/22-2022 արձանագրության 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով առաջարկվել էր համապատասխան մեխանիզմներ մշակել համայնքում աղբակույտեր առաջանալու դեպքում համայնքի ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու և Օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված իրավախախտման հայտնաբերման այլընտրանքային միջոցներ նախատեսելու համար։ Նշված առաջարկն էլ կարգավորվում է նախագծի 1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Ինչպես նաև աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը կնպաստի շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցության նվազեցմանը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում։
Սույն որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները Օրենսգրքի 43․1 հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման մասով 2022թ․ կկազմի՝ 16 311 800 ՀՀ դրամ, 2023թ․՝ 16 311 800 ՀՀ դրամ։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության և Շրջակա միջավայրի նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը առնչվում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթ, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ։
Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1․1 կետով նախատեսված է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում առաջնահերթ յոթ նախաձեռնությունների իրականացում, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի` որպես կանաչ և խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանը և ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը:
Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ նախանշված են մի շարք նպատակներ, այդ թվում մաքուր և կանաչ Հայաստանի ապահովումը։
-
Обсуждалось
16.03.2022 - 31.03.2022
-
Тип
Закон
-
Область
Охрана природы, Конституционное и административное законодательство
-
Министерство
Полиция
Просмотры 5315
Принт