В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1.Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում առաջացած խնդիրներից:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ հարկային օրենսգրքի 160.1 հոդվածի՝
- 1-ին մասի համաձայն՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը,
- 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:
ՀՀ կառավարության 03.07.2020թ. N1125-Ն որոշմամբ սահմանված է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, որին համապատասխան՝ վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում համապատասխան փաստաթղթերը և դրանց լուսապատճենները։
Սակայն, գործնականում ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում առաջանում են բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնք չեն առնչվում հարկային մարմնի լիազորություններին և մասնագիտական կարողություններին, մասնավորապես․
1) օրենսգրքի 160.1 հոդվածին համապատասխան՝ վարձավճարի փոխհատուցման նպատակով ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության 18.06.2020թ. N1035-Ն որոշմամբ հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողների եկամտային հարկի գումարները։
ՀՀ-ում հավատարմագրված ուսումնական հաստատությունների ցանկը հրապարակվում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կայքում, սակայն ցանկը ամբողջական չէ, իսկ հարկային մարմինը այդ տեղեկատվությանը չի տիրապետում, և գործնականում անհրաժեշտություն է առաջանում իրականացնել լրացուցիչ ճշտումներ
2) Ուսանողների կողմից հարկային մարմին ներկայացված փաստաթղթերում բացակայում են ուսումնառությունն առկա ուսուցմամբ կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվությունը, և հարկային մարմնի կողմից նշված տեղեկատվությունը ճշտվում է համապատասխան ուսումնական հաստատություններին լրացուցիչ հարցումներ կատարելու միջոցով,
3) hաճախ ուսանողների կողմից ներկայացվող փաստաթղթերում (դիմում, պայմանագիր, տեղեկանք) նշված մասնագիտության անվանումը չի համապատասխանում ՀՀ կառավարության 18.06.2020թ. N1035-Ն որոշմամբ սահմանված մասնագիտությունների անվանումներին, ուստի պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում մասնագիտությունների մասով ճշտումներ կատարել լիազոր մարմնից։
4) ՀՀ կառավարության 03.07.2020թ. N1125-Ն որոշման համապատասխան՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման համար նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում՝ ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Սակայն որևէ իրավական ակտով չի սահմանվում ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը, և ըստ ուսանողների կողմից ներկայացված փաստաթղթերի, մասնավորապես` ուսանողի և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրերի, տարբեր ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա ավարտը տարբեր ամիսներին է՝ մայիս, հունիս և այլն, կամ ուսումնական տարին ներառում է 16 ամիս ժամանակահատված կամ պայմանագրում կրթական ծառայությունների մատուցման ժամանակահատվածը ուսումնական տարվա ընթացքում ընդհատումներով է:
Հետևաբար՝ ստացվում է, որ եկամտային հարկի գումարների վերադարձման համար հստակեցված չէ այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վճարված եկամտային հարկի գումարներն ենթակա են վերադարձման, ինչպես նաև հստակեցված չէ ուսանողի կողմից սահմանված փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները, և «ուսումնական տարի» հասկացության մասով հարկային մարմնի համար անհրաժեշտություն է առաջանում իրականացնել լրացուցիչ ճշտումներ,
5) ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման համար ուսանողի կողմից հարկային մարմին է ներկայացվում՝ ուսանողի անվանական տվյալների, հանրային ծառայության համարանիշի, մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաև տվյալ մասնագիտության (մասնագիտության կրթական ծրագրի) համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի (ուսման վարձի) չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքը՝ Կառավարության որոշմամբ սահմանված ձևաչափով։
Սակայն, վերոնշյալ տեղեկանքում նշվում է ուսանողի տարեկան ուսման վարձավճարի (ուսման վարձի) չափը, իսկ ուսման վարձավճարը ուսանողի կողմից փաստացի վճարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Հետևաբար՝ տացվում է, որ ուսանողի տարեկան ուսման վարձավճարը կարող է զեղչվել բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, կամ կարող է պետական ծրագրերի շրջանակներում փոխհատուցվել ամբողջությամբ կամ մասամբ, մինչդեռ ուսանողների կողմից ներկայացված տեղեկանքներում վերոնշյալի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, և ուսման վարձավճարը ուսանողի կողմից փաստացի վճարված լինելու վերաբերյալ տեղեկատվության հարկային մարմինը չի տիրապետում,
6) ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողների կողմից ներկայացվող փաստաթղթերից է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, ընդ որում, յուրաքանչյուր ուսումնական հաստատության կողմից ներքին կանոնակարգերի համաձայն մշակված են պայմանագրերի տարբեր ձևաչափեր, որոնցում առկա են նաև ձեռագիր գրառումներ։ Հետևաբար՝ հարկային մարմինը չի կարող հավաստիանալ ուսանողների կողմից փաստաթղթերով ներկայացված տվյալները արդյոք համապատասխանում են իրական տվյալների հետ, թե՝ ոչ։
Հաշվի առնելով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում վերհանված խնդիրները և դրանց լուծման հրատապությամբ պայմանավորված՝ մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 03.07.2020թ. N1125-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետները, ինչպես նաև հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի չընդունման հետ կապված ուսանողների կողմից ներկայացված դիմում-բողոքները, մշակվել է եկամտային հարկի վերադարձի գործող կարգում փոփոխությունների նախագիծ, ըստ որի
Սահմանվել է, որ ուսանողների կողմից վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառություն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին, ընդ որում երկու անգամ դիմելու հնարավորությամբ՝ սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը: Միաժամանակ, ըստ նախագծի, եթե սահմանված ժամկետներում ուսանողը բուհում դիմում չի ներկայացնում, ապա կարող է դիմել հաջորդող երկու տարիների ընթացքում:
Ուսանողների տվյալները հավաքագրելուց հետո՝ բուհերը դրանք սահմանված ձևաչափով ներկայացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Նախարարությունը, վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատման դեպքում համապատասխան տեղեկատվությունը (փաթեթը) ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե: Այս ընթացակարգը հնարավորություն կտա հարկային մարմիններին խուսափելու ռեսուրսների և աշխատաժամանակի անարդյունավետ ծախսից, երբ եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքի հավաստիության համար հարկային մարմինը ստիպված էր լինում ուսումնասիրել փաստաթղթեր կամ հանգամանքներ, որոնք որևէ կերպ չեն առնչվում իր օրենքով սահմանված լիազորություններին, և խնդրահարույց բոլոր դեպքերում դիրքորոշում ստանալու համար հարցումներ կատարել կրթության բնագավառի լիազոր մարմին։
Գործող կարգավորմամբ տարընկալումների տեղիք էին տալիս ուսումնական տարվա տևողության հաշվարկները: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը սահմանվում են ուսումնական պլաններով և հաճախ, կախված կրթական ծրագրից, տարբեր են: Առաջարկվող կարգավորումներով հստակեցվել են եկամտային հարկի գումարների վերադարձման համար դիմելու ժամկետները, ինչպես նաև նախատեսվում է անմիջապես բուհին դիմելու պարտավորություն, որը մշակում և տնօրինում է անհրաժեշտ տեղեկատվությունը: Միաժամանակ ամրագրվել է, որ կարգի գործողությունը տարածվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում զետեղված ցանկում ներառված ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագիր իրականացնող հաստատություններում սովորղների վրա՝ հարկային մարմինների կողմից լրացուցիչ ճշտումներ կատարելը գործնականում դյուրին դարձնելով:
Նախագծով ամրագրվել է եկամտային հարկի վերադարձման համար ուսման վարձը՝ ուսանողի կողմից վճարած լինելու պայմանը, վերադարձման ենթակա գումարի չափը հարկային մարմնի կողմից հաշվարկվելու է ուսանողի կողմից փաստացի վճարած գումարի չափով:
Հարկային մարմինը, հիմք ընդունելով տվյալ ժամանակահատվածի համար եկամտային հարկի գումարների վճարված լինելու, ինչպես նաև նույն ժամանակահատվածում բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացած հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման իրավունքից օգտված չլինելու հանգամանքները, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա կազմում է վերադարձվող գումարի վերաբերյալ համապատասխան եզրակացություն և վերադարձվող գումարն ուսանողին փոխանցելու նպատակով գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական:
3. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի եկամտային հարկի գումարների վերադարձման բնականոն, ավելի դյուրին ընթացակարգ:
4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված ռազմավարական նպատակներից:
-
Обсуждалось
04.03.2022 - 19.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5905
Принт