В стадии разработки
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.
2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.
3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.
4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության ծառայողին.
5)արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ:
Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Անհետաձգելի միջամտության որոշումն ըտանիքում բռնության գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում Ոստիկանություն։
Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու և ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանիքում բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի մատչելիությունը.
2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.
3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.
4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.
5) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել՝ ընտանիքում բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ եղող անձանց խնամքի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանիքում բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով.
6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.
7) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ.
8) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Պաշտպանական որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը:
Վերը նշված որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից հսկողությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձն այս ոլորտում, և պարզվել է, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկան: Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը՝ կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու և բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով: Ֆրանսիայում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նման հսկողության համակարգերի կիրառությունը արդեն իսկ արդարացրել է իրեն: Իսպանիայում այսպիսի համակարգ գործում է 2009 թվականից, Վրաստանում այն գործում է 2017 թվականից, ներկայումս այն ներդրվում է նաև Ուկրաինայում:
Օրինակ Ֆրանսիայում ընդունված նոր օրենքը ներկայացնում է հատուկ հսկողության ձեռնաշղթաների /բրասլետների/ օգտագործումը. Մեղադրյալից կարող է պահանջվել կրել գեոլոկացիոն հատուկ հսկողության ձեռնաշղթա /բրասլետ/, որն ավտոմատ կերպով զգուշացնում է տուժողին, եթե ձեռնաշղթա կրողը հայտնվում է դատավորի կողմից սահմանված շրջագծից ներս:
Օրենքը նոր դրույթներ է ընդգրկում քրեակատարողական օրենսգրքում, համաձայն որի, ընտանեկան բռնություն գործած անձինք չեն կարող օգտագործել գեոլոկացիոն սարքեր՝ իրենց զոհերի գտնվելու վայրն իմանալու համար: Այս նոր դրույթներն անօրինական են դարձնում որևէ մեկի կողմից մեկ այլ անձի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը գրանցելը կամ փոխանցելը առանց վերջինիս համաձայնության: Բացի այդ, ամուսնու կամ զուգընկերոջ կողմից կապի միջոցի գողությունն այժմ քրեական հետապնդման ենթակա հանցագործություն է:
ԱՄՆ-ում ընտանեկան բռնության դեպքերում սպանությունները կանխարգելելու նպատակով կիրառվում են մի շարք միջոցներ, որոնցից առանձնանում են GPS համակարգերով հատուկ հսկողության ձեռնաշղթաները։ Հանցագործության կատարման հավանականությունը պակասում է, եթե անձը գիտի, որ իրավապահ մարմինները կանոնավոր կերպով հետևում են իրեն։ Այս նպատակով անհրաժեշտ է ստեղծել ընդհանուր տվյալների բազա այն անձանց վերաբերյալ, որոնք բռնություն են գործադրում և որոնք անտեսում են դատարանի կամ ոստիկանության որոշումները։ Իրավիճակներին չհետևելու անկարողությունը շատ դեպքերում պատճառ է դարձել ընտանեկան բռնության դեպքերի ծայրահեղ դրսևորումների։
Հանցագործության կատարման ռիսկի բարձր գոտում գտնվող անձինք, ինչպես նաև ռեցիդիվիստները պետք է ոտքին կրեն GPS-ով հետևող սարքավորում՝ բրասլետի տեսքով։
Այս սարքի միջոցով ոստիկանությունը կարող է ուղիղ կերպով խոսել իրավախախտի հետ՝ տեղադրված բարձրախոսով։ Եթե բռնարարը դուրս է գալիս օրենքով սահմանված տարածքից և փորձում հասնել զոհի տարածք, ապա սարքավորումը ազդանշան է տալիս և զոհին, և ոստիկանությանը։
23 նահանգներում կիրառվում են այս սարքավարումները և արդյունքում նկատվում է բռնության դեպքերի նվազում։
Կանադայի Քվեբեկ նահանգում որոշում է կայացվել օգտագործել ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում հատուկ հսկողության ձեռնաշղթաներ /բրասլետներ/, որոնք կօգնեն ընտանեկան բռնություն կատարած անձանց հեռու մնալ զոհերից։
Համակարգը կազմված կլինի երկու սարքավորումից՝ հատուկ հսկողության ձեռնաշղթաներ /բրասլետներ/ մեղադրյալի համար և ծանուցող սարք այն անձի համար, ումից մեղադրյալը հրահանգվել է հեռու մնալ:
Եթե մեղադրյալը զոհին մոտենա նախատեսվածից ավելի, ապա տեղական ինքնակառավարման մարմինները և զոհը միանգամից կտեղեկացվեն այդ մասին և ոստիկանության աշխատակիցներն անմիջապես կմեկնեն տվյալ վայր։
Ընտանեկան բռնության համար մեղադրվող անձը պետք է միշտ կրի հատուկ հսկողության ձեռնաշղթան /բրասլետը/, իսկ ծանուցման սարքը կրելու կարիք չունի և կարող է դրվել, օրինակ, պայուսակի մեջ:
Հատուկ հսկողության ձեռնաշղթան /բրասլետը/ և ծանուցման սարքն օգտագործելու որոշումը պետք է տրվի դատավորի, նահանգային կալանավայրի տնօրենի կամ նահանգային պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի կողմից։
Նշված ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու ընտանեկան բռնության զոհերի անվտանգությունը և հեռու պահել բռնարարին զոհից։ Այս նպատակով օգտագործվում են մոնիթորինգային GPS սարքավորումներ։ Այս սարքավարումները որոշակի սահմանափակումներով ցույց են տալիս բռնարարի և զոհի գտնվելու վայրերը։ Դրանք ունեն ազդանշան ուղարկելու հնարավորություն ինչպես զոհին, այնպես էլ իրավապահ մարմիններին։
Աշխարհագրական առումով այստեղ գործ ունենք երկու տերմինների հետ՝ օտարման գոտի և ընդգրկման գոտի։ Առաջինը ցույց է տալիս բռնարարի համար այն տարածքները, որտեղ նա իրավունք չունի մուտք գործելու։ Հեռավորությունը որոշվում է դատարանի կողմից։ Այս գոտին որոշվում է զոհի մոտ առկա սարքավորման միջոցով։ Ընդգրկման գոտին բոլոր այն տարածքներն են, որտեղ մուտք գործելու արգելք չկա։
Սարքավորումների կիրառումն ունի իր սահմանափակումները, որոնցից կարելի է առանձնացնել.
- Արդյո՞ք հսկողություն իրականացնող սարքավորումը ստանում է GPS և բջջային ճիշտ ազդանշան
- Արդյո՞ք սարքավորումը միշտ գտնվում է լիցքավորված վիճակում
- Արդյո՞ք զոհն ուշադիր է սարքին
- Արդյո՞ք բռնարարը դիտավորյալ է մոտեցել զոհին
- Արդյո՞ք զոհը տեղեկացված է արագ արձագանքման գործողություններին
- Արդյո՞ք իրավապահ մարմինների աշխատակիցները կժամանեն ժամանակին
GPS համակարգն աշխատում է 2 տարբերակով՝ ակտիվ և պասիվ։ Ակտիվի ժամանակ զոհին մոտենալիս ազդանշան է ուղարկվում, իսկ պասիվի ժամանակ՝ օրը 1 անգամ պատրաստվում է զեկույց զոհի գտնվելու վայրերի համար։ Առաջինն աշխատում է րոպեական ճշգրտությամբ։
Այս սարքավորումներն ունեն նաև բռնարարի ձայնի նույնականացման գործառույթ, որի նպատակն այն է, որ իրավապահ մարմինի աշխատակիցը հաստատում ստանա այն մասին, սարքավորումը բռնարարի մոտ է։
Լինում են դեպքեր երբ բռնարարն օգտագործում է սարքավորումը զոհին ահաբեկելու նպատակով։ Նա պարբերաբար մոտենում է օտարման գոտուն և ազդանշանով ահաբեկում զոհին։ Մոնիթորինգի բաժնի աշխատակիցը չի կարողանում վերահսկել այս իրավիճակները։
Ի՞նչ է անում հսկողության բաժնի կամ իրավապահ մարմնի աշխատակիցն ազդանշան ստանալուց հետո. Սպան ստուգում է GPS ազդանշանը, համոզվում, եթե կապը վերացել է՝ վերականգնում է այն, կապ է հաստատում բռնարարի հետ, ստուգում է արդյոք բրասլետը գնտվում է բռնարարի մոտ։ Նա կարող է կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների հետ և փոխանցել զոհի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը։
Եթե զոհի մոտ ազդանշան է հայտնվում, ապա նա պետք է կարողանա հասկանալ, թե որտեղ է գտնվում բռնարարը։ Այս նպատակով նա կարող է կապ հաստատել հսկողության
բաժնի հետ և իմանալ բռնարարի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն՝ ինչպես վարվել։
Ծրագրի շրջանակներում ծախսեր.
Այս սարքավորումները տրամադրելու համար բռնարարը պետք է վճարի 250 ԱՄՆ դոլլար։ Կախված նրա ֆինանսական վիճակից՝ հնարավոր է գումարը վճարել մաս-մաս։ Գումարը փոխանցվում է Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության ծրագրին։ Գումարն իր մեջ ներառում է սարքի, ծրագրի և սպասարկման արժեքը։
Ֆինանսական անհրաժեշտություն կա նաև ծրագրի շրջանակներում աշխատող ծառայողների վերապատրաստման համար։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերից չի բխում
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ, և 8-րդ հոդվածի 9-րդ մասերում սահմանել կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանությանը Անհետաձգելի միջամտության որոշումն և Պաշտպանության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողությունն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով:
- 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն չկա, քանի որ ՀՀ պետական բյուջեում ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ ֆինանսական տեղեկանք հնարավոր է տրամադրել թվով 1500 ձեռնաշղթաների /Էլեկտրոնային հսկողության միջոցներ/ ապրանքատեսակի գնային առաջարկի /արժեքի/ առկայության դեպքում։
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող լրացումը հնարավորություն կընձեռի առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարաբերությունները, առավել արդյունավետ կերպով կլուծի բռնության գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները:
-
Обсуждалось
08.02.2022 - 23.02.2022
-
Тип
Закон
-
Область
Борьба с насилием в семье и защита прав несовершеннолетних
-
Министерство
Полиция
Просмотры 5058
Принт