«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
2 - За
-
1 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված են առկա ստորև նշված խնդիրների լուծմամբ:
Մասնավորապես. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ ՔՕ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքում իրավական որոշակիության ապահովման կարևորագույն նպատակը, քանի որ քրեաիրավական նորմերը պետք է լինեն խիստ որոշակի և բացառեն տարաբնույթ մեկնաբանություններ:
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
1.1. Քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության նախատեսում.
ՔՕ Նախագծով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 339.1 հոդվածով, համաձայն որի վկան, տուժողը, կասկածյալը կամ մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով նախատեսված կարգով քննման, փորձաքննության ենթարկվելուց կամ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում ենթակա է պատասխանատվության: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ, 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ, 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 4-րդ, 86-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետերի համաձայն տուժողը, կասկածյալը, մեղադրյալը և վկան պարտավոր են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման, փորձաքննության և բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարման, ինչպես նաև տալ նմուշներ` համեմատական հետազոտման համար:
Ստացվում է, որ քրեական վարույթի վերոնշյալ մասնակիցներն օրենքով նախատեսված կարգով կրում են քննման, փորձաքննության ենթարկվելու, ինչպես նաև նմուշներ ներկայացնելու պարտականություն, մինչդեռ նշված պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմ առկա չէ:
Միաժամանակ, նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական ռեժիմ: Այն է՝ քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր հիմք է, եթե նա եթե դատարանի կողմից հարկադրանք կիրառելու որոշումից հետո կամ նախաքննության ընթացքում' մինչև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելը, կամավոր ներկայացրել է համեմատական հետազոտման համար նմուշները կամ կամավոր ենթարկվել է քննման, փորձաքննության և ժամանակին ներկայացված նմուշները չեն կորցրել կամ չէին կարող կորցնել իրենց ապացուցողական նշանակությունը այսինքն կարող են օգտագործվել (պիտանի են) քրեական գործի լուծման համար:
Քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր հիմքի կիրառման համար նախատեսված է երկու պայման.
- նմուշները կամավոր ներկայացնելը և
- այն ժամանակին ներկայացնելը։
Բանն այն է, որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձը օրինակ՝ ալկոհոլ (թմրանյութ) օգտագործած վիճակում նախաքննության սկզբնական հատվածում հրաժարվում է փորձաքննության ենթարկվել կամ հրաժարվում է նմուշներ տրամադրել, մինչդեռ անձը գիտակցում է, որ տվյալ նմուշները մարդու օրգանիզմում պահվում են որոշակի ժամանակահատվածում։ Կամ նախաքննության ընթացքում չի թույլատրում մարմնի վրայից համապատասխան հետքեր վերցնել, այն ակնկալիքով, որ հետագայում կարող է դրանք մաքրել կամ լվանալ։ Այս պարագայում, անձը, եթե նախապես հրաժարվել է դատավարական պարտականությունը կատարելուց, սակայն հետագայում ցանկություն է հայտնում այդ պարտականությունը կամավոր կատարելու մասին, ապա նա կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե նմուշները ուշ ներկայացնելու պատճառով, դրանք չեն կորցրել իրենց ապացուցողական նշանակությունը կամ բացակայել է այն թաքցնելու վտանգը։
Բացի այդ նման նորմ է նախատեսվում նաև արտասահմանյան մի շարք քրեական օրենսգրքերում: Մասնավորապես.
Իսրայելի քրեական օրենսգրքի[1] 241-րդ հոդվածի համաձայն՝ եթե անձը պարտավոր է ցուցմունք տալ կամ ներկայացնել այլ ապացույցներ դատավարության ընթացքում, սակայն հրաժարվում է դա իրականացնելուց, ապա նա պատժվում է ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով: Որպես այլ ապացույցներ ներկայացնելուց հրաժարվել է համարվում նաև փորձաքննության համար նմուշներ չտալը:
Լատվիայի քրեական օրենսգրքի[2] 262.1-րդ հոդվածը վերնագրված է ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ նյութի, թունանյութերի կամ այլ թմրեցնող նյութերի հայտնաբերմանն ուղղված փորձաքննություն անցնելուց հրաժարվելը և այդ հոդվածի համաձայն՝ ավտոմեքենայի վարորդը, ով տարվա ընթացքում երկրորդ անգամ է կատարել խախտում և հրաժարվում է ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ նյութի, թունանյութի կամ այլ թմրեցնող նյութերի հայտնաբերմանն ուղղված փորձաքննություն անցնել պատժվում է ազատազրկմամբ մինչև 1 տարի ժամկետով, կալանքով կամ հանրային աշխատանքներով, կամ տուգանքով նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելով 3-ից 5 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի[3] 308-րդ հոդվածի համաձայն՝ վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը կամ տուժողի քննմանը մասնակցելուց հրաժարվելը, նրա նկատմամբ փորձաքննության անցկացումից խուսափելը, այն դեպքում, երբ նրա համաձայնությունը պարտադիր չէ, կամ համեմատական հետազոտության համար ձեռագրի կամ այլ փորձանմուշներ տրամադրելուց հրաժարվելը պատժվում է տուգանքով մինչև քառասուն հազար ռուբլի կամ դատապարտյալի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով մինչև երեք ամիս ժամկետով, կամ հանրային աշխատանքներով մինչև երեք հարյուր վաթսուն ժամ տևողությամբ, կամ ուղղիչ աշխատանքներով առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով առավելագույնը երեք ամիս ժամկետով:
1.2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ ՔԴՕ Նախագիծ)առաջարկվում է որպեսզի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսվի դրույթ, ըստ որի՝ քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելու, ինչպես նաև համեմատական հետազոտման համար նմուշներ տալն իրականացվի դատարանի որոշմամբ՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը:
Ընդ որում դատարանի վերահսկողությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական պաշտպանության, այլ նաև հետագայում այդ գործողությունները չկատարելու համար պատասխանատվության նախատեսմամբ (տե՛ս 4-րդ կետում):
1) Առաջարկվում է, որպեսզի Օրենսգրքի 53-րդ հոդվածում, որը սահմանում է դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում, նախատեսել դրույթ, ըստ որի՝ ի թիվս, մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով դատարան դիմելու լիազորությունների, դատախազը լիազորված կլինի նաև հարկադրաբար քննում, փորձաքննություն կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ ստանալու միջնորդությամբ ևս դիմելու դատարան՝ այն դեպքում, երբ գործող դատավարական օրենքը դատախազին նախատեսում է որպես դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու կամ քննչական գործողությունը թույլատրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու սուբյեկտ:
2) Առաջարկվում է, որպեսզի Օրենսգրքի 55-րդ հոդվածում, որը սահմանում է քննիչի լիազորությունները, նախատեսել դրույթ, ըստ որի՝ ի թիվս, մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով դատարան դիմելու լիազորություններից, քննիչը լիազորված լինի նաև հարկադրաբար քննում, փորձաքննություն կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ ստանալու միջնորդությամբ ևս դիմելու դատարան:
3) Առաջարկվում է, որպեսզի Օրենսգրքի 57-րդ հոդվածում, որը սահմանում է հետաքննության մարմնի լիազորությունները, լրացնել նոր կետ, ըստ որի՝ հետաքննության մարմինը հարկադրաբար քննում, փորձաքննություն կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ ստանալու միջնորդությամբ կարող է դիմել դատարան:
4) Օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ, 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ կասկածյալը և մեղադրյալը պարտավոր են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման, փորձաքննության և բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարման, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին ընձեռել հնարավորություն վերցնելու մարմնի արտաթորությունների նմուշներ:
Ստացվում է, որ քրեական վարույթի վերոնշյալ մասնակիցներն օրենքով նախատեսված կարգով կրում են քննման, փորձաքննության և բժշկական ստուգման ենթարկվելու, մատնադրոշմման, լուսանկարման, ինչպես նաև մարմնի արտաթորությունների նմուշներներ ներկայացնելու պարտականություն, մինչդեռ նշված պարտականությունների շարքում բացակայում է համեմատական հետազոտման համար այլ նմուշներ ներկայացնելու պարտականությունը:
Հաշվի առնելով, որ համեմատական հետազոտման համար այլ նմուշներ ներկայացնելու պարտականություն չնախատեսելն օրենսդրական բաց է, ուստի այն լրացնելու նպատակով առաջարկվում է Օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում և 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում կատարել համապատասխան լրացում՝ մասնավորապես կասկածյալի և մեղադրյալի համար նախատեսելով նաև՝ «համեմատական հետազոտման համար այլ նմուշներ ներկայացնելու» պարտականությունը, որը բխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից և որի դեպքում միայն հնարավոր կլինի լուծել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող լրացման կիրարկման ապահովման խնդիրը:
5) Առաջարկվում է Օրենսգրքի 188.1-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով, ըստ որի՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ տալու պարտականությունը կամովին չկատարելու դեպքում, եթե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալները հնարավոր չէ ձեռք բերել դատավարական այլ եղանակով, ապա քննումը, փորձաքննությունը կամ համեմատական հետազոտման համար նմուշներ ստանալն օրենքով սահմանված կարգով կկատարվի հարկադրաբար` դատարանի որոշման հիման վրա՝ իրավունքների միջամտության համաչափության սկզբունքի պահպանմամբ։
Միաժամանակ, կարգելվի հարկադրաբար քննչական գործողություններ կատարելիս այնպիսի միջոցների և մեթոդների կիրառումը, որոնք կարող են խոշտանգում կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք պարունակել կամ անձին պատճառել մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք:
6) Առաջարկվում է նախատեսել դրույթ, լրացում կատարելով Օրենսգրքի 220-րդ հոդվածում, ըստ որի՝ քննման ենթարկվելուց հրաժարվելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը կկազմի արձանագրություն, որտեղ կնշվի քննչական գործողություններին մասնակցելու պարտականությունը կատարելուց անձի հրաժարվելու մասին։
Քննումը, փորձաքննությունը կամ համեմատական հետազոտման համար նմուշներ վերցնելը հարկադրաբար կկատարվի միայն դատարանի որոշման հիման վրա։
7) Առաջարկվում է Օրենսգրքի 279-րդ հոդվածում, որը սահմանում է դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները, սահմանել դրույթ, ըստ որի՝ ի թիվս այլ քննչական գործողությունների կնախատեսվի նաև դատարանի որոշմամբ քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելը կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալը, որպես քննչական գործողություն:
8) Առաջարկվում է Օրենսգրքի 283-րդ հոդվածում, որը սահմանում է դատարանի կողմից քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը, լրացնել նաև հարկադրաբար քննում, փորձաքննություն կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ ստանալու վերաբերյալ միջնորդությունների ներկայացումը, որն ինչպես և՛ բնակարանի խուզարկության միջնորդությունները կքննարկվեն անհապաղ:
Առաջարկը պայմանավորված է նրանով, որ՝ նմուշներ վերցնելու գործընթացին պետք է աջակցեն հետաքննության մարմինները, քանի որ ո´չ քննիչը և օրինակ՝ ո´չ էլ բժիշկը չունեն հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն, որը օրինակ՝ «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ունի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:
Հարկ է նշել, որ համանման նորմ նախատեսված է, օրինակ՝ Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքում[4], որի 111-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝քննչական գործողություններ կատարելիս վիրաբուժական միջոցներ և մեթոդներ կիրառելը կամ բժշկական հետազոտություն իրականացնելը, որոնք առաջացնում են ուժեղ ցավ, թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` տվյալ անձի համաձայնությամբ։
Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 147–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե հնարավոր չէ փորձանմուշները վերցնել կամավոր, այն իրականացվում է կողմերի միջնորդության հիմա վրա՝ դատարանի որոշմամբ:
Համանման կարգավորում առկա է նաև Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքում[5], որի 245–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն` եթե անձը հրաժարվում է կամավոր հանձնել կենսաբանական նմուշներ, ապա քննիչ–դատավորը, կամ քրեական վարույթն իրականացնող անձի միջնորդությամբ` դատավորն իրավունք ունի քննիչին, դատախազին թույլատրել (կամ նրանց պարտավորեցնել, եթե միջնորդությունը ներկայացրել է պաշտպանության կողմը)՝ կենսաբանական նմուշները վերցնել հարկադրաբար:
Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքում[6] տարբերակված են մեղադրյալից և տուժողից (վկայից) փորձանմուշներ վերցնելու դատավարական կարգերը։ Այսպես` Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի 268–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն` կասկածյալից, մեղադրյալից նմուշներ կարելի է վերցնել հարկադրաբար։ Նույն հոդվածի 2–րդ մասի համաձայն` տուժողից և վկայից նմուշ կարելի է վերցնել միայն նրանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշ վերցնելը պահանջում է կասկածյալը, մեղադրյալը՝ իրենց քրեական իրավախախտում կատարելու մեջ մերկացնող ցուցմունքները ստուգելու նպատակով, ինչպես նաև նմուշներ վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է վեներական կամ այլ վարակիչ հիվանդություններն ախտորոշելու համար, եթե նման ախտորոշումը գործի լուծման համար ունի նշանակություն։ Նշված դեպքերում տուժողից, վկայից հարկադրաբար նմուշներ վերցնելը կատարվում է միայն դատախազի թույլտվությամբ կամ դատարանի որոշմամբ:
Այսպիսով, առաջարկվում է, որպեսզի Օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի՝ համեմատական հետազոտման համար հարկադրաբար նմուշներ վերցնելու վերաբերյալ միջնորդությունների քննարկումը դատարանի կողմից կիրականացվի անհապաղ, քանի որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձն, օրինակ՝ ալկոհոլ (թմրանյութ) օգտագործած վիճակում հրաժարվելու է փորձաքննության ենթարկվելուց կամ հրաժարվելու է նմուշներ տրամադրելուց՝ գիտակցելով, որ տվյալ նմուշներն իր օրգանիզմում պահվելու են որոշակի ժամանակահատվածում, կամ նախաքննության ընթացքում չի թույլատրելու մարմնի վրայից համապատասխան հետքեր վերցնել, այն ակնկալիքով, որ հետագայում կարող է դրանք մաքրել կամ լվանալ:
Ընդ որում, պետք է արձանագրել, որ նոր՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծում ներառված էր 457-րդ հոդված՝ (քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ տալուց հրաժարվելը կամ խուսափելը), որի վերաբերյալ դեռևս 2017 թվականին (սեպտեմբեր) Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը դիրքորոշում է հայտնել, որ հանցագործություն կարող է կատարվել միայն, եթե անձը չի ենթարկվել դատարանի կոնկրետ կարգադրությանը:
Սակայն, արդեն 30.06.2021թ.-ին ընդունված նոր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հիշյալ նորմը չի ներառվել:
Պետք է նշել նաև, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից պետությունը մի շարք հանցագործություններով (օրինակ` կյանքի, առողջության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, խոշտանգում) կրում է պատշաճ քննություն կատարելու պոզիտիվ պարտականություն։ Այս տեսակի հանցագործություններով քննման, փորձաքննության, բժշկական ստուգման, մատնադրոշմման ենթարկվելը, լուսանկարվելը, համեմատական հետազոտման համար նմուշներ տալը պատշաճ քննություն կատարելու կարևորագույն, իսկ առանձին դեպքերում նաև` միակ միջոցներն են։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում են հստակեցնել քրեական վարույթի մասնակցի կողմից քննման, փորձաքննության ենթարկվելուց կամ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության հարցերը, ինչպես նաև առաջարկվող լրացումներն ուղղված են օրենքի վերը նշված բացերը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, որը բխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
ՀՀ քննչական կոմիտե:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ իրավական կարգավորումներ կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու դատավարական պարտականության հարկադիր կատարման վերաբերյալ իրավահարաբերությունների ընթացակարգերը:
- Լրացուցիչֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտե
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացվում է նոր՝ 339.1-րդ հոդվածով, որով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով քննչական ենթակայության հարցը լուծելու պահանջն ինքնին ենթադրում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածում՝ 190-րդ հոդված, կատարել լրացում՝ օրենքով նախատեսված կարգով մշակելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Սակայն, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ, 315-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ, 345-րդ և 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը (…), և քանի որ նախատեսվող նոր՝ 339.1-րդ հոդվածը, գտնվում է 337-340-րդ հոդվածների միջակայքում, և, հետևաբար լուծվում է 339.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով քննչական ենթակայության հարցը, ապա «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտե
[1] https://www.twirpx.com/file/691498/
[2] http://www.pravo.lv/likumi/07_uz.html
[3] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/60fe35427754a2f7623e0432ed10d149b8efa79f/
[4]https://www.matsne.gov.ge/ru/document/download/90034/37/ru/pdf
[5]http://kodeksy.com.ua/ka/upku-2012/statja-245.htm
[6]https://online.zakon.kz/Document/?doc_id=31575852&doc_id2=31575852#activate_doc=2&pos=324;-98&pos2=4173;-101
-
Обсуждалось
30.12.2021 - 15.01.2022
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Следственный комитет РА
Просмотры 5670
Принт