Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց
29.12.2021
Հարգելի՛ գործընկեր, ներկայացնում եմ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի մասին մեր առաջարկություններն ըստ կետերի՝ 9. Դիտարկում. Իսկ եթե վերոգրյալ սովորողը մասնակցում է քննություններին և ստանում է անբավարար գնահատական, այդ դեպքում նշանակվու՞մ է անբավարար գնահատականը իր հետևանքներով, թե ստանում է վկայական՝ առանց քննական գնահատականների: 44. Դիտարկում. 9-րդ դասարանի համար 19 տարին լրանալու շեմը, կարծում եմ՝ իրատեսական չէ, կարելի է 19 տարին փոխարինել 16-ով: Հասկանալի է, որ 19 տարին լրացած լինելը բխում է պարտադիր միջնակարգ կրթության պայմանից, այդ պատճառով առաջարկում եմ 16 տարին լրացած 9-րդ դասարանը չավարտող սովորողների համար նախատեսել 9-ամյա կրթության մասին դպրոցի կողմից տրվող տեղեկանքի կամ առանց քննական գնահատականների վկայականի հիման վրա միջին մասնագիտական հաստատություններում որոշակի մասնագիտությունների (օրինակ, արհեստագործական) գծով ուսումը շարունակելու հնարավորություն: 46. Դիտարկում. մինչև 3 առարկաներից տարեկան 1-3 միավոր, ավելացնել «ներառյալ» բառը: 47. և48. Դիտարկում. ըստ 48-րդ կետի, եթե սովորողը չի հանձնում նախորդ տարվա վերաքննությունը, ապա կրկնում է ոչ թե նախորդ դասարանի չյուրացրած դասընթացը, այլ արդեն փոխադրված դասարանի դասընթացը, ինչը տրամաբանական չէ: Այսինքն՝ ստացվում է, որ սովորողը մնում է նույն դասարանում, ոչ թե չսովորածը այնուամենայնիվ սովորելու, այլ՝ որպես պատիժ, վերաքննությունը չհանձնելու համար: Առաջարկություն. Որպեսզի ծնողը և սովորողը ավելի պատասխանատու վերաբերվեն վերաքննությանը, անբավարար ստանալու դեպքում սովորողը մնա դասընթացը կրկնելու նախորդ դասարանում, որի դասընթացը չէր յուրացրել: Հասկանալի է, որ այս դեպքում սովորողը մեկի դեպքում երկու տարի է կորցնում, բայց դա կարծում եմ արդարացված է, եթե հաշվի ենք առնում, որ դպրոցն էլ ծնողի դիմումի հիման վրա լրացուցիչ աշխատանք է տանելու սովորողի հետ: Հակառակ դեպքում, բոլոր նման դեպքերում ծնողը կարող է դիմում գրել առանց լուրջ պատասխանատվություն ստանձնելու. ծնողի համար էլ ի՞նչ տարբերություն, որ դասարանում կմնա երեխան մեկ տարի: 51. Դիտարկում. Քանի որ բոլոր դպրոցները չէ, որ ունեն երկարօրյա ուսուցման կազմակերպման հնարավորություն, առաջարկում եմ նշել, որ այս կետը կարող է գործել երկարօրյա ուսուցման առկայության դեպքում 60. Դիտարկում. «...տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն» և «Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում» մտքերն իրար հակասում են, ձևակերպումները հստակ չեն, հասկանալի չէ, թե ինչպես է որոշվելու տարեկան գնահատականը: Հարգանքով՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյան