В стадии разработки
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՈՒՐ ԱՐՏԱՆԵՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԵՎ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՈՒՐ ԱՐՏԱՆԵՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԵՎ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նածագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ ջրային օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Նախագծով տրվել են արտադրական և բնակավայրերի կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս, ինչպես նաև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և լրացուցիչ այլ պահանաջներ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ԵՄ Քաղաքային կեղտաջրերի մաքրման դիրեկտիվի (ՔԿՄԴ) սկզբունքներն ինտեգրելու պահանջը։
Հաշվի է առնվել նաև վերջին տարիներին կեղտաջրերի կառավարման բնագավառում միջազգայնորեն տեղ գտած զարգացումները, առ այն, որ շրջակա միջավայրի վրա կեղտաջրերի ազդեցության նվազեցման խնդիրը չի սահմանափակվում միայն առաջատար տեխնոլոգիաների ներդրմամբ ու խորը մաքրում իրականացնելով, այլև կեղտաջրերը դիտարկվում են որպես այլընտրանքային ջրի աղբյուր։ Վերջինս հարկ է հիմք վերցնել կեղտաջրերի մաքրման և հեռացման նկատմամբ պահանջներ և ստանդարտներ մշակելիս, ինչը հիմք ընդունելով շատ զարգացած երկրներ ներկայում փոփոխում կամ լրամշակում են գործող օրենսդրությունը։ Օրինակ՝ ԵՄ ՋՇԴ և ՔԿՄԴ հիմքի վրա Եվրամիությունը 2020 թ.-ին հաստատել է ջրի կրկնակի օգտագործման նվազագույն պահանջների մասին կանոնակարգը (ԵՄ 2020/741), որում տրվում են լրացուցիչ պահանջներ կեղտաջրերի մաքրման և վերօգտագործման դեպքերի համար։
Բացի միջազգային կանոնակարգերից, նախագծով տրվող պահանջները հիմնվել են նաև ՀՀ ազգային օրենսդրության և ջրային ռեսուրսների ջրաքիմիական առանձնահատկությունների վրա։ Այսպես, օրինակ, համաձայն ԵՄ ՔԿՄ հրահանգի հավելված 1-ի` ջրային ռեսուրս հեռացվող քաղաքային կեղտաջրերում ԹԿՊ5-ի պարունակությունը պետք է չգերազանցի 25մգ/լ-ը։ Սակայն, ըստ ՀՀ կառավարության 27.01.2011թ. N 75-Ն որոշման` մակերևութային ջրերի «գերազանց», «լավ» և «միջին» որակի դասերի ջրերում ԹԿՊ5-ի պարունակությունը չպետք է գերազանցի համապատասխանաբար 3մգ/լ; 5մգ/լ և 9մգ/լ-ը։ Ուստի քաղաքային բնակավայրերից հեռացվող կեղտաջրերում ԹԿՊ5-ի պարունակությունը չպետք է ավելի լինի, քան 9մգ/լ-ը, իսկ խիստ փոփոխված ջրային մարմինների կամ ռիսկային ջրային մարմինների դեպքում՝ ոչ ավելի քան 5մգ/լ։ Ըստ տարբեր աղբյուրների և ուսումնասիրությունների` քաղաքային կեղտաջրերի մեխանիկական (առաջնային) մաքրման արդյունքում ԹԿՊ5-ի պարունակությունը կարող է նվազել 25-50%-ով2՝ կեղտաջրերից կախված օրգանականմասնիկների և տիղմի հեռացման շնորհիվ։ Հետևաբար, մեխանիկական մաքրումը փոքր ագլոմերացիաների համար դիտվում է բավարար։
Հաշվի առնելով, ջրային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերջին զարգացումները, անհրաժեշտ է վերանայել թույլատրելի սահմանային արտահոսքերի չափաքանակի հաշվարկման գործող մեթոդաբանությունը՝ ինտեգրելով կեղտաջրի արտանետումը ընդունող մակերևութային ջրային մարմնի կարգավիճակը, ջրի որակի նորմերը, ջրային մարմնի հնարավոր ռիսկային լինելը, ջրային մարմնի ինքնամաքրման կաորղությունը, ինչպես նաև, կենտրոնացված ջրահեռացման համակարգերից կեղտաջրերի՝ մակերևութային ջրային մարմին արտանետման դեպքում, թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները հաշվարկելիս հիմնվել վերջին մեկ տարում մակերևութային ջրային մարմնի կարգավիճակի և ինքնամաքրման ընդունակության գնահատման տվյալների վրա։ Կեղտաջրերում արտանետվող աղտոտիչի սահմանային թույլատրելի քանակը չպետք է գերազանցի վերջին մեկ տարում մակերևութային ջրային մարմնին բնորոշ ջրի որակի դասից մեկ դաս բարելավ ջրի որակի դասին համապատասխան նորմը՝ սահմանված ՀՀ կառավարության N75-Ն որոշմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորվում է գետի բարձր ինքնամաքրման կարողությունը կամ, որ ջրային մարմինն ունի «լավ» կարգավիճակ։
Կեղտաջրերի մաքրման և հեռացման համար, որպես ընդհանուր մոտեցում, անհրաժեշտ է բարելավել կեղտաջրերի հաշվառումը՝ տարանջատելով երկրորդ անգամ օգտագործվող կեղտաջրերը, ինչպես նաև մշակել ոռոգման նպատակներով կեղտաջրերի վերաօգտագործման համար ջրի որակի ուղեցույցներ և չափորոշիչներ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով սահմանվել են արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական և բնակավայրերի կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ և մակերևութային ջրային մարմին թույլատրելի արտանետման սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջներ, ինչը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացը, մաքրված կեղտաջրերը դիտարկել որպես ջրի այլընտրանքային աղբյուր:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի փորձագետների կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջներ սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացի պատշաճ իրականացմանը, դրա արդյունքում մաքրված կեղտաջրերի օգտագործմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը:
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջներ սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջներ սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
-
Обсуждалось
15.12.2021 - 30.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Экономика, Водное хозяйство
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 7013
Принт