Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության) իրավասություններն են՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը: Նշված աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից, որտեղ ընդունվում և պահպանվում են ընդերքօգտագործման ոլորտին վերաբերող ողջ տեղեկությունները և հաշվետվությունները:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները, 3-րդ մասի 7-րդ կետով սահմանված է, որ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է լիազոր մարմին ներկայացնել օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները: Նշված դրույթը սահմանված է նաև ընդերքօգտագործման պայմանագրերում:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 63-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է. «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է դրանց հաստատված պաշարների և սահմանված կարգով ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա: Այն պետք է ներառի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարունակվող բոլոր տեսակի հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական ձեռնարկության ուսումնասիրված և նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:»:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 65-րդ հոդվածի (ընդերքի պահպանության հիմնական պահանջները) 1-ին մասին 3-րդ կետը սահմանում է՝ օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովումը:

Ներկայումս լիազոր մարմնին օգտակար հանածոների պաշարների շարժի (վիճակի և փոփոխության) վերաբերյալ տարեկան հաշվետվություններ ներկայացնում են միայն պինդ օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունները: Տարեկան հաշվետվությունն ընդերքօգտագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացվում է համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1348-Ն որոշմամբ հաստատված ձևի: Նշված որոշման մեջ ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 63-ն որոշմամբ փոփոխությունների կատարմամբ ուժը կորցրած է ճանաչվել եռամսյակային հաշվետվությունների ձևը: Բացի պինդ օգտակար հանածոներից (մետաղական և ոչ մետաղական), այլ տեսակի օգտակար հանածոների համար, ինչպիսին է ստորերկրյա ջուրը, հաշվետվության սահմանված համապատասխան ձևեր առկա չեն: Որոշման մեջ սահմանված ձևն իրենից ներկայացնում է միայն աղյուսակային հաշվետվություն՝ օգտակար հանածոյի արդյունահանման մասով ամփոփ տեղեկությունների ներկայացմամբ, առկա չեն պաշարների հաշվեկշռի վարման համար ամփոփ ցուցանիշների առավել մանրամասն բացատրագրերի և այլ հավելվածների ու հիմնավորումների ներկայացման հստակ պահանջներ:

2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա են 32 ստորերկրյա ածխաթթվային հանքային ջրերի (ներառյալ ածխաթթու գազի կորզման) և 1 ստորերկրյա քաղցրահամ ջրի աարդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքներ: Գործող իրավական կանոնակարգումներով փաստացի առկա չէ որևէ մեխանիզմ, որը կպարտադրի ստորերկրյա ջրի արդյունահանման (այդ թվում՝ ածխաթթու գազի կորզման) իրավունք ունեցող ընդերքօգտագործողին պայմանագրային և օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը՝ լիազոր մարմնին օգտակար հանածոների պաշարների շարժի (վիճակի և փոփոխության) վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման մասով, քանի որ այդ հաշվետվությունների ձևը և ներկայացման կարգը կառավարության կողմից սահմանված չէ: Իրավական կարգավորումների բացերի արդյունքում լիազոր մարմինը պատշաճ տեղեկացված չէ նաև տրամադրված ստորերկրյա ջրերի արդյունահանման իրավունքներով սահմանված պարտավորությունների իրականացման և պայմանագրով ու թույլտվությամբ սահմանված արդյունահանման աշխատանքների տարեկան ծավալների մասին:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի վերջին տարիներին իրականացված փոփոխությունները, որոնք վերաբերում են հատկապես հանքավայրերի պաշարների վերագնահատմանը, ընդերքօգտագործողների իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասությունների իրականացումն ու ոլորտի արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1348-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և որոշումը նոր խմբագրությամբ շարադրելու: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հստակեցնել ընդերքօգտագործողների կողմից լիազոր մարմնին օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման գործընթացը, սահմանելով հաշվետվությունների ներկայացման կարգը և օգտակար հանածոների (մետաղական, ոչ մետաղական, ստորերկրյա ջրեր) պաշարների հաշվեկշռի վարման և ոլորտի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևերը:

Կառավարության որոշման նախագծի ընդունումով ակնկալվում է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման և ընդունման հարաբերությունների և ժամկետներրի կանոնակարգում, հաշվետվությունների ձևի հստակեցում և համապատասխանեցում ժամանակակից պահանջներին, հաշվետվությունների լրացման ուղեցույցների ներկայացում, ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման պահանջի առկա բացի լրացում, ստորերկրյա հանքային ջրերի պետական հաշվառման ամբողջական և լիարժեք վարման իրականացում: Հաշվետվությունների էլեկտրոնային ձևաչափերի ներկայացումը կնպաստի տեղեկատվության հետագա մշակման և տվյալների փոխանցման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա պաշարների պետական հաշվեկշռի վարման ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքների համար նախապատրաստական քայլ և բարենպաստ միջավայրի ստեղծում:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1348-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

 

 

 

  • Обсуждалось

    25.11.2021 - 10.12.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4670

Принт

Предложения

Խորեն Հարությունյան

28.11.2021

Որոշումը տարբեր կետերով պարզապես հավելյան խնդիրներ ստեղծելու լծակներ է իրենից ներկայացնում, դրանով ավելի թափանցիկ չի դառնալու ոլորտը։ Կարծես գրվել է դասական պարզ հանքավայրի համար, առանց հաշվի առնելու ՀՀ_ում մետաղական որոշ հանքավայրի բարդության աստիճանը։ Խելահեղ քանակի տպագրված նյութեր է պահանջվում, որոնք ֆիզիկապես կատարելու համար անհրաժեշտ է ունենալ բարձր կլաֆիկացիայի առնվազը 4֊5 հոգանոց բաժին, որոնք տարին կլոր պետք է աշխատեն նշված հաշվետվությունը պատրաստելու և ժամանակի մեջ տեղավորվելու համար, իսկ որոշումը ընդունվել է հաշվետվությունը տրամադրելու ժամկետից 3 ամիս շուտ, որը ենթադրում է , որ բարդ հանքավայրերում չեն կարողանալու կատարել տվյալ աշխատանքը։ Անգամ 1տարի աշխատելուց ու կատարելու դեպքում հակասություները ավելի են շատանալու։ Աշխարհը վախուց անցել է նորագույն մեթոդներին, իսկ ՀՀ_ում ընդունում եք մի որոշում որը սովետական թերի հիմնավորումներով ինչ որ մոտեցումների և պատկերացումների արտացոլումն է։ Այսինք անգամ սովետի ժամանակ նշված որոշման որոշ դրույթներ կախված հանքավայրի բարդությունից կարող էին պահանջել կամ չպահանջել, իսկ այս որոշումով, առանց գործնականում մեկ անգամ փորձելու հաստատվում է։ Հիմա հարց, ի՞նչ է սա։ Ոչ պռոֆեսոնալ մոտեցում, թե մեկ խմբի կողմից հետին մտքով կատարվելիք աշխատանք, որը հետագայում թույլ կտա բավականին աշխատանքներ ունենալ ի հաշիվ այս որոշման դրույթների։ Հակիրճ՝ ահավոր վատ որոշում է։

Узнать больше