ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումը բխում է դպրոցական տարիքի երեխայի (այսուհետ` սովորող)` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) ընդգրկման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Ներկայումս սովորողին հանրակրթության մեջ ընդգրկելու, հաստատությունից ազատելու, հաստատությունից այլ հաստատություն տեղափոխելու գործընթացները կարգավորվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:
Գործող կարգում առկա որոշ իրավակարգավորումների բացը հաճախ հանգեցնում է խնդրահարույց իրավիճակների կապված, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների, երկքաղաքացիների, այլ երկրներում ուսումն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողների կրթության իրավունքի իրացման, ինչպես նաև առաջին դասարան ընդունվող երեխաների` էլեկտրոնային համակարգի միձոցով հաստատությունում հայտագրելու հետ:
Նախագծի ընդունմամբ ազգային փոքրամասնությունների սովորողները հնարավորություն կունենան իրենց ազգային (մայրենի) լեզվով կրթություն ստանալ` անկախ հաստատությունում լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
Նախագծի ընդունմամբ այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, սովորողների ընդունելությունը հաստատություն կիրականացվի անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
Նախագծի ընդունմամբ հաստատությունների տնօրենները հնարավորություն կստանան մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Այսպիսով, կկարգավորվեն պարբերաբար հանդիպող խնդրահարույց իրավիճակները հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ սովորողների թվաքանակի հետ կապված:
Գործող իրավակարգավորմամբ առաջին դասարանցիների հայտագրումը սկսվում է յուրաքանչյուր տարի հունիսի 1–ից: Նախագծով առաջարկվում է սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկել յուրաքանչյուր տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական գործընթացի ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին երկուշաբթի օրը: Այսպիսով, սովորողի հայտագրումը առաջին դասարան կմեկնարկի ոչ թե ուսումնական պարապմունքների ընթացքում, այլ դրանց ավարտից հետո` անկախ այն հանգամանքից ուսումնական տարվա ընթացքում անհաղթահարելի ուժի առաջացման պատճառով (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) արձակուրդների ժամանակահատվածի, արդյունքում նաև ուսումնական գործընթացի երկարաձգում եղել է, թե ոչ:
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն կրթությունից դուրս մնացած երեխաների, ինչպես նաև կրթական որևէ աստիճանում ուսումն ընդհատած սովորողների հանրակրթության մեջ ներառման հարցերը: Հաշվի առնելով երեխայի լավագույն շահը` նախագծի ընդունմամբ կգործի նոր դրույթ այն սովորողների համար, ովքեր կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն փոխադրվել են հաջորդ դասարան և ինչ-ինչ պատճառներով ուսումնական տարվա առաջին կիսամյակում ընդհատել ուսումը: Այս դեպքում սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում` ուսումը կշարունակի համապատասխան դասարանում:
- Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 14-րդ և 17-րդ կետերի պահանջներով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է: