ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ նախագծեր) մշակվել են հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության վարչական վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու և լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելու նպատակով:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հարկային օրենսգրքի 442-րդ հոդվածով կանոնակարգվում են հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության հետ կապված հարաբերությունները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված՝ դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:
ՀՀ հարկային օրենսգրքի 443-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով կոմիտեում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով:
Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:
Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:
Նույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Վերոգրյալից հետևում է, որ վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, առանց այն բարդացնելու, մասնավորապես` օրենքով նախատեսված դեպքերում առանց լրացուցիչ լսումներ անցկացնելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:
Ելնելով վերոգրյալից` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքում և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարել լրացումներ և փոփոխություններ` նախատեսելով հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ կամ դիմում-բողոք բերած անձը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-267-Ն ՀՀ օրենքի (ընդունվել է 23․03․2018թ․, ուժի մեջ մտել՝ 09․04․2018թ․) 2-րդ հոդվածի 3-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը նույն օրենքով սահմանված կարգով ստեղծվող` բողոքներ քննող միասնական հանձնաժողով է, իսկ 7-րդ հոդվածով վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի արդյունքում վերոնշյալ հոդվածից հանվել է հարկային և մաքսային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ համապատասխան վերադաս մարմնի որոշումները բողոքարկման հանձնաժողով բողոքարկելու վերաբերյալ դրույթը և վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համաձայն տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով այլևս առկա չէ, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 443-րդ հոդվածի 4-րդ և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 17-րդ մասերում։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ կսահմանվի հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ և դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը:
- Այլ տեղեկություններ.
«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: