«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
.... ................. 2017 թվականի N ......-Ն
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԾ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
թիվ -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԾ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու (այսուհետ` գնահատում) հետ կապված հարաբերությունները:
2. Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջներն ընտրանքային կարգով գնահատում է լիազորված մարմինը:
II. ԸՆՏՐԱՆՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Լիազորված մարմինը գնահատում է հրավերներով և նախաորակավորման ընթացակարգի հայտարարություններով նախատեսված գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները՝ կիրառելով ընտրանքի հետևյալ պայմանները`
1) պատահական ընտրանք, որը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային ծրագրի միջոցով: Ընդ որում, պատահական ընտրանքի առարկա հանդիսանում է տվյալ օրվա ընթացքում տեղեկագրում հրապարակված հրավերների կամ նախաորակավորման հայտարարությունների առնվազն հինգ տոկոսը.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական մարմինների առաջարկություններ:
4. Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնահատվում են նաև այն հրավերները, որոնց նախաորակավորման հայտարարությունները հանդիսացել են ընտրանքի առարկա: Գնահատող հանձնաժողովի կողմից սույն կետով նախատեսված հրավերը հաստատվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը պատվիրատուն այն տրամադրում է լիազորված մարմնին:
5. Լիազորված մարմնի կողմից գնահատումն իրականացվում է հրավերները կամ նախաորակավորման հայտարարությունները տեղեկագրում հրապարակվելու, իսկ սույն կարգի 4-րդ կետի կիրառման դեպքում` հրավերը լիազորված մարմին մուտքագրվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, գնահատումն իրականացվում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից:
6. Լիազորված մարմինը մինչև գնահատումն իրականացնելուն հաջորդող առաջին աշխատանքային օրվա ավարտը գնահատման արդյունքներով տեղեկագրում հրապարակում է դրական կամ բացասական եզրակացություն՝ նշելով վերջինիս հրապարակման ամսաթիվը` միաժամանակ ծանուցելով հրավերում կամ նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունում նշված պատվիրատուի էլեկտրոնային փոստին: Պետական գաղտնիք պարունակող հրավերների գնահատման արդյունքները լիազորված մարմինը սույն ենթակետով սահմանված ժամկետում գրավոր տրամադրում է պատվիրատուին:
7. Բացասական եզրակացությունը հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր լիազորված մարմին է ներկայացնում պարզաբանումներ բացասական եզրակացությամբ արձանագրված անհամապատասխանությունների մասին:
8. Լիազորված մարմինը պատվիրատուի պարզաբանումն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և ընդունում է այն, եթե`
1) պատվիրատուն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.
2) անհամապատասխանությունը վերաբերում է գնման գործընթացի կազմակերպման կարգին և պատվիրատուն շտկել է այն:
9. Ներկայացված պարզաբանման քննարկման արդյունքների մասին լիազորված մարմինը սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում տեղեկագրում հրապարակում է ինչպես պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը՝ բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով, այնպես էլ լիազորված մարմնի եզրակացությունը՝ նշելով վերջինիս հրապարակման ամսաթիվը: Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում պարզաբանման քննարկման արդյունքների մասին լիազորված մարմինը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին:
10. Այն դեպքում, երբ լիազորված մարմնի կողմից արձանագրված անհամապատասխանությունը վերաբերում է գնման գործընթացի կազմակերպման կարգին և պատվիրատուն ընդունում է այն, սակայն լրացել է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հրավերում կամ նախաորակավորման ընթացակարգի հայտարարության մեջ փոփոխություններ կատարելու ժամկետը կամ լիազորված մարմինը հրապարակում է պատվիրատուի պարզաբանումը չընդունելու մասին եզրակացություն, ապա գնման ընթացակարգը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայտարարվում է չկայացած: Եթե պայմանագիրը կնքված է, ապա պատվիրատուն այն միակողմանիորեն լուծում է՝ տվյալ պայմանագրով նախատեսված դեպքում և կարգով:
11. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառման դեպքում գնահատումներն իրականացվում են սույն կարգով սահմանված պայմաններով և ժամկետներում:
-
Обсуждалось
28.07.2017 - 21.08.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8342
Принт