ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամսով երկարացնել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։
2․ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հարկ է ընդգծել, որ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։ Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։
- ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախագծի նպատակն է կանխարգելել թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը։
4․ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ և ԲՆՈՒՅԹԸ
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:
5․ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ և ԱՆՁԻՆՔ:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6.ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)
Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։