Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կառավարության որոշման նախագծի

      

  1. Անհրաժեշտությունը.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում՝   հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին համակարգվածայնություն հաղորդելու նպատակադրությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.

Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ն ունեն հիմնադրամների, իսկ 4-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձև։ Դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներով և համապատասխան բուհերի՝ հիմնադրի հաստատած կանոնադրություններով։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է՝

«Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան։ Խորհրդի նախագահի և անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:

Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից:

Խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի»:

«Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում է.

«10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը:»

 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝

«Պետական կազմակերպության կանոնադրությունը կամ դրա փոփոխությունները հաստատում է հիմնադիրը, իսկ հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքում` նրա լիազորած պետական մարմինը:»։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի  23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ և բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհրուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի (ոչ պակաս 20 և ոչ ավելի, քան 32), իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով նախատեսված ներկայացուցչական համամասնությունը բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք։

Ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ և փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։

Պետք է նշել նաև, որ գործող համամասնությունները որոշակիորեն սահմանափակում են կառավարության՝ որպես պետական հիմնադրմաների հիմնադրի հնարավորությունները համակարգում իրականացվելիք բարեփոխումների ընթացքը կառավարելու առումով։

  Պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխությունների նպատակն է համակարգի կայունությունն ապահովելու միջոցով բարեփոխումներին նպաստող միջավայր ձևավորելը։ Որպես այդ նպատակի ապահովման միջոց առաջարկվում է միասնականացնել բոլոր խորհուրդների թվակազմը՝ սահմանելով այն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան, ինչպես նաև սահմանել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս  կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս  կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս  կամ 5 հոգի։

   3.Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով  պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխություններով կապահովվի վերջիններիս բնականոն գործունեությունը և անհրաժեշտ խթան կհանդիսանա համակարգում բարեփոխումների իրականացմանը:

 

  • Обсуждалось

    20.05.2021 - 05.06.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5822

Принт

Предложения

Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

24.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդն անընդունելի է համարում 2021 թ.-ի մայիսի 20-ին հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, քանի որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականության հարցը Հանրապետության նախագահը վիճարկել է՝ 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմելով ՀՀ Սահմանադրական դատարան, և օրենքը պետք է քննարկման առարկա դառնա Սահմանադրական դատարանում։ Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող երեք պետական բուհի վերաբերյալ 2021 թվականի մայիսի 4-ի ՀՀ կառավարության որոշման սահմանադրականությունը։ Ուստի, նման պայմաններում միևնույն կարգավորման առարկայի վերաբերյալ որևէ այլ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի և կառավարության որոշման սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

Узнать больше