ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ: Դա ամրագրված է 2014 թվականի նոյեմբերի 13-ի ՀՀ կառավարության նիստի N47 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հիմք ընդունելով 2012 թվականին Համաշխարհային բանկի կողմից իրականացված Հայաստանի բնակչության Ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները և հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ 2012 թվականին Կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով): Վերջինիս կողմից մշակվել է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որը 2014 թվականին հավանության է արժանացել ՀՀ Կառավարության կողմից:
2014-19 թվականների ընթացքում ՀՀ Ֆինանսական կրթման ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների, զինվորականների և լայն հանրության համար։
2019 թվականին Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին Հանձնաժողովի կողմից մշակվել է ֆինանսական կրթման ազգային ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը: Այն հաստատվել է Հանձնաժողովի և հավանության արժանացել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրով (2021-2025 թվականների) ամփոփվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև նախագծվում է 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և դրանց ուղղված ծրագրերը, ծրագրերի արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։
- Ակնկալվող արդյունքը
Նպաստել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։
Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակներն են՝
- Անձնական և ընտանեկան բյուջեների արդյունավետ կառավարում
- Խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում
- Վարկերի և պարտքերի արդյունավետ կառավարում
- Ֆինանսական ծառայությունների պատասխանատու «գնումներ»-ի իրականացում
- Ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանություն
- Ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (այդ թվում՝ ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում)
- Հիմնական ֆինանսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում անձնական ֆինանսները կառավարելիս
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմը սահմանվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի 75-րդ կետով: