Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1) ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով հարուցված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիշյալ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում առկա ձևակերպումների պայմաններում գործնականում որոշակի խնդիրներ են առաջանում արարքի որակման և անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթը հափշտակելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասով պատասխանատվություն է նախատեսվում պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու համար, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով:

ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցակազմերի ձևակերպման առումով առկա է իրավական որոշակիության խնդիր, ինչը, մասնավորապես, արտահայտվում է այն բանում, որ հոդվածի 1-ին մասը, ի թիվս այլնի, պատասխանատվություն է նախատեսում նաև կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելու համար, իսկ 2-րդ մասը՝ նաև պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու համար: Հոդվածի նման ձևակերպման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցակազմերում նկարագրված արարքները որոշ դեպքերում համընկնում են:

 Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցակազմի առարկայի իմաստով  պաշտոնական փաստաթուղթ պետք է համարել ցանկացած փաստաթուղթ, որին իշխանություններն իրավական նշանակություն են տալիս, անկախ նրանից այն տրվել է պետական մարմինների, թե առևտրային իրավաբանական անձանց կողմից, որը գտնվում է նյութական կրիչների վրա և հավաստում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր կամ իրադարձություններ տե՛ս Սամվել Գաբրիելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵՇԴ/0115/01/09 որոշման 16-րդ կետը և Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 5-ի (գանգատ թիվ 23341/06) վճռի 61-րդ կետը)։

Ինչ վերաբերում է կարևոր այլ փաստաթղթերին, ապա վերջիններն են այն փաստաթղթերը, որոնք՝ 1 ՀՀ-ում կարող են անձնագրի դեր կատարել (զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, կենսաթոշակային գրքույկ և այլն), 2 կարող են անձնագրի դեր կատարել որոշ արտասահմանյան երկրներում (վարորդական իրավունքի վկայական, ապահովագրական քարտ և այլն), 3 այլ կարևոր փաստաթղթեր են, որոնք կարևոր նշանակություն ունեն անձի համար (աշխատանքային գրքույկ, ատեստատ, բարձրագույն կրթության վկայական, ծառայական վկայական և այլն (Տես Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-112/07 որոշման 4-րդ կետը)): 

Պաշտոնական փաստաթղթի հասկացության վերաբերյալ իրավունքի զարգացման առկա միտումները, փաստորեն, վկայում են, որ փաստաթուղթը պաշտոնական համարելու համար էականը ոչ դրա ծագումն է, այլ անձի համար կարևոր նշանակություն ունեցող փաստեր կամ իրադարձություններ հավաստելը, որոնք կարևոր նշանակություն կարող են ունենալ անձի որոշակի իրավունքներն իրացնելու համար:

Հետևաբար,   Կարևոր այլ փաստաթուղթ և Պաշտոնական փաստաթուղթ հասկացությունների մեջբերված ձևակերպումներից պարզ է դառնում, որ կարևոր այլ փաստաթուղթը, որը հափշտակվել է, միաժամանակ կարող է հանդիսանալ նաև պաշտոնական փաստաթուղթ:

Մինչդեռ գործնականում ստեղծվում են իրավիճակներ, երբ, օրինակ, հանցավորը հափշտակում է միայն շահադիտական դրդումներով անձի ծննդյան վկայականը կամ վարորդական իրավունքի վկայականը, որոնք միաժամանակ հանդիսանում են և´ կարևոր այլ փաստաթղթեր և´ պաշտոնական փաստաթղթեր, ուստի հարց է առաջանում ինչպե՞ս որակել հանցավորի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, թե նույն հոդվածի 2-րդ մասով, քանի որ թե հափշտակության առարկայով և թե օբյեկտիվ և սուբյեկտիվ այլ հատկանիշներով դրանք նույնանում են:

Ավելին, անձնագրի և նույնականացման քարտի հափշտակության դեպքում ևս առկա է իրավական որոշակիության խնդիր, քանի որ քննարկվող հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձնագրի, նույնականացման քարտի հափշտակության, իսկ 2-րդ մասը պաշտոնական փաստաթղթերի հափշտակության համար, որը կատարվել է շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով: Ակնհայտ է, որ անձնագիրն ու նույնականացման քարտը պաշտոնական փաստաթղթեր են, իսկ հափշտակությունը շահադիտական դրդումներով կատարվող հանցագործություն է: Նման պայմաններում քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի հափշտակության ժամանակ արարքը քննարկվող հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով  որակումը ևս խնդրահարույց է դառնում:

 

2) ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետև նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց պահանջի դեպքերը:

Մասնավորապես, կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն 2020 թվականին և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում և միայն Երևան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք: Արձանագրված դեպքերից 261-ով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ընդ որում, դրանցից 235-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 17-ը՝ 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 9-ը՝ 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերի հիմքերով, իսկ 3 դեպքով նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:

Միևնույն ժամանակ արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Հիշյալ դեպքերով հարուցված 42 քրեական գործերից 41-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով: Հարուցված քրեական գործերից 39-ը գտնվում են նախաքննության փուլում, իսկ 3-ը կասեցվել են՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության դեպքերով քրեական գործեր  չհարուցելու պրակտիկան պայմանավորված է գործնականում արարքի որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով: Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Թեև հատկանշական է այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է որոշակի գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչև 8 միլիոն ՀՀ դրամի, այնուամենայնիվ, հափշտակության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը հանրորեն վտանգավոր հետևանքն է՝ սեփականատիրոջը հասցված իրական վնասը, որի չափը որոշվում է վերցրած, հանցավորինը կամ այլ անձինը դարձրած գույքի արժեքով: Տվյալ դեպքում հաշվի առնելով համարանիշի վերականգնման նորմատիվ իրավական ակտերով սահմանված արգելքը՝ որպես վնաս կարող է դիտարկվել միայն դրա վերականգման համար վճարվելիք գումարը, այն է՝ պետական տուրքը:

Բացի այդ, արարքի որակման առումով իրենցից որոշակի բարդություն են ներկայացնում նաև այն դեպքերը, երբ հաշվառման համարանիշները հափշտակելուց հետո հանցագործները ավտոմեքենաների վրա թողնում են իրենց հետ կապ հաստատելու համար տվյալներ, որից հետո ավտոմեքենաների սեփականատերերին ներկայացնում են պահանջ՝ որոշակի գումար վճարելու դեպքում դրանք վերադարձնելու մասին:  Թեև ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ շորթման դեպքում սպառնալիքը կարող է լինել նաև քողարկված, և տվյալ դեպքում այն կարող ենք դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված գույքի՝ համարանիշի ոչնչացմանը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ համարանիշները հայտնաբերվում են դեպքից անմիջապես հետո, որպիսի պայմաններում առաջ է գալիս սպառնալիքի՝ իրական կամ ռեալ լինելու հանգամանքի գնահատման խնդիր:

Ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության դեպքերի որակման նման մոտեցումների պայմաններում դինամիկ կերպով աճում են նման դեպքերը, որոնք բացի համարանիշների սեփականատերերին վնաս պատճառելուց նպաստավոր պայմաններ են ստեղծում այդ համարանիշները այլ, առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար:

Նման պայմաններում գտնում ենք՝ գործնական անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի առարկաների շարքում նախատեսելու և հիշյալ հոդվածի շրջանակներում դրա հափշտակության համար քրեական պատասխանատվություն նախատեսելու համար:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ գործնականում քիչ չեն տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների շորթման դեպ քերը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում որպես արարքի օբյեկտիվ կողմի դրսևորում նախատեսել նաև շորթումը:

Հետևաբար, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածը հստակեցնելու, ինչպես նաև տրասնպորտային միջոցի հաշվառման համարանիշների հափշտակության և շորթման համար հիշյալ հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

 Առաջարկվող կարգավորման նպատակն է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի դիսպոզիցիան, մասնավորապես՝

 

  • հստակեցնել քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված հանցակազմերի առարկաները,
  • 324-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված հանցակազմերը միավորել մեկ մասում՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող կարևոր այլ փաստաթղթեր հափշտակելու, ինչպես նաև դրանք ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու համար, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,
  • հաշվի առնելով այն, որ պաշտոնական փաստաթղթերի, դրոշմների, կնիքների կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող կարևոր այլ փաստաթղթերի հափշտակությունը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան դրանք թաքցնելը, վնասելը կամ ոչնչացնելը՝ Նախագծում առաջարկվում է որպես սանկցիա նախատեսել գործող խմբագրությամբ 324-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված սանկցիան:

Բացի այդ, հաշվի առնելով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության դեպքերի տարածվածությունը, հիշյալ հանցագործությունների որակման շուրջ առկա տարակարծիք մոտեցումները, ինչպես նաև արարքները որակելիս գործնականում առաջացող դժվարությունները, իրավական որոշակիություն ապահովելու նպատակով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի առարկաների շարքում նախատեսել նաև տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները: Հաշվի առնելով նաև տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների շորթման տարածվածությունը, միևնույն ժամանակ չբացառելով 324-րդ հոդվածի մյուս առարկաների դեմ շորթման եղանակով կատարվող ոտնձգությունների հնարավորությունը՝ առաջարկվում է 324-րդ հոդվածի օբյեկտիվ կողմի երկընտրելի գործողությունների շարքում նախատեսել նաև շորթումը:

Ընդ որում, հատկանշական է, որ տրասնպորտային միջոցների հաշվառման համարանիշները ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործության առարկա են: Այսինքն՝ Քրեական օրենքը տրասնպորտային միջոցների հաշվառման համարանիշների դեմ ուղղված ոտնձգությունները, պայմանավորված հիշյալ առարկայի բնույթով, արդեն իսկ  դիտում է որպես կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն:

Նման մոտեցում առկա է նաև ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծում[1], որը Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները ամրագրող գլխում քրեական պատասխանատվություն է նախատեսում ինչպես տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը կամ տրանսպորտային միջոցի նույնականացման այլ տարրերը կեղծելու, այնպես էլ տրանսպորտային միջոցի պետհամարանիշը հափշտակելու,  շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու համար:

Հատկանշական է, որ նմանատիպ մոտեցում է առկա նաև Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում (տե՛ս 325.1 հոդվածը)[2]:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների նկատմամբ կատարվող ոտնձգությունների արդյունքում երբեմն դրանց սեփականատիրոջը պատճառվում է խոշոր գույքային վնաս, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչև 8 միլիոն ՀՀ դրամի, միևնույն ժամանակ չբացառելով 324-րդ հոդվածի մյուս առարկաների դեմ ոտնձգությունների արդյունքում ևս տուժողին խոշոր վնաս պատճառելու հնարավորությունը՝ առաջարկվում ենք հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում առանձնացնել որակյալ հանցակազմեր՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով հոդվածի 1-ին մասում նախատեսված արարքի համար, որը պատճառել է համապատասխանաբար խոշոր կամ առանձնապես խոշոր վնաս: Այսպիսով, փաստորեն, սահմանվում են երկօբյկետ հանցագործություններ, որի պարագայում հանցագործության հիմնական անմիջական օբյեկտի դերում հանդես են գալիս կառավարման կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, իսկ լրացուցիչ անմիջական օբյեկտի դերում՝ սեփականության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Նախագծում սահմանվում է նաև հոդվածի իմաստով խոշոր և առանձնապես խոշոր վնասների չափերը՝ հիմքում ունենալով հափշտակությունների (մասնավորապես՝ գողությունների) համար Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածում նախատեսված չափերը: Ընդ որում, 324-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի սանկցիաները սահմանելիս ևս հիմք են ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի սանկցիաները՝ հաշվի առնելով արարքների հանրային վտանգավորության նմանությունը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դիսպոզիցիան, հիշյալ հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:

 

 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

[1] https://www.e-draft.am/projects/2115/about

[2] https://ukrfkod.ru/statja-325.1/#:~:text=%D0%9D%D0%B5%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE%D0%BC%D0%B5%D1%80%D0%BD%D0%BE%D0%B5%20%D0%B7%D0%B0%D0%B2%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5%20%D0%B3%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D1%80%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D1%8B%D0%BC%20%D1%80%D0%B5%D0%B3%D0%B8%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D0%BE%D0%BD%D0%BD%D1%8B%D0%BC%20%D0%B7%D0%BD%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BC%20%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE%20%D1%81%D1%80%D0%B5%D0%B4%D1%81%D1%82%D0%B2%D0%B0

  • Обсуждалось

    04.05.2021 - 19.05.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6657

Принт

Предложения

Տիգրան Ավետյան

07.05.2021

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի դիսպոզիցիան առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Պաշտոնական փաստաթղթեր կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող կարևոր այլ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հափշտակելը, շորթելը, ինչպես նաև դրանք ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով․․․»։ Ստացվում է ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքը օբյեկտիվ կողմից պետք է իրականացվի պաշտոնական փաստաթղթեր կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող այլ փաստաթղթերը, դրոշմները և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները հափշտակելով, շորթելով, ինչպես նաև դրանք ոչնչացնելով, վնասելով կամ թաքցնելով, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ այլ անփնական շահագրգռվածությունից ելնելով։ Սույն հոդվածով որպես որակյալ հատկանիշ նախատեսվել է հոդվածի առաջին մասով կատարված արարքը որի արդյունքում պատճառվել է խոշոր վնաս, իսկ արարքն առավել վտանգավոր է դիտվում եթե պատճառվել է առանձնապես խոշոր վնաս։Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնական փաստաթղթերը կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող այլ կարևոր փաստաթղթերը, դրոշմներն ու կնիքները, անկախ իրենց եզակիության հազվագյուտ հանդիսանալու, դժվար վերականգնվելու, կամ վերականգնելու անհնարինության աստիճանից կամ հանցավոր ոտնձգության հետևանքով պետության, կազմակերպության և անձին պատճառված ոչ նյութական վնասի արժեքի մեծությունից, չունեն այնպիսի նյութական արժեք, որպիսի պայմաններում հնարավոր լինի հանցագործությունը որակել առաջարկվող հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, վարույթն իրականացնող մարմինը պետք է արարքը որակի հոդվածի 1-ին մասով; Գտնում եմ, որ նման մոտեցումը սխալ է և ամբողջությամբ չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի բովանդակությանը, այսինքն տվյալ դեպքում հանցավոր ոտնձգությամբ վնասվող օբյեկտի նշանակությունը և հանցավոր ոտնձգության համար նախատեսվող պատասխանատվությունը ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց, էականորեն խախտվում է պատժի կամ պատասխանատվության համաչափության սկզբունքը։ Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը․․․։ Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ արարքի հանրային վտանգավորության աստիճանը չի համապատասխանում հանցավորին նկատմամբ նշանակված պատժին, այսինքն առկա է բացահայտ անհամաչափություն, կարելի է վստահաբար պնդել, որ վերոնշյալ հոդվածի 3-րդ մասով հաստատված պատժի նպատակներին հասնելու մասին խոսք գնալ չի կարող։ Բացի այդ, պետք է նկատ ունենալ, որ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված օբյեկտիվ կողմի հատկանիշների մեջ առկա է անհամապատասխանություն, մասնավորապես, «․․․հաշվառման համարանիշներ հափշտակելը, շորթելը․․»։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քրեական իրավունքի տեսությամբ հափշտակությունը ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելն է, շորթումը ինքնին հափշտակության դրսևորման ձևերից մեկն է, ուստի առաջարկում եմ «հափշտակելը, շորթելը» բառերը փոխարինել «ցանկացած եղանակով հափշտակելը» բառերով, որն ավելի ընդգրկուն է և ավելի համապատասխան հոդվածի բովանդակությանն ու ոգուն։

Արա Սաղումյան

05.05.2021

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «վնասելը» բառից հետո փակագծում ավելացնել հետևյալ բառերը․ «(բացառությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների վնասման դեպքերի)»։

Արտակ Պողոսյան

04.05.2021

Ներկայացված նախագիծը մեղմ է, մասնավորապես վերջերս տեղի ունեցող պետհամարանիշների հարցում: Կանխավ անձը տեղյակ լինելով իր հանցագործության համար սահմանված պատիժը ընդամենը տուգանքն է, այլ ոչ թե «ձեռքի կտրումը» բավարար զսպող հանգամանք չէ:

Узнать больше