Добавить в избранное

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականին իրականացված Սահմանադրական փոփոխություններով, ինչպես նաև օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում տեղ գտած բազմաթիվ առաջարկությունների հիման վրա նոր իրավակարգավորումներ մշակելու անհրաժեշտությամբ: Այս համատեքստում մշակվել է ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և դրանում ներառվել են ոչ միայն սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո անհրաժեշտ համապատասխանեցման իրավակարգավորումները, այլև հայեցակարգային նոր ինստիտուտներ և դրանից բխող նոր իրավակարգավորումներ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ նոր իրավակարգավորումները հանգում են հետևյալին.

 Մասնավորապես, նախագծով օրենքի կարգավորման շրջանակը սահմանափակվել է միայն նորմատիվ իրավական ակտերի համակարգի և աստիճանակարգության, դրանց պլանավորման, մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, նորմատիվ իրավական ակտերի ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման և գործողության դադարեցման, հանրային քննարկումների անցկացման, իրավական մշտադիտարկման, պարզաբանման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների սահմանմամբ: Չնայած այն հանգամանքին, որ օրենքի նախագծով օրենքը վերնագրվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, սակայն հնարավորություն է տրվել նաև այլ իրավական ակտերի համար ևս կիրառել նոր օրենքով սահմանված  դրույթները՝ եթե օրենքով այլ բան նախատեսված չէ կամ այլ բան չի բխում տվյալ իրավական ակտի էությունից:

Միևնույն ժամանակ նախագծով սահմանվել են նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմինների և անձանց շրջանակը՝ հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված այն մարմինների կամ անձանց շրջանակը, որոնց ուղղակիորեն Սահմանադրությամբ իրավունք է վերապահված ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Ուստի՝ Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի (ունեն)`

1) Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ միայն հանրաքվեի միջոցով,.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, Հայաստանի Հանրապետության նախարարները.

3) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմիններ).

4) օրենքով ստեղծված ինքնավար մարմինները (այսուհետ՝ ինքնավար մարմիններ).

5)  համայնքի ավագանին:

Հիմք ընդունելով օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում ներկայացված հիմնարար երեք ուղղությունները, օրենսդրական պլանավորման գործընթացի հիմնադրույթները և դրա սահմանման անհրաժեշտությունը՝ նախագծով սահմանվել է նորմատիվ իրավական ակտերի մշակման պլանավորման իրականացման ընթացակարգը: Նշված ընթացակարգի մշակման համար ուսումնասիրվել է մի շարք երկրների, մասնավորապես՝ Մոլդովայի, Էստոնիայի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Չեխիայի փորձը, նշված ոլորտում ընդունված մի շարք ուղեցույցները և  ընտրվել է սահմանադրական նորմերին և ՀՀ գործող իրավական համակարգին համահունչ իրավակարգավորում: Այսպես, նորմատիվ իրավական ակտերի մշակման պլանավորումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով կազմված և հաստատված ընթացիկ և հեռանկարային ծրագրերի միջոցով, որոնք կազմելիս հաշվի են առնվում պետական կամ այլ մարմինների, կազմակերպությունների, այդ թվում՝ գիտական, խորհրդակցական, հասարակական, ինչպես նաև այլ  շահագրգիռ անձանց կողմից՝ հետազոտությունների կամ վերլուծության վրա հիմնված առաջարկությունները, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ մշտադիտարկման արդյունքները: Օրենքով  սահմանվել է նաև նշված ծրագրերի կազման ձևաչափին վերաբերող այլ պահանջներ ևս: Ընդ որում, ծրագրերը կազմվում և հաստատվում են համապատասխան նորմատիվ իրավական ակտն ընդունելու լիազորություն ունեցող մարմնի կողմից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով: Միևնույն ժամանակ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով սահմանվել է, որ հանրությունից առաջարկություններ ստանալու համար ծրագիրը կազմող մարմնի կողմից մինչև այն հաստատելը, առնվազն մեկ ամիս առաջ ծրագիրը հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի միասնական կենտրոնացված ինտերնետային կայքում:

Հարկ է ընդգծել, որ նախագծում սահմանվել է նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման նոր իրավակարգավորումներ ներքոհիշյալի համատեքստում: Այսպես, նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը բյուջետային, վարչական ծախսերի և հակակոռուպցիոն բնագավառներում պարտադիր է, իսկ տնտեսական, սոցիալական, բնապահպանական և առողջապահական բնագավառներում կարգավորման ազդեցության գնահատում չի իրականացվում, եթե նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակող մարմինը հիմնավորում է, որ դրանք անցկացնելու անհրաժեշտություն չկա: Նման կարգավորումը հնարավորություն կտա նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը սահմանված բնագավառներում կատարել ըստ անհրաժեշտության: Բացի այդ սահմանվել է այնպիսի ընթացակարգ, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակողը, որպես նախնական կարգավորման ազդեցության գնահատման դրսևորում, կից բացատրագրում ներառի այնպիսի տեղեկություններ, որոնք հիմք կհանդիսանան իրավասու պետական կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից սահմանված բնագավառներում կատարելու ազդեցության գնահատում:

Հաջորդ նոր իրավակարգավորումը վերաբերում է նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության իրականացմանը: Բոլոր նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթակա են պարտադիր փորձաքննության, սակայն փորձաքննության հետևանքները ակտերի համար տարբեր են: Իրավական ակտերի մասին ՀՀ գործող օրենքում գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը, որոնց շրջանակը սահմանված է նույն օրենքում, կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո: Գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր են նաև Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները: Գործող կարգի համաձայն՝ ստացվում էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է չգրանցել վերոնշյալ մարմինների նորմատիվ իրավական ակտերը, ինչի արդյունքում դրանք չեն հրապարակվի և ուժի մեջ չեն մտնի: Նոր Սահմանադրության լույսի ներքո հիշյալ մարմինները անկախ մարմիններ են և տրամաբանական չէր լինի, եթե գործող կարգը պահպանվեր:

Այսպիսով՝ նախագծում արտացոլված կարգավորումը միտված է ապահովելու Սահմանադրությամբ սահմանված մարմինների և ինքնավար մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը: Արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտերի պետական գրանցման գործառույթը նախագծում չի պահպանվել:

Առավել ընդգծելի է այն, որ նախագծում տրված իրավակարգավորումների արդյունքում կբարձրանա հանրապետությունում մշակվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը: Մասնավորապես, հանրային քննարկման իրավակարգավորումը ամբողջովին սահմանվել է օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում արտահայտված դիտարկումների հիման վրա՝ որպես հայեցակարգային փոփոխության երկրորդ ուղղություն: Նախագծով սահմանվել է, որ բոլոր օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են պարտադիր հանրային քննարկման: Միաժամանակ, այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ: Պարտադիր հանրային քննարկման ենթակա՝ հանրային քննարկում չանցած նախագծերը նորմատիվ իրավական ակտը ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կողմից վերադարձվում են այն ներկայացնող մարմնին: Այսպիսի իրավակարգավորումը կապահովի հասարակության ներգրավվածությունը, իրազեկվածությունը, բաց դաշտ կստեղծի հանրության առաջարկությունների և դիտարկումների ստացման համար և առավել թափանցիկ կդարձնի նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացը: Նախագծի նորամուծություններից է նաև այն, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, դրանց բացատրագրերը և կարգավորման ազդեցության եզրակացությունը հանրային քննարկման պետք է դրվեն նորմատիվ իրավական ակտերի միասնական կենտրոնացված ինտերնետային կայքում հրապարակվելու միջոցով, իսկ հանրային քննարկման արդյունքները  պետք է արտացոլվեն ամփոփաթերթում:

Օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում արտահայտված հաջորդ հիմնարար ուղղությունը՝ նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման իրականացման գործընթացի կարգավորումն է: Հիմք ընդունելով զեկույցում արտահայտված դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրված միջազգային փորձը՝ նախագծում սահմանվել է իրավական մշտադիտարկման իրականացման կարգը, այն իրականացնող մարմինները, արդյունքների արտացոլման ձևաչափերը: Միևնույն ժամանակ՝ սահմանվել է, որ իրավական մշտադիտարկման պարտադիր ենթարկվում են նորմատիվ իրավական ակտերը, իսկ իրավական մշտադիտարկման չեն ենթարկվում՝ Սահմանադրությունը, դրանում կատարվող փոփոխությունները:

Նախագծով տրված նոր իրավակարգավորումներից են նաև օրենքի և իրավունքի անալոգիայի հասկացությունների սահմանումը և դրանց կիրառման շրջանակը: Մասնավորապես, նախագծով տրվել է օրենքի և իրավունքի անալոգիայի հասկացությունը հետևյալ կարգավորումներով: Այսպես, եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա): Օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմի բացակայության և օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքները կամ իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքները (իրավունքի անալոգիա): Բացի այդ, օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:

Նախագծում նախատեսվել են իրավական ակտերի մեկնաբանման և պարզաբանման ինստիտուտների վերաբերյալ դրույթներ: Միաժամանակ մեկնաբանման կանոնները բավականին ընդլայնվել են՝ հաշվի առնելով մեկնաբանման տեսական մոտեցումները և իրավակիրառ պրակտիկան:

Նախագծով լրամշակվել են նաև գործող օրենսդրական տեխնիկայի դրույթները՝ առկա բացերն ու թերի կարգավորումները վերացնելու նպատակով, տրվել է նորմատիվ իրավական ակտերի համակարգի և աստիճանակարգության նոր կարգավորումներ, աստիճանակարգության համատեքստում հակասությունների լուծման նոր կանոններ: Հարկ է ընդգծել, որ օրենքի նախագծով սահմանվել է նաև իրավական կոլիզիաների լուծման կառուցակարգերը:

Նախագծում տեղ են գտել նաև անհետաձգելի համարվող օրենքների վերաբերյալ կարգավորումները: Ընթացակարգային առումով դրանք չեն անցնում ԿԱԳ-ի և հանրային քննարկումների փուլերը: Օրենքներն ՀՀ Սահմանադրության համաձայն անհետաձգելի են համարվելու կառավարության որոշմամբ: Այդպիսիք կարող են լինել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ խնդիրների լուծման նպատակով ընդունվող նորմատիվ իրավական ակտերը:

Նախագծով սահմանվել են նաև նորմատիվ իրավական ակտերի ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման և գործողության դադարեցման նոր իրավական լուծումներ ևս:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ 1

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ  ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունն առկա է՝ նախագծի անցումային և եզրափակիչ դրույթներին համապատասխան:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի մասով ազդեցություն չի ունենա:

 

 

  • Обсуждалось

    13.07.2017 - 30.07.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11550

Принт