1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը
Պետական անվտանգության ապահովման բնագավառում, որում ներառվում է
նաև քաղաքացիական պաշտպանությունը, բնութագրական է դառնում ինտեգրված կառավարման սկզբունքների կիրառման գործընթացը: Վերջին տարիներին քաղաքացիական պաշտպանության ոլորտում կատարվել են հայեցակարգային բնույթի փոփոխություններ, որոնցից են` խնդիրների և գործընթացների ընդլայնումը, ինչպես նաև ուժերի և միջոցների կիրառումը պատերազմի հետևանքների վերացման համար, ներառյալ տեխնոլոգիական ահաբեկչության հետևանքների վերացումը:
Քաղաքացիական պաշտպանության արդյունավետությունը մեծանում է նրա միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործընթացներում քաղաքացիական հասարակության բոլոր շերտերի և բոլոր մարմինների մասնակցության շնորհիվ:
Ելնելով քաղաքացիական պաշտպանության զարգացման միջազգային փորձի վերլուծությունից և նպատակ ունենալով քաղաքացիական պաշտպանությունը աստիճանաբար դարձնել ավելի օպերատիվ, ունակ գործելու ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում անհրաժեշտ է իրականացնել բնագավառը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում:
Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը որպես ռազմական անվտանգության ներքին սպառնալիք սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում և սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքները կամ դրանց առաջացումը, ինչպես նաև պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության և տնտեսության կայունության ոչ լիարժեք ապահովումը»:
Նշված իրավական ակտերի կատարման ապահովման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի» 1-ին կետը մշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
2002 թվականին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սպառիչ և լիովին չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք կապահովեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը:
Երկրում ներկայումս իրականացվում են պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, որոնք առաջացնում են նաև քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական կառավարման մարմինների իրավասությունների հստակեցման անհրաժեշտություն` ելնելով միասնական գործունեության ապահովման իրականացման անհրաժեշտությունից:
Տնտեսական փոփոխված պայմանները պահանջում են պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորման մեխանիզմների հետագա կատարելագործում, քաղաքացիական պաշտպանության հիմքերի և քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրավասությունների հստակեցում, կառավարման մարմինների միջև քաղաքացիական պաշտպանության պարտավորությունների սահմանազատում:
Քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք ռազմական դրության ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստներն և վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ կազմակերպությունները:
Քաղաքացիական պաշտպանության համակարգը, որպես երկրի ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների և ահաբեկչությունների ընթացքում օպերատիվ գործողությունների կատարմանը, մասնակցելու արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը: Նշված հանգամանքների առկայությունը առաջացնում է անհրաժեշտություն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Քանի որ նշված օրենքում առաջարկվող փոփոխությունները կարգավորում են պարտադիր ճանաչման, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ և վարքագծի կանոններ ընդգրկող իրավահարաբերություններ, անհրաժեշտ է այն կարգավորել օրենքով:
Մշակված նախագծում ավելացվել են դրույթներ քաղաքացիական պաշտպանության խնդիրների վերաբերյալ, հստակեցվել են քաղաքացիական պաշտպանության ղեկավարման, ՀՀ կառավարության, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրավասությունների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորմանը վերաբերվող հարաբերությունները:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ավելացվել է նոր գլուխ. «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները» վերնագրով, որը նպատակ ունի կարգավորելու պաշտպանական կառույցների համակարգի, ֆոնդերի կուտակման, ապահովման, պահպանության ֆինանսավորման հետ կապված նախկինում օրենքով չկարգավորված իրավահարաբերությունները:
Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`
1) բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,
2) պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման
հարաբերությունները,
3) պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման
մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,
4) քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության
ապահովումը,
5) քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և
ֆինանսավորումը:
4․ «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտ է ընդունել հետևյալ իրավական ակտերը՝
«տարածքների և կազմակերպությունների դասակարգումը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից հաստատելու մասին», «քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, մասնագիտացված փրկարար ուժերի, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը հաստատելու մասին», «բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին», «տարահանված բնակչության կենսապահովման կարգը և չափաքանակները հաստատելու մասին», «պահեստային կառավարման կետերի բացազատման վայրերը, դրանց ներկայացվող պահանջները և աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին», «քաղաքացիական պաշտպանության պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին», «քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը հաստատելու մասին», «պետական, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը հաստատելու մասին», «քաղաքացիական պաշտպանության կառույցների հաշվառման, պահպանության վիճակի մոնիթորինգի կարգը հաստատելու մասին» «քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը քաղաքացիների մասնակցության և փոխհատուցման կարգը հաստատելու մասին», «քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը պետական սեփականություն չհամարվող տրանսպորտային միջոցների, տեխնիկայի, գույքի, շինության և այլ արժեքների ներգրավման, օգտագործման, հետագա համարժեք փոխհատուցման կարգը հաստատելու մասին», «փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործման կարգը հաստատելու մասին», «քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտի հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը հաստատելու մասին», «ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը հաստատելու մասին», «քաղաքացիական պաշտպանության համակարգի մարմինների և բնակչության ազդարարման և իրազեկման կարգը հաստատելու մասին», «բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին», «անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովման կարգը հաստատելու մասին», «ապաստարանների ցանկը հաստատելու մասին», «քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների շինարարության, վերանորոգման և պահպանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումները:
5․«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
|