Այլ դիտարկումներ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) առկա են Կառավարության գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության տեսանկյունից խիստ խնդրահարույց դրույթներ, որոնք հարկ ենք համարում ներկայացնել սույն Նախագծի շրջանակներում դրանք վերանայելու նպատակով, թեև նշված խնդիրները անմիջականորեն կապված չեն Նախագծով սահմանված կարգավորումների հետ:
1. Այսպես, Օրենքի 10-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ Կառավարության նիստերը դռնբաց են, բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։ Թեև Օրենքով, որպես ընդհանուր կանոն, սահմանված է Կառավարության նիստերի դռնբացության սկզբունքը, սակայն նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ վարչապետի որոշման կայացման համար որևէ չափանիշ նախատեսված չէ: Որոշմանն առաջադրվում է միայն պատճառաբանվածության պահանջ, մինչդեռ որոշման ընդունման հիմքերի մասով որևէ սահմանափակում առկա չէ:
Ամենևին չբացառելով ազգային անվտանգության կամ այլ իրավաչափ հիմքերով դռնփակ նիստ անցկացնելու անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է Օրենքով նախատեսել հստակ չափանիշներ և/կամ հիմքեր, որոնք կսահմանափակեն Կառավարության նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու որոշում ընդունելու հայեցողական լիազորությունը: Տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող միջազգային չափանիշները ընդգրկում են նաև հանրության իրավունքը տեղեկանալու թե ինչ գործունեություն է Կառավարությունն իրականացնում իր անունից, և մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին: Այս չափանիշներից է բխում ներպետական օրենսդրությամբ սահմանման ենթակա այն կանխավարկածը, ըստ որի, բոլոր կառավարման մարմինների նիստերը պետք է բաց լինեն հանրության համար, կայացվելիք որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է նախօրոք մատչելի դարձվի, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա տեղեկացված կերպով ներգրավվելու գործընթացներին ( Սկզբունք 7, Բաց քննարկումներ, https://www.article19.org/wp-content/uploads/2018/12/Opening_up_Russia_RTI_report_10.12.pdf, UN principles on Freedom Information /2000/) : Մինչդեռ նշված կարգավորումը հակասության մեջ է մտնում թե վերոգրյալ սկզբունքի և թե «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների հետ, որոնք ենթադրում են հանրային կառավարման համակարգի առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում:
2. Հաջորդ խնդրահարույց դրույթը վերաբերում է Օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասին, որի համաձայն՝ եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու համար առաջարկվող որևէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա օրակարգի նախագիծը Կառավարության անդամներին ուղարկելիս նշվում է այդ մասին: Տվյալ հարցը Կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման և զեկուցման, եթե Կառավարության անդամներից որևէ մեկը Կառավարության նիստում դրան չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով:
Կառավարության նիստերի օրակարգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս գործիքը օգտագործվում է չափազանց հաճախ, միայն վերջին երեք Կառավարության նիստերի (27.01.2021, 21.01.2021, 14.01.2021) օրակարգ ընդգրկված 102 հարցերից 92-ը եղել է չզեկուցվող: Նշված հարցերը փաթեթով առանց քննարկման դրվում են քվեարկության: Թեև մի շարք դեպքերում արդարացված կարող է լինել այս ընթացակարգով հարցերի քվեարկությունը՝ օրակարգում ընդգրկված հարցերի չափազանց տեխնիկական բնույթի և ժամանակի խնայողության նկատառումներով, սակայն օրակարգում ընդգրկված հարցերը չզեկուցվող հարցերի շարքին դասելու համար որևէ չափանիշի սահմանաված չլինելու հանգամանքը խնդրահարույց է այնքանով, որքանով ենթադրում է անսահմանափակ հայեցողության հնարավորություն, ինչով էլ չի համապատասխանում հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության պահանջներին: Հետևաբար, գտնում ենք, որ Օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասում պետք է սահմանվեն Կառավարության նիստի ընթացքում որևէ հարցի քննարկման/զեկուցման/ անհրաժեշտության բացակայությունը գնահատելու համար անհրաժեշտ չափանիշներ:
3. Հաջորդ խնդիրը վերաբերում է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն՝ 2. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտությունը չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն: Կառավարության որոշումն ընդունվում է Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կամ կողմ, կամ դեմ, կամ ներկայացնել առաջարկություն հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու վերաբերյալ: Վարչապետին նման առաջարկություն ներկայացվելու դեպքում սույն մասում նշված Կառավարության որոշումը համարվում է չընդունված, և հարցը քննարկվում է Կառավարության նիստում՝ ընդհանուր կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 08.06.2018թ. թիվ 667-Լ որոշման համաձայն՝ գրավոր քվեարկության վերաբերյալ կառավարության անդամներն իրենց դիրքորոշումը ներկայացնում են հանձնարարությամբ նշված ժամկետում, որը, որպես կանոն, չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը՝ կցելով նաև նույն աշխատակարգի ձևով նախատեսված քվեաթերթիկը՝ քվեարկված և ստորագրված: Կառավարության անդամների մեծամասնության կողմից գրավոր քվեարկությանը կողմ քվեարկելու դեպքում և հարցի քննարկումը կառավարության նիստում անցկացնելու վերաբերյալ առաջարկություն չլինելու դեպքում վարչապետի աշխատակազմը խմբագրում է նախագիծը՝ աշխատակարգով նախատեսված ժամկետում, և այն վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացվում է վարչապետին՝ ստորագրման: Գրավոր քվեարկության ներկայացված հարցը հրապարակվում է կառավարության պաշտոնական կայքում՝ վարչապետի աշխատակազմի կողմից քվեարկության դրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Գտնում ենք, որ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը չի համապատասխանում Կառավարության գործունեության հրապարականության, հաշվետվողականության, ինչպես նաև գործունեության կազմակերպման առանցքային սկզբունքներին, այն չի բխում նաև «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած՝ քաղաքացիների համար ավելի թափանցիկ և հաշվետվողական դառնալու հանձնառությունից: Այսպես, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալ, նիստերի միջոցով: Մինչդեռ, սույն դեպքում հիմնվելով բացառապես Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտության կարիքի՝ որևէ չափանիշով չպայմանավորված գնահատման հիման վրա, Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը հնարավորություն է տալիս ցանկացած հարցի վերաբերյալ (բացառությամբ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում ընդունվող որոշումների) որոշում կայացնել առանց հարցը/նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու, կառավարության նիստից դուրս՝ գրավոր էլեկտրոնային քվեարկության միջոցով: Նշված իրավակարգավորման շրջանակներում խնդրահարույց է դառնում նաև գրավոր քվեարկության ներկայացված հարցի/նախագծի հրապարակման ժամկետը, հաշվի առնելով այն, որ հարցը կառավարության պաշտոնական կայքում հրապարակվում է վարչապետի աշխատակազմի կողմից քվեարկության դրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն նշված ժամկետում հարցի վերաբերյալ արդեն իսկ կարող է որոշում կայացված լինել (նախնական հրապարակման կարգի բացակայություն):