«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1500-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1500-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1500-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայամանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) միջոցառումների ծրագրի 1-ին կետով 2021 թվականի համար սահմանված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) լիազորությունների շրջանակի ընդլայնման հանգամանքով:
Ընթացիկ վիճակը և առկա խնդիրները.
- ՀՀ Կառավարության 10 սեպտեմբերի 2020 թվականի N 1500 - Ա որոշման համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ գործող խմբագրությամբ լիազորությունների արդյունավետ իրականացման համար սահմանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 40 անձից բաղկացած անձնակազմ, որից մասնագիտական գործառութային պարտավորությունների իրականացման համար վեց վարչությունների միջև բաշխվել են 21 հաստիքներ։ Այսինքն՝ օրենքից բխող մասնագիտական գործառույթների համար հանձնաժողովը տնօրինում է 21 հաստիքներ, ինչն անհամարժեք է Հանձնաժողովի վեց վարչությունների աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու համար։
Անձնակազմի քառասուն հաստիքից նվազեցվել են աջակցող գործառույթ իրականացնող մի շարք հաստիքներ, մասնավորապես՝ Հանձնաժողովի հինգ անդամ, Հանձնաժողովի նախագահի և անդամների 6 օգնական, որոնցից մեկը մամուլի գծով պատասխանատու, գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի օգնական, սպասարկող անձնակազմի վեց հաստիք, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ, փաստաթղթաշրջանառության մասնագետ և այլն։
Հաստիքացուցակի նման սահմանափակումների հետևանքով աշխատանքների արդյունավետության վրա ազդող հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար Հանձնաժողովը միջազգային դոնորների հետ համաձայնեցված և պարզեցված ընթացակարգերի գործադրմամբ լրացրել է անձնակազմի բացը դոնորների ֆինանսական միջոցներով ներգրավված փորձագիտական ներուժի միջոցով։ Մասնավորապես՝ 2020 թվականի ընթացքում միջազգային դոնորների օժանդակությամբ Հանձնաժողովը վարձել է 21 փորձագետներ (ԵԽ երկու միջազգային և երկու տեղական փորձագետներ, ԵՄ երկու միջազգային փորձագետներ, ԱՄՆ ՄԶԳ վեց միջազգային և 9 տեղական փորձագետներ)։ Նման աշխատանքները, սակայն, 2021 թվականին նույն ծավալով շարունակել այլևս հնարավոր չի լինի, և անհրաժեշտ է, որ Հանձնաժողովի հաստիքացուցակը համալրվի օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան իրավակարգավորումներում փոփոխություններ իրականացնելու միջոցով։
- Հանձնաժողովի համար աշխատողների առավելագույն թիվը՝ 40-ը, սահմանվել է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ՝ մինչև Հանձնաժողովի ձևավորումը։ Մինչդեռ, Հանձնաժողովի ձևավորումից հետո գործունեության սահմանված ծավալն ընդլայնվել է, մասնավորապես՝ 2020 թվականի փետրվարին, իսկ այնուհետև մարտի 25-ին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում իրականացվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ ներառելով դատավորի օգնականներին, բոլոր համայնքների ղեկավարներին, նրանց տեղակալներին, իսկ Ազգային ժողովի կողմից սույն թվականի սեպտեմբերի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առհասարակ նախատեսվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել նաև 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանիների համար։ Բացի այդ, սահմանվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պաշտոնի նշանակման ենթակա անձանց/թեկնածուների բարեվարքության ստուգման լիազորությունը, ինչպես նաև Հանձնաժողովը պարտավորվել է իրականացնել գործող դատավորների գույքային ստուգում։
Վերոնշյալ նախագծով նաև սահմանվել է ծախսերի հայտարարագրման պարտականություն։ Բացի այդ, 2020 թվականի դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագիր։
Հանձնաժողովի գործունեության քանակական և որակական ծավալները գրեթե երեք անգամ ընդլայնվել են։ Աշխատանքի ծավալի նման ընդլայնվածության հետևանքով Հանձնաժողովի ֆինանսական ռեսուրսների և աշխատակազմի հաստիքների քանակի կարիքները 2021 թվականի համար ևս համամասնորեն աճել են։
Նման աշխատանքների ծավալն անխուսափելիորեն ենթադրում է նաև Հանձնաժողովի համապատասխան ռեսուրսների ավելացում։
Հանձնաժողովի աշխատանքների ծավալի ընդլայնմանը զուգահեռ աշխատակազմի հաստիքների ավելացումը նախատեսված է նաև Հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի 1-ին կետի համաձայն՝ 2021 թվականին Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքների թիվը պետք է ավելանա: Ընդ որում, հաստիքների ավելացումը իրականացվելու է Հանձնաժողովի լիազորությունների ընդլայնմանը համահունչ՝ ապահովելով վերջինիս արդյունավետ գործունեությունը:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Սույն Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար արդյունավետ կերպով իրականացնելու օրենքով ստանձնած պարտավորությունները՝ հաշվի առնելով այն, որ Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ծավալն էականորեն ավելանում է։
Նախագծերի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։
Ակնկալվող արդյունքը.
Սույն նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համալրել համապատասխան որակավորմամբ մասնագետներով և ապահովել Հանձնաժողովի լիազորությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ թվաքանակով մասնագետներ։
-
Обсуждалось
25.12.2020 - 11.01.2021
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Борьба с коррупцией, Публичная служба, Гражданская служба
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6673
Принт