Добавить в избранное

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 1-ին հավելվածի 367.1-րդ և ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ հավելվածի 1.3-րդ կետի միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

1.2. Ընթացիկ իրավիճակը

Հայաստանի Հանրապետությունում առկա շենքերի ու շինությունների մեծ մասի շահագործման սահմանված նորմատիվային ժամկետները լրացել են և դրանց պահպանման և անվտանգ շահագործման համար բավարար ծավալով միջոցառումներ (վերականգնում, սեյսմազինվածության բարձրացում, ուժեղացում) միջոցառումներ չեն իրականացվել: Արդյունքում, ֆիզիկական մաշվածության, տեխնածին ու արտածին գործոնների ազդեցության հետևանքով՝ շենքերի ու շինությունների զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում:

Առկա են բազմաթիվ շենքեր, որոնց ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների (ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերի վնասվածքներ, տանիքի անբավարար տեխնիկական վիճակ, սալվածքի քայքայվածություն և այլն) ոչ ժամանակին վերացումը կամ բնակիչների կողմից կրող կոնստրուկցիաների ձևափոխության և ամբողջականության խախտման (բացվածքների իրականացում, կառուցվածքային կրող տարրերի կոնստրուկտիվ ձևափոխություններ և այլն) անթույլատրելի միջամտությունները շենքերի սեյսմակայունության մակարդակի նվազեցման պատճառ են դարձել՝ հանգեցնելով անբավարար տեխնիկական վիճակի, իսկ հետագայում՝ հնարավոր վթարների առաջացման:

Նման շենքերը սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չեն և դրանց հետագա շահագործումը վտանգավոր է բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի համար:

Շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման գործառույթների լիարժեք իրականացման որակի ու արդյունավետության ապահովումը պայմանավորված է շենքերի նախագծային լուծումների, շինարարության կատարողական փաստաթղթերի, ինչպես նաև շենքերի սեյսմակայունության, էներգախնայողության, փաստացի տեխնիկական վիճակի, մոնիթորինգային դիտարկումների, վերականգնման և նորոգման աշխատանքների վերաբերյալ տվյալների առկայությամբ: Մինչդեռ, շատ դեպքերում, նշված տեխնիկական փաստաթղթերը պահպանված չեն, շենքերը չունեն անձնագրեր, որի համար դրանց կառավարումն, պահպանումն և շահագործումն իրականացնող մարմինները, սեփականատերերը չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական տվյալների:

ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի <Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին> N 39 արձանագրային որոշմամբ նախատեսվել էր դեռ 2018 թվականին ավարտել տարբեր նշանակության շենքերի և շինությունների գույքագրումը:

    Կարևորելով շենք-շինությունների անձնագրավորման գործընթացի դերը և ակնկալվող դրական ազդեցության շրջանակները՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ <Հասարակական և բազմաբնակարան շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի և շենքերի տեղեկատվական համակարգի ներդրման համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանք> Ծրագրի  շրջանակներում 2019թվականին մշակվել են բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրերի օրինակելի ձևերը և դրանց կառուցվածքը, անձնագրերի լրացման ուղեցույցները:

 Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են շենքերի անձնագրերի 2 ձևեր՝ տեխնիկական և էներգետիկ : Տեխնիկական անձնագրի կազմման մասով առկա է ՀՀ քաղաքաշինության  նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի <Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998թվականի նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N282-Ն հրամանը, որով սահմանվել են խորհրդատվական բնույթ կրող ցուցումներ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի  անձնագրավորման վերաբերյալ: Կարևոր է համարվում նաև շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարձրացման խնդիրը, էներգետիկ անձնագրեր կազմելու պարտադիր պահանջների առկայությունը, որոնք սահմանված են ՀՍՏ 362-2013 <Էներգախնայողություն.Շենքի էներգետիկ անձնագիր.Հիմնական դրույթներ.Տիպային ձև> ազգային ստանդարտով, որի համաձայն շենքի էներգետիկ անձնագիրը պետք է ներառի շենքի ջերմատեխնիկական, հաշվարկային և շահագործման ցուցանիշներ, արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմապաշտպանիչ հատկություններին և այլ ցուցանիշներին համապատասխանության, շենքի էներգաարդյունավետության դասի, էներգետիկ աուդիտի  վերաբերյալ պահանջներ և այլն:

    Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործնականում կիրառվում են  շենքերի և շինությունների անձնագրերի տարբեր ձևեր՝ տեխնիկական, էներգետիկ, սանիտարական, բնապահպանական, հրդեհային անվտանգության և այլն, որոնցում ներառված են ինչպես շենքը բնութագրող ընդհանուր տվյալներ (օրինակ՝ շենքի կառուցման տարեթիվը, հարկայնությունը, բնակարանների և մուտքերի թիվը, կոնստրուկտիվ լուծումները և այլն) , այնպես էլ ֆունկցիոնալ (գործառական) նշանակությունը բնորոշող տվյալներ: Հետխորհրդային (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Բելառուս և այլն) և Եվրամիության (Գերմանիա, Ֆրասիա, Բելգիա և այլն) երկրներում տարբեր տեսակի անձնագրերում շենքերի ընդհանուր տվյալների կրկնողություններից խուսափելու համար մշակվում են միասնական անձնագրեր, որոնք ունենում են համապատասխան ներդիրներ (օրինակ՝ տեխնիկական վիճակի, էներգետիկ ցուցանիշների, կառավարման գործունեությանը վերաբերվող և այլն):   Նման մոտեցումը նպատակահարմար է համարվում և կիրառելի Հայաստանի Հանրապետության պայմաններում:

 

1.3. Անձնագրավորման խնդիրները

        Հայաստանում շենքերի անձնագրավորման գործընթացի արդյունավետությանը խոչընդոտող հանգամանքներից մեկը հստակ իրավակարգավորումների բացակայությունն է, ինչի արդյունքում հնարավոր չէ ապահովել շենք-շինությունների շահագործման և պատշաճ պահպանման նպատակով  առաջնային տեղեկատվության տրամադրումը, միասնական տեղեկատվական բազաների հասանելիությունը, սահմանել  պատասխանատուների իրավունքներն ու պարտավորությունները: Ներկայումս, բնակելի (այդ թվում անհատական բնակելի տների), հասարակական և արտադրական նշանակության շենքերի անձնագրավորումը իմպերատիվ պահանջ չէ և չկա սահմանված պատասխանատվություն այն չիրականացնելու համար: Ակնհայտ է, որ շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և իրականացումը կպահանջի համապատասխան ռեսուրսներ, որոնց գնահատումը հնարավոր է ապահովել առանձին խորքային ուսումնասիրությամբ և համապատասխան հաշվարկների իրականացմամբ:  

             Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության որևէ իրավական ակտ չի սահմանում.

1) ֆինանսավորման աղբյուրներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրապես ապահովել շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն ու անձնագրավորումը,

2) բազմաբնակարան շենքերում յուրաքանչյուր սեփականատիրոջն իրավաբանորեն վերապահված պարտավորություններ՝ ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ:

              Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրի լուծման համար նախանշվում է կատարման ենթակա առաջնահերթ միջոցառումների տեսլականը` ըստ հաջորդական գործընթացների.

1) հնարավոր սեղմ ժամկետում անձնագրավորման գործընթացի մեկնարկը՝ համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունման (լրամշակման) և պարտադիր պահանջների սահմանման միջոցով,

2) անձնագրի միասնական ձևաչափի կիրառումը՝ համապատասխանաբար բնակելի, հասարակական և արտադրական շենքերի համար,

3) <Բազմաբնակարան շենքի պահպանման և շահագործման նոր կանոնների> մշակման ու հաստատման ապահովումը, սահմանելով պարտադիր պահանջներ տեղական ինքնակառավարման և բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների և/կամ սեփականատերերի նկատմամբ,

4) օրենսդրորեն տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում համայնքների ղեկավարներին, շենքերի և շինությունների սեփականատերերին պարտավորեցումը գույքագրման-անձնագրավորման (գույքագրումն ապահովելու) գործընթացը կազմակերպելու՝ տեխնիկական անձնագրի միասնական օրինակելի ձևերին (հավելված 2, հավելված 3) և պահանջներին համապատասխան,

5) անձնագրավորման գործընթացի մոնիթորինգի համակարգի ներդնումը, որը կներառի տվյալների հավաքագրման, այլ տվյալների հետ համադրման, հստակեցման և ռեգիստրում ըստ սահմանված պահանջների գրանցման ընթացակարգերը:

     

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Սպառողների  իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն  արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» պարբերության համաձայն՝ շենքերի, շինությունների շահագործումն իրականացվում է իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, այդ նպատակով շենքերի անձնագրավորման վերաբերյալ պահանջներ սահմանված են ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի 4.4-րդ և 11.3.4-րդ կետերով, որոնց համաձայն նոր կառուցված, վերականգնված ու ուժեղացված օբյեկտների համար պետք է կազմվեն անձնագրեր:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի (ժզ) պարբերության համաձայն՝ շենքի կառավարման մարմինը  ապահովում է շենքի անձնագրավորման իրականացումը:

Օրենսդրությամբ նախատեսված շենքերի անձնագրավորման վերաբերյալ պահանջների ապահովման նպատակով՝ որոշման նախագծով նախատեսվում է սահմանել նոր կառուցվող և շահագործվող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացի և անձնագրերի կառուցվածքի վերաբերյալ պահանջներ:

 Շենքերի և շինությունների անձնագրավորումը կարող է պատվիրվել պատվիրատու հանդիսացող  պետական կառավարման , ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների,  առանձին բնակարանների սեփականատերերի, անհատական բնակելի , հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների սեփականատերերի, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից:

Նախագծին կից ներկայացվում են <Քաղաքաշինության մասին>,  <Պետական գույքի կառավարման մասին> և <Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին> ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Նախագծերի փաթեթը, որի շրջանակներում նախատեսվել են պարտադիր պահանջներ շենքերի անձնագրավորման գործընթացի կազմակերպման,  անձնագրերի կազմման  վերաբերյալ:

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է, որ մեկ միասնական փաթեթի շրջանակներում առաջիկայում (երկամսյա ժամկետում) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից քննարկման կներկայացվեն նաև բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի անձնագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև դրանց լրացման ուղեցույցը, նախատեսվել են կարգավորումներ անձնագրավորման գործընթացի իրականացման առաջնահերթությունների մասով, սահմանվել են համապատասխան ժամկետներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել նոր կառուցվող և գոյություն ունեցող տար­բեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացը, որի արդյունքում կապահովվի շենքերի ու շինությունների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ տվյալներ պարունակող անձնագրեր:

 

  • Обсуждалось

    23.12.2020 - 07.01.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6296

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

07.01.2021

3. նախագծի կարգի 35-րդ կետով նախատեսվում է. <<Սույն կարգի 34-րդ կետի համաձայն հավաքագրված անձնագրային տվյալների ամփոփումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն՝ անձնագրավորման տվյալների շտեմարանի շրջանակներում:>> Սակայն որևիցե տեղեկատվություն չի ներկայացվում նշված շտեմարանի ստեղծման և գործարկման հետ կապված անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ժամկետների վերաբերյալ:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

07.01.2021

5. Նախագծով նախատեսվում է անձնագրում տվյալները լրացվեն՝ նոր կառուցվող շենքերի և շինությունների դեպքում նախագծային կազմակերպության կողմից, իսկ գոյություն ունեցողների դեպքում՝ սեփականատերերը կամ նրանց հավասարեցվաց անձինք, այդ թվում համաձայն նախագծի կարգի 10-րդ կետի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Այս սկզբունքային դրույթների վերաբերյալ որևիցե հիմնավորում չի ներկայացվել: Առաջարկում ենք, որ 1. նոր կառուցվող շենքերի և շինությունների դեպքում անձնագրի տվյալները ներկայացնեն նախագծի ծավալաթերթի կազմման աշխատանքների շրջանակներում՝ նախագծային կազմակերպության կողմից՝ առանց լրացուցիչ վարձատրության, քանի որ անձնագրի լրացման համար անհրաժեշտ տվյալները ներկայացվում են նշված աշխատանքների ընթացքում: 2. գոյություն ունեցողների դեպքում անձնագրի տվյալները ներկայացնեն շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն իրականացրած համապատասխան լիցենզավորված կազմակեր-պության կողմից կազմված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հետ միասին՝ առանց լրացուցիչ վճարի , քանի որ այդ տվյալները նախատեսված է հավաքագրել նշված աշխատանքների ընթացքում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

07.01.2021

4. Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն <<շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն,>>, իսկ Կարգի 13-րդ կետի համաձայն Անձնագիրը ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե: Արդյո՞ք Կադաստրի կոմիտեն պատրաստ է նման ծավալի տեղեկատվություն մուտքագրելու իր տեղեկատվական շտեմարանում և, անհրաժեշտության դեպքում, տրամադրելու շահառուներին, և նման աշխատանքի համար պետական բյուջեից որքա՞ն միջոցներ են պահանջվելու:

Узнать больше