Добавить в избранное

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 50-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածից հետո լրացնել նոր 201 հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 201 Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային  հայտարարագրերի լրացումը

  1. Մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատման, ինչպես նաև մաքսային հայտարարագրման գործընթացում անձանց օժանդակելու նպատակով մաքսային մարմինները իրականացնում են մաքսային հայտարարագրերի լրացում հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները, փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.

«2. Կախված ապրանքների տեղափոխման առանձնահատկություններից և հանգամանքներից` հայտարարատուի դիմումի հիման վրա վերադաս մաքսային մարմնի կողմից կարող է սահմանվել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող ժամկետ, բայց ոչ ավելի, քան մաքսային մարմնի կողմից չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման օրվան հաջորդող 1 տարին:»:

Հոդված 5. Օրենքի 97-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ, 12-րդ և 13-րդ մասերով.

«11. Մաքսային մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում տրամադրելու համար գանձվում է 80000 դրամ մաքսավճար` յուրաքանչյուր որոշման համար:

  1. Մաքսային մարմինների կողմից սույն օրենքի 201-րդ հոդվածով նախատեսված դեպքում մաքսային հայտարարագրերի լրացման համար գանձվում է մաքսավճար հետևյալ դրույքաչափերով.

1) մինչև 500.000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում մաքսավճար չի գանձվում,

2) 500.000 դրամից մինչև 1.500.000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում՝ 25.000 դրամ,

3) 1.500.000 դրամից մինչև 5.000.000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում՝ 50.000 դրամ,

4) 5.000.000 դրամից մինչև 12.000.000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում՝ 75.000 դրամ,

5) 12.000.000 դրամ մաքսային արժեքը գերազանցող մաքսային արժեքով ապրանքների դեպքում՝ 100.000 դրամ:

  1. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային առաքանիներով առաքվող` Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով հայտարարագրվող առաքանիների հաշվառման համար գանձվում է մաքսավճար՝ յուրաքանչյուր առաքանու համար՝ 500 դրամ:»:

Հոդված 6. Օրենքի 100-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային ընթացակարգերի շրջանակներում, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, ինչպես նաև ժամանակավոր պահպանության համար մաքսավճարները պետք է վճարվեն մինչև ապրանքների բացթողման պահը:».

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսավճարները պետք է վճարվեն նշանակման վայրի մաքսային մարմիններին՝ մինչև մաքսային տարանցման ավարտը:»:

Հոդված 7.  Օրենքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1.) կետով.

«4.1.) Օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ժամանակավոր ներմուծելու համար, եթե նշված անձի կողմից նախկինում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը չի վերաարտահանվել:

Սույն կետի իմաստով որպես ֆիզիկական անձի անձնական օգտագործման տրանսպորտային միջոց է դիտվում նույն տեսակին պատկանող (ԱՏԳ ԱԱ նույն ծածկագրին դասվող) տրանսպորտային միջոցը:»:

Հոդված 8. Օրենքի 110-րդ հոդվածի 6-րդ մասի «և կնքված» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 121-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.

«6. Մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառման, մաքսային հսկողության ընտրողականության համակարգի, ինչպես նաև ընտրված մաքսային հսկողության մի ձևից մյուսին անցման մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 136-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «կնքվում կամ», «, կնքի» և «կնքելուց կամ» բառերը:

Հոդված 11. Օրենքի 140-րդ հոդվածի 2-րդ նախադասության մեջ «հինգ աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «հինգ օրվա» բառերով:

Հոդված 12. Օրենքի 167-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 1-ին պարբերությունից հանել «նախնական» բառը.
  • 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևը և ընդունման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:»:

Հոդված 13. Օրենքի 172-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ և 3-րդ մասերով՝ հետևյալ խմբագրությամբ.

«2. Պայմանագրի 4-րդ հավելվածում ընդգրկված՝ պայմանական բացթողնված ապրանքները Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ ձևակերպվում են «Արտահանում» մաքսային ընթացակարգով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքի կարգավիճակը, իսկ նշված ապրանքների հետագա ներմուծման դեպքում, Օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պայմանների պահպանման պարագայում, նշված ապրանքների համար նախկինում վճարված ներմուծման մաքսատուրքի գումարները ենթակա են նվազեցման ներմուծման մաքսատուրքի գծով առկա վերջնական պարտավորությունից:»:

Հոդված 14. Օրենքի 182-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման դեպքում Միության մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ ապրանքների բացթողման պայմանի պահպանվածությունը պարտադիր չէ՝ վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված դեպքերում:»:

Հոդված 15. Օրենքի 191-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմնի» բառերով:

 Հոդված 16. Օրենքի 193-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին պարբերության մեջ «մեկ » բառը փոխարինել «երեք» բառով.
  • 1-ին մասի 2-րդ պարբերության մեջ «ներմուծման օրվանից» բառերը փոխարինել «ապրանքները համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից» բառերով, իսկ «չգերազանցող ժամկետով» բառերից հետո լրացնել «դիմումի ներկայացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 195-րդ հոդվածի 4-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

Հոդված 18. Օրենքի 196-րդ հոդվածի՝

  • վերնագրում «անվավեր համարելը» բառերից հետո լրացնել «, թույլտվության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը» բառերը,
  • 5-րդ մասից հետո լրացնել նոր 6-րդ մաս հետևյալ խմբագրությամբ.

«6. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի կողմից:»:

Հոդված 19. Օրենքի 197-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 20. Օրենքի 198-րդ հոդվածի 2-րդ մասում «վերամշակման համար» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով» բառերը:

Հոդված 21. Օրենքի 199-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին պարբերության մեջ «մեկ » բառը փոխարինել «երկու» բառով.
  • 1-ին մասի 2-րդ պարբերության մեջ «արտահանման օրվանից» բառերը փոխարինել «ապրանքները համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից» բառերով, իսկ «չգերազանցող ժամկետով» բառերից հետո լրացնել «դիմումի ներկայացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 22. Օրենքի 202-րդ հոդվածի 4-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

Հոդված 23. Օրենքի 203-րդ հոդվածի՝

  • վերնագրում «անվավեր համարելը» բառերից հետո լրացնել «, թույլտվության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը» բառերը,
  • 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մաս հետևյալ խմբագրությամբ.

«6. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի կողմից:»:

Հոդված 24. Օրենքի 205-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.

«2. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվությունը տրամադրվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 25. Օրենքի 208-րդ հոդվածի՝

  • 1-ին և 2-րդ մասերում «վեց ամիսը» բառերը փոխարինել «մեկ տարին» բառերով,
  • 2-րդ մասում «վեց ամսից» բառերը փոխարինել «մեկ տարուց» բառերով, «ներմուծման օրվանից» բառերը փոխարինել «ապրանքները համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից» բառերով, իսկ «չգերազանցող ժամկետով» բառերից հետո լրացնել «դիմումի ներկայացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:

Հոդված 26. Օրենքի 210-րդ հոդվածի 4-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

Հոդված 27. Օրենքի 211-րդ հոդվածի՝

  • վերնագրում «անվավեր համարելը» բառերից հետո լրացնել «, թույլտվության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը» բառերը,
  • 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մաս հետևյալ խմբագրությամբ.

«5. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի կողմից:»:

Հոդված 28. Օրենքի 216-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին նախադասությունից հանել «ներմուծման օրվանից» բառերը.

2) 1-ին մասի 2-րդ նախադասության մեջ «ներմուծման օրվանից» բառերը փոխարինել «ապրանքները համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից» բառերով, իսկ «չգերազանցող ժամկետով» բառերից հետո լրացնել «՝ Միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով հայտարարագրում փոփոխություններ կատարելու միջոցով» բառերը.

3) լրացնել նոր 3-րդ մաս՝ հետևյալ խմբագրությամբ.

«3.Այն ապրանքների ժամանակավոր ներմուծման դեպքում, որոնց համար Միության հանձնաժողովի կողմից սահմանված են ժամանակավոր ներմուծման առավել կարճ կամ առավել երկար ժամկետներ, վերադաս մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված երկարաձգումը կատարվում է Միության հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում:»:

Հոդված 29. Օրենքի 220-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ապրանքների բաց թողնումը «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, որը սահմանվում է հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմնի կողմից՝ կախված ապրանքների արտահանման նպատակներից և հանգամանքներից: Ընդ որում, սկզբնապես խնդրարկված ժամկետը կարող է հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից՝ Միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով հայտարարագրում փոփոխություններ կատարելու միջոցով:».

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ առանձին տեսակի ապրանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ժամանակավոր արտահանման վերջնաժամկետներ:»:

Հոդված 30. Օրենքի 229-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.

«2. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն իրացվում են Օրենսգրքի 302-րդ հոդվածում նշված, ինչպես նաև Միության տարածք ժամանող ֆիզիկական անձանց:»:

Հոդված 31. Օրենքի 234-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասում «ցանկում ներառված ապրանքներից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված, Միության անդամ պետությունների տարածքում շրջանառության համար արգելված ապրանքներից» բառերը,
  • լրացնել նոր 4-րդ մաս հետևյալ խմբագրությամբ.

«4. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 32. Օրենքի 237-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Ապրանքների հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 33. Օրենքի 239-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումները վերաբերում են այն ապրանքներին, որոնք պարունակում են մտավոր սեփականության օբյեկտներ և իրավատիրոջ դիմումի հիման վրա ներառված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրներում:»:

Հոդված 34. Օրենքի 244-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 35. Օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.

«Եթե սույն մասի 3-րդ կետին համապատասխան, մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը, ապա  մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի և սույն մասի 1-ին կետով սահմանված մաքսային արժեքի դրական տարբերության նկատմամբ:»:

Հոդված 36. Օրենքի 250-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «իրենց» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններում հաշվառված» բառերով, իսկ «անձնական» բառից հետո լրացնել «օգտագործման» բառը.
  • 2-րդ մասում «Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասում նշված» բառերով.
  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածով նախատեսված ավտոմեքենաները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել բացառապես ավտոմեքենան ներմուծող անձի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, և պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետությունից մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը:»:

Հոդված 37. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    28.06.2017 - 14.07.2017

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 14049

Принт