Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 10.12.2020 17:51:16 | Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ գրավոր դատաքննություն անցկացնելու հնարավորությունը գործող վարչական դատավարության օրենսգրքով վերաբերում է միայն դատաքննության փուլին և իրականացվում է միայն դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում, մինչդեռ, օրենսգրքի 222.9-րդ հոդվածով սահմանված է գրավոր ընթացակարգի կիրառում` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթներով (բացառությամբ սահմանված որոշ սահմանափակ դեպքերի): Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթներով գրավոր ընթացակարգի կիրառումն ինքնին խիստ խնդրահարույց է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի տեսանկյունից` հաշվի առնելով քննության առարկա հարցերի բնույթը և համապատասխան փաստերը պարզելու նպատակով համարժեք գործողությունների կատարման անհրաժեշտությունը: Գտնում ենք, որ այս նախագծի շրջանակներում անհրաժեշտ է բացառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.9-րդ հոդվածով սահմանված գրավոր ընթացակարգի կիրառման հնարավորությունը` համապատասխան խմբի գործերով: | Չի ընդունվել: | Բերված օրինակը վերաբերում է հատուկ վարույթի, մինչդեռ Հիմնավորման մեջ նշված պնդումը վերաբերում է հայցային վարույթին: |
2 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 10.12.2020 17:59:47 | Գրավոր դատաքննության ընթացակարգը անմիջականորեն փոխկապակցված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «հրապարակային դատաքննության» իրավունքի հետ, որը ենթադրում է «բանավոր դատաքննության» իրավունք (Döry-ն ընդդեմ Շվեդիայի, § 37): Ըստ ՄԻԵԴ-ի` բանավոր և հրապարակային դատաքննության սկզբունքը կարևոր է հատկապես քրեական համատեքստում, որտեղ քրեական իրավախախտում /արձանագրենք, որ ըստ Դատարանի նախադեպային իրավունքի` քրեական իրավախախտում հասկացությունը հաճախ ներառում է վարչական իրավախախտումը/ կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է ընդհանուր առմամբ կարողանա ներկա գտնվել առաջին ատյանի դատարանում դատաքննությանը (Tierce-ը և այլք ընդդեմ Սան Մարինոյի, § 94, Jussila-ն ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ], § 40): Առանց ներկա գտնվելու դժվար է ենթադրել, թե ինչպես անձը կարող է իրականացնել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված հատուկ իրավունքները, այսինքն՝ իրավունքները՝ «պաշտպանելու իրեն անձամբ», «հարցաքննելու վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության» և «օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»: Միայն բացառիկ հանգամանքները կարող են արդարացնել բանավոր դատաքննության չիրականացումը (Hesse-Anger and Anger v. Germany (dec.): Ննան հանգամանքների բացառիկ բնույթը բխում է քննարկման ենթակա հարցերի բնույթից, օրինակ այն գործերով, երբ քննությունն առնչվում է բացառապես իրավական կամ չափազանց տեխնիկական հարցերին (Koottummel v. Austria, § 19), և ոչ նման հարցերի հաճախականությունից: (Miller v. Sweden, § 29; Mirovni Inštitut v. Slovenia, § 37) : Այս տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով խիստ խնդրահարույց ենք համարում նաև Նախագծով առաջարկվող` Վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող վարչական զանցանքների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգի կիրառումը` առանց որևէ վերապահում նախատեսելու, մասնավորապես, առանց որևէ կերպ փոխկապակցելու այն դատավարության մասնակցին, փորձագետին լսելու կամ վկաներին հարցաքննելու, զննում կատարելու, դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության գնահատման հետ: 117-րդ հոդվածի 1-ին մասով տրված ձևակերպման պայմաններում (որը չի նախատեսում օրենքով որևէ վերապահման սահմանման հնարավորություն)` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բացառությունները չեն կարող վերաբերելի համարվել նաև 1-ին մասին: | Ընդունվել է ի գիտություն: | Հարկ է նշել, որ Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը, թեև նախատեսում է գրավոր ընթացակարգի կիրառման պարտադիր դեպք, սակայն այն չի ենթադրում բանավոր ընթացակարգի անցնելու արգելք, եթե առկա են նույն հոդվածի 3-րդ մասում առկա հիմքերը: Այսպես, Գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝ 1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն. 2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց. 3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն. 4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով: Հետևաբար, անկախ նրանից, թե գրավոր ընթացակարգը կիրառվում է Նախագծի 117-րդ հոդվածի 1-ին, թե 2-րդ մասով նախատեսված հիմքերով, նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու պարագայում, դատարանը պարտավոր է անցում կատարել հայցային վարույթի: |
3 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 10.12.2020 18:12:56 | Նախագծով առաջարկվող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածով սահմանվում է, որ դատավարության մասնակիցների միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Այնուամենայնիվ, գտնում ենք, որ Նախագծով բավարար չափով կարգավորված չեն դատավարության մասնակիցների դատավարական իրավունքների իրականացման ընթացակարգերը և ժամկետները, ինչն իր հերթին վտանգում է գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածից բխող դատավարական երաշխիքների ապահովումը: Մասնավորապես, սահմանված չէ գործի քննության գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում դատավարության մասնակիցների կողմից ներկայացված ապացույցներին, վարչական վարույթի նյութերին ծանոթանալու ընթացակարգը և ժամկետները, ներկայացված առարկությունների կամ ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու կամ լրացուցիչ նյութեր ներկայացնելու հնարավորությունը և ժամկետները: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծով հստակ նախատեսված է տվյալ գործերի քննության ժամկետը և անձանց կողմից իրականացվող գործողությունների ժամկետը, ինչը նշանակում է, որ բոլոր այլ գործողությունները պետք է կատարվեն վարույթի համար նախատեսված ընդհանուր ժամկետի շրջանակներում: Ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա դրա նկատմամբ կիրառելի են ՎԴՕ ընդհանուր նորմերը, եթե այլ բան նախատեսված չէ այս գլխում: |
4 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 10.12.2020 18:28:11 | Նախագծով առաջարկվող` Վարչական դատավարության օրենսգրքի 142.1-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտերի վերանայման դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին: Գտնում ենք, որ որևէ պայմանով չսահմանափակված այս լիազորությունը ամրագրող դրույթը հակասության մեջ է գտնվում ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի պահանջների հետ: Ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով (Գանգատ թիվ 45081/04, ուժի մեջ է մտել 27.01.2010թ.) կայացված վճռից ուղղակիորեն բխում է վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու բացարձակ հայեցողական լիազորության անթույլատրելիությունը: Գործի փաստական հանգամանքներից ելնելով, ինչպես նաև դատավարության մասնակցին, վկային կամ փորձագետին լսելու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերաքննիչ դատարանի կողմից բանավոր ընթացակարգի չկիրառումը կարող է գնահատվել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում /հատկապես գրավոր ընթացակարգով գործի քննությունը իրականացնելու վարչական դատարանի որոշման անբողոքարկելիության պայմաններում/: Հետևաբար, գտնում ենք, որ նշված դրույթը ենթակա է վերանայման` Վերաքննիչ դատարանի բացարձակ հայեցողական լիազորությունը հստակ չափանիշներով սահմանափակելու նպատակով: | Չի ընդունվել: | Պետք է նկատի ունենալ, որ հայեցողությունը դրսևորվում է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ գրավոր ընթացակարգով քննվող գործերով վերանայման դեպքում, ընդ որում, հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վերանայման լայն սահմանները, գտնում ենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը չի կարող ունենալ հայեցողության բացարձակ սահմաններ, հետևաբար վկայակոչված ՄԻԵԴ նախադեպային որոշումը կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է բացարձակ հայեցողությանը: |