В стадии разработки
<<ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՆՎԱԾ ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
- Անհրաժեշտությունը
Բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) կատարված փոփոխություններից և լրացումներից։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Օրենսգրքում կատարվել է փոփոխություն կապված բերրի շերտի վաճառքի հետ՝ 36-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվել է, որ շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ: Օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է։
Հայաստանի տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման, ինչպես նաև վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման հարցն ուսումնասիրելու և համապատասխան կարգավորումների օրենսդրական փաթեթ մշակելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ քննարկել և վերլուծել է առկա վիճակը հանրապետությունում։
Հիմնականում հողի բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման տվյալները վերաբերվում են հանքարդյունաբերություն և շինարարություն կատարելու նպատակով հանված և տեղում պահետավորված հողի բերրի շերտին: Ընդերքօգտագործման արդյունքում հանված հողի բերրի շերտը օգտագործվում է ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի ռեկուլտիվացիայի նպատակով:
Քննարկումների, վերջին 3 տարիների կտրվածքով ներկայացված մարզերի, համայնքների վարչական տարածքներում կուտակված հողի բերրի շերտի, դրանց խախտումների, հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերի վերաբերյալ տվյալների վերլուծությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ.
- Ներկայումս ջերմոցներում, գյուղատնտեսական հողամասերի ցածր որակական հատկանիշներով հողերում և այլ հողերում օգտագործվում է հողի բերրի շերտ, ինչը քաղաքացիները ձեռք են բերում որոշակի գումարով (մոտավորապես 5000-10000 դր/մ³) անհատներից, համայնքներից:
- Տնտեսության մեջ հողի բերրի շերտը ներկայումս ունի պահանջարկ և դրա հետ կապված հարաբերությունները օրենսդրորեն կարգավորելը խթան կհանդիսանա տնտեսության զարգացման և պետական և համայնքային բյուջեները լրացուցիչ եկամուտներով ապահովելու համար:
- Շինարարական աշխատանքների կատարման արդյունքում հանված հողի բերրի շերտը կարող է մեծ ծավալներ կազմել, մասնավորապես՝ ճանապարհաշինության արդյունքում, հետագայում մնալով անօգտագործելի:
- Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման փորձեր են արձանագրվում, որոնք կասեցվում են մարզպետների կողմից։
Ներկայացվել են առաջարկություններ համապատասխան օրենսդրական կարգավորումների կատարելագործման՝ այդ թվում հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության հնարավորության վերաբերյալ.
- Հողի բերրի շերտի ձեռքբերման համար սահմանել պարզեցված ընթացակարգ։
- Կատարել համապատասխան օրենսդրական կարգավորումներ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին հողի բերրի շերտի (բուսահողի) վաճառքի թույլատրելիության իրավասության տրամադրումը նախատեսելու համար։
- Սահմանել այնպիսի կարգ, որը հնարավորություն կտա համայնքներին իրենց կողմից իրականացնել հողի բերրի շերտի վաճառքը, ինչից առաջացած գումարը կմուտքագրվի համայնքային բյուջե, ինչն էլ խթան կհանդիսանա համայնքների կողմից պատշաճ վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում օրենսդրության պահանջների առավել արդյունավետ կատարմանը։
- Հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության հետ կապված, առաջարկվում է համայնքներում, որտեղ առկա են նման հողեր, նախապես կատարվեն ուսումնասիրություններ, որոշվեն օգտագործման համար պիտանի հողի ծավալները, առանձնացվեն այդ տարածքները և ըստ հողի որակական հատկանիշների սահմանվեն վաճառքի գներ։
- Հողի բերրի շերտի հաշվառումը և հսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու համար սահմանել տեղեկատվության փոխանցման հստակ մեխանիզմներ` համայնքից մարզպետարան տեղեկատվությունը որոշակի ժամանակաշրջանում փոխանցելու (եռամսյակը մեկ) և ամփոփելու նպատակով:
- Հողի բերրի շերտը համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բնական բերրի հողի պահանջարկ, իսկ կարգավորումները բացակայում են։
- Իրականացնել օրենսդրական կարգավորումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի շինարարական աշխատանքներ կատարելու արդյունքում հանված հողի բերրի շերտի վաճառք իրականացնել և բուսահողը օգտագործել պակաս արդյունավետ հողերի բարելավման համար։
- Հողի բերրի շերտի նկատմամբ համայնքների ղեկավարների կողմից կատարվող վերահսկողությունը մեծացնել։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման և հողերի բերրիության բարձրացման ապահովմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
«Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր ուղղված հողի բերրի շերտի արդյունավետ օգտագործմանը, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի թույլատրելի վաճառքի համար։
Վերը նշված խնդիրը կարգավորելու համար, առաջարկվում է հաստատման ներկայացնել կարգ՝ հողի վաճառքի վերաբերյալ, ինչով կսահմանվի հողի բերրի շերտի վաճառքի թույլտվության ընթացակարգ, ինչպես նաև կնախատեսվի վաճառքի գումարները ուղղել պետական և համայնքային բյուջե։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել շինարարական աշխատանքների հետևանքով հանվող հողի բերրի շերտի նպատակային օգտագործումը՝ պակաս արդյունավետ հողերի բարելավման համար, ինպես նաև բուսահողի վաճառքի համար իրավական հիմքերի ստեղծումը՝ ինչն էլ կնվազեցնի հողի բերրի շերտի հանման, պահման, կուտակման և վաճառքի հետ կապված ապօրինի գործողությունները։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
-
Обсуждалось
25.09.2020 - 11.10.2020
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 5302
Принт