Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 20-04- «ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀՀՇՆ 20.04- «ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի վերանայման և «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզի փոփոխությամբ, ինչպես նաև գործող նորմերի պահանջները միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ արդիականացման, միջազգային և եվրոպական նորմերին ու ստանդարտներն ներդաշնակեցման անհրաժշտությամբ:

Գործող նորմերի վերանայումը նախատեսված է ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1426-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրի» 3.1 կետով («Շինարարության ոլորտում սեյսմակայուն շինարարության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերանայում»), ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N39 արձանագրւթյան 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ հավելվածի 1.2 կետի միջոցառումների շրջանակներում և ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 365.1 կետում:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերլուծության արդյունքների հիման վրա 1994 թվականին մշակվել են սեյսմակայուն շինարարության ազգային նորմեր՝ ՀՀՇՆ II-2.02-94, փոխարինելով նախկին ԽՍՀՄ СНИП II-7-81* նորմերին: Նշված նորմերը 1998 թվականին լրացվել են՝ ներառելով տրանսպորտային և հիդրոտեխնիկական կառուցվածքներին վերաբերող բաժինները և վերանայվել է 2006 թվականին, անփոփոխ թողնելով նորմերի բաղկացուցիչ մաս կազմող Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզը, որը կազմվել է 1994 թվականին:

2018 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ Միջազգային կոնսորցիումի կողմից, որի կազմում ներգրավվել են երեք ընկերություններ` «Էյ. Այ. Ար. Վորլդվայդ Կորպորեյշն» (կոնսորցիումի ղեկավար, ԱՄՆ), «Գլոբալ Էրսքվեյք Մոդել ֆոնդեյշն» (Իտալիա), «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստան), կազմվել է Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային գնահատմամբ 1:500000 մասշտաբի նոր քարտեզ, որը հաստատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի N 1261-Ն հրամանով:

Նոր քարտեզի համաձայն փոփոխության են ենթարկվել հանրապետության սեյսմիկ գոտիների տարածքները և դրանցում հավանական սեյսմիկ վտանգի բնութագրերը: Նոր քարտեզի համաձայն հանրապետության տարածքը նույնպես բաժանված է երեք սեյսմավտանգ գոտիների: Ընդ որում, ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերում ընդունված 1-ին, 2-րդ, 3-րդ գոտիներին համապատասխանող գրունտների սպասվելիք հորիզոնական արագացումների առավելագույն մեծությունները՝ 0,2g, 0,3g, 0,4g (որտեղ g-ն ազատ անկման արագացումն է՝ g=1000սմ/վրկ2), համապատասխանաբար վերագնահատվել են 0,3g, 0,4g, 0,5g: Տվյալ ուժգնության երկրաշարժերի կրկնողության պարբերականությունն ընդունված է 475 տարվա՝ 50 տարվա ընթացքում ուժգնության մեծության 10%-ով գերազանցման հավանականությամբ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գոտիավորման նոր քարտեզի փոփոխություններով պայմանավորված շենքերի և կառույցների երկրաշարժադիմացկունության (սեյսմակայունության) ապահովման խնդիրները, 2006 թվականից հետո աշխարհում տեղի ունեցած նոր երկրաշարժերն ու դրանց ուսումնասիրության արդյունքները, վերջին տարիների ընթացքում տարբեր սեյսմաակտիվ երկրներում կատարված գիտական և փորձարարական հետազոտությունների վերաբերյալ մասնագիտական պարբերականներում և գրականության մեջ հրատարակված արդյունքներն ու առաջատար երկրների պարբերաբար փոփոխվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում սահմանված պահանջները, հանրապետությունում կիրառվող նոր շինարարական նյութերի առանձնահատկություններն ու տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև շենքերի և կառույցների երկրաշարժադիմացկուն նախագծման նոր մեթոդների կիրառությունը՝ գործող նորմերը վերանայման և արդիականացման կարիք ունեն:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի վերանայման արդյունքում նախագիծը ներկայացվել է ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» անվանմամբ, որը, որպես տեխնիկական եզրույթ, հայեցի հնչեղությությամբ առավել ստույգ է արտահայտում հասկացության էությունը, ինչպես նաև նորմերի նպատակներն ու բովանդակությունը:

ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագծի կառուցվածքը, նորմերի կիրառման ոլորտը և տրամաբանությունը գործող նորմերի համեմատությամբ չեն ենթարկվել սկզբունքային փոփոխությունների: Կատարվել են բովանդակային լրացումներ, ուղղումներ և խմբագրական բնույթի բազմաթիվ փոփոխություններ:

Սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում գործող այլ փոխկապակցված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների հետ փոխհամաձայնեցված մի շարք նոր նորմատիվ դրույթներ ու պարտադիր կիրառման ենթակա պահանջներ, որոնք նպատակաուղղված են տարբեր գործառական նշանակության և կոնստրուկտիվ համակարգի շենքերի ու կառույցների նախագծման, կոնստրուկցիաների երկրաշարժադիմացկունության և հուսալիության մակարդակի բարձրացմանը: Մասնավորապես, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային գնահատմամբ 1:500000 մասշտաբի սեյսմիկ վտանգի գոտիավորման նոր քարտեզը՝ ըստ սեյսմիկ գոտիներում գրունտի սպասվելիք հորիզոնական արագացումների վերագնահատված առավելագույն մեծությունների, վերանայվել են գործող ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի համապատասխան դրույթներն ու պահանջները: Արդյունքում, նոր քարտեզի համաձայն, համապատասխան փոփոխությաններ և լրացումներ են կատարվել «Սեյսմիկ գոտիների և գրունտների դասակարգումը» գլխում: Քանակական փոփոխությունների են ենթարկվել անհամասեռ հիմնատակերն ըստ սեյսմիկ հատկությունների դասակարգման ցուցանիշները և գրունտային պայմանների գործակիցները: Երկրաշարժի ժամանակ ոչ կապակցված գրունտների «ջրիկացման» հետևանքով դրանց կայունության կորուստի հետևանքներից խուսափելու նպատակով նորմերի նախագծում բերված են գրունտի «ջրիկացման» հավանականության կախվածությունը նրա ջրախոնավային վիճակից, մասնիկների չափերից և երկրաշարժից գրունտում առաջացած արագացումների մեծություններից:

«Հաշվարկային սեյսմիկ բեռնվածքներ» գլխում փոփոխություններ են կատարվել հաշվարկային սխեմաների սահմանման և ժամանակակից համակարգչային հաշվողական ծրագրային համալիրների օգտագործման մասով: Դինամիկության գործակցի համար տրվել է ճշտված սահմանումը և կախվածությունը կառույցի ազատ տատանումների պարբերությունից՝ տարբեր կարգի գրունտների համար: Շեշտադրվում է, որ հարկերի տեղափոխությունների և շեղվածքների հաշվարկային մեծություններն անուղակի ձևով հաշվի են առնում կառույցի առաձգապլաստիկ աշխատանքը իրական երկրաշարժի ժամանակ, ինչը պայմանավորված է թույլատրելի վնասվածքների գործակցի չափով իրական սեյսմիկ ուժերը փոքրացնելու հանգամանքով: Փոփոխության են ենթարկվել թույլատրելի վնասվածքների և շենքերի ու կառույցների պատասխանատվության աստիճանի գործակիցների մեծությունները: Փոփոխություններ են մտցվել տատանումների բարձր ձևերի հաշվառման դրույթներում: Տրվել են իրական կամ արհեստական աքսելերոգրամների կիրառությամբ կառույցում առաջացող սեյսմիկ ուժերի, տեղափոխությունների և առաջին հարկի մակարդակում լայնական կտրող ուժի (արտահայտված կառույցի տատանման ձևերի այսպես կոչված «մոդալ զանգվածներով») մեծությունների հաշվարկման բանաձևերը:

Նշանակալի փոփոխություններ են կատարվել «Բնակելի, հասարակական և արտադրական շենքեր և կառույցներ» գլխում: «Նախագծման հիմնական սկզբունքներ» բաժնում տարբեր կոնստրուկտիվ համակարգի շենքերի նախագծման սկզբունքների վերաբերյալ սահմանվել են նոր պահանջներ՝ մասնավորապես, շենքի կամ կառույցի հատակագծային չափերի սահմանափակումների, տարբեր կոնստրուկտիվ համակարգի շենքերի սահմանային հարկայնության և բարձրության վերաբերյալ և այլն: Նոր հաշվարկային և կոնստրուկտիվ պահանջներ են ներկայացվել դիաֆրագմաների, կոշտության միջուկների և կապային տարրերի նախագծային լուծումների նկատմամբ: Ավելացվել է նոր բաժին՝ «Եզրափակող պատերի ճակատային երեսարկներ»:

«Ջրմուղ, կոյուղի, ջեռուցում, գազամատակարարում» բաժնում կատարվել են լրացումներ և փոփոխություններ:

«Տրանսպորտային կառույցներ» և «Հիդրոտեխնիկական կառույցներ» գլուխներում հիմնականում կատարվել են լրացումներ և խմբագրական բնույթի որոշ փոփոխություններ: Վերանայվել և փոփոխվել են հիդրոտեխնիկական կառույցների վնասվածքների և պատասխանատվության գործակիցների արժեքները: Որոշակի պարզեցումներ են մտցվել հենապատերի պատվարների և հիդրոտեխնիկական կառույցների ստորգետնյա մասերի վրա ոչ կապակցված գրունտի ակտիվ և պասիվ ճնշման մեծությունները սեյսմիկ ազդեցության հաշվառմամբ որոշման բանաձևերում:

«Շենքեր և կառույցներ՝ հիմքի մակարդակում սեյսմամեկուսացման համակարգերով» գլխում, որը գործող նորմերում վերնագրված է «Շենքեր և կառույցներ՝ սեյսմամեկուսացման համակարգերով», կատարվել են որոշակի փոփոխություններ: Ընդհանուր համակարգի հուսալիության ապահովման նպատակով հենարանների ուղղաձիգ և հորիզոնական տեղափոխությունների համար մտցվել է հուսալիության 1,1 արժեքով գործակից: Լրացվել է աքսելերոգրամների կիրառությամբ մեկուսիչների հաշվարկման համար անհրաժեշտ բանաձևերի ցանկը: Ճշտվել են մեկուսիչների մարման գործակիցների և համապատասխան դինամիկության գործակիցների մեծությունների միջև կախվածությունները: Պարտադիր պահանջ է սահմանվել սեյսմամեկուսիչների կիրառությամբ նախագծված շենքի կամ կառույցի նախագծային փաստաթղթերի կազմում դրանց փոխարինման աշխատանքների կատարման համապատասխան նախագիծ ներկայացնելու վերաբերյալ:

Փոփոխություններ են կատարվել նաև «Շենքերի և կառույցների վերականգնում և ուժեղացում» գլխում: Վերագնահատվել են շենքի կամ կառույցի ազատ տատանման առաջին ձևի պարբերության մեծության հնարավոր փոփոխություները (մեծացման չափը՝ տոկոսներով) իրենց սկզբնական արժեքի նկատմամբ՝ վնասվածության տարբեր աստիճանների դեպքում: Տրվել է նախկին ԽՍՀՄ նորմերով նախագծված, կառուցված, շահագործման մեջ գտնվող և ուժեղացման ենթակա շենքերի ու կառույցների սեյսմազինվածության նվազ մակարդակի քանակական գնահատականը ներկայացված նորմերի նախագծով նախատեսված պահանջներին համապատասխան նախագծվող նույն շենքերի կամ կառույցների սեյսմազինվածության աստիճանի նկատմամբ, ինչը, որպես չափորոշիչ, հիմք է հանդիսանում դրանց երկրաշարժադիմացկունության (սեյսմազինվածության) ապահովման համապատասխան մակարդակի սահմանման համար:

 

4. Ակնկալվող արդյունքը

«ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագծում  ներկայացված պահանջները նպատակաուղղված են նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող և երկրաշարժերի հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի հասարակական, արտադրական, տրանսպորտային և հիդրոտեխնիկական շենքերի և կառույցների նախագծային և շինարարական աշխատանքների որակի, երկրաշարժադիմացկունության և հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր մեթոդական սկզբունքների և տեխնոլոգիաների ներդրմանը, շինարարական կոնստրուկցիաների, շենքերի ու կառույցների շահագործման բնութագրերի նորմավորմանը և դրանց ներկայացվող պահանջների սահմանմանը` ներառյալ անվտանգության ապահովման պահանջները:

 

5.Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը, որպես քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, հաստատվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից և համալրում է Հայաստանի Հանրապետության արդիականացված նորմատիվ փաստաթղթերի բազան:

Շինարարական նորմերում սահմանված պահանջներն ունեն նորմատիվ բնույթ՝ ենթակա են պարտադիր կիրառման քաղաքաշինության գործունեության բոլոր սուբյեկտների համար և նախատեսված են տարբեր գործառական նշանակության և կոնստրուկտիվ համակարգի բնակելի հասարակական, արտադրական, տրանսպորտային և հիդրոտեխնիկական շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննության, խոցելիության գնահատման, երկրաշարժադիմացկուն նախագծման, փորձաքննության իրականացման, կառուցման, ինչպես նաև դրանց հետ առնչվող գործընթացներն ապահովելու համար:

  • Обсуждалось

    31.08.2020 - 15.09.2020

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11134

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

15.09.2020

1. «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագծի 1-ին հավելվածով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գոտևորման քարտեզը» պետք է ներկայացնել հաստատված նորմատիվ իրավական փաստաթուղթի տեսքով, քանի որ համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքում կազմվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ շրջանացման, այդ թվում՝ ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզ, որը, որպես նորմատիվային փաստաթուղթ, հաստատում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզները բաղկացուցիչ մասն են Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի: 2. «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերում «Հայաստանի Հանրապետության տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գոտևորման քարտեզը» պետք է ներկայացնել ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը, սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին ու դրանց կից ներկայացվող ամփոփագրի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1581-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1352-Ն որոշման պահանջների համաձայն: 3. Վերոգրյալ քարտեզը, որպես նորմատիվ իրավական ակտ պետք է ենթարկված լինի պարտադիր պետական-իրավական փորձաքննության՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջների: 4. Նորմերի նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետում տրված է բեկվածք տերմինի սահմանումը, սակայն նորմերի նախագծում այդ տերմինը օգտագործված չէ: 5. Նորմերի նախագծի 3-րդ կետի 13-րդ ենթակետում տրված է խզվածք տերմինի սահմանումը, սակայն 24-րդ և 299-րդ կետերում օգտագործված է «տեկտոնական խզվածքներ», իսկ 219-րդ, 233-րդ, 262-րդ, 263-րդ և 265-րդ կետերում՝ «երկրաբանական խզվածքներ» տերմիններ: Նորմերում պետք է տրված լինի կոնկրետ տերմինի սահմանումը և նույն տերմինը օգտագործվի տեքստում: 6. Նորմերի նախագծի 1-ին հավելվածի քարտեզի վրա եթե բերված չեն խզվածքները, այդ դեպքում ինչպես պետք է որոշել դրանց հարող շինարարության համար անբարենպաստ հրապարակները, կամ խզվածքներին մոտ տարածքներում 219-րդ, 233-րդ, 262-րդ, 263-րդ, 265-րդ և 299-րդ կետերով նախատեսված կառույցների նախագծումը:

Aram Grigoryan

07.09.2020

Առաջարկում եմ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ավելացնել Արցախը։ Արցախը Հայաստան է։

Узнать больше