ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները չվերանալու, հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում արտակարգ դրության ռեժիմի պահպանությունը անհրաժեշտություն էր Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը կանխելու համար:
Այդուհանդերձ, վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած համաճարակի պայմաններում, նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, ինչով պայմանավորված այլևս վերանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա: Հետևաբար, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում:
Ամբողջ վերոգրյալը վկայում է ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
Առաջարկվող կարգավորման բնույթը
««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) նախատեսվում է.
- Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին[1]:
- Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից՝ համապատասխան վարչատարածքային միավորում՝ կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում, և Կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ՝ մեկ կամ ավելի մարզեր և Երևան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում:
Այսպես, նախատեսվում է կարանտին սահմանելու երկու ընթացակարգ՝ կախված հիվանդության տարածվածության և ծանրության աստիճանից, որով պայմանավորված հնարավոր կլինի կիրառել տարբեր բնույթի միջոցառումներ և սահմանափակումներ:
- Մասնավորապես, այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից հնարավոր կլինի կիրառել հետևյալ միջոցառումները՝
- համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.
- պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
- անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.
- օբսերվացիա.
- ինքնամեկուսացում.
- մեկուսացում:
- Ի լրումն նշված միջոցառումների, այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի Կառավարության կողմից, պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով, հնարավոր կլինի կիրառել նաև հետևյալ, ավելի խիստ, միջոցառումները՝
- հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.
- իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.
- ապրանքների փոխադրման սահմանափակումներ.
- կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.
- սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում:
- Միաժամանակ, ամրագրվել է Սահմանադրությունից բխող երաշխիքների լայն համակարգ, ինչպես օրինակ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման դեպքերում անձն իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ինքնամեկուսացման կամ մեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում՝ մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:
- Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վարույթ, որի շրջանակներում հնարավոր կլինի կարճ ժամկետներում քննել կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը վերացնելու պարագայում նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում:
[1] Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում (հասցեներում):