ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) ընդունմամբ պայմանավորված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել հարակից թվով 51 օրենքներում, քանի որ`   

1) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող այնպիսի կարգավորումներ, որոնք վերանայվել են հարկային օրենսգրքով, ինչն անհրա­ժեշտություն է առաջացել կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին,

2) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված որոշ հասկացություններ, որոնք հարկային օրենսգրքով վերանայվել են կամ հարկային օրենսգրքով սահմանվել են որոշ նոր հասկացություններ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել հասկացությունները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին,

3) հարակից օրենքներում հարկային հարաբերությունների կարգավորման առումով կիրառվում են հղումներ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու են ուժը կորցրած, ինչն անհրաժեշտություն է առաջացրել կատարելու համապատասխան փոփոխություններ,

4) հարկային օրենսգրքով սահմանված որոշ նոր կարգավորումների, այդ թվում` հարկային և լիազոր մարմինների հսկողությանն առնչվող դրույթներն անհրաժեշտ է սահմանել նաև հարակից օրենքներով,

5) հարկային և մաքսային ծառայության հարցերը կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել իրավական առումով կարգավորել գործնականում առաջացած խնդիրները:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է հետևյալը.

1) թվով 51 օրենքներում ներկայումս կիրառվող` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող կարգավորումները, հասկացություններն ու հղումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին,

2) հարկային հսկողության հետ կապված բոլոր հարաբերությունները 2018 թվականի հունվարի 1-ից կարգավորվելու են հարկային օրենսգրքով (մասնավորապես` 17-րդ բաժնով), հետևաբար առաջարկվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքից հանել հարկային մարմնին ու նրա գործառույթներին առնչվող բոլոր կարգավորումները,

3) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում հստակեցնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվող հարկային իրավախախտումները և դրանց համար պատասխնատվության միջոցների կիրառման կարգավորումները համապա­տաս­խանեցնել հարկային օրենսգրքին,

4) «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներում`

- գործող հասկացությունները և կարգավորումները համապատասխանեցնել հար­կային օրենսգրքին, հստակեցնել հարկային հարաբերությունները կարգավորող իրա­վա­կան ակտերին կատարվող հղումները,

- հստակեցնել  մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը վերադաս մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովին բողո­քարկվելու կարգը, 

- համապատասխանեցնել հարկային և մաքսային ծառայության հատուկ կոչումները և  հանրային ծառայության առանձին այլ տեսակների դասային աստիճանները (կոչումները),

- կարգավորել ծառայողների գնահատման սկզբունքները, մասնագիտական աշխատանքային փորձի չափանիշները, հստակեցնել պաշտոնավարման դադարեցման և աշխատանքից ազատման առանձին հարցերը,

- կանոնակարգել քաղաքացիական աշխատանք կատարողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց իրավական կարգավիճակը և այդ աշխատանքները,

- նախատեսել, որ մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն մաքսային և հարկային ծառայությունում ու պետական այլ մարմիններում, այլև մասնավոր հատվածում համապատասխան աշխատանքային փորձ ունեցողները,

- կարգավորել օրենքների առանձին հոդվածներում տեղ գտած` նույն օրենքի այլ հոդվածով կարգավորվող իրավահարաբերությունները, երկու օրենքների դրույթները համապատասխանեցնել իրար,

- սահմանել այն պայմանները, որոնց դեպքում հարկային և մաքսային ծառայողը կարող են համատեղության կարգով աշխատանքային ժամերի ընթացքում դասավանդել ուսումնական  հաստատություններում,

- միասնական մոտեցում ապահովելու նպատակով հարկային և մաքսային ծառայողների համար ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը սահ­մանել 65 տարեկանը, որից հետո հարկային կամ մաքսային ծառայողի ցանկությամբ և տվյալ պաշտոնում նշանակում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ հարկային կամ մաքսային ծառայողը կարող է դրանից հետո մինչև երեք տարի ժամկետով զբաղեցնել հարկային կամ մաքսային ծառայության պաշտոն,

- սահմանել, որ հարկային և մաքսային ծառայողների տարիքային կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի անցնելուն նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում ստացած դրամական բավարարման գումարի առնվազն 80 տոկոսի չափով,

5) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում`

ա. hաշվի առնելով 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածով հարկային իրավախախտման ու հարկային պատասխանատվության սահմանումը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.9-րդ հոդվածը, որով ներկայումս պատասխա­նատվություն է սահմանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) էլեկտրոնային գրանցում կատարված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելու համար (եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը,

բ. 2018 թվականի հունվարի 1-ից դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակի թվա­գրման բացակայությամբ պայմանավորված` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև օրենսգրքի 170.12-րդ հոդվածը, որով սահմանված է ՀՀ կառավարության սահմանած` որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելում համար,

6) ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածում առաջարկվում է հստակեցնել, որ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքներն օտարելու դեպքում պատասխանատվությունը կիրառվում է դրոշմավորման պարտավորություն կրող անձի նկատմամբ,

7) «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում`

- 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել դրոշմապիտակների կիրառությանն առնչվող (արդեն հարկային օրենսգրքով սահմանված) կարգավորումները և հստա­կեցնել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոններին առնվող դրույթները,

- հստակեցնել ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների վաճառք իրա­կա­նացնելու պայմանները,

8) «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում`

- հստակեցնել, որ արտոնություններից չեն տարածվում տոտալիզատորների, ինչ­պես նաև ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման վրա,

- հարկային օրենսգրքին համապատասխանեցնելու առումով հանել արտոնությունից հրա­ժարվելու վերաբերյալ դրույթները, քանի որ դրանք հստակ սահմանված են օրենսգրքով, 

9) հարկային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենսգրքի 6-7-րդ, 67-72-րդ և 76-80-րդ գլուխներով հարկի համար սահմանված այն կարգավորումները, որոնք չեն վերաբերում նույն հոդվածի 1-ին մասում նշված` հարկի սահմանման տարրերին, կիրառվում են նաև օրենսգրքով նախատեսված վճարների մասով: Մասնավորապես, հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում տույժերի հաշվարկման դրույթները (77-րդ գլուխ, 401-րդ հոդված) տարածվում են օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված վճարների վրա: Վճարների գումարների վճարումն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում գանձվող տույժի չափը և տույժի հաշվարկման առավելագույն ժամկետը հարկային օրենսգրքով սահմանված չափին և առավելագույն ժամկետին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքներում, սահմանելով նաև համապատասխան անցումային դրույթներ,

10) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է հստակեցնել  հարկային մարմնի կողմից համալիր հարկային ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում տուրք գանձող մարմնին և տարեկան պետական տուրք վճարողին պետական տուրքի պարտավորությունների առաջադրման և վճարման հարցերը,

11) հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածին համապատասխան` «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվում է հստակեցնել, որ վնասի հատուցում չի գանձվում լիցենզիայի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու դեպքերում, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում,

12) hարկային օրենսգրքի 408-րդ հոդվածին համապատասխան` «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում առաջարկվում է հստակեցնել սահմանաչափի հարցը, նախատեսելով, որ սահմանաչափ է համարվում հարկային տարվա որևէ ամսվա արդյունքներով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հանրագումարի տասը տոկոսից ավելին հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլելը, 

13) առաջարկվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 5.1-րդ հոդվածով սահմանված` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենս­դրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով վարելու ժամանակացույցի կիրառման իմաստով 2018 թվականի հունվարի 1-ից հիմք ընդունել ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը, իսկ 2018 թվականի համար` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապա­տասխան հաշվարկված` 2017 թվականի համախառն եկամտի չափը,

14) հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում`

- սահմանել, որ որպես անհատ ձեռնարկատեր (կամ կրկին որպես անհատ ձեռ­նարկատեր) հաշվառված անձին գործակալության կողմից տրամադրվում է նաև հարկային մարմնի սահմանած ձևով ծանուցում՝ հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարությունների ներկայացման ժամկետների վերաբերյալ: Անհատ ձեռնարկատերերն ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով,

- սահմանել, որ իրավաբանական անձանց գործակալության կողմից տրամադրվում է նաև հարկային մարմնի սահմանած ձևով ծանուցում՝ հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարությունների ներկայացման ժամկետների վերաբերյալ: Իրավաբանական անձինք ևս ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով,

- սահմանել, որ վերակազմակերպվող իրավաբանական անձինք ռեգիստր պարտա­դիր կարգով ներկայացնում են նաև իրավահաջորդության կարգով փոխանցվող պարտա­վորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների, ինչպես նաև միասնական հաշվի գումարների մնացորդների մասին հար­կային մարմնի կողմից հաստատված տեղեկանք,

- հստակեցնել լուծարման գրանցում կատարելու ընթացքում հարկային մարմնի հետ տեղեկությունների փոխանակման հարցերը,

- հստակեցնել, որ իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, պետական գրանցման (հաշվառման) ժամանակ ներկայացված տվյալների հետագա փոփոխությունների, իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման (հաշվառման), իրավաբանական անձանց` լուծարման գործընթացում գտնվելու և լուծարման մասին գրառման, վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը տրամադրում է հարկային մարմնին` հարկային օրենսգրքով սահմանած կարգով: Հարկային մարմինը գործակալությանը տրամադրում է տեղեկություններ՝ հարկ վճարողների հաշվառման համարների մասին,

15) հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան` «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում առաջարկվում է հստակեցնել, որ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչև պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին ներկայացնելու դիմում` համալիր հարկային ստուգում անցնելու համար: Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչև անհատ ձեռնարկատիրոջ` պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելու համալիր հարկային ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում,

16) հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում`

- հստակեցնել, որ օրենքով սահմանված դեպքերում կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները հարկ վճարողների համարները (ՀՎՀՀ-ն) ստանում են կենտրոնական բանկի միջոցով` կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով,

- նախատեսել, որ կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների վերակազմակերպման համար պարտադիր կարգով ներկայացվում է նաև իրավահաջորդության կարգով փոխանցվող պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների, ինչպես նաև միասնական հաշվի գումարների մնացորդների մասին հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանք,

- նախատեսել, որ կենտրոնական բանկն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման որոշում կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է կազմակերպության մասին տեղեկություններ և լուծարման թույլտվություն տալու վերաբերյալ տեղեկատվությունը: Կենտրոնական բանկը կազմակերպությանը գրանցումից հանելու մասին գրառում կատարելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է տեղեկատվություն կազմակերպությանը գրանցումից հանելու մասին գրառում կատարելու տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ,

- նախատեսել, որ կենտրոնական բանկում գրանցված կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները,  հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխության մասին տեղեկությունները, վերակազմակերպմամբ պայմանավորված` պետական գրանցման մասին տեղեկությունները և փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով,

17) «Պետական կենսաթոշակների մասին», «Ժամանակավոր անաշ­խա­տունա­կության և մայրության նպաստների մասին» «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգավորումները հարկային օրենսգրքին և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով`

ա. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ անհատ ձեռնարկատերերի և նոտարների գործունեությունը 2018 թվականից հաշվառվում է աշխատանքային ստաժում, եթե անձը ստացել է եկամուտ և վճարել է շահութահարկ,

բ. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով առաջարկվում է սահմանել, որ անհատ ձեռնարկատերերը և նոտարները 2018 թվականից նպաստներ ստանալու իրավունք ունեն օրենսգրքով սահմանված կարգով շահութահարկ վճարած լինելու դեպքում:

գ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում`

- վերանայել «անձնավորված հաշվառում», «անհատ ձեռնարկատեր», «ինքնա­զբաղված անձ» հասկացությունները` հաշվի առնելով, որ հարկային օրենսգրքով 2018թ. անհատ ձեռնարկատերերը և նոտարները եկամտային հարկի փոխարեն պետական բյուջե են վճարելու շահութահարկ,

- սահմանել, որ օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չի հանդիսանում «Ինքնա­զբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերը,

- վերանայել «գերավճար» հասկացությունը` կապված 2018թ. հունվարի 1-ից միաս­նական հաշվի կիրառման հետ,

- ուժը կորցրած ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-166-Ն օրենքը` հաշվի առնելով 2018թ. հունվարի 1-ից օրենսգիրքն ուժի մեջ մտնելու և դրանով պայմանավորված «Հարկերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու հանգամանքը,

դ. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում.

- կարգավորել 2018թ. հունվարի 1-ից անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի` շահու­թահարկ վճարող հանդիսանալու հետ կապված` սոցիալական վճարների հաշվառման հարցերը: Եթե ներկայումս անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) կողմից հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի և սոցիալական վճարի միասնական տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկ, 2018թ. հունվարի 1-ից նրանց կողմից հարկային մարմին պետք է ներկայացվի շահութահարկի և սոցիալական վճարի միասնական տարեկան հաշվարկ, 

- նոր աշխատողների գրանցման հայտերի ներկայացման ժամկետները համապա­տասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներին,

- 2018թ. հունվար ամսից հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկա­տվական բազայում ներառել նաև անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի, հաշվարկված և վճարված շահութահարկի չափը, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետում և կարգով շահութահարկը չվճարելու և սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,

18) հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին համա­պատասխան` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով հստակեցնել, որ նոտարները պարտավոր են հարկային օրենսգրքով սահմանած կարգով հարկային մարմին ներկայացնել տեղեկատվություն հաշվետու եռամսյակի ընթացքում իրենց մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում հայտնի դարձած` մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի մասին,

19) «Սնանկության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով առաջարկվում է ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացած միջոցների բաշխումն իրականացնել նշված առարկայի իրացումից առաջացող հարկերը պահելուց հետո, ինչի արդյունքում կերաշխավորվի համապատասխան գումարների վճարումը ՀՀ պետական բյուջե և լրացուցիչ վարչարարական գործիքներ և ծախսեր չեն իրականացվի դրանց գանձման ուղղությամբ,

20) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները արտոնագրային վճար վճարողների մասով առաջարկվում է համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին,

21) հարկային օրենսգրքի 8-րդ բաժնով կարգավորվում են բնապահպանական հարկի, 9-րդ բաժնով՝ բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները: Հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքը: Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N986 որոշումը: Հիշյալ իրավական ակտերով են ներկայումս կարգավորվում բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման, վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ հսկողության լիազորությունների տարանջատման և հսկողության իրականացման մի շարք հարցեր, այդ թվում՝ լիազոր մարմնի ստուգման արդյունքները հարկային մարմնին տրամադրելու հարցերը: Հարկային և լիազոր մարմինների կողմից իրականացվող հսկողության որոշ հարցեր էլ ներկայումս կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, որը 2018 թվականի հունվարի 1-ից չեն կարգավորելու հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների հետ կապված հարաբերությունները: Հաշվի առնելով վերոնշյալը և հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցման անհրաժեշտությունը`

ա. ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում.

- հստակեցնել ստուգումների արդյունքներով լիազոր մարմնին վերապահված իրավասությունների շրջանակներում բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների չափագրման, վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց համար սահ­մանված չափաքանակների գերազանցման վերաբերյալ ակտեր կազմելու իրավասությունը.

- նախատեսել, որ լիազոր մարմնին վերապահված իրավասությունների շրջա­նակներում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կարող են անցկացվել համատեղ համալիր հարկային ստուգումներ, որոնց լիազոր մարմնի (պաշտոնատար անձանց) մասնակցության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Միաժամանակ, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով լիազոր մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին,

- հստակեցնել բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանա­փակումների) ստուգումների իրականացման առանձնահատկությունները, երբ վճարողն ընդգրկված է հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում,

- սահմանել, որ ընդերքի պետական տեսչությունը բնօգտագործման վճարի բազայի չափա­քանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգ­մանը վերաբերող նյութերը ստուգման ակտի կազմմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան հարկային մարմիններին,

- սահմանել, որ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրա­վական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմինը և ընդերքի պետական տեսչությունը փոխանակում են տեղեկություններ,

- նախատեսել, որ ստուգման ակտերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը,

բ. «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում.

- հստակեցնել ստուգումների արդյունքներով լիազոր մարմնին վերապահված իրավա­սությունների շրջանակներում բնապահպանական հարկով հարկման բազայի և բնօգտա­գործման վճարի բազայի փաստացի ծավալների չափագրման, հարկման բազայի և վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց համար սահմանված չափաքանակների գերազանցման վերաբերյալ ակտեր կազմելու իրավասությունը.

- նախատեսել, որ լիազոր մարմնին վերապահված իրավասությունների շրջանակ­ներում հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կարող են անցկացվել համատեղ համալիր հարկային ստուգումներ, որոնց լիազոր մարմնի (պաշտոնատար անձանց) մասնակցության կարգը սահմանում է ՀՀ  կառավարությունը: Միաժամանակ, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով լիազոր մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին,

- հստակեցնել բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման առանձնահատկությունները, երբ վճարողն ընդգրկված է հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում,

- սահմանել, որ բնապահպանական պետական տեսչությունը բնապահպանական հար­­­կով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտա­գործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը ստուգման ակտի կազմմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան հարկային մարմիններին,

- սահմանել, որ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմինը և բնապահպանական պետական տեսչությունը փոխանակում են տեղեկություններ,

- նախատեսել, որ ստուգման ակտերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը,

գ. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում.

- ուժը կորցրած ճանաչել օրենքի խնդիր համարվող ջրօգտագործման վճարի առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը, քանի այդ հարաբերությունները կարող են կարգավորվել բացառապես հարկային օրենսգրքով,

դ. ՀՀ ջրային օրենսգրքում ուժը կորցրած ճանաչել ջրի ազգային ծրագրում ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ` ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը ներառելու դրույթները, քանի այդ հարաբերությունները կարող են կարգավորվել բացառապես  հարկային օրենսգրքով,

ե. «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ջրի ազգային քաղաքականությունն ապահովող սկզբունքներից է համարվում ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ավազան վնասակար նյութերի ու միացությունների արտանետման համար վճարների գանձումից հավաքագրված գումարների մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը և ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը: «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով առաջարկվում է նախատեսել, որ ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը կարող է իրականացվել ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի և ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի համար բնապահպանական հարկի պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական համապատասխան հաշվին հաշվեգրված գումարներից մասնահանման միջոցով,

զ. 2018 թվականի հունվարի 1-ից միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների հաշվեգրումը միասնական հաշվից համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին: Ընդ որում, միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով ներկայումս սահմանված է, որ բնապահպանական հարկերից մասհանումների չափերը որոշվում են` ելնելով համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարի գումարներից: Առաջարկվում է սահմանել, որ մասհանումների չափերը որոշվում են` ելնելով համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի հունվարի 1-ից սկսած՝ միասնական հաշվից բնապահպանական հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին հաշվեգրված) բնապահպանական հարկերի հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով նույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով,

է. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում կիրառվող հասկացություններն առաջարկվում է համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին, հստակեցնելով, որ մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը խախտողները ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության ոչ թե աղտոտման պատճառով սահմանված վարձերը չվճարելու, այլ արտանետման աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հարկային օրենսգրքով սահմանված կարգով  բնապահպանական հարկի գումարները չվճարելու համար,

 ը. ՀՀ ջրային օրենսգիրքում, ՀՀ անտառային օրենսգիրքում, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում, «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին» «Թափոնների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին»,  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է հասկացությունները, կարգավորումները և հղումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին,

22) հարկային օրենսգրքի 9-րդ բաժնով կարգավորվում են ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները: Ճանապարհային հարկը 2018 թվականի հունվարի 1-ից սահմանվում է՝

- Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար, որի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնելու են մաքսային մարմինները,

- Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար, որի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնելու են տեխնիկական զննություն իրականացնող մարմինները,

- Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու համար, որի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է պետական ճանապարհային մարմինը:

Հարկային օրենսգրքի 16-րդ բաժնի կիրառության իմաստով` հարկային պարտավորությունը չի ներառում ճանապարհային հարկի պարտավորությունը, իսկ 17-րդ բաժնով կարգավորվում են հարկային և լիազոր մարմինների հսկողության հարցերը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հարկային օրենսգրքին համապատասխանեցնելու առումով առաջարկվում է`

ա. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում.

- սահմանել, որ գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման համար ճանա­պարհային հարկ վճարողների կողմից հարկային օրենսգրքով սահմանված կարգով ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը, որին ներկայացվում է վճարումը հավաստող անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ պետական ճանապարհային մարմնի կողմից հաստատված կարգով ուղարկվող ծանուցման մեջ նշված գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,

- սահմանել, որ գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման համար ճանա­պարհային հարկի վճարման պարտավորությունների գծով գումարի վճարումը հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գումարը ենթակա է գանձման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով, իսկ սահմանված չափից ավելի վճարված ճանապարհային հարկի գումարները ենթակա են հաշվանցման և (կամ) վերադարձման ՀՀ կառավարության սահմանած կարգով,

բ. «Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանա­պարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղա­դրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտա­գործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ՝ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում,

գ. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված) ՀՀ (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործողների), ինչպես նաև ՀՀ-ում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարման դրույթներն առաջարկվում է համապատասխանեցնել հարկային օրենսգրքին,

23) հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվում «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ գործող օրենքները: Հարկային օրենսգրքով 2018 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ներդրմամբ պայմանավորված` ՀՀ հողային օրենսգրքում, «Ֆինանսական համահարթեցման մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հողի հարկի արտոնությունների մասին», «Փոստային կապի մասին», «Արդյունաբերական քաղաքականության մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքներում առաջարկվում է կիրառվող հասկացությունները և կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենս­գրքով սահմանված հասկացություններին ու կարգավորումներին: Միաժամանակ, առա­ջարկ­վում է հստակեցնել նշված իրավական ակտերում գույքահարկին և հողի հարկին առնչվող կարգավորումները,

24) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին», «Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքներում ևս առաջարկվում է կիրառվող հասկացություններն ու կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին ու կարգավորումներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառության համար ապահովել հարկային օրենսգրքի և հարակից օրենքների, դրանց հասկացությունների, կարգավորումների ու հղումների համապա­տաս­խանեցումը, հարկային օրենսգրքով սահմանված նոր կարգա­վորումների սահմանումը հարակից օրենքներով:


ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի էական ավելացում չի առաջանա:

  • Обсуждалось

    14.06.2017 - 24.07.2017

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13205

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

22.06.2017

Կատարված է լուրջ ու քրտնաջան աշխատանք: Դա քննարկել եւ առաջարկություններ տալ սահմանված սեղմ ժամկետում պարզապես հնարավոր չէ: Մնում է հուսալ, որ ՊԵԿ աշխատակիցները կարողացել են ՀՀ հարկային օրենսգրքում սահմնաված դրույթները նույնությամբ փոխադրել մյուս իրավական ակտերում եւ հետագայում թյուրիմացություններ չեն առաջանա: Մովսես արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Узнать больше