Добавить в избранное

В стадии разработки

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման անհրաժեշտության

 

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված  իրավախախտումների համար  համաչափ պատասխանատվության միջոցների սահմանմամբ,  ինչպես նաև օրենսգրքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներին լուծում տալու նպատակով:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածներն ուժի մեջ են մտել դեռևս 1996 թվականին, և այդ ժամանակահատվածից մինչ օրս վերոհիշյալ հոդվածների սանկցիաներին  (տուգանքներին) վերաբերող  դրույթները երբևէ չեն փոփոխվել։

Վերոհիշյալ կարգավորումները սահմանելիս տուգանքի նախատեսված չափերը թերևս բավարար են եղել, սակայն ներկայումս ակնհայտ է նման իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցները խստացնելը,  քանի որ տուգանքի այդ չափերը բավարար զսպող ուժ չունեն և չեն արտացոլում վարչական ներգործության նպատակները։

Օրենսգրքի գործնական կիրառման պրակտիկան ցույց է տվել, որ վարչական իրավախախտում կատարած անձը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարում է նույն վարչական զանցանքը, իսկ գործող օրենսգիրքը նման իրավախախտումների համար պատասխանատվության միջոցներ չի նախատեսել։

Բացի այդ, օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո ուժի մեջ են մտնել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մի շարք նորմատիվ իրավական ակտեր, մասնավորապես՝ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության որոշումներ,  ամրագրելով բնագավառի նոր հասկացություններ, նոր կարգավորումներ, որոնք պիտի ամրագրվեն օրենսգրքում։

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով տարբերակվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվության չափերը միջուկային տեղակայանքների համար և  ատոմային էներգիայի մյուս օբյեկտների համար։

Տարբերակումը պայմանավորված է վերոհիշյալ օբյեկտներում օրենսդրության պահանջների խախտման հետևանքների ծանրության աստիճանով․ մասնավորապես՝ միջուկային տեղակայանքներում (ատոմակայան, միջուկային վառելիքի պահեստարան, միջուկային նյութի վերամշակման, արտադրության օբյեկտ) օրենսդրության պահանջների խախտումները կարող են հանգեցնել վթարի (հնարավոր ռադիոակտիվ արտանետումներով), անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի ճառագայթահարման, իսկ ատոմային էներգիայի  մյուս օբյեկտներում (բժշկական, արդյունաբերական գիտական և այլ կազմակերպություններ, որտեղ օգտագործվում են ռադիոակտիվ նյութեր, գեներացնող ճառագայթման աղբյուրներ)՝ համապատասխանաբար՝ պացիենտների, անձնակազմի և բնակչության ճառագայթահարման։

Նախագծով մի քանի հոդվածներում «միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքներ և իոնացնող ճառագայթման աղբյուր» բառերը փոխարինվել են «ատոմային էներգիայի օբյեկտ» հասկացությամբ, որն իր մեջ ներառում է բոլոր տեսակի տեղակայանքները և իոնացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող (փոխադրող, պահեստավորող) օբյեկտները, նախագծով  տեղեկատվություններին  վերաբերող համասեռ հոդվածները միավորվել են։

 

 

Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից։

 

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել  վարչական տույժերի խստության համարժեքությունը վարչական զանցանքների ծանրության աստիճանին, որը կնպաստի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը:

  • Обсуждалось

    28.07.2020 - 13.08.2020

  • Тип

    Закон

  • Область

    Ядерная безопасность

  • Министерство

    Комитет по регулированию ядерной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7203

Принт