Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
15.07.2020
Վերը նշված իրավանորմերի և դիրքորոշումների վերլուծությունից պարզ է դառնում, որ Դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքի չափն ուղղակի կախվածության մեջ է գտնվում արդար դատաքննության իրավունքի տարր համարվող դատարանի մատչելիության սահմանադրաիրավական սկզբունքից, որի հաշվառմամբ պետական տուրքի չափազանց բարձր շեմը դիտարկվում է որպես «գործնական հնարավորության բացակայություն վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին», վերածում է իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի, խաթարում է արդար դատաքննության իրավունքի բուն էությունը և կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության սկզբունքի խախտման։ Ավելին, այն իրենից ներկայացնում է պայման, որը ոչ թե ստորադասվում, այլ գերակայում է դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքների նկատմամբ։ Դրական գնահատելով պետական տուրքի դրույքաչափերի վերին սահմանաչափերի նախատեսումը, միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացվող բողոքներով պետական տուրքից ազատված լինելու, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 29․3 գլխով սահմանված դեպքում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող դիմումներով պետական տուրքից ազատման արտոնության տրամադրման կարգավորումները, այնուամենայնիվ հարկ է փաստել, որ համեմատած գործող կարգավորումների՝ դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, սնանկության դիմումների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացվել են այնչափ, որ կասծաի տակ է դնում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների արժեքաբանական նշանակությունը։ Այսպես, դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է պետական տուրքի չափ՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից, այսինքն գործող կարգավորման համեմատ նվազագույն չափը ավելացվել է 4 անգամ, ինչը մեր գնահատմամբ խոչընդոտ է հանդիսանում փոքր դրամական հայցապահանջներով հայցադիմումների ներկայացման համար և հետապնդում է նշված հայցապահանջներից «ազատման» նպատակ։ Ոչ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի նախատեսվել է բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի վճարման պարտավորություն, ինչը գործող կարգավորման համեմատ ավելացվել է շուրջ 5 անգամ։ Նման ավելացումներ նախատեսվել է նաև վերադաս դատարաններ ներկայացվող բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերի նկատմամբ։ Վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի ինքնուրույն դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ։ Ստացվում է, որ համեմատած նախկին կարգավորման, եթե անձը ձեռնամուխ էր լինում երեք ատյաններում իր իրավունքների դատական պաշտպանությանը դրամական պահանջ ներկայացնող հայցապանաջով, ապա պարտավոր էր վճարել հայցապահանջի ընդամենը 8 տոկոսը, իսկ ներկայիս կարգավորումների դեպքում՝ 12 տոկոսը, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար` բազային տուրքի տասնապատիկի փոխարեն 30 ապատիկը։Հնգապատիկ ավելացվել է նաև սնանկության համար ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումների պետական տուրքի դրույքաչափը և կրկնապատիկ՝ իրավաբանական անձանց համար։ Հետաքրքրական է, որ Նախագծի հիմնավորումներում նշվածի առնչությամբ ներկայացվել է մի շարք երկրների օրենդրական կարգավորումներ, որոնցից ոչ մի դեպքում պետական տուրքը չի գերազանցում Նախագծով սահմանված չափերը, ավելին, շատ դեպքերում դրանք անգամ պակաս են գործող կարգավորումներում չափերից, այսպես մեջբերվել է Ռուսաստանի օրինակը, որտեղ ֆիզիկական անձանց համար նախատեսված է 3000 ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար` 6,000 ռուբլի, Միացյալ Թագավորությունում` Անգլիայում և Վելսում` դիմումի համար 130 ֆունտ ստեռլինգ և սնանկության դեպոզիտ 550 ֆունտ ստեռլինգ, իսկ Հյուսիսային Իռլանդիայում` դատարանի վճար` 144 ֆունտ ստեռլինգ, սնանկության դեպոզիտ` 525 ֆունտ ստեռլինգ, Միացյալ Նահանգների նահանգների մեծ մասում, օրինակ` Նևադա նահանգում` 335 դոլար, եթե ներկայացվում է յոթերորդ կետով սահմանված կարգով, և 1,717 դոլար` եթե ներկայացվում է տասնմեկերորդ կետով սահմանված կարգով, Լատվիայում` 355.72 եվրո իրավաբանական անձանց համար և 71.14 եվրո ֆիզիկական անձանց համար։ Այսպիսով անգամ բարձր կենսաապահովման մակարդակ և սպառողական զամբյուղի բարձր չափ ունեցող երկրներում նախատեսված չէ սնանկության դիմումների այնպիսի բարձև պետական տուրքի դրույքաչափեր, ինչպիսիք Նախագծով են սահմանվել։ Նախատեսվող կարգավորումներով սահմանվել են միջամտության այնպիսի սահմաններ՝ պետական տուրքի այնպիսի դրույքաչափեր, որոնց խորությունը անհամարժեք է սահմանափակվող հիմնական իրավունքի՝ արդար դատաքննության տարր կազմող դատարանի մատչելիության իրավունքի արժեբանական նշանակությանը և կշռին, ինչի արդյունքում խաթարվում է նշված իրավունքի էությունը՝ հիմքում դնելով չափազանց մեծ դատական վճարները, ի հետևանք որի՝ դատական պաշտպանության իրավունքը կդադարի «գործնական և արդյունավետ» լինելուց։ Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ բացասական ենք գնահատում Նախագծով սահմանված պետական տուրքի բարձր դրույքաչափերի նախատեսումը, այն հիմնավորմամբ, որ պետական տուրքի բարձր դրույքաչափերը, ինչպես նաև պետական տուրքի նվազագույն սահմանաչափերի ավելացումը խախտում են արդարադատության մատչելիության իրավունքը, հետապնդում են դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ և դատական պաշտպանության իրավունքը դարձնում ֆինանսապես «անհասանելի»։ Վերոգրյալի հաշվառմամբ առաջարկում ենք հանել Նախագիծը շրջանառությունից։