Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
-
2 - За
-
0 - Против
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թ. N - Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նպատակն է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման (սուբսիդիան տրամադրվում է իրավաբանական անձանց) կամ փոխհատուցման միջոցով՝ նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։
- Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում, քանի որ նշված մարզերում ցորենի ցանքատարածությունները կազմում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր ցորենի ցանքատարածությունների 90%-ից ավելին (կամ շուրջ 54 հազար հա):
- Ծրագրի մասնակիցներն են. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), սույն ծրագրի 2-րդ կետում նշված մարզերի մարզպետարանները (այսուհետ՝ Մարզպետարան), սերմերի վաճառք իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ Մատակարար), գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ Շահառու)։
- Ծրագրի Շահառուներ կարող են հանդիսանալ սույն ծրագրի 2-րդ կետում նշված մարզերում՝ 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր Շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը (1 հա-ի հաշվով առավելագույնը 350 կգ-ը)։
- Մատակարարը, բացի սերմերի վաճառքից, կարող է սույն ծրագրի 4-րդ կետին համապատասխան ցանք կատարել` իր կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով։ Շահառուն նույնպես կարող է ներմուծել սերմեր՝ սույն ծրագրի 4-րդ կետին համապատասխան ցանք կատարելու համար։
- Ծրագրի շրջանակում Շահառուներին Նախարարության կողմից կտրամադրվի անվճար խորհրդատվություն՝ ցորենի մշակության վերաբերյալ։
- Ծրագրի շրջանակում ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։
- Սուբսիդավորման կամ փոխհատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1479-Ն որոշման համաձայն հավաստագրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2292-Ն որոշմամբ տնտեսական օգտակարության պետական սորտափորձարկում անցած և օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված (Աղյուսակ 1) ու աշնանը գրանցվող «Բեզոստայա 100» և «Ալեքսեիչ» սորտերի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության սերմերի վաճառքի գինը, ինչպես նաև Մատակարարի (արտադրված և ներմուծված) և Շահառուի (ներմուծված) կողմից ցանք կատարելու համար ձեռք բերված սույն կետում նշված սորտերի սերմերի գինը։
- Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա Շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով, ձեռք բերել որակյալ սերմեր և ցանք կատարել։
- Մարզպետարանները մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ը ճշգրտում են ըստ համայնքների սերմացուի նախնական պահանջարկը (սորտերի անվանումը, սերմերի քանակը, նախատեսվող ցանքատարածությունը) և ներկայացնում Նախարարություն։
- Ծրագրին մասնակցելու համար Մատակարարները մինչև տվյալ տարվա հուլիսի 20-ը դիմում են Նախարարություն՝ ներկայացնելով սույն ծրագրի 8-րդ կետում առաջարկվող սորտերը, նախատեսվող քանակները և Նախարարության հետ կնքում հուշագիր, որի արդյունքում ձևավորվում է Մատակարարների տվյալների բանկ։
- Նախարարությունը մինչև տվյալ տարվա հուլիսի 22-ը Նախարարության կայքում հրապարակում է Մատակարարների վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, էլեկտրոնային հասցեն հեռախոսահամարը (ները) և այլն)։
- Մարզպետարաններից ստացված սերմացուի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը Նախարարությունը մինչև տվյալ տարվա հուլիսի 22-ը տրամադրում է Մատակարարներին։
- Մատակարարները Ծրագրի շրջանակում վաճառք պետք է իրականացնեն միայն Ծրագրի 2-րդ կետում նշված մարզերում ցանք կատարելու համար։ Շահառուները Ծրագրի շրջանակում սերմ կարող են ձեռք բերել միայն Նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված Մատակարարներից (բացառությամբ, երբ Շահառուն է ներմուծում՝ ցանք կատարելու համար)։
- Մատակարարները Ծրագրի շրջանակում սերմերի վաճառքը պետք է իրականացնեն տվյալ տարվա հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։ Շահառուները և Մատակարարները իրենց կողմից ցանք կատարելու համար սերմերի ներմուծումը պետք է կատարեն մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 15-ը։
- Ծրագրի շրջանակում սերմերի վաճառքն իրականացվում է բացառապես պայմանագրային հիմունքներով (պայմանագրի օրինակելի ձևը մշակում է Նախարարությունը և մինչև տվյալ տարվա հուլիսի 27-ը հրապարակում Նախարարության կայքում)։ Պայմանագիրը պետք է լինի եռակողմ՝ Շահառուի, Մատակարարի և Նախարարության միջև։
- Մատակարարը վաճառված սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար Շահառուին տրամադրում է հավաստագրերի պատճենները:
- Ծրագրի շրջանակում վաճառված սերմերի որակի համար պատասխանատվությունը կրում է Մատակարարը, իսկ Շահառուի կողմից ներկրված սերմերի դեպքում՝ Շահառուն։
- Մինչև գնումը Շահառուն կարող է իրականացնել սերմերի որակի փորձաքննություն՝ սեփական միջոցներով։ Արդյունքների անհամապատասխանության դեպքում Շահառուն կարող է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Մատակարարից պահանջել փորձաքննության համար պահանջված ծախսերը։
- Ծրագրի շրջանակում սերմ ձեռքբերելու համար Շահառուն Մատակարարին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը), անշարժ գույքի (ցանքատարածություն համարվող հողամասի) նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի (սեփականություն, վարձակալություն, օգտագործում) պատճենը (ները), և/կամ նոտարական կարգով վավերացված՝ սեփականատիրոջ համաձայնությունը՝ հողատարածքում ցանք կատարելու վերաբերյալ։
- Շահառուն (բացառությամբ իր իսկ կողմից ներկրված սերմերով ցանք կատարելու դեպքի) սերմ ձեռքբերելու համար գումարը փոխանցում է Մատակարարի հաշվեհամարին, և փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տրամադրում Մատակարարին։
- Մատակարարը վաճառված սերմերի դիմաց սուբսիդիա կամ փոխհատուցում ստանալու նպատակով մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է Նախարարություն՝ կից ներկայացնելով վաճառված սերմերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Նախարարության կողմից սահմանված ձևաչափի, սերմերի հավաստագրերի պատճենները, սույն ծրագրի 20-րդ և 21-րդ կետերում նշված փաստաթղթերը, ինչպես նաև ներմուծումը հավաստող փաստաթղթերը (ներմուծման դեպքում)։
- Մատակարարը (իր կողմից արտադրված կամ ներմուծված) և Շահառուն (իր կողմից ներմուծված) սերմերով ցանք կատարելու դեպքում սուբսիդավորում կամ փոխհատուցում ստանալու նպատակով մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում են Նախարարություն՝ կից ներկայացնելով ցանված սորտերի սերմերի, քանակի վերաբերյալ տեղեկատվություն, սույն ծրագրի 20-րդ կետում նշված փաստաթղթերը, սերմերի հավաստագրերի պատճենները, ինչպես նաև ներմուծումը հավաստող փաստաթղթերը (Շահառուի և Մատակարարի կողմից ներմուծման դեպքում)։
- Դիմումը ստանալուց հետո Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ճշգրտում Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, որի հիման վրա կազմվում է արձանագրություն և տեղեկացվում Մատակարարին և Շահառուին (իր կողմից ներմուծված սերմերով ցանք կատարելու դեպքում) սուբսիդիայի կամ փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին (մերժման հիմք է հանդիսանում Մատակարարի՝ Ծրագրով, պայմանագրով և հուշագրով, և Շահառուի՝ Ծրագրով, իրենց վերապահված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը)։
- Սուբսիդավորման կամ փոխհատուցման դեպքում Մատակարարի և Շահառուի (իր կողմից ներմուծված սերմերով ցանք կատարելու դեպքում) հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է սուբսիդիայի կամ փոխհատուցման տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը փոխանցվում է համապատասխան հաշվեհամարներին։
- Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է Նախարարությունը։
- Վաճառքի ողջ գործընթացի ժամանակահատվածում Նախարարության կողմից կարող է իրականացվել մոնիթորինգ Մատակարարների և Շահառուների մոտ։
- Ծրագրի շրջանակում պարտադիր մոնիթորինգ կիրականացվի Շահառուների և ցանք կատարող Մատակարարների մոտ մինչև հաջորդ տարվա մայիսի կեսը ընկած ժամանակահատվածում։
- Եթե Նախարարության կողմից իրականացված մոնիթորիգի արդյունքում պարզվում է, որ Շահառուն և ցանք կատարած Մատակարարը խախտել են Ծրագրի և պայմանագրի դրույթները, ապա սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարը Շահառուի և ցանք կատարած Մատակարարի կողմից 1 ամսվա ընթացքում ենթակա է վերադարձման Նախարարությանը։
- Ծրագրի 28-րդ կետով նախատեսված մոնիթորինգի ավարտից հետո 2 ամսվա ընթացքում կազմվում է հաշվետվություն, որը պետք է ներառի տեղեկատվություն՝ վաճառված սերմերի քանակի, Ծրագրի շրջանակում ընդգրկված ցանքատարածությունների, արձանագրված խախտումների և այլնի վերաբերյալ։
- Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝Մատակարարի կողմից անորակ սերմերի վաճառքը, շուկայում առավել մատչելի գներով անորակ սերմերի առաջարկը, որակյալ սերմերի օգտագործումը որպես պարենային ցորեն, գնահատված պահանջարկից պակաս իրացվելիությունը, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքի կորուստը։
- Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։
- Ծրագրի բյուջեն 2020 թվականի համար կկազմի 350,0 մլն ՀՀ դրամ (ըստ գնահատականների, Ծրագրի շրջանակում 2020 թվականին սերմացուի պահանջարկը կկազմի շուրջ 5000 տոննա)։ Ծրագիրը կարող է իրականացվել նաև հետագա տարիներին, և ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով։
- Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացում՝ շուրջ 30%, ծրագրի շրջանակներում 2020 թվականին կիրականացվի շուրջ 17,0 հազար հա աշնանացան ցորենի ցանք:
Աղյուսակ 1
Հայաստանի Հանրապետությունում օգտագործման
թույլտվություն ունեցող ցորենի սորտերի ցանկ
Հ/հ |
Սորտի անվանումը |
Հ/հ |
Սորտի անվանումը |
Հ/հ |
Սորտի անվանումը |
1 |
ԱԹԳ-3512 |
28 |
Էրիտրոսպերմում 80 |
55 |
Պրոմոնթորի |
2 |
Ախթամար |
29 |
Ինտենսիվնայա |
56 |
Ռիմա |
3 |
Ակսինիտ |
30 |
Լալվարի 10 |
57 |
Ռոստովչանկա 5 |
4 |
Անի |
31 |
Լեբեդ |
58 |
Սաթենի 22 |
5 |
Արա |
32 |
Լենինականի 5 |
59 |
Սթիվենս |
6 |
Արագած |
33 |
Կոլլեգա |
60 |
ՍՆ-64 (ԱԹԳ-3516) (SN-64) |
7 |
Արայ |
34 |
Կոտայք |
61 |
Տաթև |
8 |
Արեգակ |
35 |
Կրասնադար 99 |
62 |
Տանաիս |
9 |
Արմիկ |
36 |
Կռոշկա |
63 |
Տանյա |
10 |
Արմյանկա 60 |
37 |
Հայասի |
64 |
Տարոն |
11 |
Արմսիմ |
38 |
Մակար |
65 |
Վան |
12 |
Բալթազար |
39 |
Մերձավանի 149 |
66 |
Վասսա |
13 |
Բատկո |
40 |
Միրիչ Վում |
67 |
Վարս |
14 |
Բեզոստայա 1 |
41 |
Միրլեբեն |
68 |
Վեսթոն |
15 |
Բրիգանտինա |
42 |
Միրոնովսկայա 808 |
69 |
Վիկտորիա |
16 |
ԳԱԽ 5 |
43 |
Մոսկվիչ |
70 |
Վյու -301 (W-301) |
17 |
Գռացիա |
44 |
Յուբիլեյնայա 100 |
71 |
Ումանկա |
18 |
Գռոմ |
45 |
Յուկա |
72 |
Գալգալոս տեղական |
19 |
Դագդաշ |
46 |
Նաիրի 68 |
73 |
Նորկունդիկ |
20 |
Դոնսկայա բեզոստայա |
47 |
Նեմրութ |
74 |
Շիրակի 1 |
21 |
Դոնսկոյ սյուրպրիզ |
48 |
Նիրսա |
75 |
Շիրակի 2 |
22 |
Դվին |
49 |
Նոտա |
76 |
Ջագգեր |
23 |
ԵԳԿ 90 |
50 |
Ոսկեհասկ |
77 |
Սարատովսկայա 55 |
24 |
Եսաուլ |
51 |
Պարադիզ |
78 |
Սետե ցերոս 66 |
25 |
Զաստավա Օդեսսկայա |
52 |
Պտիսնիզկա |
79 |
Սիլա |
26 |
Էլթան |
53 |
Պրիկումսկայա 140 |
80 |
Սյունիք |
27 |
Էջմիածին 2700 |
54 |
Պրիմա Օդեսսկայա |
81 |
Քրիստինե |
-
Обсуждалось
29.06.2020 - 15.07.2020
-
Тип
Программа
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 11473
Принт