,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
05.06.2020
Նախագծով առաջարկվող փոփոխությունները ամբողջությամբ աղավաղում են ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշման տրամաբանությունը: Այս առումով նախագծի <<Հիմնավորում>> բաժնում նշված հետևյալ <<փոփոխությամբ N1 հավելվածի հայեցակարգային լուծումներում կատարվում են տեխնիկական բնույթի փոփոխություններ>> տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշմամբ հիմնականում նախատեսվում է կոնկրետ բարեփոխում, որի իրականացման արդյունքում մեխանիկական բնույթ կրող հասցեավորման գործարքի դեպքում քաղաքացին ավելորդ միջոցներ չի կորցնի և զերծ կմնա բյուրոկրատական հնարավոր քաշքշուկներից: Նախագծով առաջարկվում է, որ հասցեավորման գործարքի համար, միևնույն է, քաղաքացին պետք է դիմի տվյալ համայնքապետին, իսկ վերջինս էլ, նոր առաջարկի համաձայն, պետք է դիմի նոր ստեղծվող ինքնաշխատ համակարգ, որպեսզի գրանցի նոր հասցե, ինչը կարող է նաև մերժվել: Այսինքն, Նախագծի առաջարկի կիրառման դեպքում քաղաքացին ավելի վատ վիճակում է հայտնվելու, քանի որ իր գույքի համար հասցե չստանալու դեպքում չի կարողանալու հստակեցնել՝ խնդիրը նոր ստեղծվող համակարգում է, թե՝ համայնքապետի գործողություններում կամ անգործությունում: Առաջարկում ենք Նախագծից հանել առնվազն դրա 1-ին կետի 1-ին ենթակետի <<ա) պարբերությունը>>, այսինքն, ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշման 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ ենթակետերը թողնել անփոփոխ: Հակառակ դեպքում առաջարկվող գործընթացների ժամկետները երկարաձգել առնվազն 10 տարով, և քննարկվող գործընթացների համար նախատեսվող ահռելի գումարները ուղղել Կադաստրի կոմիտեի համար առաջնային խնդիր հանդիսացող կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղմանը, որոնց պատճառով բազմաթիվ անձիք անտեղի ստիպված ծախսում են ավելորդ միջոցներ և զրկվում առաջնային համարվող սեփականության իրավունքից: