«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ
05.06.2020
1. Սույն նախագիծն բովանդակային առումով ուղղված է դրական բարեփոխումների, սակայն, նախագծի շրջանակներում, ցանկանում ենք տեսնել օրենքով հստակ կանոններ/կարգավորումներ այն իրավիճակները կարգավորելու համար, որոնցից են օրինակ՝ այնպիսի գործատուները/անձինք/, որոնք ունենում են չգրանցված աշխատողներ։ 2. Իհարկե, հարկային հարաբերություններում այս հարցի վերաբերյալ առկա են հստակ օրենսդրական կարգավորումներ, սակայն, դա միայն հարկային մասով է, գտնում ենք, որ աշխատանքային օրենսդրությամբ սույն խնդրո առարկան նույնպես պետք է ստանա իր օրենսդրական կարգավորումը: 3. Այս դեպքում, առճակատվում ենք խնդրի հետ, երբ գործատուն անձին ընդունում է աշխատանքի, սակայն չի գրանցում նրան/անգամ առանց աշխատողի իմացության/ և հետագայում էլ նույն հիմքով՝ չգրանցված լինելու փաստով, աշխատավարձը չի վճարում: 4. Ցանկանում ենք արձանագրել, որ դատական պրակտիկայում ամենամեծ խնդիրը աշխատողի կողմից իր տվյալ ընկերությունում աշխատելու իրողությունն ապացուցելն է, քանի որ աշխատողը չունի բարարար միջոցներ իր աշխատելու իրողության ապացուցման համար։ 5. Ուստի, ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք սահմանել աշխատանքային հարաբերության կանխավարկած, ապացուցման բեռը նման հայցով գործատուի վրա դնելով, որ գործատուն ինքն ապացուցի, տվյալ անձի իր ընկերությունում աշխատելու կամ չաշխատելու հանգամանքը։ 6. Այլապես փորձը ցույց է տալիս, որ շատ դժվար է անբարեխիղճ գործատուի դեմ հայց ներկայացնել և ապացուցել, որ իրականում անձը աշխատել է այդ ընկերությունում: 7. Դա նաև կմղի, որ գործատուները հենց իրենք շահագրգռված լինեն գրանցելու իրենց աշխատողներին, ինչն էլ կխթանի օրենսդրության պահպանմանը: 8. Հետևաբար, առաջարկում ենք փոխել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածը վերոնշյալ խնդրո առարկա դարձած հարցի լուծման նպատակով։ Առաջարկում ենք նախատեսել դատավարական նորմ, համաձայն որի գործատուն է կրում ապացուցման բեռը, եթե աշխատողը ներկայացնում է փաստեր և գործում է փաստերի կանխավարկած: «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան