ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 18.
ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 116. Գրավոր ընթացակարգով քննվող գործերը
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով,123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124-124.4, 124.6, 124.7, 125, 126, 128,129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2 և 140-րդ հոդվածներով սահմանված գործերով, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով կամ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից՝ տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով, վարչական դատարանը գործի քննությունն իրականացնում է գրավոր ընթացակարգով:
- Վարչական դատարանը գրավոր ընթացակարգ կարող է կիրառել նաև այլ գործերով, եթե գտնում է, որ գործն ըստ էության քննելու և լուծելու համար ներկայացվել են բավարար ապացույցներ և
1) դատավարության բոլոր մասնակիցների կողմից ներկայացվել է գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին միջնորդություն կամ
2) գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դատավարության մասնակիցների կողմից առարկություն չի ներկայացվել։ Առարկությունը կարող է ներկայացվել գրավոր, ինչպես նաև բանավոր՝ նախնական դատական նիստի կամ դատական նիստի ընթացքում։
Հոդված 117. Գրավոր ընթացակարգով գործի քննության կարգը և իրականացվող գործողությունները
- Սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերում գործի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով՝ որպես կանոն, առանց դատական նիստ հրավիրելու։
- Գրավոր ընթացակարգն իրականացվում է գործի քննության ընդհանուր կանոններին համապատասխան՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով։
- Վարչական դատարանը սույն գլխի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերի դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ, իսկ 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ գրավոր ընթացակարգ կիրառելու մասին որոշմամբ դատավարության մասնակիցներին ծանուցում է անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, իրենց պահանջներն ու առարկություններն հիմնավորող ապացույցները դատարանին ներկայացնելու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկշաբաթյա ժամկետից, ինչպես նաև գործով դատական ակտը հրապարակելու ժամկետի մասին։
- Վարչական վարույթ իրականացրած մարմինը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերը, ինչպես նաև իր տիրապետման կամ ազդեցության ոլորտում եղած բոլոր ապացույցները (իրավախախտումն ամրագրած տեսանյութը, լուսանկարը և այլն) ուղարկում է գործը քննող դատարանին։
- Վարչական դատարանը սույն հոդվածով նախատեսված գործերով գրավոր ընթացակարգի հիման վրա գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։
- Վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը, որի մասին ծանուցում է դատավարության մասնակիցներին:
- Վարչական դատարանի սույն հոդվածով նախատեսված գործերով գրավոր ընթացակարգի հիման վրա կայացված դատական ակտի եզրափակիչ մասը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցված ժամկետում հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում։
Հոդված 118. Գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումը
- Սույն գլխի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական դատարանը որոշում է կայացնում գրավոր ընթացակարգ կիրառելու մասին՝ առանձին դատական ակտի տեսքով։ Որոշման մեջ նշվում է նաև 117-րդ հոդվածի 3-րդ մասով նշված տեղեկությունը։
- Գրավոր ընթացակարգ կիրառելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դատավարության մասնակիցներին։
- Գրավոր ընթացակարգ կիրառելու մասին որոշում կարող է կայացվել գործի քննության յուրաքանչյուր փուլում։
Հոդված 118.1. Գրավոր ընթացակարգից անցումը բանավոր ընթացակարգի
- Դատարանը սույն գլխի 116-րդ հոդվածով նախատեսված գործերով հայցադիմումը վարույթ ընդունելիս կամ գործի գրավոր քննության ընթացքում որոշում է կայացնում գործը ընդհանուր կարգով քննելու մասին, եթե՝
1) գտնում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի պարզումը հնարավոր է միայն բանավոր ընթացակարգի պայմաններում, այդ թվում՝ առկա է դատավարության մասնակիցներից բացատրություն վերցնելու, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու անհրաժեշտություն կամ
2) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն կամ
3) դատարանի որոշմամբ՝ այլ դեպքերում:
- Գործն ընդհանուր կարգով քննելու մասին միջնորդություն կարող են ներկայացնել նաև դատավարության մասնակիցները: Գործն ընդհանուր կարգով քննելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը պետք է լինի հիմնավորված։ Միջնորդությունը կարող է ներկայացվել հայցադիմումի հետ միասին, ինչպես նաև գործի քննության ընթացքում:
- Գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու որոշման դեպքում դատավարության մասնակիցները եռօրյա ժամկետում ծանուցվում են դատական որոշման և առաջիկա նիստի մասին։
Հոդված 118.2. Վարչական դատարանի՝ սույն գլխի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով դատական ակտերի բողոքարկումը
- Վարչական դատարանի՝ սույն գլխի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով դատական ակտը՝ անկախ գործի քննության գրավոր կամ հետագա բանավոր ընթացակարգից, կարող է բողոքարկվել միայն վարչական ակտի հասցեատիրոջ կողմից։
Հոդված 118.3. Սույն գլխով նախատեսված գործերի քննությունը վերաքննիչ դատարանում
- Վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակագով քննված գործերի վերաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
- Գրավոր ընթացակարգից անցումը բանավոր ընթացակարգի իրականացվում է սույն գլխի 118.1-ին հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:
- Վերաքննիչ դատարանը դատավարության մասնակիցներին ծանուցում է գործով դատական ակտը հրապարակելու ժամկետի մասին:
- Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածով նախատեսված գործերով գրավոր ընթացակարգի հիման վրա կայացված դատական ակտի եզրափակիչ մասը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցված ժամկետում հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում»։
Հոդված 2. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1. մասով.
«9.1. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով դատական ակտը հայցն ամբողջությամբ բավարարվելու դեպքում օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Հոդված 3. Սույն օրենսգրքի 148-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1. մասով.
«5.1. Վերաքննիչ դատարանի՝ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվելու և դատական ակտը ամբողջությամբ բեկանվելու դեպքում դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատարանների կողմից վարույթ ընդունված գործերի քննության և դրանց բողոքարկման կարգի վրա: Դատարանի կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված գործերի քննությունը և բողոքարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով: