Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը հանդիսանում է ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց:

Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և հիմքում ունենալով այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կախված է քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց և 2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում):

  • Որոշմամբ նախատեսվել են առանցքային հետևյալ փոփոխությունները.
  • Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև՝ ՊՈԱԿ) կողմից:
  • Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը համապատասխանեցվել է քաղաքացիների համար նախատեսված՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին: Հատկանշական է, որ կալանավորված անձինք և դատապարտյալները կցագրվելու են քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով առավել մոտ գտնվող, լիցենզավորված, արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը, որտեղ իրականացվելու են նեղ մասնագիտական ծառայությունները, այդ թվում՝ նաև լաբորատոր-գործիքային հետազոտությունները:
  • Դյուրինացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա, ուղեգրման գործընթացից հանելով լրացուցիչ օղակներին: Ըստ այդմ՝ ուղեգրերի ձևաթղթերը կտրամադրվեն ՊՈԱԿ-ին՝ հայտին նախորդող տարվա տվյալներով քրեակատարողական բոլոր հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թվի 70 տոկոսի չափով:
  • Սահմանվել է կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից սեփական միջոցների հաշվին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը: Միջազգային չափանիշներին համապատասխան՝ նախատեսվել է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից:
  • Հիվանդությունների դասակարգման միջազգային (ICD) չափանիշին է համապատասխանեցվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, առաջարկվում է այն տարածել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն խոչընդոտող հիվանդությունների վրա՝ նշված ցանկը դարձնելով կողմնորոշիչ՝ նախկին սպառիչ ցանկի փոխարեն:
  • Նախատեսվել է, որ Արդարադատության նախարարությանը կից պետք է ստեղծել բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն՝ կալանավորված անձանց ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշումն իր նոր խմբագրությամբ ՊՈԱԿ-ի գործունեության համար անհրաժեշտ մայր փաստաթուղթն է:

Հիմքում ունենալով այն, որ արդեն իսկ առկա էին ՊՈԱԿ-ի փաստացի գործունեության համար անհրաժեշտ նախադրյալները (գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համալիր, անհրաժեշտ ֆինանսավորում, կադրային հագեցվածությունն ապահովելու համար անհրաժեշտ հաստիքներ, անհրաժեշտ վերապատրաստումներ, դեղորայքային ապահովվածություն, լիցենզավորման գործընթացի համար անհրաժեշտ պայմաններ)՝ 2019 թվականի սեպտեմբեր ամսից ՊՈԱԿ-ը սկսեց ծավալել իր փաստացի գործունեությունը:

          ՊՈԱԿ-ի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն է: Ըստ այդմ՝ հատուկ այդ գործառույթի համար ստեղծված մասնագիտացված կառույցը պետք է ունենա պատշաճ վերահսկողական գործիքակազմ:

          Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ ՊՈԱԿ-ը ներկայումս հնարավորություն չունի վերահսկել ազատությունից զրկված անձանց տեղաշարժը քրեակատարողական հիմնարկներից և, ըստ այդմ, կանխատեսելի դարձնել իր գործունեության ծավալներն ու քաղաքացիական հիվանդանոցների վրա դրվող «բեռի» ծավալներն ու ժամկետները: Նման պայմաններում կարող են առաջ գալ նաև հնարավոր չարաշահման ռիսկեր, որոնց կառավարումն օբյեկտիվորեն հնարավոր չէ՝ վերահսկողական գործիքակազմի բացակայությամբ պայմանավորված:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար ստեղծված մասնագիտական կառույցին օժտել պատշաճ վերահսկողական գործիքակազմով:

Նախագծով առաջարկվում է.

1) բարձրացնել կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող քաղաքացիական հաստատությունների հաշվետվողականությունը.

2)  կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար ստեղծված մասնագիտական կառույցին հնարավորություն տալ վերահսկել կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում իրականացվող գործընթացը.

3) քաղաքացիական բժշկական հաստատությունում մնալու անհրաժեշտությունը պարզելու նպատակով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից Առողջապահության նախարարին դիմելու միջոցով անհրաժեշտության դեպքում հրավիրել բժշկական խորհրդակցություն (կոնսիլիում):

4) Անհրաժեշտության դեպքում հրավիրված բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) արդյունքներով որոշել անձին քաղաքացիական բժշկական հաստատությունում պահելու անհրաժեշտությունը:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար ստեղծված մասնագիտական կառույցը՝ ՊՈԱԿ-ը, կօժտվի պատշաճ վերահսկողական գործիքակազմով՝ այդպիսով բարձրացնելով ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությունը: Նախագծի կնպաստի նաև հնարավոր չարաշահումների նվազեցմանը:

 

  • Обсуждалось

    15.04.2020 - 01.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6686

Принт

Предложения

Vardan Vardanyan

23.04.2020

Կարծում եմ, որ վերոնշյալ գործողություններին զուգահեռ անհրաժեշտ է հստակ սահմանել կալանավորին, ձերբակալվածին մի բժշկական հաստատությունից մյուսը տեղափոխելու անհրաժեշտությունը և հիմքերը, ծախսային գործոնը և երիտասարդ ու տարեց կալանավորների ու ձերբակալվածների բուժման առանձնահատկությունները։

Узнать больше