Добавить в избранное

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծով առաջարկվող իրավական նոր կարգավորումներն ուղղված են ապահովելու ՀՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետ իրացումն օրենսդրության մեջ:

Ընթացիկ իրավիճակը հետևյալն է.

ա) «Դատախազության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)  28-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազն իրավունք չունի ծանոթանալու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի անձնական գործին: Դատախազի իրավունքը սահմանափակվում է միայն պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի այն փաստաթղթերին ծանոթանալով, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների: Նշված հանգամանքը հնարավորություն չի տալիս դատախազին արդյունավետ կերպով իրականացնել հսկողական իր լիազորությունները, քանի որ հաճախ օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի անձնական գործին:

Այս համատեքստում հատկանշական է այն հանգամանքը, որ Օրենքի՝ փոփոխման ենթակա 28-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հիման վրա դատախազին պրոբացիայի շահառուի անձնական գործին ծանոթանալու իրավունք վերապահված է:

բ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում հսկողություն իրականացնող դատախազը Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով լիազորված է ստուգել  միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, մինչդեռ պրակտիկայում առաջանում է անհրաժեշտություն` ստուգել նաև վերը նշված անձանց այն գործողության կամ անգործության համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որի արդյունքում չի ընդունվում որևէ իրավական ակտ։ 

Նախատեսվող փոփոխությունը ոչ միայն հնարավորություն կտա կարգավորել նշյալ խնդիրը, այլև որպես հետևանք պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում հսկողություն իրականացնող դատախազը լիազորված կլինի ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համապատասխան միջնորդագիր, որն արդեն հիմք կհանդիսանա համապատասխան պաշտոնատար անձնաց կողմից պարտադիր ծառայողական քննություն անցկացնելու համար։

գ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս տարբեր բնույթի հարցերի լիարժեք և համալիր բացահայտումը և գնահատումը որոշակի նեղ մասնագիտական, ոչ իրավաբանական գիտելիքներ և հմտություններ է պահանջում: Սակայն գործող իրավակարգավորումները դատախազին հնարավորություն չեն տալիս ներգրավել hամապատասխան ոլորտի մասնագետ, որը կտրամադրի հսկողության շրջանակում գտնվող հարցի վերաբերյալ մասնագիտական և օբյեկտիվ կարծիք, ինչը դատախազական հսկողության արդյունավետության վրա ազդող կարևոր հանգամանք է:

դ) Գործող կարգավորումների պարագայում օրենսդիրը հնարավորություն չի ընձեռում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտում թույլ տված անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ դիմել վերջինիս վերադասին: Հետևաբար` անհրաժեշտ է կատարել այդ խնդիրը կարգավորող փոփոխություն` հնարավորություն տալով գլխավոր դատախազին կամ հսկողություն իրականացնող դատախազին պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտում թույլ տված անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ դիմել վերջինիս վերադասին:

ե) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրավունք է վերապահում միայն նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս: Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ վերը նշված օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում դատախազը կարող է օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնել միայն հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս:

Մինչդեռ Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնելիս հաճախ անհրաժեշտություն է ծագում ուսումնասիրելու այդ իրավական ակտերի կայացման հիմքում դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում կազմված փաստաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հակառակ պարագայում դատախազության վերոգրյալ գործառույթը կարող է հանգել ձևական-իրավական առումով կազմված իրավական ակտի օրինականության ստուգման` առանց անդրադառնալու դրա բովանդակությանը, ինչն ուղղակիորեն հակասում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության սահմանադրական գործառույթի բուն էության:

Բացի այդ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը և բացահայտումը դիտարկում է  որպես օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակ: Նշված կարգավորման պայմաններում և անհրաժեշտ ու բավարար հսկողության բացակայության դեպքում օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարող է հանգեցնել կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև պետության և հասարակության օրինական շահերի կոպիտ ոտնահարման:

զ) ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում բազմիցս գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ հայտնաբերված խախտումների պատճառները պարզելու, աշխատանքում տեղ գտած թերությունները հետագայում բացառելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ, սակայն ոչ բոլոր դեպքերում է այդ գրությունների հիման վրա անցկացվել ծառայողական քննություն։ Վերը նշված գրությունների հիման վրա հիմնականում անցկացվել են ուսումնասիրություններ, որոնք իրենց իրականացման ծավալով շատ ավելի նեղ են, քան ծառայողական քննությունը։

Նշված իրավիճակը պայմանավորված է Օրենքի անկատարությամբ, որով պայմանավորված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում հայտնաբերված խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին միջնորդագիր ներկայացնելու իրավասություն չունի: Նման իրավասության բացակայության պայմաններում խնդիրներ են առաջացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետ իրականացման տեսանկյունից:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետևյալում.

ա) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ ծանոթանալու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի անձնական գործին:

բ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ ստուգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի գործողությունների կամ անգործության համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Իհարկե ստուգելու այս իրավունքը չի կարող հայեցողական լինել, ուստի նախատեսվում է, որ այն նույնպես պետք է իրականացվի այն շրջանակով միայն, որով գործող կարգավորմամբ իրականացվում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, այն է՝ դրանք պետք է վերաբերեն միայն պատիժների կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին և պայմաններին:

գ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ hամապատասխան ոլորտի մասնագետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց:

դ) Իրավունք տալ գլխավոր դատախազին կամ հսկողություն իրականացնող դատախազին պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտում թույլ տված անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ դիմել վերջինիս վերադասին:

ե) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ հսկողություն իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ: Անշուշտ, այս իրավունքը նույն կերպ ենթակա է լինելու սահմանափակման, ինչ գործող կարգավորմամբ նախատեսված է նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս, այն է՝ դատախազը հսկողությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում և դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները:

զ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով միջնորդագիր ներկայացնել դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա մի շարք բացերը և ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը:

  • Обсуждалось

    03.03.2020 - 22.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6809

Принт