Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել  «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

Հոդված 2. 13-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 1-ին կետում «երեխա» բառը փոխարինել «երեխա կամ զավակ» բառերով.

2) 9-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝

 «Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը  Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:».

3) 11-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

 Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում «նա» բառից հետո լրացնել «ունի կամ» բառերը։
  • 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
  • 5-րդ մասում «հիման վրա» բառերից հետո լրացնել «(14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաև երեխայի գրավոր համաձայնությունը)» բառերը:

 

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբնոր 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հարուցվում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է։ Անձի կողմից կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու բավարար ապացույցների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմում է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու և Հայաստանի Հանրապետության վարչապետին եզրակացություն ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որի կողմից սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն լուծվում է անձի քաղաքացիությունը դադարեցնելու հարցը»։

 

 Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը

  1. Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը, այն ընդունող մարմնի կողմից մերժվում է, եթե՝

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.

4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային պարտավորություններ.

5) նա ունի «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորություններ՝ մասնավորապես,

ա) տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին և վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը.

բ) ունենալով զինվորական հաշվառում չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում.

գ) հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահ­մանված բժշկական վերափորձաքննություն անցնելու պարտականություն.

դ) քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին.

ե) դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դիմումը մերժելու հիմքերի բացակայության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմող անձը: Նշված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքները տրվում են դիմող անձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, դատական դեպարտամենտի, պետական եկամուտների կոմիտեի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով։
  2. Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել դիմելու օրվանից սկսած եռամսյա ժամկետում։ Սույն մասով սահմանված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումն ընդունած մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժվում է։ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում:
  3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին»։

 

Հոդված 5.  27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած դրական եզրակացություններն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած բացասական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։
  3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունների հետ ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։
  4. Հայաստանի Հանրապետության վարչապետը սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է անձին քաղաքացիություն շնորհելու մասին առաջարկությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առանց Ոստիկանությունից եզրակացություն ստանալու:
  5. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:
  6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում ներկայացնելու դեպքում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացնելու պահից:
  7. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ներկայացնելու կարգը» բառերը փոխարինել «ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն մուտքագրվելու օրից սկսած իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո` սույն օրենքով սահմանված կարգով»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

 

  • Обсуждалось

    18.02.2020 - 04.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8768

Принт

Связанные документы / ссылки