Добавить в избранное

Проект принят

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Անհրաժեշտությունը.

Միջոցառման գլխավոր նպատակն է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ԱԺ 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «4.4 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնի 3-րդ պարբերությունից և  բարձրագույն կրթության ոլորտի և գիտության ոլորտի համապատասխան բաժինների դրույթներից:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը` բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար։

Օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության և կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման արդյունավետության և գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը։

Օրինագծի հիմնական նպատակներն են.

ա) բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը և խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

բ) բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության ապահովումը, ակադեմիական շարժունությանը նպաստելը,

գ) հայագիտական հետազոտությունների գերակայությունը,

դ) կրթված, զարգացած և մրցունակ անհատի ձևավորմամբ հասարակության կայուն զարգացմանը նպաստելը,

ե) Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին և Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի ինտեգրվածության շարունակական ընդլայնումը՝ ազգային կրթական առաջադեմ ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ, ինչպես նաև միջազգային լայն համագործակցության ապահովումը։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-ից 20 տարի առաջ՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1999թ.-ին, «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքը՝ 2000թ.-ին, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը՝ 2004թ.-ին։ Նշված օրենքների ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ՝ պայմանավորված Բոլոնիայի գործընթացին միանալու (2005թ.), Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մաս կազմելու (2010թ.), Եվրոպական հետազոտական տարածքի Հորիզոն 2020 ծրագրում ինտեգրվելու (2014թ.), միջազգային կրթական և գիտական լայն համագործակցության մեջ ընդգրկվելու հանգամանքով։ Այդ բարեփոխումներից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն այնուամենայնիվ սահմանափակվում է օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ։

Այսպես, վերը նշված օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության և գիտության միջազգային արդի չափանիշներին, չեն նպաստում բարձրագույն կրթության ու գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների գործունեության համար միասնական մոտեցումների և սկզբունքների կիրառումը, դրանց արդյունավետ փոխգործակցությունը, բուհ-հետազոտություն-տնտեսություն բնականոն կապը, ինչպես նաև սահմանադրական պահանջից բխող՝ բուհերի ինքնակառավարման հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, հաշվետվողականության և ֆինանսավորման անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները:

Բարձրագույն կրթության կառավարման մոդելի բարեփոխման մասով օրենսդրությամբ անհրաժեշտ ամրագրման և կարգավորման դրույթներից են մասնավորապես բուհերի կազմակերպաիրավական, կառավարություն– նախարարություն-բուհ իրավասության սահմանների, կառավարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը:

Գիտության ոլորտում հստակեցման կարիք ունեն նաև կառավարություն-պետական կառավարման լիազոր մարմին-գիտական կազմակերպություն իրավասության սահմանները, միջազգային չափանիշներին համապատասխան գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, ինչպես նաև գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և կրթություն-գիտություն-տնտեսություն կապի խրախուսման մեխանիզմները:

Օրենսդրական կարգավորումների հետընկնումներն էապես սահմանափակում են բարձրագույն կրթության և գիտության համակարգերի հետագա արդիականացման, միջազգայնացման և դրանցից բխող մրցունակության բարձրացման հնարավորությունները, մասնավորապես.

ա) պահպանվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ժամանակավրեպ անջրպետվածությունը. գիտության ոլորտը շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական և գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ խոչընդոտելով կրթության և գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձևավորումը, հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացումը բուհերում և գիտության ոլորտում երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը,

բ) բացակայում են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում միջազգային արդի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը, այդ պատճառով փաստացի չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը և պահպանվում է գիտական աստիճանաշնորհման ԽՍՀՄ-ից ժառանգած երկաստիճանությունը,

գ) օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով էապես սահմանափակված են բարձրագույն կրթության համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների, ակադեմիական և գիտահետազոտական կազմի շարժունության մեխանիզմները,

դ) բարձրագույն կրթության ծրագրերն իրականացվում են կոշտ սխեմաներով՝ զուրկ լինելով գիտական առաջընթացին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ճկուն կերպով փոփոխվելու հնարավորությունից։ Որոշ առարկաների առկայությունը ծրագրում ուղղակիորեն պարտադրվում է օրենսդրորեն՝ անկախ կրթական ծրագրի նպատակից և վերջնարդյունքից։ Շարունակում է պահպանվել կրթության կազմակերպման ժամանակավրեպ բաժանումը առկա և հեռակա ուսուցման համակարգերի ու բացակայում է ուսանողների հնարավորությունները մասնակցելու իրենց կրթական ծրագրերի ձևավորմանը՝ ընտրելու դասընթացները, ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) և տևողությունը ըստ իրենց անհատական ունակությունների, աշխատանքային զբաղվածության և ֆինանսական հնարավորությունների։

ե) Օրենսդրական կարգավորման խնդիրներ ունեն նաև բուհերի կրթական ծրագրերի լիցենզավորման հարցերը։ Ծրագրային հավատարմագրումը պարտադիր բնույթ չի կրում, ինչը էական ազդեցություն ունի կրթության որակի պատշաճ ապահովման վրա,

զ) պահպանվում է բուհերի ֆինանսավորման սխեման ըստ ուսանողների թվի, բուհի ենթակառուցվածքների զարգացման և կրթության որակի բարելավմանն ուղղված ֆինանսավորում չի իրականացվում, գործող օրենսդրությամբ չի ապահովվում բուհերի պատշաճ ֆինանսական ինքնավարությունը,

է) բուհերի ընդունելության գործող կարգավորումներով պետական պատվերի տեղերը հատկացվում են բուհերին՝ ըստ հաստատված մասնագիտությունների, իսկ ընդունելությունը բակալավրի կրթական մակարդակում իրականացվում է միասնական մրցույթի միջոցով՝ սահմանափակելով դիմորդների հնարավորություններն ընտրելու ուսումնական հաստատությունը և հավակնելու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրենց ընտրած մասնագիտություններով,

ը)  օրենսդրորեն լիարժեք կարգավորված չեն բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների իրացման երաշխիքները, հաշվետվողականության և հասարակական պատասխանատվության մեխանիզմները։ Բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման ներքին օղակներում մասնակցային միջավայրի բացակայությունը, մասնագետներին ներգրավելու բաց, թափանցիկ և ճկուն մեխանիզմների բացակայությունը, անցկացվող մրցույթների ֆորմալ բնույթը անդրադառնում են երիտասարդ մասնագետների առաջխաղացման վրա,

թ) Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով՝ կայացվող որոշումներն ենթակա են վավերացման ակադեմիայի նախագահության համապատասխան բաժանմունքների կողմից։ Շարունակում է գործել բուհերի կառավարման ներկայիս սխեման, որն իր արտաքուստ հավասարակշռված լինելով հանդերձ կառավարչական լուրջ թերություններ ունի՝ մասնավորապես, նախատեսում է պետական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավում, գործարար շրջանակների և հասարակական հատվածի ներկայությունը խիստ պայմանական բնույթ ունի, ուսանողները  քվեարկելու իրավունք ունեն կադրային հարցերում։

  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Վերը նշված օրենսդրական բացերը լրացնելու և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերը և պայմանները ապահովելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ամբողջական և հստակ կերպով սահմանվում են՝

1. Բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական​​ աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները՝

- ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով,

- պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի փոխհատուցում,

- մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով։

2. Բարձրագույն ուսումնական հաստատության և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև։

3. Անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։

4. Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Ըստ այդմ, այդ մակարդակում կրթություն կարող են իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ։

5. Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը)՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով:

6. Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։

7. Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը։

8. Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների։ Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին: Պետական​​ բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ (կրթական ծրագիր), որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն:

9. Կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը։

10. Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է։

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձիք

Օրենքի նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Օրենքի նախագծի քննարկման գործընթացում ներգրավվել են նաև ՀՀ պետական և ոչ պետական բուհերը, գիտահետազոտական ինստիտուտները, օտարերկրյա և տեղական փորձագետներ:

 5. Ակնկալվող արդյունքը.

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում ամբողջական և հստակ կսահմանվեն՝

- բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները,

- բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության կատարողականի արդյունքային ցուցիչների /KPI/ հիմքերը,

- կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կազմակերպություններին պետական​​ աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները (օրենքի նախագծով հիմնականում նախատեսվելու են բուհերի ֆինանսավորման և ուսանողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների սահմանումը, գիտահետազոտական գործունեության բնագավառում պետության  կողմից ֆինանսավորման իրականացում ծրագրային սկզբունքով` գիտական փորձաքննության միջոցով),

- բարձրագույն ուսումնական հաստատության և գիտահետազոտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները, որը կարտացոլի հաստատության պատասխանատվությունը և կատարողականությունը պետության ու հասարակության առջև,

- բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում միջազգային պահանջներից ելնելով անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները և մեխանիզմները:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի

ընդունման անհրաժեշտության մասին

 

 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման և փոփոխության անհրաժեշտություն առաջանում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

 

 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

  • Обсуждалось

    03.12.2019 - 18.12.2019

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 40235

Принт

Предложения

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

18.12.2019

Հոդված 3-ում ավելացնել այն կետը, ըստ որի ներկայացված են խելամիտ հարմարեցումները՝ ապահովելով լրացուցիչ կարիքները․ իրավական ակտի դեպքում՝ խելամիտ հարմարեցումների ցուցակում ընդգրկել լսողական սարքի կամ կոխլեար իմպլանտ կրող անձանց համար օժանդակ կամ աջակցող տեխնոլոգիական լուծումներ՝ ուսումնական լսարանում, սենյակում, դահլիճում, ինչպես օրինակ՝ տարբեր տեսակի հեռավոր ձայնային ընդունիչներ։

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

18.12.2019

Հոդված 13-ի 4-րդ կետի 4 պարբերությունում ընդգրկել նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ուսումնական նյութեր՝ վիդեոդասեր ենթագրերով, որակյալ և ընթեռնելի դասախոսության նյութեր՝ հայերեն պատկերազարդ դասագրքեր, ինտերակտիվ վիդեո-դասընթացներ և էլեկտրոնային դասագրքեր։

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

18.12.2019

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը պաշտպանում է տարբեր կարիքներ ունեցող խուլ և թույլ լսող անձանց իրավունքերը կրթության և զբաղվածության ոլորտներում ինչպես նաև կարևորում է տեղեկատվության հասանելիությունն ու հաղորդակցության մատչելիությունը։ Գլուխ 2 հոդված 9-ի 5-րդ կետում ավելացնել․ «ժեստերի լեզվին տիրապետող խուլ անձանց համար կարևոր է ապահովել հայերեն ժեստերի լեզվով որակյալ թարգմանություն» կամ «խուլ անձանց համար ապահովել հայերեն ժեստերի լեզվով որակյալ թարգմանություն» «օտար լեզվի դեպքում՝ միջազգային ժեստերով» Հիշեցնում ենք,որ «Լեզվի մասին» օրենքի հոդված 2-ում նշված է․ «Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով:» Այդ նպատակով պահանջվում է կազմակերպել Մանկավարժական համալսարանում հայերեն ժեստերի լեզվի ուսումնական ծրագիր և/ այլ համալսարաններում, որտեղ թարգմանություն մասնագիտությունն է ուսումնասիրվում՝ կազմակերպել և իրականացնել Հայերեն ժեստերի լեզվի թարգմանության վերապատրաստում և որակավորման ծրագիր։

Узнать больше