«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
- Անհրաժեշտությունը
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրության համաձայն` հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Մինչդեռ, կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի գործողությունները կրում են հանրային բնույթ և հանդիսանում են վարչարարության արդյունք, ինչի հետևանքով դատական պրակտիկայում ՀՀ դատարանների կողմից հարկադիր կատարողի պատճառած վնասի հատուցման պահանջների մասին վեճերը քննվում են վարչական դատավարության կարգով` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները (օրինակ` ՎԴ/0794/05/14 վարչական գործով 22.04.2016թ. կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության որոշումը դիտում է որպես վարչական ակտ, թիվ ՎԴ/2040/05/12, ՎԴ/0832/05/16 և բազմաթիվ այլ վարչական գործերով դատարանները քննելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարությամբ պատճառված վնասի հարցը կիրառել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները (բաժին VII): Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության, իսկ սույն բաժնով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է` Հայաստանի Հանրապետությունը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված վարչական մարմինների դեպքում: Նույն օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:
Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը: Նույն օրենսգրքի 1065-րդ հոդվածը սահմանում է, որ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները:
Հարկ է նկատել, որ հաշվի առնելով վերոգրյալը` «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրությունը (երբ հարկադիր կատարողի կողմից պատճառված վնասի կարգավորումը նախատեսվում է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան) տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Հետևաբար, հարկադիր կատարողի կողմից վարչարարության արդյունքում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման կապակցությամբ ծագող հարաբերությունների իրավակարգավորումը հստակցնելու և տարընկալումները բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն` սահմանելով, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրության համաձայն` հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Մինչդեռ` կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի գործողությունները կրում են հանրային բնույթ և հանդիսանում են վարչարարության արդյունք, սակայն քննարկվող հոդվածի գործող խմբագրությունը չի նախատեսում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելու հնարավորություն. արդյունքում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս և իրավակիրառ մարմինների կողմից կիրառման ենթակա օրենքը ընտրելիս կարող է հանգեցնել տարընկալումների:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում բացառել խնդրո առարկա նորմի տարաբնույթ մեկնաբանությունները` սահմանելով, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից, որը շրջանառվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների միջև և ներկայացվել է շահագրգիռ այլ գերատեսչությունների (ՀՀ արդարադատության նախարարության) կարծիքին:
- Ակնկալվող արդյունքը
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում կսահմանվի, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով: Արդյունքում հարկադիր կատարողի կողմից վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ հնարավոր կլինի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, իսկ մնացած դեպքերում (հարկադիր կատարողի կողմից պատճառված վնասը, որը կապված չէ հարկադիր կատարողի կողմից իրականացված վարչարարության հետ)` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը:
-
Обсуждалось
12.05.2017 - 29.05.2017
-
Тип
Закон
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 10277
Принт