ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Առողջապահական համակարգի 2019-2023 թվականների զարգացման կարևորագույն խնդիր է ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակումը և լիարժեք ներդրումը: Էլեկտրոնային համակարգի առկայությունը կնպաստի բժշկական ծառայություններ մատուցող հիմնարկների արդյունավետ կառավարման իրականացմանը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, որն էլ իր հերթին կապահովի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումը և արդյունավետության բարձրացումը ինչպես նաև կապահովի առողջապահական համակարգի գործունեության թափանցիկությունը և հանրության իրազեկվածության բարձր մակարդակը: Սույն տեսլականը նկարագրում է առողջապահության էլեկտրոնային համակարգի առկա իրավիճակը, հետագա զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները և գործողությունների պլանը` ելակետ ունենալով համակարգի գործունեության արդյունավետության գնահատման արդյունքները:
Ներկայումս, ՀՀ առողջապահական համակարգում, գործարկվում է առողջապահական տեղեկատվական՝ ԱՐՄԵԴ առցանց համակարգը, որի ներդրումը իրականացվել է ՀՀ առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման՝ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի նիստի N 50 արձանագրային որոշմամբ ընդունված հայեցակարգի հիման վրա:
ԱՐՄԵԴ համակարգը մշակվել է դեռևս 2014-2015թթ-ին և ներդրվել է 2017 թվականի սեպտեմբերին: Համակարգին միացած է թվով 470 բժշկական հաստատություն, որոնք մատուցում են բժշկական ծառայություններ պետական պատվերի շրջանակներում:
ԱՐՄԵԴ համակարգը հնարավորություն է ընձեռում հավաքել և մուտքագրել հիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման, ստոմատոլոգիական, հղիի հսկման դեպքերի տվյալները և սոցիալական փաթեթի շահառուներին տրամադրած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որը ներկայումս կիրառվում է առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կողմից պետական պատվերի շրջանակներում բժշկական հաստատությունների տրամադրած կատարողականի հաշվետվությունների հիման վրա` փոխհատուցման գործընթացները իրականացնելու համար:
Համակարգի սպասարկումը իրականացնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն: Համակարգի սպասարկման և կառավարման դրույթները կարգավորվում են «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 15 տարի ժամկետով կնքված կոնցեսիոն պայմանագրով:
Համակարգի գործունեության արդյունավետության գնահատման ընթացքում, որն իրականացվել է առողջապահության նախարարության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ` համակարգում գրանցվել են տարբեր տեխնիկական խնդիրներ, մասնավորապես.
- Համակարգն աշխատում է դանդաղ և դեռևս առկա են տվյալների մուտքագրման խնդիրներ, մասնավորապես տարբեր գործողությունների արդյունքում գրանցվող տվյալների կորուստները և անճշտությունները:
- Մուտքագրված տվյալների վավերացումը շարունակում է իրականացվել թղթային ձևերի հետ համեմատելու միջոցով: Համակարգի հաշվետվողական ֆունկցիաները հիմնականում ծառայում են ֆինանսավորման նպատակների համար:
- Բացակայում են անհրաժեշտ վերլուծական գործիքները, կանխատեսման հնարավորությունները: Չնայած, որ առկա են համակարգի ֆունկցիոնալ այլ բաժիններ, գործնականորեն կադրերի և բժշական նշանակություն ունեցող շտեմարանների, էլէկտրոնային դեղատոմսի ֆունկցիաները դեռևս չեն կիրառվում:
- Համակարգի բաժանորդային վճարները Հայաստանի Հանրապետությունում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մատուցման շուկայական արժեքների համեմատ նշանակալի թանկ են, որը դեռևս 2017թ. դժգոհություններ է առաջացրել բուժհիմնարկներում: Այդ նպատակով առողջապահության նախարարությունը՝ սկսած 2018թ. իրականացնում է ԱՐՄԵԴ համակարգի սպասարկման բաժանորդային վճարների մասնակի կամ ամբողջական սուբսիդավորում:
- Մի շարք նպատակներից ելնելով անհրաժեշտ է ստեղծել և գործարկել բժշկական մասնագետների ռեգիստրը:
Համակարգը իր ներկայիս հնարավորություններով չի ծառայում մասնավոր բժշկական հաստատություններից տվյալների հավաքագրման համար և բարձր ռիսկեր է պարունակում վերջիններիս կողմից համակարգը չընդունելու առումով, քանի որ հիմնականում հարմարեցված է պետական պատվերի ծառայությունների շրջանակներում ֆինանսական տվյալների հավաքագրման համար: Որպես հետևանք, համակարգը չի ապահովում ամբողջական վիճակագրական տեղեկատվության հավաքագրումը, որը դեռևս իրականացվում է առանձնացված մեթոդաբանությամբ և այլ գործիքակազմով:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով նախատեսվող, միասնական և արդյունավետ էլեկտրոնային առողջապահության 2019-2023 թվականների համակարգի հետագա զարգացման անհրաժեշտ ռազմավարական ուղղությունները ներառում են.
- Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման համար անհրաժեշտ բոլոր օրենսդրական կարգավորման ենթակա գործընթացների մշակումը և կիրառումը:
- Բժշկական և առողջապահական տվյալների հավաքման, մշակման, պահպանման և փոխանակման միասնական չափորոշիչների և բիզնես պրոցեսների մշակումը և դրանց համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին:
- Համակարգի տեխնիկական թերությունների շտկումը, տվյալների հավաքման, մշակման, հաշվետվական ու վերլուծական գործառույթների բարելավումը և դրանց արդիական պահանջներին համապատասխանեցումը:
- Բժշկական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների՝ ներառյալ մասնավոր բժշկական հաստատությունների, միասնական առողջապահական համակարգին միացման անհրաժեշտության ապահովումը:
- Համակարգից օգտվող բժշկական անձնակազմի (ավագ և միջին բուժանձնակազմի) համակարգչային գիտելիքների շարունակական զարգացումը և բարելավումը, որը հնարավորություն կընձեռնի ստեղծել բարենպաստ հիմք, հետագայում լիարժեք թվայնացված առողջապահության ներդրման համար` բացառելով թղթային տարբերակների կիրառումը:
- Էլեկտրոնային առողջապահական համակարգի և ՀՀ-ում գործող այլ կառավարման պետական համակարգերի ինտեգրման ապահովումը:
- Համակարգի սպասարկման և զարգացման համար իրականացվող ծախսերի կրճատումը՝ օպտիմալացնելով համակարգի ենթակառուցվածքները, կառավարման և սպասարկման ծախսերի գնագոյացման սկզբունքները:
- Էլեկտրոնային բժշկական և առողջապահական տվյալների՝ հիվանդների համար առավել մատչելիության ու տեղափոխելիության ապահովումը՝ ներառյալ հետազոտությունները, լաբորատոր և դեղորայքային բուժման արդյունքները։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Էլեկտրոնային առողջապահության զարգացման և ներդրման ճանապարհային քարտեզի առկայություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ԸՆԴՈւՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում: