,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
03.09.2019
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են ՀՀ վարչատարածքային միավորների տեսակները, դրանց նկարագիրը, սահմանները և նշվածների հետ կապված հնարավոր փոփոխության ձևերը, որոնք համահունչ են նշված օրենքի վերնագրին, իսկ այդ օրենքի 10-րդ կետի պահանջը չի համապատասխանում նույն օրենքի վերնագրին և բովանդակությանը, քանի որ այն վերաբերելի է միայն վարչական միավորի տարածքի ներսում հնարավոր իրականացվող հողային հարաբերություններին, իսկ վերջինս կարգավորվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով. այն է՝ ՀՀ հողային օրենսգիրքը: ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի տրամաբանության համաձայն ՀՀ պետական սեփականություն համարվող բոլոր հողերը պետք է անհատույց սեփականության իրավունքով փոխանցվեն համայնքներին: Վերոգրյալի ներքո, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի և 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կարող ենք փաստել, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետում նշված ժամկետի երկարացման դեպքում այն կշարունակի հակասել ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոնշված կետերի պահանջներին: Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետի պահանջը նաև հակասում է գործարար միջավայրի բարելավմանը: Միաժամանակ պետք է նշել, որ սույն նախագծի ամփոփաթերթում նախագծի մշակողների կողմից ներկայացված հնարավոր չարաշահումները վերահսկող և կանխարգելող գործիքակազմը նախատեսված է գործող ՀՀ օրենսդրությամբ: