Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Սակայն, պրակտիկայում շատ հաճախ վերոնշյալ իրավունքը բացարձականացվում է, և դրա արդյունքում` խոսքի միջոցով կարծիքի ազատության իրավունքն առանձին անձանց կամ կազմակերպությունների կողմից օգտագործվում է նաև ի վնաս հասարակության, նրա անդամների շահերի և բարօրության, ոտնահարվում են առանձին անձանց իրավունքներն ու արժանապատվությունը: Այդ պատճառով միջազգային փաստաթղթերը և դրանց հիման վրա պետությունների օրենսդրությունները նախատեսում են խոսքի ազատության իրավունքի սահմանափակման օրենսդրական հնարավորություններ, այն դեպքերում, երբ խոսքի ազատության իրավունքը վերաճում է «ատելության խոսքի»:

 Այսպես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից

2.Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն «ատելության խոսքը» դուրս է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական պաշտպանության շրջանակներից, քանի որ դրսևորվում է 17-րդ հոդվածի (այն է` իրավունքների չարաշահման արգելումը) խախտմամբ և հակասում է Կոնվենցիայի հիմքում դրված հիմնարար սկզբունքներին: Այս համատեքստում հարկ է նշել, որ Դելֆի ԱՍ-ն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ զրպարտիչ և այլ՝ ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում նաև՝ ատելության խոսքը և բռնություն հրահրող կոչերը կարող են վայրկյանների ընթացքում աշխարհով մեկ տարածվել ավելի արագ, քան նախկինում երբևէ տարածվել են, իսկ երբեմն նույնիսկ կայուն մնալ համացանցում: Գիտակցելով Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը և հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի 10-րդ և 8-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները արժանի են հավասար հարգանքի, անհրաժեշտ է այս երկուսը հավասարակշռել այնպես, որ դրանց էությունը պահպանվի: Այսպիսով, չնայած Դատարանը ճանաչում է այն հանգամանքը, որ խոսքի ազատության իրացման տեսանկյունից համացանցը կարևոր առավելություններ է տալիս, այն նաև հաշվի է առնում, որ զրպարտիչ կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտման համար արդյունավետ միջոց[1]:

«Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի թիվ R (97) 20 հանձնարարականի 2-րդ սկզբունքի համաձայն` անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում  կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության  պաշտպանության միջև[2]։

Ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի և արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է  պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ և հրապարակային հրահրման, ինչպես նաև միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երևույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության[3]:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի  Եվրոպական հանձնաժողովի «ատելության խոսքի» դեմ պայքարի թիվ 15 հանձնարարականի համաձայն՝ «ատելության խոսքը» կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի և խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորման համար: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության միջոցները անհրաժեշտ են այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության, սպառնալիքի, թշնամանքի կամ խտրականության հարուցմանը որոշակի խումբ անձանց նկատմամբ[4]:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:

2.Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

3.Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.

ա/   այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.

բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար»:

Վերոնշյալ դաշնագրի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  «Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության օգտին որևէ ելույթ, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության սադրանք, պետք է արգելվի օրենքով»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ևս նախատեսված է անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի սահմանափակման հնարավորություն: Մասնավորապես Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն`

«1.Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: (…)

3.Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»:

Վերոշարադրյալից հետևում է, որ «ատելության խոսքը» դուրս է խոսքի ազատության իրավունքի շրջանակներից: Թեև միջազգային իրավունքում,  առկա չէ «ատելության խոսք» հասկացության համընդհանուր ճանաչում գտած ձևակերպում և այն տարբեր կերպ է ընկալվում ազգային և միջազգային մակարդակներում և տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, այնուամենանիվ անվիճելի է, որ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ նման բռնությունը քարոզելը հանդիսանում է «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ աշխարհի շատ երկրներում քրեականացված են բռնության կոչերի տարբեր դրսևորումները.

  1. Պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված կոչեր (Բուլղարիա, Շվեյցարիա, Իսրայել, Սլովենիա, Լատվիա, Գերմանիա, Սերբիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Բելառուս, ՌԴ):
  2. Տեռորիստական կամ էքստրեմիստական գործունեության կատարմանն ուղղված կոչեր (Իսրայել, Սլովակիա, Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Սերբիա, ՌԴ):
  3. Ցանկացած տեսակի հանցագործությունների կատարմանն ուղղված կոչեր (Բուլղարիա, Լեհաստան, Հոլանդիա, Գերմանիա, Չեխիա):
  4. Տարբեր խմբերի միջև բռնության հրահրմանն ուղղված կոչեր (Ֆրանսիա, Ուկրաինա, Բուլղարիա, Լեհաստան, Մոլդովա):

ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի համար: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, իսկ 385-րդ հոդվածը՝ ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի համար: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասում և 225.1 հոդվածի 2-րդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսված զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերի համար: Իսկ 226.1 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ահաբեկչությունն  արդարացնելու, քարոզելու կամ քրեական օրենսգրքի հոդվածներ 217-ով, 217.1-ով կամ 389-ով նախատեսված հանցանք կատարելու հրապարակային կոչերի համար:

Կարծում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի և առողջության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից, ուստի անձանց կյանքի և առողջության պաշտպանության և հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ քրեաիրավական երաշխիք ստեղծելու, ինչպես նաև ատելության խոսքի տարածման, անհանդուժողականության, խտրականության և բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար պետք է նախատեսվի ինքնուրույն քրեական պատասխանատվություն:

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը

  Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:

Կարծում ենք, որ «ատելության խոսքի» դեմ պայքարի քրեաիրավական միջոցները առաջնահերթ պետք է ուղղված լինեն անձանց կյանքի և առողջության պաշտպանությանը, քանի որ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ նման բռնությունը քարոզելը հանդիսանում են «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորում: Այս առումով հարկ է նշել, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և ՀՀ Սահմանադրությունը մարդու իրավունքներն ու ազատությունները հռչակում են բարձրագույն արժեք և երաշխավորում յուրաքանչյուրի կյանքի և առողջության իրավունքը։ Առանց պաշտպանության իրական երաշխիքների ամրագրման՝ նշյալ իրավունքը կկրի զուտ ձևական բնույթ, ուստի անհրաժեշտ է հստակ սանկցիաների ամրագրում: Քրեական իրավունքի հիմնական և  առաջնային նպատակներից մեկը կյանքի և առողջության պաշտպանությանն է, ուստի անհրաժեշտ է որ ՀՀ քրեական օրենսգրքում հստակ ամրագրվեն նշյալ արժեքների պաշտպանության իրական երաշխիքներ: Բացի այդ, ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կոչերը իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում:

  Հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր  2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0179/01/11 որոշման մեջ արձանագրել է, որ բռնությունը` որպես քրեորեն հետապնդելի արարք, դիտավորությամբ, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարք է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել, կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք։

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում չխախտելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքը՝ քրեական պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, ինչով անձանց կյանքի և առողջության պաշտպանության և հանցագործությունների կանխարգելման համար կստեղծվի  հավելյալ քրեաիրավական  երաշխիք:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

[1] Տե՛ս Դելֆի ԱՍ-ն ընդդեմ Էստոնիայի (Delfi AS v. Estonia) գործով 2015 թվականի հունիսի 16-ի վճիռը,գանգատ թիվ 64569/09, կետեր 110, 157-159 (հայերեն թարգմանությամբ):

[2] Տե՛ս https://rm.coe.int/1680505d5b

[3] Տե՛ս https://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=OJ:L:2008:328:0055:0058:EN:PDF

[4] Տե՛ս https://rm.coe.int/ecri-general-policy-recommendation-no-15-on-combating-hate-speech-russ/16808b5b07

 

  • Обсуждалось

    14.08.2019 - 29.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 17903

Принт

Предложения

Ստելլա Չանդիրյան

29.08.2019

Նախագծով ամրագրված հոդվածը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից. հանցակազմի դիսպոզիցիայում բացակայում է հանցագործության կատարման եղանակը։ Միեւնույն ժամանակ նպատակը սուբյեկտիվ կողմից նշված չէ։ Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի մայիսի 13-ի № ՍԴՈ-753 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի, որպեսզի իրավունքի սուբյեկտները համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ։ Նույնաբովանդակ իրավական դիրքորոշումներ են տեղ գտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում (օրինակ՝ «Սանդեյ Թայմս ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով 1979 թվականի ապրիլի 26-ի վճիռ, գանգատ № 6538/74, կետ 49): Միեւնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ առհասարակ «ատելության խոսք»-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հանցակազմի հիմքում ընկած է խտրականության դրսեւորումները (ռասիզմ, քսենոֆոբիա, գենդերային պատկանելության եւ սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն եւ այլն) եւ ատելության խոսքն ուղղված է բռնության, սպառնալիքի, թշնամանքի կամ խտրականության հարուցմանը որոշակի խումբ անձանց նկատմամբ։ Ավելին, Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի «Ատելության խոսք»-ի դեմ պայքարի №15 հանձնարարականի համաձայն՝ ատելության խոսքը կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի եւ խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի ատելության խոսքի ծայրահեղ դրսեւորման համար: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության միջոցներն անհրաժեշտ են այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության, սպառնալիքի, թշնամանքի կամ խտրականության հարուցմանը որոշակի խումբ անձանց նկատմամբ։ Միեւնույն ժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ատելության խոսքի վերաբերյալ պետությունները պետք է մշակեն իրավական մեխանիզմներ՝ ապահովելու հստակ տարանջատումը խոսքի ազատության իրավունքի եւ ատելության խոսքի դրսեւորումների՝ «Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի №R (97) 20 հանձնարարականի 2-րդ սկզբունքով սահմանվում է, որ անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ։ Համանման տարբերակով «Ռասիզմի եւ այլատյացության որոշ ձեւերի եւ արտահայտությունների դեմ պայքարի մասին» ԵՄ շրջանակային որոշմամբ սահմանվում է, որ անդամ պետությունները պետք է պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ եւ հրապարակային հրահրման, ինչպես նաեւ միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երեւույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ապահովելով հանցակազմի իրավական որոշակիությունն ու նախատեսել օրենսդրական նաեւ այլ պատասխանատվության միջոցներ եւս եւ քրեական պատասխանատվություն նախատեսել ատելության խոսքի բացառապես ծայրահեղ դրսեւորումների նկատմամբ։

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

29.08.2019

Վերլուծելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը՝ առաջարկում ենք հետեւյալ ձեւակերպումը․ Վերլուծություն Ներկայացված Հոդվածի դիսպոզիցիան վերացական է, դրանում նկարագրված չեն արարքի հիմնական բնութագրիչ հատկանիշները, հստակեցված չի նաեւ հանցագործության օբյեկտը՝ հասարակական այն հարաբերությունները, որոնց դեմ են ուղղված եւ որոնց վնաս են հասցնում տվյալ հանրորեն վտանգավոր արարքները: Օբյեկտիվ կողմի հետ կապված, հստակ չէ հանրորեն վտանգավոր արարքի եւ հետեւանքի միջեւ պատճառական կապը: Առաջարկվող լրացումը գործածության մեջ որակման հետ կապված կարող է հակասություն առաջացնել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Ինքնին այն կարող է խախտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որն ամրագրում է․ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք»։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Հետեւաբար դրական կամ բացասական կարծիք ունենալն ու դրանց տարածելը, հրապարակային կոչերը, կամ որոշակի բռնություն պարունակող արարքների արդարացումը ոչ բոլոր դեպքերում կարող են որակվել որպես հանցագործություն, շատ կարեւոր են դրանց առաջացրած հետեւանքները։ Արտահայտման ազատության և հավասարության Կեմդենյան սկզբունքների 12-րդ սկզբունքը վերոգրյալ դաշնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա տալիս է ատելության խոսքի սահմանումը. «Բոլոր պետությունները պարտավոր են ընդունել ցանկացած ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քարոզչության արգելքի մասին օրենսդրություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում»: Սույն սկզբունքի 12.1-րդ կետը պարտավորեցնում է պետություններին իրավական համակարգում ուղղակի ամրագրման կամ մեկնաբանության միջոցով հստակեցնել «ատելություն», «թշնամանք», «քարոզ» և «հրահրում» տերմինները, ըստ որի՝ 1) «Ատելություն» և «թշնամանք» տերմինները կիրառելի են որոշակի խմբի նկատմամբ ինտենսիվ և իռացիոնալ հակակրանքի դեպքում, 2) «Քարոզ» տերմինը պետք է ընկալվի որպես որոշակի խմբի նկատմամբ հրապարակայնորեն ատելության բորբոքման դիտավորություն, 3) «Հրահրում» տերմինը ազգային, ռասայական կամ կրոնական խմբի նկատմամբ արտահայտություններն են, որոնք անմիջականորեն ծնում են խտրականության, թշնամանքի կամ բռնության վտանգ այդ խմբի անդամների նկատմամբ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) չունի ատելության խոսքի ուղղակի ամրագրում, սակայն ԵԽ Նախարարաների կոմիտեն անդրադարձել է դրան մի շարք հանձնարարականներում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԿ)՝ մի շարք որոշումներում, ընդ որում՝ ՄԻԵԿ 17-րդ հոդվածի լույսի ներքո: Ատելության խոսքի սահմանումը ամբողջականացվել է 30.10.1997թ.-ի «Ատելություն սերմանող խոսքի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ R(97)20 Հանձնարարականում, որի համաձայն որպես լրատվամիջոցներով տարածվող ատելության խոսք` «պետք է հասկանալ բոլոր այն արտահայտությունները, որոնք տարածում, հրահրում եւ արդարացնում են ռասայական ատելություն, քսենոֆոբիա, հակասեմիտիզմ եւ անհանդուրժողականության բոլոր այլ ձեւերը, ինչպիսիք են` ագրեսիվ ազգայնականության եւ էթնոցենտրիզմի միջոցով արտահայտվող անհանդուրժողականությունը, խտրականությունը փոքրամասնությունների, միգրանտների հանդեպ»: Սույն հանձնարարականով ատելության խոսքի կարգավորման առարկան ընդգրկում է անհանդուրժողականության բոլոր ձևերը, այդ թվում նաև խտրականությունը փոքրամասնությունների և միգրանտների նկատմամբ, ավելին՝ հանձնարարականը հստակ նշում է ատելության եղանակները՝ 1) տարածում, 2) հրահրում, 3) արդարացում: «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն Մասնակից պետությունները դատապարտում են ցանկացած քարոզչություն և բոլոր այն կազմակերպություններին, որոնք հիմնված են մի ռասայի կամ մաշկի որոշակի գույն կամ էթնիկական ծագում ունեցող անձանց խմբի գերազանցության գաղափարների կամ տեսությունների վրա կամ որոնք փորձում են արդարացնել կամ խրախուսել ռասայական ատելությունն ու խտրականությունը, ինչ ձևով էլ որ դրանք դրսևորվելիս լինեն, նրանք պարտավորվում են ձեռնարկել անհապաղ ու դրական միջոցներ՝ ուղղված նման խտրականության ցանկացած հրահրում կամ իրականացում վերացնելուն և, այդ նպատակով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքների ու սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածում շարադրված իրավունքներին համապատասխան, այլ միջոցների թվում՝ (ա) օրենքով պատժելի հանցանք են համարում ռասայական գերազանցության կամ ռասայական ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, ռասայական խտրականության հրահրումը, ինչպես նաև ցանկացած ռասայի կամ մաշկի այլ գույն կամ էթնիկական այլ ծագում ունեցող անձանց խմբի դեմ ուղղված բռնության գործողությունները կամ դրանց հրահրումը, ինչպես նաև ռասիստական գործունեությանն օգնություն տրամադրելը, ներառյալ՝ նման գործունեության ֆինանսավորումը, (բ) հակաօրինական են հայտարարում և արգելում են այն կազմակերպությունները, ինչպես նաև կազմակերպված ու ցանկացած այլ քարոզչական գործունեություն, որոնք խրախուսում ու հրահրում են ռասայական խտրականություն, և մասնակցությունը նման կազմակերպություններին կամ գործունեությանը համարում են օրենքով պատժելի հանցագործություն, (գ) պետական իշխանության ազգային կամ տեղական մարմիններին կամ պետական հաստատություններին չեն թույլատրում խրախուսել կամ հրահրել ռասայական խտրականություն։ Բացի այդ հստակ չէ հոդվածի սանկցիան․ պետք է պարզ նշել, թե հանրորեն վտանգավոր կոնկրետ որ գործողության հետևանքի առաջացման համար ինչպիսի պատիժ է սահմանվում: Առաջարկ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքում կատարվող լրացումը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝ Հոդված 226.2 Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնութունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը 1. Անձի կյանքի կամ առողջության դեմ ցանկացած տեսակի բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, ինչպես նաեւ ատելության խոսքը՝ կապված անձի սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների հետ, եւ նման բռնության գործադրումը հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներով արդարացնելը կամ նման բռնության գործադրումը քարոզելը, որն առաջացրել է կամ կարող է առաջացնել ծանր հետեւանք:

Գևորգ Մալխասյան

16.08.2019

Ի լրումն իմ նախորդ առաջարկության հայտնում եմ նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 397.1 և 226.1-ին հոդվածներով է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործությունների արդարացման համար քրեական պատասխանատվություն: Չեմ կարծում, որ բռնության արդարացումը համարժեք է ցեղասպանության կամ ահաբեկչության արդարացմանը: Կառաջարկեի նաև ուսումնասիրել օրենսգիրքը քարոզի մասով ևս:

Узнать больше