Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանությունը բացարձակ առաջնահերթություն է: Այս առաջնահերթությունն ընդգծվել է բազմիցս, այդ թվում՝ Կառավարության 2019 թվականի ծրագրի 4.1. կետում մտահոգություն է արտահայտվում, որ նախկինում դատական համակարգի անկախությունը ստվերված է եղել գործադիր իշխանության ապօրինի միջամտությամբ և ընդգծվում է, որ. «Կառավարությունը պետք է կարողանա նաև բացառել դատավորների կողմից անձնական, նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով, առաջնորդվելու հնարավորությունը։»:

Բացի այդ, դատական բարեփոխումների հանձնառությունն ընդգծվել է ՀՀ վարչապետի սույն թվականի մայիսի 20-ի՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ ելույթում և սույն թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում հրավիրված՝ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:

Իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանության ձևավորմանն ուղղված քաղաքական կամքը վերահաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի Ստրասբուրգում կայացած հանդիպման և դրանից հետո Հայաստան ժամանած ԵԽ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում: Վերահաստատվել է օրենսդրական բարեփոխումների բոլոր գործընթացները Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, միջազգային լավագույն փորձի հիման վրա և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան իրականացնելու պատրաստակամությունը:

Իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանության ձևավորման վերոնշյալ առաջնահերթությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների բարեվարքության գնահատման համար անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ:

Գործող օրենսգրքում դատավորների[1] կարգապահական պատասխանատվության ինչպես հիմքերը, այնպես էլ ընթացակարգը խնդրահարույց են: Արձանագրված խնդիրները հիմնականում հանգում են հետևյալին.

1) 2018 թվականի մարտի 23-ին ընդունված  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը  պարունակում է կոռուպցիայի կանխարգելման որոշ մեխանիզմներ, սակայն այդ մեխանիզմները, ոլորտի զարգացման համատեքստում,  շարունական փոփոխությունների կարիք ունեն՝ հաշվի առնելով օրենքի կիրառման արդյունքում գործնականում առաջացող խնդիրները: Մասնավորապես, օրենքը սահմանափակվում է այն նվերների շրջանակով, որոնք ողջամտորեն կարող են կապված լինել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ.

2) «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքը եկամուտների, գույքի և շահերի հայտարարագրման պարտականությունը նախատեսում է միայն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները իրենց անօրինական գործունեության արդյունքում ձեռք բերած  գույքը, եկամուտները կարող են թաքցնել ոչ միայն ընտանիքի անդամների միջոցով, այլև իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց միջոցով: Միաժամանակ, Օրենքով բավականին սահմանափակ է սահմանված հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ հասկացությունը: Հաշվի առնելով, որ գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայում է հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալների ստացման օրենսդրական մեխանիզմը՝ խնդիրը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել օրենքում.

3) 2018 թվականի մարտի 23-ին ընդունված  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարելը նաև հարակից իրավական ակտերում: Սույնով պայմանավորված փոփոխություններ են կատարվել նաև  ՀՀ Քրեական օրենսգրքում, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և համապատասխանաբար «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես,  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն չեն տալիս ստանալ հայտարարատու անձանց առնչվող բանկային գաղտնիք պարունակող տեղեկություն: Մինչդեռ առանց դատարանի թույլտվության նման տեղեկատվության ստացումը  և ստուգումը ավելի մատչելի և արդյունավետ է դարձնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունը: Վերջինիս հաշվառմամբ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների գնահատման ծրագրի 3-րդ փուլի՝  Հայաստանի վերաբերյալ  զեկույցում[2] առաջարկել է Հայաստանին վերանայել և ուսումնասիրել հետաքննության ընթացքում բանկային, ֆինանսական, առևտրային գաղտնիության վերացման կարգավորումները և դրանց կիրառման եղանակները և համոզվել, որ այդ գործընթացը պարզ է և արդյունավետ և չի խոչընդոտում կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը: Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների՝ կոռուպցիայի կանխարգելման մարմիններին հասանելիության մոդելը գործում է տարբեր երկրներում: Մասնավորապես, Բուլղարիայում հայտարարագրերի և գույքի կարգավիճակի ստուգման համար Հակակոռուպցիոն հանձնաժողովը կարող է  պահանջել և ստանալ վարկային տեղեկատվություն և բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Բուլղարիայի Ազգային բանկը ստեղծում և պահպանում է հաճախորդների դրամական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվական համակարգ, որը հասանելի է inter alia Կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագանձման հանձնաժողովին՝ որոշ բացառություններով:[3] Էստոնիայում բանկերը և վարկային կազմակերպությունները ի պատասխան գրավոր հարցման Տնտեսական շահերի հայտարարագրման դեպոզիտարիային  պետք է տրամադրեն Կոռուպցիայի դեմ պայքարի օրենքում նշված անձի մասին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություն՝ տնտեսական շահերի հայտարարագրում նշված տեղեկությունները ճշտելու համար, եթե առկա է կոռուպցիայի կասկած:[4] Նման կարգավորումներ են նախատեսված նաև Իսպանիայում և Պորտուգալիայում, երբ կասկածներ կան պաշտոնատար անձանց կոռուպցիայի մասին:[5]

4) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի՝ Հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ գործող կարգավորումները բավականին խրթին են և, գործնականում, խոչընդոտել են Հանձնաժողովի կազմավորման գործընթացին: Անդրադառնալով Հանձնաժողովի կազմավորման գործընթացի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքին՝ հարկ է նշել, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի 4-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ 2018 թվականի զեկույցով[6] (այսուհետ՝ Զեկույց) արձանագրվել է, որ Մոնիթորինգ իրականացնող թիմը մտահոգված էր՝ տեղեկանալով, որ մարմնի ստեղծման և Մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի շուրջ տարաձայնություններ կան։ Մասնավորապես, Մոնիթորինգի թիմի այցելության ժամանակ մի խումբ հասարակական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել Մրցութային խորհրդի անդամների առաջադրման և ընտրության գործընթացի, ինչպես նաև վերջիններիս մասնագիտական կարողությունների վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու Հանձնաժողովի ձևավորման կարգը՝ միաժամանակ ամրապնդելով Հանձնաժողովի գործիքակազմը.

5) միևնույն ժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների բոլոր անհրաժեշտ ուղղություններով հետևողական կենսագործման առումով կարևորվում է կոռուպցիոն հանցագործությունների՝ օրենսդրորեն հստակ սահմանում: Ներկայումս  կոռուպցիոն հանցագործությունների ցանկը հաստատված է ՀՀ գլխավոր դատախազի 2017 թվականի հունվարի 19-ի թիվ 3 հրամանով: Գլխավոր դատախազի կողմից հաստատված կոռուպցիոն հանցագործությունների ցանկը ներառում է հանցագործությունների բավականին լայն շրջանակ: Նշված հարցը բազմիցս բարձրացվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից, մասնավոր

ապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի Հայաստանի վերաբերյալ  երրորդ գնահատման փուլի զեկույցով[7]  նույնպես անդրադարձ է կատարվում ՀՀ կոռուպցիոն հանցագործությունների ցանկի անհարկի ընդգրկուն լինելուն: Ավելին, չորրորդ փուլի զեկույցով[8] սպառիչ կերպով առանձնացվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: Ցանկի սպառիչ սահմանումը օրենքով նպատակ ունի նաև կանխորոշելու ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ծավալը և շրջանակը.

6) կարգապահական պատասխանատվության հիմքերը ձևակերպված են այնքան ընդհանուր, խրթին և բազմաշերտ, որ խախտվում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի հայեցողությունն օրենքի մեկնաբանության հարցում չափազանց լայն է և կարող է հանգեցնել սուբյեկտիվիզմի: Այսպես, ՀՀ գործող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածը նախատեսում է կարգապահական պատասխանատվության 4 հիմք՝

  • նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը.
  • դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
  • պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելը.
  • լիազորությունների իրականացմանը միջամտության մասին Բարձրագույն դատական խորհրդին չհայտնելը:

Կոպիտ խախտում (1-ին և 2-րդ հիմքերի դեպքերում) է համարվում այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը՝

  • խախտման բնույթով (լրջությամբ), կամ
  • խախտման պարբերականությամբ։

Իր հերթին, էական կարգապահական խախտում է՝

  • երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը կամ
  • դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Ինչպես երևում է մեջբերված իրավանորմերի վերլուծությունից, օրենսդիրը նախատեսել է  պատասխանատվություն միայն կոպիտ և էական խախտումների համար: Ստացվում է, որ Օրենսգրքի 69 և 70-րդ հոդվածներում նշված վարքագծի կանոնների ոչ կոպիտ խախտումները (բացառությամբ պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելու և լիազորությունների իրականացմանը միջամտության մասին Բարձրագույն դատական խորհրդին չհայտնելու) ընդհանրապես ենթակա չեն պատասխանատվության: Բացի այդ, էական կարգապահական խախտումը, որը Սահմանադրության ուժով լիազորությունների դադարեցման անվերապահ հիմք է, մեխանիկորեն կապվում է դատավորի ունեցած կարգապահական տույժերի առկայության հետ՝ առանց լրացուցիչ գնահատման հնարավորության, իսկ երկրորդ կետով՝ անհամատեղելիության պահանջները խախտելու հետ, ինչն ինքնին, ըստ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի, լիազորությունների դադարեցման առանձին հիմք է: Էական կարգապահական խախտման համատեքստում լիազորությունների դադարեցման այլ հիմք նախատեսված չէ:

Բացի այդ, մեղքի ձևին անդրադարձ է կատարվում միայն 2-րդ կետով նախատեսված՝ վարքագծի կանոնների խախտման համատեքստում, ինչն անորոշ է դարձնում մեղքի դրսևորման հարցը մյուս բոլոր հիմքերի դեպքում։ Այսպես, վերջիններիս նկարագրությունը չի ընդգրկում մեղքը (mens rea), այլ սահմանափակվում է արարքի դեֆինիցիայով (actus reus), ինչը ոչ միայն քննադատության է արժանացել միջազգային պրակտիկայում, այլև խնդիրներ է ստեղծում գործնական կիրառության հարթության մեջ:[9] 

Ընդհանուր առմամբ, կարգապահական պատասխանատվության հիմքերն անորոշության և տարամեկնաբանությունների տեղիք են տալիս, այնինչ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս ընդգծել է, որ այն դեպքերում, երբ ենթադրվում է դատավորների կարգապահական պատասխանատվության նախատեսում, կարգավորումները պետք է լինեն շատ ավելի հստակ։[10]

Անորոշության հետ կապված քննադատության է արժանացել օրինակ Ուկրաինայի օրենսդրությունը, որը նախատեսում էր պատասխանատվություն էթիկայի կանոնների «պարբերական կամ կոպիտ» խախտումների համար:[11]

Սերբիայի օրենսդրության գնահատման արդյունքներով, որտեղ նույնպես օգտագործվում էին ավելի անորոշ ձևակերպումներ (violation of the provisions of the code of ethics to a great extent; grave disciplinary offences), ԵԱՀԿ պատվիրակությունը խորհուրդ է տվել որոշակիացնել համապատասխան եզրույթների էությունը օրենսդրական մակարդակում, ինչպես նաև գործնականում:[12]

7) կարգապահական պատասխանատվության հիմքերը չեն ընդգրկում դատավորների՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի վերլուծության արդյունքում հայտնաբերված խնդիրների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելը, ինչը թույլ չի տալիս անհրաժեշտության դեպքում բազմակողմանիորեն գնահատել դատավորի բարեվարքությունը: Մինչդեռ,  միջազգային պրակտիկայում գույքի հայտարարագրման հետ կապած խախտումները հաճախ են նշվում, որպես ավելի ծանր բնույթի կարգապահական խախտումներ, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ մինչև դատավորի լիազորությունների դադարեցմանը։

Մակեդոնիայի օրենսդրության վերաբերյալ Վենետիկը հանձնաժողովը նշել է, որ.

«Նորմալ չէ, երբ [գույքի չհայտարարագրումը] նախատեսված է որպես միջին ծանրության կարգապահական խախտում։ Վենետիկի հանձնաժողովը հիշեցնում է, որ «ակտիվների ամբողջական հայտարարագրումը արժեքավոր գործիք է հանդիսացել այլ երկրների կոռուպցիայի դեմ պայքարում»։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով, գույքը և եկամուտները բացահայտելու պարտականությունը պետք է ասոցացվի այնպիսի սանկցիայի հետ, որը բավականաչափ խիստ է նման վարքագիծը կանխելու համար։Մինչդեռ կարող են լինել բացառություններ մանր կամ անփութությամբ կատարված բացթողումների համար, սկզբունքորեն ակտիվները չհայտարարագրելը բավականաչափ լուրջ խախտում է, որը կարող է հիմք հանդիսանալ պաշտոնավարման դադարեցման համար։[13]

8) գործող Օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժերի համակարգը խիստ սահմանափակ է. համակարգը նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն տույժերից անմիջապես անցում է կատարում լիազորությունների դադարեցմանը, որն իր հերթին ընդամենը երկու հիմք ունի: Ստացվում է՝ համակարգը զուրկ է այլընտրանքային, գործուն և արդյունավետ կարգապահական տույժերի տեսակներից: Այս խնդրին անդրադարձել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ նշելով, որ օրենքը պետք նախատեսի դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի լայն ընտրություն՝ ամենամեղմից մինչև ամենախիստը.[14]

9) գործող Օրենսգրքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը բավականին սահմանափակ գործիքակազմ ունի արդյունավետ և բազմակողմանի քննություն ապահովելու համար: Անգամ վկաներ հրավիրել, փորձաքննություն նշանակել և ապացույցներ պահանջել կարող է միայն դատավորի միջնորդությամբ.

10) խնդրահարույց է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմավորման կարգը, որը, արդարադատության նախարարի հետ մեկտեղ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմին է: Մասնավորապես, հանձնաժողովը կազմված է բացառապես դատավորներից, որոնք ընտրվում են 5 տարով: Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ նման կարգավորման պարագայում առկա է վտանգ, որ այդ մարմինը կորդեգրի «կորպորատիվ դիրքորոշում»: Որպես նման վտանգի հաղթահարման միջոցներից մեկը հանձնաժողովն առաջարկել է այլ իրավաբան մասնագետների ևս հանձնաժողովի կազմում ընդգրկելու տարբերակը.[15]

11) ընթացակարգը չի նախատեսում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորություն, ինչն անձի՝ իր դեմ կայացված ակտի բողոքարկման իրավունքի խախտում է: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան բողոքարկման հնարավորությանը, ապա այն չի համարվում պատշաճ բողոքարկում, քանի որ Սահմանադրական դատարանը կարող է քննել միայն անձի նկատմամբ կիրառված իրավական նորմի սահմանադրականության հարցը, ինչպես ցանկացած այլ անձի պարագայում: Բացի այդ, նման հարց քննելը Սահմանադրական դատարանի հիմնական գործառույթը չէ: Ուստի, դատավորը պետք է ունենա արդյունավետ բողոքարկման կառուցակարգ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում.[16]

12) «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում ևս առկա են խնդիրներ՝ Սահմանադրական դատարանի դատավորի բարեվարքության գնահատման մասով: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը չեն ընդգրկում լիազորությունների դադարեցումը, իսկ էական կարգապահական խախտման հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու դիմում կարող է ներկայացնել միայն Ազգային Ժողովի պատգամավորների երեք հինգերորդը: Այս կառուցակարգը, անկասկած, չի կարող բավարար լինել Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգն արդյունավետ համարելու և դատավորների հաշվետվողականությունն ապահովելու համար:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Ներկայացվող նախագծերի փաթեթը կոչված է ապահովելու դատավորների բարեվարքության գնահատման համար արդյունավետ և համալիր իրավական հիմքեր հետևյալ ուղղություններով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում): Դատավորների բարեվարքության գնահատման առաջարկվող կառուցակարգը որդեգրել է հետևյալ սկզբունքները՝

ա) բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Փոխարենը, գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով: Միևնույն ժամանակ, հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննության է ենթարկվելու միայն կասկածների առկայության պարագայում: Այլ խոսքերով՝ բոլոր դատավորների վերաբերյալ մեխանիկորեն վարույթներ չեն քննվելու Բարձրագույն դատական խորհրդում.    

բ) դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ ad hoc մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Առաջադրված նպատակի իրագործման համար առաջարկվում են հետևյալ օրենսդրական փոփոխությունները՝

    1)  «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 29-րդ հոդվածի վերնագրից, 1-ին և 3-րդ մասերից, 30-րդ հոդվածի վերնագրից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք:

2) Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը, միաժամանակ, առաջարկվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսել պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց համար՝ սահմանելով նաև այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն: Միջազգային փորձի ուսումասիրությունը ևս ցույց է տալիս, որ տարբեր երկրներում, օրինակ՝ Ալբանիա, Սլովենիա, եթե պաշտոնատար անձի կողմից տրամադրված տվյալների համեմատությունը նրա փաստացի իրավիճակի հետ հիմք է տալիս ենթադրելու, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձը իր եկամուտները և ակտիվները փոխանցել է իր ընտանիքի անդամներին օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու համար, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է պահանջել ներկայացնել ընտանիքի անդամների եկամուտների և ակտիվների իրավիճակային հայտարարագիր:

3) Միևնույն ժամանակ, առաջարկվում է Հանձնաժողովին՝ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորության տրամադրումը: Զուգահեռաբար, առաջարկվում է  նաև փոփոխել Հանձնաժողովի կազմավորման կարգը: Ի լրումն, հաշվի առնելով Հանձնաժողովի դերը կոռուպցիայի կանխարգելման հարցում, ինչպես նաև Կառավարության ծրագրով ամրագրված՝ կոռուպցիայի կանխարգելման տարր կազմող նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է ընդլայնել Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակը:

4) Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Այսպես, դատավորի վարքագծի կանոններից հանվել են այն կանոնները, որոնք բնույթով ոչ թե կարգապահական, այլ էթիկայի կանոններ են, որոնց համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կամ արդարացված չէ կամ հնարավոր չէ՝ նորմի անորոշ, չափազանց լայն ձևակերպման պատճառով: Միջազգային մասնագիտացված մարմինները կոչ են անում էթիկայի կանոնները տարանջատել կարգապահական կանոններից, քանի որ առաջիններն ընդունվում են դատավորին ուղղորդելու նպատակով և պետք է հստակ տարանջատվեն կարգապահական խախտումների ցանկից, որոնք նախատեսվում են դատավորի նկատմամբ համապատասխան սանկցիա կիրառելու նպատակով։[17] Քանի որ ըստ առաջարկվող կոնցեպտի կարգապահական պատասխանատվության է հանգեցնելու ցանկացած վարքագծի կանոնի խախտում, կարևոր է, որ այդ կանոնները լինեն հնարավորինս հստակ և խախտվելու դեպքում զգալի վնաս հասցնեն օրենքով պաշտպանվող շահերին, իսկ խախտումը հնարավոր լինի ապացուցել: Այնուամենայնիվ, վարքագծի այն կանոնները, որոնք հանվել են հստակություն ապահովելու նպատակով, կարող են տեղ գտնել դատավորների էթիկայի կանոններում, որոնք նրանց համար ուղղորդիչ նշանակություն ունեն և որոնց խախտումը պատասխանատվություն չի առաջացնում:

Միևնույն ժամանակ, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, օրինակ՝ (1) ներկայացնել  գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագիր «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ, (2) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով հանձնաժողովին ներկայացնել գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր, (3) ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դրանք բացահայտել կողմերին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հայտնել ինքնաբացարկ։ Բացի այդ, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով նախատեսվել է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների հայտարարագրման պարտականությունը:

Ի հավելումն՝

  • բոլոր կետերում ընդգծվել է, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
  • հանվել է շփոթությունների տեղիք տվող՝ կոպիտ կարգապահական խախտման ինստիտուտը.
  • էական կարգապահական խախտման մասով՝ ա) նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտման կետում ընդգծվել է, որ նման խախտումն էական է, եթե հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների խախտման կամ հեղինակազրկում է դատական իշխանությունը: Նման մոտեցում ամրագրվել է այն նպատակով, որպեսզի մի կողմից դատավորը պատասխանատվության չենթարկվի պարզապես փաստերի և ապացույցների իր գնահատման համար, մյուս կողմից՝ գնահատման ենթարկվի դատավորի վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ՝ որպես բարեվարքության կարևոր ցուցանիշ: Նույն տրամաբանությամբ, կարգապահական վարույթ հարուցելու առիթների (ոչ հիմքերի) ցանկում ավելացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որի վերաբերյալ վերջնական որոշում, կրկին, կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը.

բ) տրվել է վարքագծի կանոնների հստակ ցանկ, որոնց (մեկանգամյա) խախտումը, պայմանավորված խախտման հանգամանքներով և (կամ) հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ կամ (պարբերական) հեղինակազրկում է դատական իշխանությունը: Այս իմաստով, նախագիծը պարունակում է գնահատողական եզրույթ, որը, առկա իրավակարգավորման պարագայում, անհրաժեշտ է համաչափության գնահատման համար: Բանն այն է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով էական կարգապահական խախտումը լիազորությունների դադարեցման անվերապահ հիմք է, ուստի, ծայրահեղական դրսևորումներից խուսափելու համար, Բարձրագույն դատական Խորհրդին արարքի և դրա համար պատասխանատվության միջոցի միջև համաչափության և արդարացիության ապահովման անհրաժեշտ գործիք է տրվում:

5) Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ միայն ամենամեղմ և ամենախիստ կարգապահական տույժի տեսակներին ավելացել են միջին խստության տույժեր՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Նոր տույժի տեսակներն են՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը: 

6) Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը:  

Այսպես, ա) կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում: Հանձնաժողովին օրենքով վերապահված գործառութային առանձնահատկությունները վերջինիս հնարավարություն են տալիս արդյունավետ և ամբողջական տեղեկատվություն ստանալ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի գույքային ու ֆինանսական դրության վերաբերյալ և խախտումներ կամ կոռուպցիոն ռիսկեր հայտնաբերելու դեպքում կարգապահական վարույթ հարուցել և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին, բ) 5 տարի ժամկետով և միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել 2 տարի ժամկետով ընտրվող Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն.

գ) Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ.

դ) դատավորին տրվել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու կառուցակարգ, որն արդյունավետ դարձնելուն, սակայն, առկա են սահմանադրական խոչընդոտներ: Մասնավորապես, բողոքարկման կառուցակարգ մշակելիս քննարկման առարկա են դարձել հետևյալ տարբերակները՝

  • դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը վերապահել Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամից բաղկացած կազմին, իսկ բողոքարկումը՝ յոթ անդամից բաղկացած կազմին, որը չէր ներառի առաջին անգամ հարցը քննած երեք անդամին: Այս տարբերակի հետ կապված մտավախությունն այն էր, որ սահմանադրությունը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհրդին վերապահելով, ի նկատի ունի խորհրդի կազմն ամբողջությամբ, և երեք կամ յոթ անդամի կազմով հարցի քննությունը կարող է հանգեցնել ընտրված մոդելի հակասահմանադրականության.
  • դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքի քննությունը վերապահել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատին: Այս տարբերակը ևս ունի սահմանադրական խոչընդոտ, քանի որ սահմանադրությունը վճռաբեկ դատարանի համար նախատեսել է իրավասության խիստ սահմանափակ շրջանակ՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բողոք քննելը ոչ միշտ է տեղավորվում վերոգրյալ լիազորությունների շրջանակներում.
  • դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքի քննությունը վերապահել վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններին: Այս պարագայում կխախտվեր մատնանշված դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանների անկախության երաշխավորի միջև դերերի բաշխման և աստիճանակարգության անհրաժեշտ և ողջամիտ հավասարակշռությունը:

Հաշվի առնելով վերը նկարագրված խոչընդոտները՝ նախատեսվել է բողոքարկման հետևյալ մոդելը. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքի քննությունը ևս իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը դատավորը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով և որը ողջամտորեն կարող է ազդել որոշման վրա: Ներկայացված մոդելն ակնհայտորեն ամենաարդյունավետը չէ, սակայն ավելի արդյունավետ և ողջամիտ կարգավորում հնարավոր կլինի սահմանել միայն սահմանադրական փոփոխություններից հետո.

ե) հստակեցվել է նաև դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման հետ կապված քրեական հետապնդում հարուցվելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելու հարցը՝ դատավորի լիազորությունների կասեցման համար:

7) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերի պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր տրամադրելու մասով: Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորին նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի ցանկում ավելացվել է էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցումը, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լիազորել է Սահմանադրական դատարան Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնել:

8) 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու՝ սահմանադրի տեսլականը: Մասնավորապես, սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սահմանադրի կամքը՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մասով դեռևս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններ տեղի են ունենում մոտավորապես տասը տարին մեկ, իսկ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում  հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, ամենայն հավանականությամբ սահմանադրի կամքն (սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասը) այդպես էլ չի իրագործվի: Ասվածը հաշվի առնելով և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի իրագործման համար օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով՝ առաջարկվող փաթեթով Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավորություն է տրվում անկախ տարիքից հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքը լրանալն օգտվել հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձից և այլ սոցիալական երաշխիքներից, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո դատավորի համար օրենքով նախատեսված կենսաթոշակից: Միաժամանակ, հստակեցվել է նաև Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման հետ կապված քրեական հետապնդում հարուցվելու դեպքում Սահմանադրական դատարանին տեղեկացնելու հարցը՝ դատավորի լիազորությունների կասեցման համար:

9) Կարևոր է նաև դատավորների թեկնածուների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ: Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց: Նման բարեփոխում է կատարվել օրինակ Էստոնիայում, որտեղ դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են կրթական ցենզի և համապատասխան մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ պահանջներ:[18] Այս բարեփոխումը դրական արդյունքներ է արձանագրել՝ բարեփոխումների այլ բաղադրիչների հետ մեկտեղ Էստոնիայի դատական համակարգը դարձնելով Եվրոպայում ամենաարդյունավետներից և անկախներից մեկը:[19] Դատավորների համար ցածր տարիքային շեմ է նախատեսված նաև այլ երկրներում: Մասնավորապես, Նորվեգիայում շրջանային և վերաքննիչ դատարանների դատավորների նվազագույն տարիքը 25-ն է:[20] Միևնույն տարիքն է սահմանված նաև Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում[21], Բելառուսում:[22]

10) Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրների դեպքում կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվում է քրեական օրենսգրքերով: Ստորև ներկայացվում են մի շարք երկրների՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկի վերաբերյալ կարգավորումները:

 

Հ/Հ

 

 

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԼՈՒԽ

 

1.

Իսպանիայի Թագավորություն

Գլուխ 5. Կոռուպցիայի մասին

 

(հոդվածներ 419-423. Կաշառք ստանալը

հոդված 424-425. Կաշառք տալը

հոդված 427. Նախորդ հոդվածներով նախատեսված արարքների կատարումը Եվրոպական միության պաշտոնատար անձանց կամ քաղաքացիական ծառայողների մասնակցությամբ, ովքեր Եվրոպական Միության մեկ այլ անդամ պետության քաղաքացի են հանդիսանում)[23]:

 

2.

Ֆրանսիայի Հանրապետություն

Մաս 3.

 

Պարագրաֆ 2. Պասիվ կոռուպցիա և ենթադրյալ ազդեցության օգտագործումը հանրային ծառայողի կողմից

 

(հոդված 432-11. Պասիվ կոռուպցիա և հանրային ծառայողի կողմից ենթադրյալ ազդեցության օգտագործում),

 

Գլուխ 3.

 

Բաժին 1. Ակտիվ կոռուպցիա և ենթադրյալ ազդեցության օգտագործումը մասնավոր անձնաց կողմից

 

(հոդվածներ 433-1-433-2. Ակտիվ կոռուպցիա և մասնավոր անձանց կողմից ենթադրյալ ազդեցոթյան օգտագործում),

 

Գլուխ 5. Եվրոպական համայնքների հանրային կառավարման, Եվրոպական միության անդամ պետությունների, օտար այլ պետությունների և միջազգային հանրային կազմակերպությունների դեմ ուղղված հանցագործություններ

 

Բաժին 1. Պասիվ կոռուպցիա

 

(հոդված 435-1. Պասիվ կոռուպցիա)

 

Բաժին 2. Ակտիվ կոռուպցիա

 

(հոդված 435-2. Եվրոպական համայնքների քաղաքացիական ծառայողների, Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիական ծառայողների, Եվրոպական համայնքների ինստիտուտների անդամների կողմից ակտիվ կոռուպցիան,

հոդվածներ 435-3-435-4. Օտարերկրյա իշխանության ներքո գործող անձանց ակտիվ կոռուպցիա` բացառությամբ Եվրոպական միության անդամ պետությունների, միջազգային հանրային կազմակերպությունների և Եվրոպական համայնքների ինստիտուտների),

 

Մաս 4.

 

Գլուխ 5. Հանրային ծառայություն չիրականացնող անձանց կողմից իրականացվող կոռուպցիոն հանցագործություններ

 

(հոդվածներ 445-1-445-4. Հանրային ծառայություն չիրականացնող անձանց պասիվ և ակտիվ կոռուպցիա)[24]:

 

3.

Ռումինիայի Հանրապետություն

Բաժին 5.

 

Գլուխ 1. Կոռուպցիա և պաշտոնեական հանցագործություններ

 

(հոդված 289. Կաշառք ստանալը,

հոդված 290. Կաշառք տալը,

հոդված 291. Ենթադրյալ ազդեցության օգտագործումը,

հոդված 292. «Ազդեցության գնում»,

հոդված 293. Դատարանների կամ արբիտրաժի անդամների կողմից հանցագործության կատարումը,

հոդված 294. Օտարերկրյա պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարումը)[25]:

 

4.

Ղազախստանի Հանրապետություն

 

Գլուխ 13. Պետական ծառայության շահերի և կառավարության դեմ ուղղված կոռուպցիոն և այլ հանցագործություններ

 

(հոդված 307. Իշխանության չարաշահում,

հոդված 307-1. Գումարի կամ այլ ակտիվների վերաբերյալ տեղեկատվական գործառնությունների ապօրինի հրապարակումը կամ այլ կերպ օգտագործումը,

հոդված 308. Պաշտոնեական դիրքի և լիազորությունների չարաշահում,

հոդված 309. Պաշտոնատար անձի լիազորությունների յուրացում,

հոդված 310. Ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցությունը,

հոդված 310-1. Օրինական բիզնեսին խոչընդոտումը,

հոդված 311. Կաշառք ստանալը,

հոդված 312. Կաշառք տալը,

հոդված 313. Կաշառքի միջնորդությունը,

հոդված 314. Պաշտոնեական կեղծիք,

հոդված 315. Պաշտոնեական անփութություն,

հոդված 316. Պաշտոնեական անփութություն)[26]:

 

5.

Ավստրալիայի Միություն (Արևմտյան Ավստրալիա նահանգ)

Գլուխ 13. Կոռուպցիա և պաշտոնի չարաշահում

 

(հոդված 82. Պաշտոնատար անձի կողմից կաշառակերությունը,

հոդված 83. Կոռուպցիա,

հոդված 85. Հանրային ծառայողի կողմից տվյալների կեղծումը,

հոդված 86. Դատական իշխանության սահմանազանցում,

հոդված 87. Պաշտոնատար անձի փոխարեն հանդես գալը,

հոդված 88. Պետական պաշտոնի շուրջ համաձայնության գալը)[27]:

 

6.

Ֆիջիի Թագավորություն

 

Գլուխ 11. Կոռուպցիա և պաշտոնի չարաշահում

 

(հոդված 106. Պաշտոնական կոռուպցիա,

հոդված 107. Շորթումը հանրային ծառայողի կողմից,

հոդված 108. Հանրային ծառայողի կողմից հօգուտ այլ անձի գործողություններ կատարելու համար գույք ստանալը,

հոդված 109. Հատուկ նշանակության գույքի կառավարման մեջ մեղադրվող պաշտոնատար անձինք,

հոդված 110. Պաշտոնատար անձանց կեղծ ցուցմունքները,

հոդված 111. Պաշտոնեական դիրքի չարաշահում,

հոդված 112. Հանրային ծառայողների կեղծ վկայականները,

հոդված 113. Չլիազորված իրավասություններ տալը,

հոդված 114. Իրավասու մարմնի կեղծ ենթադրությունը,

հոդված 115. Պաշտոնատար անձի փոխարեն հանդես գալը,

հոդված 116. Հանրային ծառայողին վնաս պատճառելը)[28]:

 

7.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Այդահո նահանգ)

Գլուխ 13. Կաշառակերություն և կոռուպցիա

 

(հոդված 18-1301. Դատական ծառայողների կաշառակերությունը,

հոդված 18-1302. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը,

հոդված 18-1303. Նվերների ընդունումը,

հոդված 18-1304. Երդվյալ ատենակալների և արբիտրների վրա ազդեցություն գործադրելու փորձը,

հոդված 18-1305. Երդվյալ ատենակալների և արբիտրների ոչ իրավաչափ վարքագիծը,

հոդված 18-1308. Կաշառակերությանն առնչվող իրավախախտումներ,

հոդված 18-1309. Տեղական կամ պետական մարմնի պաշտոնատար անձի կաշառակերությունը,

հոդված 18-1351. Կաշառակերության և կոռուպցիոն դրսևորումներ,

հոդված 18-1352. Կաշառակերությունը պաշտոնական և քաղաքական հարցերում,

հոդված 18-1353. Սպառնալիքների և ոչ պատշաճ այլ ազդեցության օգտագործումը պաշտոնական և քաղաքական հարցերում,

հոդված 18-1353A.Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության կամ ընտրված պաշտոնատար անձանց սպառնալը,

հոդված 18-1355. Պատժելիությունը պաշտոնական անօրինական նախկին գործողության համար,

հոդված 18-1356. Հանրային ծառայողի իրավասության տակ գտնվող անձանց կողմից  հանրային ծառայողին նվերներ տալը,

հոդված 18-1359. Անձնական շահի համար պաշտոնեական դիրքի օգտագործումը,

հոդված 18-1361A. Հանրային ծառայողի բարեկամ հանդիսացող` պաշտոնում նշանակված հանրային ծառայողին չփոխհատուցելը)[29]:

 

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը: Ի հավելումն, նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած  եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության լրիվությունը և արդյունավետությունը, կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

 

[1] Ծանուցում. դատավորներին կարագապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը վերաբերում են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:

[2] https://www.oecd.org/daf/anti-bribery/Armenia-Round-3-Monitoring-Report-ENG.pdf

[3] https://rm.coe.int/bulgaria-anti-corruption-act-2018-/16808b2c86

[4] http://www.ebf-fbe.eu/uploads/documents/publications/Reports/Bank%20Secrecy/Bk_secrecy_Report04-2004-02083-01-E.pdf

[5] Տե՛ս նույն տեղում: 

[6] https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf

[7] https://www.oecd.org/daf/anti-bribery/Armenia-Round-3-Monitoring-Report-ENG.pdf

[8] https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf

[9] Տե՛ս European Commission For Democracy Through Law (The Venice Commission), Opinion On The Draft Judicial Code of Armenia, 09.10.2017, Strasbourg, կետ 130,   International Association of Judges: The Universal Charter of the Judge, approved on 17 November 1999 and updated on 14 November 2017, հոդված 7-1, OSCE/ODIHR, Note on International Standards and Good Practices of Disciplinary Proceedings against Judges, Warsaw, 27 December 2018, (OSCE 2018) կետ 35:

[10] Տե՛ս The Venice Commission, 23.03.2015, Strasbourg, Opinion no. 801 / 2015, կետ 50:

[11] Տե՛ս նույն տեղում:

[12] Տե՛ս Mission to Serbia, Legal Framework and Overview of Case Law on Disciplinary Responsibility of Judges, Tatjana Papić, PhD, May 2016, կետեր 46-48:

[13] Տե՛ս The Venice Commission, 21.12.2015, Strasbourg, Opinion No. 825 / 2015, կետ 39:

[14] Տե՛ս OSCE/ODIHR, NOTE ON INTERNATIONAL STANDARDS AND GOOD PRACTICES OF DISCIPLINARY PROCEEDINGS AGAINST JUDGES, 27.12.2018, կետ 48:

[15] Տե՛ս The Venice Commission, Opinion On The Draft Judicial Code of Armenia, 09.10.2017, Strasbourg, կետ 135:

[16] Տե՛ս Recommendation CM/Rec(2010)12, կետ 69, The Venice Commission, Opinion On The Draft Judicial Code of Armenia, 09.10.2017, Strasbourg, կետեր 143-450:

 

[17] Տե՛ս OSCE/ODIHR, Note on International Standards and Good Practices of Disciplinary Proceedings against Judges, կետ 15:

[18] https://www.riigiteataja.ee/en/eli/ee/Riigikogu/act/515072016002/consolide

[19] https://www.riigikohus.ee/en/news-archive/estonian-judicial-system-continues-be-among-most-efficient-europe , International Monetary Fund, “Regional Economic Output. Europe Hitting its Stride”, 2017.

[20] https://www.domstol.no/en/The-criminal-court-proceedings/who-is-involved/The-judges/

[21] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_648/efa6329a5506a579e3b9d2c9280b7b8f093922a9/

[22] http://pravo.newsby.org/belarus/kodeks/k009/page2.htm

[23] Օրենսգիրքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.legislationline.org/documents/section/criminal-codes/country/2/Spain/show:

[24] Օրենսգիրքը հասանելի է հետևյալ հղմամբ`  https://www.legislationline.org/documents/section/criminal-codes/country/30/France/show:

[25] Օրենսգիրքը հասանելի է հետևյալ հղմամբ`  `  https://www.legislationline.org/documents/section/criminal-codes/country/8/Romania/show:

[26] Օրենսգիրքը հասանելի է հետևյալ հղմամբ` http://online.zakon.kz/Document/?doc_id=1008032#pos=407;-245:

[27] Օրենսգիրքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.slp.wa.gov.au/statutes/swans.nsf/(DownloadFiles)/Criminal+Code.pdf/$file/Criminal+Code.pdf:

[28]  Օրենսգիրքը հասանելի է հետևյալ հղմամբ` http://www.paclii.org/fj/legis/consol_act_OK/pc66/:

[29]  Օրենսգիրքը հասանելի է հետևյալ հղմամբ`https://legislature.idaho.gov/idstat/Title18/T18CH13.htm:

 

  • Обсуждалось

    09.08.2019 - 26.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 32045

Принт

Предложения

Իրավաբանների հայկական ասոցիացիա

26.08.2019

Քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 2. Մեր համոզմամբ, կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող նշված հավելվածը պետք է ուժի մեջ մտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի և համապատասխան հարակից նախագծերի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

26.08.2019

Քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. Ակնհայտ է, որ անհրաժեշտ է փոփոխել օրենսգրքի 314.2-րդ հոդվածի բովանդակությունը «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով բառերը» փոխարինելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

26.08.2019

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. Ակներև է, որ Արդարադատության ակադեմիայի կառավարման մարմինը բացառապես Խորհուրդն է, որն այս պարագայում պետք է ողջամտորեն հանդես գա ցանկացած առարկայական ծրագրի կազմման և որպես պարտադիր դասընթաց ներառման միակ պատասխանատու: Առավելևս, երբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ծրագրի մեջ պետք է ընդգրկվեն նաև՝ 1) կրթական չափորոշիչները. 2) ուսուցման ձևը. 3) ուսումնառության ժամաքանակը և ժամկետը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 4) գնահատման եղանակը, եթե ուսուցման ավարտին նախատեսվում է գնահատում. 5) դասավանդվող առարկայական կուրսերի և դրանցում ներառվող թեմաների նկարագիրը: Նման պայմաններում պարտադրել ակադեմիայի խորհրդին այս կան դասընթացը ներառել ծրագրի մեջ, ուղղակիորեն հակասում է նույն օրենքով սահմանված Խորհրդի կարգավիճակին: (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ)։ Ընդ որում, առաջարկվող կարգավորման խոցելիությունն ակնհայտ է դառնում հատկապես այն իրողության հաշվառմամբ, որ այն ենթադրում է Օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ հոդվածով նախատեսված բոլոր սուբյեկտների` Ուսումնական հարցերի հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, հատուկ քննչական ծառայության պետի կամ արդարադատության նախարարի որպես անհրաժեշտ որակված բոլոր առարկաների պարտադիր ներառում վերապատրաստման ծրագրերում: Բնականաբար, նշված կարգավորումն իմաստազրկում է Խորհրդի` կրթական քաղաքանության մշակման հարցում ունեցած կարգավիճակը:

Узнать больше