Добавить в избранное

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության կանոնակարգումը ներկայումս իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման ստանդարտ»-ի հիման վրա:

   «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2005 թ. հոկտեմբերի 4-ին: Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի գնահատման գործունեությունը լիցենզավորվում էր, իսկ գնահատողը՝ որակավորվում լիազոր մարմնի կողմից: 2010 թ. դեկտեմբերի 8-ին ընդունված ՀՕ-237-Ն օրենքով անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզավորման պահանջը վերացվեց:

   Վերոնշյալ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա:

   Անշարժ գույքի գնահատումը պարտադիր է`

1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում՝ բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի

2) անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում,

3) անշարժ գույքն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում,

4) անշարժ գույքի բռնագանձման հետևանքով իրացման դեպքերում:

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին» N 2277-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող, ինչպես նաև ֆիզիկական անձանց որակավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ Կոմիտե):

    Կոմիտեն կարգավորում է գնահատման ոլորտը, կազմակերպում և անցկացնում է որակավորման քննությունները, ինչպես նաև իրականացնում է գնահատողների կողմից վերոնշյալ օրենքի, գնահատման ստանդարտների և օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իր կողմից ստեղծված որակավորման և մասնագիտական հանձնաժողովների միջոցով:

   Կոմիտեն որակավորման հանձնաժողովի միջոցով կազմակերպում և անցկացնում է որակավորման քննությունները: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կադաստրի կոմիտեի ներկայացուցիչներ և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող երեք գնահատող` իրենց համաձայնությամբ:

   Կոմիտեն մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողների կողմից «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի, գնահատման ստանդարտների և օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ:

   Գնահատողների կողմից «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի, գնահատման ստանդարտի և օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն կադաստրի կոմիտեն իրականացնում է միայն շահագրգիռ անձանց դիմումների հիման վրա կամ լիազոր մարմնի հաստատած ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցով նախատեսված լինելու դեպքում:

   Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա գնահատողի որակավորման գործողությունը դադարեցվում է, եթե գնահատողը գնահատման հաշվետվությունում «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով, գնահատման ստանդարտով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում (խախտումներ) կատարելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, առնվազն չորս այլ հաշվետվություններում ևս խախտումներ է կատարել: Որևէ այլ դեպքերում պատասխանատվության այլ միջոցներ ինչպես որակավորված գնահատողների, այնպես էլ գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ օրենսդրությունը չի նախատեսում:

   Ներկայիս գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում մի շարք իրավահարաբերություններ, որոնցում գույքի շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա, ինչպես նաև խիստ սահմանափակվում են այդ ոլորտը  լիազոր մարմնի կողմից կարգավորելու հնարավորությունները:

   Մասնավորապես.

  1. Կարգավորման առարկա է միայն անշարժ գույքը, սակայն ներկայումս շարժական գույքի գնահատումը զգալի մասնաբաժին է կազմում առկա իրավահարաբերություններում, մասնավորապես վարկավորման և ապահովագրական ոլորտներում, ինչպես նաև գործող օրենսդրությամբ գնահատումն իրականացվում է գործող Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտով (ՀՍՏ 252-2012), որի կիրառման ոլորտը տարածվում է միայն անշարժ գույքի գնահատման գործունեության վրա:
  2. Օրենսդրությամբ նախատեսված գնահատման պարտադիր դեպքերը չեն ներառում բոլոր այն իրավահարաբերությունները, որտեղ գույքի իրական շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա:
  3. Գործող օրենսդրությունը լիազոր մարմնին, որևէ գործիք կամ մեխանիզմ չի նախատեսում, որով հնարավոր լինի պարզել որակավորված անձանց կողմից կատարված գնահատությունները,
  4. Գործող օրենսդրությունը կազմակերպությունների համար գնահատման գործունեությամբ զբաղվելու որևէ նվազագույն պահանջ չի նախատեսում: Գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ սահմանված չեն, և հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ գնահատման կազմակերպություններին, պատասխանատվության կարող են ենթարկվել բացառապես անհատները՝ որակավորված մասնագետները:
  5. Որակավորված մասնագետների նկատմամբ սահմանված վերահսկողական մեխանիզմները բավարար չեն լիազոր մարմնին վերապահված գործառույթներն իրականացնելու համար: 
  6. Որակավորման մեխանիզմները չեն համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև լավագույն միջազգային փորձին:

 

  2. Առաջարկվող կարգավորման բնույթը

  2.1. Օրենքի գործողության ոլորտի ընդլայնում

   Ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա:

   Եվրոպական և մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններում, բացի անշարժ գույքից, գնահատման օբյեկտ են համարվում շարժական գույքը, բիզնեսը, մեքենաները և սարքավորումները, մտավոր սեփականությունը և ոչ նյութական ակտիվները, որի համար առաջարկվում է ՀՀ գնահատման գործունեության ոլորտում գնահատման միջազգային ստանդարտների կիրառումը և ՀՀ կառավարության կողմից սահմանումը:

  2.2. Գնահատման պարտադիր դեպքերի ընդլայնում

   Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը՝ որպես գնահատման պարտադիր դեպքեր սահմանելով նաև.

  1. պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերը՝ բացառությամբ պետական կամ համայնքային հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի,
  2. պետական կամ համայնքային կարիքների համար գույք վարձակալելու դեպքերը,
  3. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերը, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի:
  4. Անշարժ գույքի գրավադրման և ապահովագրման դեպքերը,
  5. Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման նպատակով անշարժ գույքի վերագնահատման դեպքերը (բացառությամբ հանրային հատվածի կազմակերպությունների)
  6. անշարժ գույքի հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքերում.
  7. անշարժ գույքի սեփականատիրոջը ՀՀ օրենսդրությամբ սնանկ ճանաչելու և անշարժ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերում.
  8. հարկային պարտավորությունների վերահսկողության նպատակով երբ առկա են վեճեր հարկման բազայի վերաբերյալ.

   2.3. Որակավորված գնահատողների կողմից գնահատված գույքերի բազայի վարում լիազոր մարմնում

   Ներկայիս օրենսդրությամբ որևէ մեխանիզմ նախատեսված չէ ստուգելու որակավորված անձի կողմից ներկայացված տվյալ ժամանակահատվածում իրականացված գնահատման հաշվետվությունների ամբողջ ծավալը, ինչպես նաև գնահատման հաշվետվություններում արտացոլված արժեքները:

   Առաջարկվում է լիազոր մարմնի կողմից ներդնել անշարժ գույքի գնահատման գործունեության որակավորված անձանց կողմից կազմված գնահատման հաշվետվությունների տվյալների բազա, որի համար կստեղծվի առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, մուտքագրված տվյալների լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունը կծառայի գնահատողների կողմից իրարից խիստ տարբերվող արժեքներով  գնահատման հաշվետվությունների անմիջապես բացահայտման և ուսումնասիրման, ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների ուսումնասիրության բարձրացման ինչպես նաև գնահատողների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ներառված տվյալների օգտագործման համար:  Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի շնորհիվ որակավորման հանձնաժողովի միջոցով իրականացվող հսկողությունը տարեկան ժամանակացույցով  ուսումնասիրությունների իրականացման փոխարեն հսկողություն կիրականացնի լիազոր մարմնի նախաձեռնությամբ մուտքագրված տվյալների հիման վրա, որն ավելի կբարձրացնի վերահսկողության որակը և արդյունավետությունը:

   ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում (www.e-cadastre.am) որակավորված գնահատողների համար կստեղծվի հատուկ բաժին: Որակավորման վկայական ունեցող յուրաքանչյուր գնահատողի կտրամադրվի համակարգ մուտք գործելու անուն և գաղտնաբառ: Գնահատողը գույքի վերաբերյալ նույնականացման տվյալների մուտքագրումից հետո ստանում է հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համար, որը պարտադիր պետք է արտացոլված լինի գնահատման հաշվետվության բոլոր էջերում:

   2.4.Գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությանը ներկայացվող որոշակի պահանջների սահմանում

   Առաջարկվում է օրենքով սահմանել դրույթ, որով գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն ունենան միայն այն կազմակերպությունները, որոնք սահմանված կարգով հաշվառված են լիազոր մարմնում և ունեն նվազագույնը մեկ գնահատող, որը այլ գործատուի մոտ որպես գնահատող չի աշխատում, ինչպես նաև որոշակի նվազագույն պահանջներ սահմանել գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, մասնավորապես գնահատման կազմակերպությունը՝ որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով:

  2.5. Որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշների սահմանում

   Ներկայումս, եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում հինգ և ավելի հաշվետվություններում իրականացրել է օրենքի կամ ստանդարտի պահանջների կամ պայմանների խախտումներ՝ անկախ խախտման բնույթից, ապա որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է:

   Առաջարկվում է խախտումները դասակարգել երկու տեսակի՝ արժեքի վրա ազդող և արժեքի վրա չազդող: Արժեքի վրա ազդող խախտումների դեպքում ցուցաբերել ավելի խիստ մոտեցումներ, քան արժեքի վրա չազդող խախտումների դեպքում:

  2.6. Որակավորված գնահատողի որակավորման վկայականի դադարեցման դեպքում պատասխանատվության սահմանում նաև կազմակերպության համար

   Ներկայումս գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունում հաշվառված գնահատողի որակավորման վկայականի դադարեցման դեպքում կազմակերպությունը որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Առաջարկվում է սահմանել դրույթ, որով վերջին 3 տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների որակավորման վկայականների դադարեցման դեպքում (եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տված խախտումներն են) գնահատման կազմակերպությունը զրկվում է գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքից մեկ տարի ժամկետով:

  2.7. Որակավորման քննությունների անցկացման որակի բարձրացում և թափանցիկության ապահովում

Ներկայումս որակավորման քննությունները անցկացման ընթացքի տեսագրում, նկարահանում կամ ձայնագրումը պարտադիր ամրագրված չէ: Առաջարկվում է քննության ընթացքը պարտադիր տեսաձայնագրել, ինչպես նաև շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ առցանց հեռարձակել:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

   Նախագիծը մշակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   Շուկայական գնահատման գործունեության ոլորտում առաջարկվող փոփոխություններից ակնկալվող արդյունքներն են.

  1. Շուկայական գնահատման ոլորտի ընդլայնում, կայացում և գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ շուկայի մասնակիցների ու հանրության վստահության բարձրացում,
  2. Պետական և համայնքային կարիքների բավարարման նպատակով գույքի վարձակալումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կտնտեսվեն պետական և համայնքային բյուջեների միջոցները,
  3. Պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կավելանան պետական և համայնքային բյուջեների եկամուտները,
  4. Միջազգային ստանդարտների (IVS) կիրառումը կնպաստի գնահատողների որակի բարձրացմանը, կազմվող գնահատման հաշվետվությունների նկատմամբ պահանջները կհավասարեցվեն Եվրոպական և մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններում գործող պահանջներին, որոնց կողմից արդեն իսկ կիրառվում են գնահատման միջազգային ստանդարտները:
  5. Լիազոր մարմնին հնարավորություն կընձեռվի գնահատման կազմակերպությունների և որակավորված անձանց նկատմամբ իրականացնել առավել արդյունավետ հսկողություն,
  6. Կնվազեն նույն գույքը տարբեր նպատակների համար կամ տարբեր գնահատողների կողմից իրարից խիստ տարբերվող արժեքներով գնահատելու դեպքերը, որոնց առկայության դեպքում դրանք անմիջապես կբացահայտվեն լիազոր մարմնի կողմից և կուսումնասիրվեն,
  7. ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման համար կապահովվեն անհրաժեշտ տվյալներ, կբարձրանա ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների որակը:
  8. Կբարձրանա որակավորման քննությունների անցկացման որակը և թափանցիկությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

««ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման համար առաջանում է ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

««ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    22.07.2019 - 06.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 17545

Принт

Предложения

"ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ

05.08.2019

Հոդված 12. Որպես գնահատման կազմակերպութուն, կազմակերպությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սույն օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով և 8-րդ մասով սահմանված դրույթների պահանջները հակասում են ՀՀ սահմանադրությանը, գործող օրենքներին, ուստի խիստ անհրաժեշտ է վերանայել այս դրույթը: Քանի որ յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր գործունեության համար և այլ անձինք (թե իրավաբանական թե ֆիզիկական) պարտավոր չեն պատասխանատվության ենթարկվել ոչ իրենց կողմից կատարված խախտունների համար: Կարծում ենք, որ նման ձևակերպումը իր մեջ պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Ավելին գնահատող կազմակերպությունների համար գործունեության դադարեցումը մեկ տարի ժամկետով հանդիսանում է անհամարժեք պատիժ, որը կհանգեցնի արհեստականորեն այդ կազմակերպություններին շուկայից դուրս մղման և դրանց լուծարմանը: Իսկ որ ամենակարևորներից է, այդ դեպքում կտուժեն այդ կազմակերպություններում աշխատող այլ բարեխիղճ գնահատողներ:

"ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ

05.08.2019

Հոդված 24. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը Ինչպես գնահատման կազմակերպությունները և գնահատողները ունեն պարտավորություններ և պատասխանատվություն այնպես էլ անհրաժեշտ է օրենքով սահմանել որակավորման հանձնաժողովի պատասխանատվությունը, քանի որ գնահատողը օրենքով իրավունք ունի բողոքարկել որակավորման հանձնաժողովի եզրակացությունը և դատական կարգով ապացուցել իր կողմից իրականացված աշխատանքի անսխալությունը, հետևաբար որակավորման հանձնաժողովը պետք է կրի պատասխանատվություն իր կողմից կազմված սխալ եզրակացության համար։ Համաձայն սույն օրենքի նախագծի գնահատողի կողմից կատարված սխալի դեպքում դադարեցվում է նրա որակավորման գործող վկայականը, իսկ քանի որ որակավորման հանձնաժողովի անդամները նույնպես գործող գնահատողներ են, հետևաբար նրանց կողմից տրված սխալ եզրակացությունը ոչ այլ ինչ է քան գնահատողի սխալ, ուստի հանձնաժողովի անդամների սխալ եզրակացության դեպքում նրանց որակավորման վկայակնների գործողությունը նույնպես պետք է դադարեցվի։ Հաջորդ նկատառումը - Գործող օրենքով սահմանված է հանձնաժողովի անդամների 5 տարվա գնահատողի աշխատանքային փորձ, մեր համար անհասկանալի է, որն է հիմքերը այն 7 տարով փոխելու և ինչ դրական ազդեցություն է ունենալու այս փոփոխությունը հանձնաժողովի աշխատանքի վրա, կամ ինչու՞ 7 եթե ոչ 10։ Առաջարկում ենք աշխատանքային փորձը թողնել 5 տարի։ Ինչպես նաև պարտադիր ենք համարում օրենքով սահմանել, որ ընտրված հանձնաժողովի անդամները, անդամության մեկ տարին լրանալուց հետո, հաջորդ ընտրություններին իրենց թեկնածությունը կարող են առաջադրել ոչ շուտ քան իրենց անդամության դադարեցումից մեկ տարի հետո։ Սա որոշակի կերպով կապահովի հանձնաժողովի անդամների օբյեկտիվ, անկախ և անաչառ աշխատանքը և թույլ չի տա նույն անձին անընդհատ լինել հանձնաժողովի անդամ, հետևաբար կայացնել սուբյեկտիվ որոշումներ։

"ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ

05.08.2019

Հոդված 18. Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները 2. Գնահատման կազմակերպությունը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Ի՞նչ է պարտադիր ապահովագրությունը։ Պարտադիր ապահովագրությունը ձեր կամքից անկախ, oրենքով սահմանված պահանջ է ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ: Ներկայումս Հայաստանում պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ), որը կարգավորվում է ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին ոչ մի տնտեսական գործունեության ոլորտ, ոչ մի գործունեության տեսակ պարտադիր ապահովագրման ենթակա չէ։ Նշենք նաև, որ համաձայն ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:» սակայն սույն օրենքի նախագծով պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և պայմանները սահմանված չեն։ Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս չկան հստակ մշակված մեխանիզմներ և/կամ գործիքներ գնահատման ոլորտի պարտադիր ապահովագրության ճիշտ կազմակերպման և կարգավորման համար։ Հետևաբար կարծում ենք, որ գնահատման կազմակերպությունների պարտադիր ապահովագրության պահանջը առայժմ ժամանակավրեպ է։ Առաջարկում ենք այս դրույթը հանել օրենքի նախագծից՝ հետագայում այն խորը ուսումնասիրելու, մանրամասն քննարկելուց հետո միայն արդեն գործող օրենքում կատարել լրացումներ։

Узнать больше