Հիմնավորում
«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը և համապատասխանաբար եկամտային հարկի վերադարձի գործընթացը կարգավորող գործող կարգը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսները եկամտային հարկի գումարներից փոխհատուցելու գործընթացը կարգավորված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտային հարկի գումարներից փոխհատուցելու գործընթացը իրականացնելու հետ կապված հարաբերությունները, որը այժմ կարգավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն որոշմամբ սահմանված կարգով: